








|
 |
«Ուխտ Արարատի»
Ժողովրդային Պայքարի առանձնահատկությունը
Երբ Գուրգեն Յանիկյանը 1973-ին ծրագրում ու ձեռնարկում էր իր գործողությունը,
նպատակ դնելով աշխարհի ուշադրությունը հրավիրել մոռացված Հայկական հարցի վրա,
երևի չէր էլ ենթադրում, որ պայքարը շարունակություն է ունենալու և ընդգրկելու է հայության
բավական լայն շրջանակներ ու զանգվածներ: Ծերունի հերոսը չէր հարում սփյուռքահայ
որևէ քաղաքական ուղղության և դա էր պատճառը, որ իր պայքարում, սկզբնական
փուլում, գրեթե մենակ մնաց: Այդ հետագայում է, որ նա պիտի խոստովաներ. «Իմ մոտեցումը
Հայ դատի առնչությամբ նույնն է, ինչ որ անցյալում էր: Խոսքով ոչ ոքիի ազատություն կամ
երկիր չի տրվի: Բայց ի՞նչ կարող եմ անել բանտից. ես միայն կարող եմ ուրախանալ, երբ
լրագրերում կարդում եմ, որ ստեղծվել է մի բռունցք, որ կոչվում է Հայաստանի
ազատագրության հայ գաղտնի բանակ: Այս բռունցքն է այսօր գործ կատարողը, և իմ միակ
հույսը դրա վրա է»:
1975-ին սկսվեց այն շարժումը, որ հետո պիտի կոչվեր Նորագույն զինյալ
ազատագրական պայքար: Ծնվեց Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը,
որի գործողություններն առաջին փուլում, թվում էր, կրում էին փակ, առանձնացված բնույթ և
չէին ընդունելու ժողովրդային պայքարի ձև ու բովանդակություն: Սակայն, պայքարի հաջորդ
փուլում` 1980-ից, տեղի ունեցան առաջին բացահայտումներն ու ձերբակալությունները և
պայքարը ավելի ու ավելի զանգվածային բնույթ կրեց: Քաղաքական առաջին
դատավարությունը Ալեք Ենիգոմշյանի դատավարությունն էր, որին հաջորդեցին Մարտիրոս
Ժամկոչյանի, ապա «Վան» գործողության մարտիկների դատավարությունները: Վերջինի
դեպքում արդեն ֆրանսահայությունը մասնակցեց ցույցերի, միտինգների միջոցով, մամուլով,
դատապաշտպանների ներգրավումով, դատարանի դահլիճում անմիջական և ակտիվ
ներկայությամբ: Առանձին հնչեղություն ստացավ ազատագրական պայքարին համակիր
մամուլը սփյուռքահայ գրեթե բոլոր գաղթավայրերում:
Պայքարն այլևս ժողովրդային բնույթ էր կրում:
Ազատագրական պայքարի բարձրակետը 1980-83 թվականներն էին: Ե՜վ այդ
տարիներին, և՜ դրանից հետո հայության համակրանքն ու նեցուկը ակնհայտորեն պայքարի
կողմն էր:
Հետագայում պայմանները փոփոխվում են էլ ավելի մեծ չափով` 1988-91 թվականներին,
երբ սկսվում է Արցախյան ազատամարտը և հայտարարվում` Հայաստանի նորանկախ
Հանրապետության ստեղծումը:
Ժամանակի հոլովույթում ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ
ազատագրական պայքարին ժողովրդական մասնակցությունը հաղթանակի
լավագույն գրավականն է: Այդպես եղավ և Արցախյան ազատամարտում: Խոսքն այն մասին
չէ, որ բոլորը զինվորագրվեն պատերազմին ու մեկնեն ռազմաճակատ, բայց, անշուշտ, այն
մասին է, որ յուրաքանչյուրն ի՜ր տեղում, ի՜ր բաժին նպաստը բերի ընդհանուր նպատակի ու
երազի իրականացման գործին:
Այդպիսի մի երևույթ է «Արամ» ֆիլմի ստեղծումը: «Արամը» թվում է` ստեղծվեց այնպիսի
մի ժամանակահատվածում, երբ փոխվել էին պայքարի բնույթն ու ձևերը: Մի
ժամանակահատվածում, երբ կարևորվում էին Արցախի ինքնորոշման և Հայաստանի
Հանրապետության պետականության կայացման խնդիրները: Սակայն այստեղ կրկին կարևոր
է ժողովրդական մասնակցության հարցը, երբ արվեստագետն էլ ի՜ր նպաստն է բերում
ընդհանուրի մաքառման ջանքերին և բերում է ազգային ոգին բարձր պահելու ողջունելի
նախանձախնդրությամբ: Ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը, դերակատարներ Սիմոն Աբգարյանը,
Սերժ Ավեդիկյանը, Իզաբել Մադոյանը, թվում է` այն նվազագույնը արեցին, ինչ կարող էին
իրենց հայրենիքի ու ժողովրդի համար, սակայն մենք կասենք` արեցին կարևորագույնը, որ
կարող էին:
Արամի դերակատար Սիմոն Աբգարյանը հուզված է ու երջանիկ, «Ուխտ Արարատի»
միության գրասենյակում նա հայտնվել է իր մարմնավորած դերի իրական հերոսների
շրջապատում, որոնք լռեյլայն հասկանում էին իրար և ներողամիտ ժպտում լսելով Արամի
պատմությունները ֆիլմի ռազմական հատվածների մասին էին: Քանի որ Արամի
պատմությունը, որ թվում է` հատուկ մի պատմություն է, իրականում բոլոր տղաների մղած
հերոսական պայքարի խտացումն է:
Սիմոնը հիշում է. «Ամենատպավորիչը մորս արձագանքն էր. երբ ֆիլմը տեսավ, շատ
հուզվեց և ազդվեց, քանի որ հայրս Հայոց դատի պայքարում, շատ թե քիչ, մասնակցություն
էր ունեցել»: Սիմոնը` իր մոր ապրումները, մենք էլ հիշենք ԱՍԱԼԱ-ի և բոլոր
ազատամարտիկների մայրերին, նրանց ապրումները, խոկումները և, անշուշտ,>
հպարտությունը իրենց զավակների ու նրանց սրբազան նվիրումի նկատմամբ: Սիմոնի հայրը,
որ մասնակցություն է ունեցել պայքարում… Մենք էլ հիշենք ազատագրական պայքարի
բոլոր հայտնի ու անհայտ անունները, և դեռ որքան կարելի է թվել, և ինչպես կարող էր այդ
պայքարը հաղթանակներ չարձանագրել: Արձանագրեց: Ավելին, ոգևորության ու ոգեշնչումի
աղբյուր եղավ Արցախյան ազատամարտում:
Մենք ևս արձանագրենք ու կրկնենք. ազատագրական պայքարում ժողովրդական
մասնակցությունը հաղթանակի լավագույն գրավականն է: Ազատագրական պայքարին
այդպիսի մասնակցություն է «Արամ» ֆիլմը:
«Ուխտ Արարատի», թիվ 4, օգոստոս, 2005թ., էջ 1:
|