








|
 |
Խմբագրականներ
ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆԱԽԱԴԵՊԵՐԸ, ՀԵՏԱՊՆԴԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ (Յուսուֆ Քեմալ - Գեորգի Չիչերին, Ռիբենտրոպ - Մոլոտով պակտերի մերօրյա տարբերակը)
«Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 2 (18), հոկտեմբեր-դեկտեմբեր, 2009թ., էջ 1-5
1.
Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների նախադեպերը, հետապնդած նպատակները: Այս արձանագրությունների ի հայտ գալը նորամուծություն չէ: Այն ունի նախապատմություն: Նման սցենարը իրականացվել է առնվազն երկու պատմական դրվագներում: Առաջինը` 1921 թ. մարտի 16-ին, երբ քեմալական Թուրքիան և բոլշևիկյան Ռուսաստանը կնքեցին Մոսկվայի պայմանագիրը, երկրորդը` 1939 թ. օգոստոսի 23-ին, երբ ֆաշիստական Գերմանիան և Խորհրդային Միությունը կնքեցին, այսպես կոչված, Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը` պայմանագիրը: Երկու դեպքում էլ կողմերը պայմանագիր էին կնքում երրորդ պետությունների համար` չունենալով դրա համար ոչ մի լիազորություն կամ իրավասություն, ավելին` իրավունք: Յուսուֆ Քեմալ - Գեորգի Չիչերին 1921 թ. մարտի 16-ին կնքված պայմանագիրը, անտեսելով ու շրջանցելով հայության և Հայաստանի շահերն ու բոլոր իրավունքները, ըստ Տրոցկու հայտնի ծրագրի` հանուն համաշխարհային հեղափոխության՝ պատճառաբանությամբ, նպատակ ուներ կազմել Թուրքիա-Հայաստան-Վրաստան ֆեդերատիվ պետություն, որպես Միջին Արևելքում և Ասիայում համաշխարհային հեղափոխություն տարածելու բոլշևիկյան «գործիք»: Նույն ծրագիրը իրականացվում է այժմ, միայն թե այն տարբերությամբ, որ, անկախ կովկասյան պլատֆորմի թուրքական առաջարկի ծրագրերից, վաղվա ստեղծվելիք Թուրքիա-Հայաստան-Վրաստան ընդհանուր պետությունը ենթակա է լինելու Նոր Եվրոպա պետությանը: Մինչդեռ Ադրբեջանը դեռևս մնալու է որպես Ռուսաստանի Դաշնության ազդեցության գոտի:
Ըստ էության, Ռուս-թուրքական 1921թ. ապօրինի պայմանագիրը` պակտը, հենց այս գիծն էր առաջ տանում, և դրա նպատակներից մեկն էլ Հայոց ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում ավարտին հասցնելն էր: Ինչպես այն ժամանակ, հիմա ևս այդ նպատակը մնում է նույնը: Դա ի հայտ է գալիս, այսպես կոչված, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները իբր կարգավորելու միտված չորս փաստաթղթերից, որոնք ինքնին կազմում են մեկ ամբողջական իրավական նորմատիվ փաթեթ: Արձանագրությունները ողջունողների խոսքերից կարելի է եզրակացնել, որ սա քաղաքական գործիք է` իրականացնելու վերը նշված, հեռուն գնացող, ծրագիրն ու ծրագրերը:
Այստեղ պարզապես հիշենք, որ 1921-ի մարտի 4-ին, Յուսուֆ Քեմալ-Գեորգի Չիչերին պակտի ստորագրումից մի քանի օր առաջ Տրոցկին հայերին խորհուրդ էր տալիս զոհաբերել ոչ միայն իրենց տարածքները, այլև իրենց ցեղակիցների խմբերին, որոնց շարունակում էին ոչնչացնել` ամբողջացնելով Օսմանյան կայսրության մեջ սկիզբ առած հայերի ցեղասպանությունը(1): Հատկանշական է, որ 1939-ի օգոստոսի 22-ին, Ռիբենտրոպ-Մոլոտով պակտի ստորագրումից ընդամենը մեկ օր առաջ, Վերմախտի սպայակազմի առաջ իր ելույթում Հիտլերը նշում էր ֆաշիստական Գերմանիայի նոր ծրագրերը, որոնց նպատակը օկուպացվող երկրների տարածքներում տեղի բնակչության, իրենց բնորոշմամբ` ցածր ռասսանների, ոչնչացումն էր, նրանց` ցեղասպանության ենթարկելը(2), իսկ մնացորդածի` ստրկացումը:
