:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Խմբագրականներ

ՆԱՏՕ-ի «ժողովրդավարություն» տարածելու ծավալապաշտական ծրագրերի առաջիկա քայլերը Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում և Լատինական Ամերիկայում (ըստ Պենտագոնի գաղտնազերծած տվյալների և G 20-ի ձևավորման տրամաբանության)

«Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 1 (17), մարտ-ապրիլ, 2009թ., էջ 6-9

Օգոստոսի 8-ի առավոտյան, երբ ողջ ուժով ընթացքի մեջ էր վրացական ագրեսիան, Մ. Սահակաշվիլին հեռուստատեսությամբ ոգևորում էր ժողովրդին ու զինվորներին` հայտարարելով. «Մենք շատ ենք, մենք կհաղթենք» («Եվրոնյուզ», 08.08.2008թ., ժամը 15:00), փորձեցինք օգտվել «Գուգլ» ինտերնետ կայքից` քարտեզի վրա պատկերացնելու «ռազմական գործողություններ» անվանվող մարդկային ողբերգության ծավալը: Հիշեցնենք, որ «Գուգլի» էլեկտրոնային քարտեզում ամենայն մանրամասնությամբ առկա են ոչ միայն ամբողջ աշխարհն ու առանձին երկրներ, այլև քաղաքներ ու գյուղեր` իրենց փողոցներով ու տներով: Էջը բացելուց հետո պարզվեց, որ քարտեզի վրա բացակայում են Անդրկովկասի հանրապետությունների բնակավայրերը, ավելի ստույգ` առկա էին միայն երեք երկրների սահմանները և Վրաստան, Հայաստան, Ադրբեջան գրությունները: Մնացածը մաքուր դաշտեր էին (տես` քարտեզ 1):
Փաստը զարմանալի էր և տհաճ: Հետո, երբ իմացանք, որ Վրաստանի Գլխավոր շտաբը Ցխինվալի և հարակից գյուղերի խաղաղ բնակչությանը բնաջնջող վրացական ռազմական գործողությունը անվանել է «մաքուր դաշտ», և երբ կրկին անդրադարձանք «Գուգլին», պարզվեց, որ այնտեղ «մաքուր դաշտ» էին Կովկասում` Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Եվրոպայում` Բուլղարիան, Ռումինիան: Նույն տրամաբանությամբ` Կենտրոնական Ասիայում` Պակիստանի և Հնդկաստանի հյուսիսային մասերը, Չինաստանի արևմտյան մասում ընդհատվող գծերով «մաքուր դաշտի» է վերածված Չինաստանից անջատվող նոր սահմանազատության ինչ-որ տարածք (տես` քարտեզ 2):
Հասկանալու համար «Գուգլի» մյուս սահմանագծումների` օրինակ, Կոսովոյի, Տաջիկստանի արևելյան, Պակիստանի և Հնդկաստանի հյուսիսային մասերում սահմանների կետագծերով նշումների իմաստը, պետք է նայել Իսրայելի սահմանները, որտեղ պաղեստինյան տարածքը նշված է որպես «անորոշ կարգավիճակ», որից հետևում է, որ նոր սահմանագծումներով բոլոր տարածքները արևմուտքի համար «անորոշ կարգավիճակ» են: Պարզվեց, որ «Գուգլի» առջև դրված խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարծում էինք: Հիշեցինք Ռալֆ Պիտերսի «Միջին Արևելքի նոր քարտեզը» (տես` քարտեզ 4):
Հասկանալի դարձավ, որ հիմա էլ «Գուգլի» միջոցով Պենտագոնը գաղտնազերծել է Ռալֆ Պիտերսի քարտեզում 2006-ին հասկանալի պատճառներով դեռևս բացակայող օղակները:
Ակնհայտ է, որ աշխարհը զավթելու արևմտյան մոլագարությունը 2008-ի օգոստոսի 8-ով փորձեց գործի գցել իր հերթական արկածախնդրությունը: Ուստի, «Գուգլի» քարտեզով հստակեցվել է ՆԱՏՕ-ի կողմից Միջին Արևելքի երկրների նոր սահմանազատումներին զուգահեռ առաջիկայում կատարվելիք նոր` ոչ մաքուր քայլերի ռազմադաշտը (տես` քարտեզ 2): Ինչպես երևում է հարավով արևելքից մինչև արևմուտք ձգվող չինական ամբողջ սահմանով մեկ, նպատակ է դրված ստեղծել 500-1000 կմ լայնությամբ «զսպող գոտի»` Չինաստանի հարավային և արևմտյան ամբողջ սահմանագծով:
Ծրագրվում է փոփոխել Հնդկաստանի հյուսիսարևելյան Բութանիայից Մյանմա ձգվող Հնդկաստան-Չինաստան սահմանը: Պետք է ենթադրել, որ այն անջատելու են Հնդկաստանից` Բութանիայի հարավարևմտյան գծով մինչև Մյանմա: Իսկ Քաշմիրի ու Ջամմուլի տարածքները (տես` քարտեզ 4) բաժանվում են` որպես երկու նոր պետական միավորներ: Ի դեպ, նրանց բաժանող սահմանագիծը արևելյան մասով հստակեցված չէ: Ուշագրավ է, որ այստեղ Քաշմիրից և Ջամմուլից դեպի արևելք ձևավորում են ևս մի քանի փոքր տարածքներ. հյուսիսից հարավ չինական տարածք, որին հաջորդում է մոտ 20.000 քառ. կմ շրջագծային տարածք, դրանից հարավ երկու առանձին երկարաձգված չինական տարածքներ: Այդ գոտին հյուսիս-արևմուտքից եզրափակում է Տաջիկստանից անջատվող Լեռնաբադախմանյան ինքնավար մարզը: Իսկ Հնդկաստանի արևմտյան սահմանը` Պակիստանից մինչև Նեպալ, իջեցվելու է առնվազն Նեպալի հարավարևմտյան եզրագծով մինչև Պակիստան, Պակիստանի հյուսիսարևելյան մի մեծ հատված…
Համեմատելով` տեսնում ենք, որ Պակիստանի հյուսիսային մասի վերին հատվածը լիովին համընկնում է Ռալֆ Պիտերսի «Միջին Արևելքի նոր քարտեզին», ըստ որի` Աֆղանստանին է անցնում երեք մասի բաժանվող Պակիստանի արևմտյան տարածքների մի մասը` հյուսիսային և կենտրոնական հատվածները: Հարավայինը մաս է կազմելու ապագա Բելուջիստան կոչվող նորաստեղծ պետության: Սակայն չի համընկնում հյուսիսարևելյան մասով: Եթե ըստ 2006-ի քարտեզի, այն ամբողջությամբ սահմանակից էր Հնդկաստանին, ապա, ըստ «Գուգլի» 2008-ի քարտեզի` Հնդկաստանի հյուսիսը` Ջամմուն և Քաշմիրը, ընդհատվող սահմանագծերով ամբողջությամբ վերագծված է:
Հետևությունը մեկն է. «Գուգլի» քարտեզում ընդհատվող գծերով նշված հին ու նոր տարածքները Պենտագոնի համար է, որ դարձել են «անորոշ»: Դրանց որոշակի դարձնելուն է ուղղված լինելու Արևմուտքի առաջիկայում «ազատագրման» և «ժողովրդավարացման» տարածման «մարդասիրական» գործընթացները, ինչպիսին էր օրինակ, գործողությունը Հարավային Օսիայում: Հարավ-օսական գործընթացը չհաջողվեց ավարտին հասցնել: Դա լրջորեն հետ գցեց ընդհանուր ծրագրերի իրականացումը, ստիպեց վերանայել գործողությունների հաջորդականությունը, որը, բնականաբար, ժամանակ էր պահանջում:
Կորցրած ժամանակն իր գործն արեց: Դա երևում է զավեշտի նմանվող Արևմուտքի շտապողական քայլերից, երբ մի կառույցը մյուսի ծրագրից ետ ընկնելու փաստը հաշվի չառնելով` իր քայլերն է անում: Օրինակ, ՀՀ-ում 2008-ի սկզբներից իր գործունեությունը սկսեց ապագայում Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներ նոր պետության նոր դրամանիշի անունը կրող «Ամերիա» բանկը: Դրամանիշը պետք է ներդրվի դոլարը շրջանառությունից հանելուց հետո, իհարկե, առանց դոլարի պարտքերը ստանձնելու: Երևանում բանկը գործում է շատերի համար անհասկանալի անվանումով: Ինչպես երևաց Օբամայի նախագահության առաջին իսկ օրերից, ԱՄՆ-ի քաղաքականությունը որոշող ստվերային կաբինետը բաժանվել է երկու հակադիր բանակների` ԱՄՆ-ն եղած ձևով պահպանելու և ԱՄՆ-ն մեկ ընդհանուր պետության նահանգ դարձնելու կողմնակիցների միջև: Հունվարից առ այսօր հաղթում է ԱՄՆ-ն պահպանելու կողմնակիցների բանակը, որի քաղաքականությունն է իրականացնում Օբամայի վարչակարգը:
Ինչպես երևում է քարտեզ 3-ից, արևմուտքը առաջիկայում պատրաստվում էր շտապ կարգով (ինչո՞ւ` շտապ, կանդրադառնանք վերջում) մկրատել աշխարհի քարտեզը, սակայն, վերը նշված հանգամանքներից ելնելով` նա