Դավութօղլու-Նալբանդյան պայմանագիրը` պակտը իր նախորդներից տարբերվում է նրանով, որ փաստաթղթի տակ այլևս չի դրվում քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի ներկայացուցիչների ստորագրությունը: Բայց այդ փաստաթղթի պարունակած անօրինական դրույթները վերավավերացվում են, որովհետև փաստաթղթերի բովանդակությունը, ըստ էության, նույնն է` անտեսել հայության և Հայաստանի բոլոր իրավունքները, այժմ արդեն` հանուն գլոբալացման և եվրոպական ինտեգրման նոր հեքիաթների ու նոր կեղծ գաղափարների, սակայն նույն սարսափելի հետևանքներով, որոնք նախորդել կամ հետևել էին վերոհիշյալ երկու պայմանագրերին` պակտերին:
Նորամուծությունն այն է, որ այժմ, ի տարբերություն նախորդի, երկու կողմերը` Հայաստանն ու Թուրքիան են պարտավորություններ ստանձնում Նոր Եվրոպա պետության հանդեպ: Հասկանալի է, այս պարտավորությունն ու պարտադրանքը բխում է այն բանից, որ գերտերությունների պաշտոնյաներն այլևս չեն ցանկանում ռիսկի դիմել և չեն ցանկանում բացահայտ երրորդ երկրների համար պայմանագրեր կնքել` լավ հասկանալով, որ դա միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է, ըստ այդմ, պատժի ենթակա հանցագործություն: Հիմա դա արվում է կողմերին պարտադրելու կամ հարկադրելու, նույնիսկ ստիպելու միջոցով, որտեղ իրենք, իբր թե դերակատար չեն և հետևաբար, իբր թե պատասխանատու չեն…
Սա է Դավութօղլու-Նալբանդյան պայմանագրի` պակտի իրողությունը, և հաշվի առնելով նախորդ փորձը, երբ ո՛չ Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը և ո՛չ էլ Յուսուֆ Քեմալ-Գեորգի Չիչերին պակտը խաղաղություն չբերեցին այդ փաստաթղթերին առնչվող ժողովուրդներին ու երկրներին, վստահորեն կարելի է ասել, որ այս նորօրյա պակտը ռազմա-քաղաքական նոր ցնցումների է ենթարկելու տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին ու պետություններին: Որքան էլ թուրքական և թուրքամետ ուժերն ու կողմերը ոգևորված լինեն դրանից, միևնույնն է, գոյություն ունի նաև դրա նախադեպը, երբ երիտթուրքերն էին ստանձնում Օսմանյան կայսրությունը «նոր ուղիով» առաջնորդելու խնդիրը: Թե ինչ եղավ կայսրության և երիտթուրքերի հետ` հայտնի է բոլորին. կայսրությունը փլուզվեց, իսկ երիտթուրքերը կանգնեցին ոչ միայն Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի, այլև պատմության դատաստանի առջև…(3):
Այս դեպքում էլ պատմությունը կարող է կրկնվել, սակայն վերջին մասով միայն, որովհետև հայությունը` պատմական դաժան փորձից բխած զգուշավորության ու անվստահության պատճառով և ռազմա-քաղաքական նոր իրողություններից մեկնած, ինքնապաշտպանության դիմելու իրավական բոլոր հիմքերն ունի, և դա անելու է վստահաբար:
Դավութօղլու-Նալբանդյան պակտի մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ սրանով արևմուտքը փորձում է շրջանառությունից հանել ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներն ու նորմերը, մասնավորապես, «Ցեղասպանության հանցագործության և դրա պատժի մասին» կոնվենցիան: Դա արվում է կոնվենցիան մոռացության մատնելու, հայության հայրենիքը ուրիշին որպես կաշառք «նվիրաբերելու»(4), պատերազմի նոր ձևերի և տեխնոլոգիաների մեջ ցեղասպանություն իրականացնելու ձևերը(5) պահպանելու, դրանց տխրահռչակ փորձը շատ մոտ ապագայում զարգացնելու նպատակով:
ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսը նշում է. «Հիշենք նաև 5 հազար տարվա վաղեմության մի փոքրիկ կեղտոտ գաղտնիք: Էթնիկական զտումն իր գործն անում է»(6): Այլ կերպ ասած` «Կանաչ լույս» է վառվում նոր էթնիկական զտումների, իմա` նոր ցեղասպանություն իրականացնելու…
Հեռահար նպատակներից մեկն էլ ՆԱՏՕ-ի բանակի վերակազմավորումն ու համալրումն է նոր … «զինվորներով»: Նախնական հաշվարկներով ՆԱՏՕ-ն ակնկալում է հավաքագրել առաջիկա պատերազմներում շահագրգռություն և ակնկալիք ունեցող մի քանի միլիոն թուրք, քուրդ, ալբանացի, աֆղան և այլ ազգերի «զինվորներ»: ՆԱՏՕ-ի սպայակազմը լիովին բավարար է` ղեկավարելու և կազմակերպչական խնդիրները հոգալու համար:
2.
- Արձանագրությունների և Մադրիդյան սկզբունքների հետապնդած մեկ այլ թաքուն նպատակ էլ կովկասյան եռակողմ՝ Ադրբեջան-Հայաստան-Վրաստան, պատերազմ հրահրելու հետևանքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումն է Կովկասում: (7) Փաստորեն, առաջին քայլն արված է. պատրաստվում են Նախիջևանը հռչակել անկախ պետություն, հնարավոր է` քրդական (ինչպես նախատեսել էին Քեմալն ու Լենինը դեռևս 1919-1920 թթ.), իբր հակակշիռ ԼՂՀ-ին, իրականում, սակայն, դա այն երաշխիքն է, որը որպես կաշառք տրվելու է քրդերին, այսինքն` Արևմտյան Հայաստանի տարածքում ստեղծվելիք, սկզբում` ինքնավար, հետագայում անկախ` պետությունը քրդերը կստանան, եթե ՆԱՏՕ-ի բանակներում համաձայնեն պատերազմելու Իրանի, Սիրիայի, Աֆղանստանի ու Պակիստանի(8), հնարավոր է նաև` Հնդկաստանի ու Չինաստանի(9) տարածքներում, ձևավորելու համար Պենտագոնի կողմից գծված քարտեզը(10), ինչը համաձայնեցված է ՆԱՏՕ-ի և Նոր Եվրոպայի հետ: Երբ Ի. Ալիևը թուրքալեզու պետությունների ղեկավարների հետ Նախիջևանում հանդիպման ժամանակ հարցը բարձրացրեց, դա Ադրբեջանի շտապողականության հետևանք չէր, քանի որ Նոր Եվրոպայի կառավարման կաբինետը վստահ էր, թե վավերացումը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին: Վավերացումը խանգարվեց Եվրոմիության կազմավորման ներքին խնդիրների պատճառով, որը մեկ ամիս ետ ընկավ ժամանակացույցից: Այժմ Եվրոմիություն-Իսրայել-ԱՄՆ ալյանսը, պարզապես, անհամբերությամբ սպասում է Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների վավերացմանը:
3.
- Եվրոմիությունը արդեն ունի նախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի նախարար: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ են լիազորությունները ստանձնում ոչ թե դեկտեմբերի 1-ից, այլ հունվարի 1-ից: Կարծում ենք, որ ակնկալում են Կովկասում եռակողմ պատերազմը հրահրել դեկտեմբեր-հունվար շրջանում, եթե ստացվի Թուրքիային պարտադրել Արձանագրությունները վավերացնել, հետո Հայաստանին ևս պարտադրել դրանք վավերացնել և վավերագրերը փոխանակել, որից հետո արդեն Նախիջևանը կարող է հռչակել իր անկախությունը և ռազմական գործողություններով փորձել Զանգեզուրի հարավից միջանցք բացել` Ադրբեջանի հետ կապվելու համար:
Հայտնի է, որ դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 20-ը աշխարհի բոլոր երկրների դիվանագիտական կորպուսները տոնական հանգստի մեջ են, նույն վիճակում է նաև գրեթե բոլոր երկրների մամուլը: Ինչպես հայտնի է փորձից, սովորաբար արևմտյան նմանատիպ բոլոր գործողությունները սկսվում են հենց այդ ժամանակահատվածում, երբ աշխարհը ի վիճակի չէ իմանալ, թե ինչ է կատարվում և հետևաբար միջոցներ չի կարող ձեռնարկել իրավիճակը վերահսկելու համար: Այնպես որ, արդեն հունվարի սկզբին, երբ լրիվ ընթացքի մեջ կլինի կովկասյան եռակողմ պատերազմը՝ Նոր եվրոպա գերտերության նախագահը, ՆԱՏՕ-ի հետ միասին, կփորձի քայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ի զորքերը, առաջնահերթորեն դրանցում ներգրավված թուրքական արագ արձագանքման ուժերը, համաձայն՝ Վրաստանի ու Ադրբեջանի խնդրանքի և Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների պահանջի, տեղակայել կովկասյան երեք հանրապետություններում, միաժամանակ դնելով նաև այդ երեք հանրապետությունների բանակների զինաթափման հարցը, որպես թե պատերազմը կանխելու «միակ» միջոց:
Պարզվում է, այս գործողություններն իրականացնելու և այդ քայլերի «իրավականությունը» ապահովելու նպատակով՝ ՀՀ օրենքում արդեն իսկ ներառված է համապատասխան դրույթ, որպեսզի ոչ Սահմանադրական դատարանը և ոչ էլ Ազգային ժողովը չփորձեն արգելակել՝ պատճաբանելով, թե հայկական բանակը զինաթափելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Սահմանադրական արգելքի կարիքը չի լինի, որովհետև գործող օրենքը թույլատրում է: Օրենքը ընդունվել է 2007-ի փետրվարին(11) ինչը նշանակում է, թե գործողությունը նախատեսված էր սկսել դեռևս 2008-ի վրաց-օսական հակամարտության և կովկասյան ընդհանուր պատերազմի սցենարով: Բայց քանի որ այդ փորձը ձախողվեց, իսկ վրացական սցենարը կրկին գործարկելը գրեթե անհնար է, ապա առաջին պլան է մղվում Նախիջևանի անկախության ինքնահռչակման նոր տարբերակը: Հիշենք, որ 1990 թ. Գորբաչովի իշխանության ժամանակ և նրա թողտվությամբ ադրբեջանցիները քարուքանդ արեցին դեռևս գոյություն ունեցող ԽՍՀՄ պետական սահմանի նախիջևանյան հատվածը, իսկ ԽՍՀՄ սահմանապահ ուժերը լքեցին իրենց վերապահված դիրքերը:
4.
- Այս ամենը արվում է նույն Կոսովոյի փորձված տարբերակով: Համաշխարհային զինուժի վերածված ՆԱՏՕ-ի ռազմաբազաները ծրագրում են տեղակայել Կոնգոյում, Կոսովոյում, Կովկասում:(12) Կովկասը Կոսովոյի օրինակով 2010-ի հունվարի 1-ից ծրագրում են վերածել ՆԱՏՕ-ի տեղակայման բազաների, որոնք մտադիր են տեղակայել հայկական տարածքներում, որովհետև տեղի բնիկ ժողովուրդը հայերն են: Ադրբեջանական մասը, ըստ ծրագրի մեջ կատարված փոփոխության, դեռևս մնում է ռուսական ազդեցության տակ: Այս ամենը գալիս է հաստատելու, որ ծրագրերը համաձայնեցված են ռուսական քաղաքական գծի հետ: Կոսովոն ամբողջությամբ տրվում է ՆԱՏՕ-ին, իր ժողովրդով, ենթակառուցվածքներով, ամեն ինչով, որի դերը եվրոպական երկրների վրա հսկողություն սահմանելն է: Այդ բանակում չեն կարող ներառվել եվրոպական երկրների զինվորներ, իսկ ալբանական թուրքերն ու եվրոպական քրդերը, ինչպես նաև եվրոպական երկրների միգրատների ճամբարներում գտնվող աֆղան և այլ ազգերի փախստականները եվրոպական զինված ուժերում հանգիստ կարող են գործածվել եվրոպական երկրների խաղաղ բնաչության դեմ, եթե վերջիններս փորձեն ինչ-ինչ հարցերում ընդվզել վերազգային, վերպետական իշխանությունների դեմ: Կոնգոյում և հարակից տարածքներում ռազմա-քաղաքական զարգացումները արդեն երկու-երեք տարի է ինչ ընթացքի մեջ են:
Տեղի է ունենում ՆԱՏՕ-ի ձևափոխումը արևմտյան համաշխարհային զինուժի, որի վրա ոչ մի պետություն ազդեցություն չի կարող ունենալ: Սա է համամարդկային նշանակության ամենամեծ վտանգը: Փաստորեն, համաշխարհային զինուժ ՆԱՏՕ-ն առանձին-առանձին ճնշելու է նաև եվրոպական երկրներին:
5.
- Պետք է հատուկ ընդգծել, որ ներկայում էականորեն փոփոխված են նաև պատերազմելու ձևերն ու տեխնոլոգիաները: Պատերազմական իրադարձություններին նախորդում են օրենսդրական-սահմանադրական ագրեսիաները: Թիրախ պետությունների օրենսդրությունը համապատասխանեցվում է երկրի պաշտպանական ներուժի անկման, տնտեսության փլուզման, սոցիալական արդարության և ժողովրդավարության վերացման, իրավական ճգնաժամի հաստատման, տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքների ուռճացման հաշվին՝ պետության ամբողջության տրոհման, պետության ինքնալուծարման, բանակի զինաթափման ծրագրերին: Դրանց իրականացման նպատակով, մեր աչքի առաջ, իբր թե՝ խորհրդատվական, իրականում` քայքայիչ, դանդաղ, բայց ամենօրյա հետևողական աշխատանքներ ու գործողություններ են իրականացվում:
Այնուհետև կարող են գործի դրվել միջազգային ահաբեկչության հայտնի դրսևորումները, երբ բանակներն արդեն պատերազմում են խաղաղ բնակչության դեմ: Դրա ներմուծման պատճառն այն է, որ մարդկությունը հոգնել է պատերազմներից, իսկ արևմուտքը պատերազմելու համար զինվորներ չունի: Վարձու զինվորներն են կռվում անզեն բնակչության դեմ:
Առաջին աշխարհամարտից սկսած գործի դրված պատերազմելու դասական ձևերը լրացվել են ներառելով նոր տեխնոլոգիաներ, այդ թվում` միջազգային տուրիզմի, արհեստական միգրացիաների միջոցով երկրի ու տարածաշրջանի ազգագրական պատկերը փոխելու ձևը, երբ բնիկ ժողովուրդը, իր երկրում, իր համար անսպասելի հայտնվում է փոքրամասնության կարգավիճակում:
6.
- Ի՞նչ անել: Ճշմարիտն ասած, նախօրոք` 1994-ի հրադադարից հետո, պետք էր անել. հետապնդել մեր խնդիրները իրավունքի ոլորտում և հնարավոր բոլոր միջոցներով, այդ թվում, և, առաջին հերթին, պետական բոլոր լծակներով: Դա չի արվել, իսկ այսօր ժամանակ քիչ է մնացել, ինչը նշանակում է, որ արդեն պետք է մտածել պաշտպանության այլ միջոցների ու ձևերի մասին: Պետք է պատրաստվել դիմակայության բոլոր ճակատներում և, ի տարբերություն 1988-94 թթ., դիմակայելու պատերազմի դասական և ժամանակակից բոլոր ագրեսիաներին, այդ թվում` օրենսդրական-սահմանադրական նոր ագրեսիաների, միջազգային տեռորիզմի ներթափանցման, համաճարակային տարատեսակ թռչնի և խոզի գրիպների, խմելու և ոռոգման ջրի զանգվածային թունավորումների, տնտեսական արհեստական ճգնաժամի ու սովի, շրջափակման խստացման, նաև, այսպես կոչված, «օրինական» և ոչ օրինական կրոնական փոքրամասնությունների միջոցով հրահրվելիք արհեստական խժդժությունների սցենարներին…
Ամենակարևորը, պետք է իմանալ, որ հիմնական թշնամին, եթե նախկինում հանուն համաշխարհային հեղափոխության եզրն էր ու հորինված պատճառաբանությունը, ապա այսօր` հանուն գլոբալացման, եվրո-ինտեգրման նոր կեղծ հեղափոխական թեզերն ու տրամաբանությունը: Դա չի նշանակում արդյո՞ք, որ գործ ունենք նեոբոլշևիզմի այլ կատարման և նոր նեոբոլշևիկ կոմիսարների հետ: Թուրքերը, քրդերը, ալբանացիները… ընդամենը գործիք են: Իսկ գործիքը ինքը չի որոշում, չի էլ կարող որոշել իր անելիքը: Պարզապես, դա նրան շահեկան է թվում, ավելին նրան թվում է, թե ունի անպատիժ սպանելու, թալանելու, կողոպտելու «իրավունք», նաև անպատիժ մնալու հնարավորություն: Սա ամենևին չի նշանակում, թե գործիքի դեմ նույնպես չպետք է պայքարել, քանզի, եթե չհաղթես գործիքին, պարտվում ես գործիքն օգտագործողին: Այլ հարց է, որ թե մենք, թե աշխարհի շատ հին ժողովուրդներ ու երկրներ, որոնք նույնպես հարվածի տակ են համաշխարհային այս մեծ աղետի հրահրման պահից սկսած, պետք է սովորեն դիմակայել չարիքը նշված բոլոր մակարդակներում, դիմագրավելու ու հակագրոհի անցնելու համապատասխան ձևերով ու ծրագրերով: Դրա փորձը, ի տարբերություն թիրախ մյուս ժողովուրդների ու երկրների, հայությունը 1988-ից սկսած դաժան փորձի միջոցով բավականին տիրապետել է:
Ավելին, հայ հասարա-քաղաքական, իրավական միտքը հիմա նույնը չէ, ինչ դարասկզբին էր: Նա ուսանելի ու բովանդակային մեծ ճանապարհ է անցել: Ուստի, մեր առաջնային պարտքն է վերականգնել նրա պատասխանատվություն ստանձնելու և արագ գործելու մեծ ունակությունը: Եթե խաղաղ պայմաններում դա իրոք դժվարին գործ է, ինչպես և հաշվել են արևմուտքի տեսաբանները, ապա վտանգի ու սպառնալիքի առկայության դեպքում նա ինքնակազմակերպման մեծ ներուժ ունի: Դա հայության ընդհանրական մտածողության բնական մեխանիզմն է, որը ենթակա չէ ծրագրավորման, անգամ ՀՀ իշխանությունների կողմից, ուր մնաց` արևմուտքի:
Փաստորեն, «Չկա չարիք, առանց բարիքի»: Ամբողջովին մենակ ենք. անգամ իշխանությունները ժողովրդի հետ չեն: Իսկ մենք հաղթում ենք, երբ մենակ ենք, նույնն էր 1918-ին, նույնն էր 1988-ին: Չկա ռուսական հույսը, չկա ամերիկյանը(13), իսկ բարի դրացի Եվրոպան շուտով իսկ պատռելու է իր դիմակը: Մեծ հարձակումը իրականացվելու է ողջ հայության նկատմամբ. հարվածներ կարող են լինել Ջավախքում, ԼՂՀ-ում, ՀՀ-ում, մոտակա և հեռավոր սփյուռքում, Միջին Արևելքում, Եվրոպայում, ԱՄՆ-ում: Հիշենք, թե ինչպես ԱՄՆ-ում, ցեղասպանությունից հետո, ուզում էին հայերին երկրից վտարել ու սովի մատնել: Իսկ հեռավոր արևելքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, չգիտես ինչո՞ւ, նույնիսկ ճապոնացիներն էին հետապնդում տեղի սակավաթիվ հայերին(14):
Այնպես որ, հենց այստեղ էլ պետք է մարտն ընդունել և հաղթել: Կհաղթենք, քանզի պարտվելու իրավունք չունենք: Հազարամյակներ ժառանգած մեր ազգային հարստությունը, այդ թվում՝ ազգային տարածքները, պարտավոր ենք պաշտպանել, պահպանել ու ժառանգել մեր սերունդներին: Եթե հայոց ներուժը 10 միլիոն հայության 10 տոկոսն է, որը նշանակում է 1 միլիոն աշխարհազորային, ուրեմն, առաջիկա սպառնալիքներին մենք պարտավոր ենք ապահովել ու հակադրել հենց այդքան ինքնակազմակերպվող ու ինքնակառավարվող զինուժ: Եթե ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի պահանջը, այն է՝ «քանզի անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ», անտեսվում է, ուրեմն, գործում է բռության և ճնշման դեմ ընդվզելու հայության իրավունքը:
Ծանոթագրություն
1. «Եթե Թուրքիայում մնացած հայությունը կառավարության կողմից այժմ հետապնդվի ու ճնշվի, միևնույնն է, Հայաստանին, մի որոշ ժամանակ, ոչինչ չի մնում անել, քան հաշտվել ստեղծված դրության հետ և հանուն համաշխարհային հեղափոխության շահերի զոհաբերել, թե՛ իր նախկին տերիտորիաները և թե՛ Թուրքիայում մնացած սեփական ժողովրդի մի մասը», - Լև Տրոցկի, ստորագրել է Ա. Սկաչկո կեղծանվամբ, «Հայաստանը և Թուրքիան առաջիկա կոնֆերանսում» հոդվածը լույս է տեսել Ազգային գործերի ժողովրդական կոմիսարիատի «Ժիզն նացիոնալնոստեյ» պարբերականում` 4 մարտի, 1921թ., Մոսկվա, Ռուս-թուրքական պայմանագրի ստորագրումից ընդամենը 12 օր առաջ:
2. Հիտլերը իր նախկին խորհրդատուի (Շոյբների), որը 1915-ին Էրզրումի գերմանական հյուպատոսն էր, միջոցով լավ տեղյակ լինելով հայերին ոչնչացնելու երիտթուրքերի գործողություններին, 1939-ի օգոստոսի 22-ին Վերմախտի բարձր հրամանատարության առջև իր ելույթում հեգնաբար ակնարկեց պետական հանցագործությունների հարցում մարդկային խղճի մոռացկոտության մասին. «Ես հրաման եմ տվել… այն, որ պատերազմի նպատակը որոշակի բնագծերի ձեռքբերումը չէ, այլ հակառակորդի ֆիզիկական ոչնչացումը… Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: (Akten zur deutschen auswartigen Politik 1919-1945, Serie D, VII, Nr. 193. S. 171, Anm. 1): Թեսսա Հոֆման (Գերմանիա), Հայկական հարց հանրագիտարան, Երևան 1996, էջ 103:
3. «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի», Առաջաբանը, թարգմանությունը և ծանոթագրությունները Ա. Հ. Փափազյանի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրտ., 1989:
4. ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի նախասիրած արտահայտությունն է, իր հոդվածում գրել է այսպես. «Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ»: Խոսքը, անշուշտ, Հայոց հայրենիքը հայերին չնվիրաբերելու մասին է, որպեսզի հիմքեր ապահովի այդ հայրենիքը ուրիշներին նվիրաբերելու և կամ գոնե որպես կաշառք առաջարկելու:
5. «ՀՈԴՎԱԾ 1. Պայմանավորվող կողմերը հաuտատում են, որ ցեղաuպանությունը, անկախ նրանից, կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըuտ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար: ՀՈԴՎԱԾ 2. Uույն Կոնվենցիայում ցեղաuպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպեu այդպիuին, լրիվ կամ մաuնակի ոչնչացման մտադրությամբ. (ա) այդ խմբի անդամների uպանությունը, (բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնաuվածքներ կամ մտավոր վնաu պատճառելը, (գ) որևէ խմբի համար կյանքի այնպիuի պայմանների միտումնավոր uտեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մաuնակի ֆիզիկական ոչնչացմանը, (դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, (ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուuին»:
6. Տե՛ս, Ռալֆ Պիտերս, «Միջին արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի և հավատի նմանությունների», «Armed Forces Journal» կայքէջ, 20.08.2006: Տե՛ս, «Ազգ» օրաթերթ, 25.08.2006:
7. 2007-2008 թթ.՝ «Ուխտ Արարատի» պարբերականի խմբագրականներում և հայտարարություններում, բազմիցս անդրադարձել ենք այդ խնդրին:
8. 2009-ի ապրիլին 7-ին Թուրքիայի Ազգային ժողովում ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման հատուկ ընդգծեց, որ Թուրքիան այսուհետ պետք է պայքարի ոչ միայն Քրդական Բանվորական Կուսակցության, այլև Ալ Քաիդայի դեմ, ինչը նշանակում էր, որ թուրքական զինված ուժերը ՆԱՏՕ-ի կազմում պետք է մասնակցեն Աֆղանստանում ընթացող խաղաղապահ գործողություններին: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության ծրագրավորման՝ Հայաստան - Թուրքիա Արձանագրությունները նպաստելու են հենց այդ ծրագրի իրականացմանը: Եվ ահա ճշմարտության ժամը հնչել է. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հերթական` 21-րդ տարելիցի օրը՝ 2009-ի դեկտեմբերի 7-ին, Վաշինգտոնի Սպիտակ տանը, հանդիպում են Բարաք Օբաման ու Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հնարավոր է՝ այդ ընդարձակ ծրագրի վերջին մանրամասները պայմանավորվելու համար:
9. Տե՛ս, «Հայաստանն ընդգրկվել է «ստրկացված ժողովուրդների» ամերիկյան ցուցակում» նյութը, որտեղ, մասնավորապես, ասված է. «Որպես «ազատագրման» օբյեկտներ «86-90 օրենքի» տեքստում թվարկված են Լեհաստանը, Հունգարիան, Չեխոսլովակիան, Ռումինիան, Բուլղարիան, Լիտվան, Լատվիան, Էստոնիան (այս երկրներն արդեն իսկ ընգրկված են ՆԱՏՕ-ի ընդլայնման առաջին և երկրորդ ալիքներում), «Հյուսիսային Վիետնամը, Հյուսիսային Կորեան, Ալբանիան և մյուսները», Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը (որն անվանված է «Բելայա Ռուտենիա»), «Թուրքեստանը (այսինքն «Արեւմտյան Թուրքեստանը», որ ներառում է ներկայիս Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը եւ «Արևելյան Թուրքեստանը»՝ Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզը), Տիբեթը, վերջապես, «Իդել-Ուրալն» ու «Կազակիան»: Վերջին անվանումով նշված է Հյուսիսային Կովկասն ու Կովկասի նախալեռները, իսկ Իդել-Ուրալը (Իդելը Վոլգայի թաթարական անվանումն է) ՌԴ-ի Վոլգա-ուրալյան տարածաշրջանն է»: /PanARMENIAN.Net/ 18.07.2008,
10. Խոսքը Ռալֆ Պիտերսի «Միջին Արևելքի նոր քարտեզը…» հոդվածին կից քարտեզի մասին է:
11. Միջազգային պայմանագրերի մասին (22. 02. 2007թ.) ՀՀ Օրենքում Միջազգային պայմանագրերի սուբյեկտների և այդ պայմանագրով կարգավորվող հարաբերությունների Գլուխ 2-ի հոդված 7-ի 2-ում գրված է. «1. Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների ռազմական բազաներ ստեղծելու, 2. օտարերկրյա պետությունների կամ միջազգային կազմակերպությունների զինված ուժեր Հայաստանի Հանրապետության տարածքում ընդունելու, տեղակայելու, 3. միջազգային վեճեր լուծելու, 4. զինաթափման, 5. ռազմական պարտավորություններ ստանձնելու»:
12. Մանրամասն տե՛ս, «Ուխտ Արարատի», թիվ 2 / 13, 2007, էջ 15-22:
13. Բեռլինի պատի փլուզման 20-ամյակի հանդիսություններին ներկա ԽՍՀՄ պերեստրոյկայի մեծ վարպետ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց, որ ամերիկացի ժողովուրդը ընտրելով բարեփոխումների ճանապարհը և քվեարկելով Բարաք Օբամայի թեկնածության օգտին, փաստորեն, սկիզբ է դրել ԱՄՆ-ի պերեստրոյկայի գործընթացներին: Իսկ թե դա ինչպե՞ս է ընթանում և ինչո՞վ ավարտվում, հայտնի է բոլորիս:
14. Հեռավոր արևելքի` Սինգապուրի, Ինդոնեզիայի, Մալլակայի, Պենանգի, Հոնկոնգի և Մակաոյի փոքրիկ հայկական գաղթավայրերի ճակատագիրը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին որոշեցին ճապոնական միլիտարիստները. «Ինդոնեզիայի հայ բնակչությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ չկարողացավ հեռանալ: Կռահելով սպասվող աղետը, հայերը նախօրոք թաքցրին հայոց եկեղեցու թանկարժեք գույքը, սպասքները, դիվանը, գրադարանը և այլն: Զավթողական իշխանությունների հատուկ հրամանով այստեղ էլ հայերը դիտվեցին որպես ճապոնական կայսրության թշնամիներ և 1943 թ. դեկտեմբերի 20-ին բոլոր հայ ընտանիքները` մեծով ու փոքրով, նետվեցին արգելափակոցների մեջ: Արգելափակոցներում շատերը զոհ դառան սովին ու համաճարակին: Արգելափակոցի սարսափներից ազատված հայերը վերադարձին իրենց բնակարանները մինչև վերջին ասեղը կողոպտված գտան: Գրեթե իսպառ վերջացավ Բանդունգի համայնքը: Արգելափակոցներից ազատվեց միայն մեկ ընտանիք: Դադարեց հայկական կյանքը նաև Մակասարում: Ծանր հարված ստացավ Ինդոնեզիայի երբեմնի ամենից ծաղկուն գաղութը` Բաթավիան (Ջակարտա): Բանը հասավ այնտեղ, որ ազգային իշխանության կենտրոնը տեղափոխվեց Սուրաբա: Հայկական կյանքը խամրեց նաև երկրի մյուս մեծ ու փոքր քաղաքներում»: Ա. Գ. Աբրահամյան, «Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության», Բ հատոր, «Հայաստան» հրտ., Երևան, 1967, էջ 311-312:
|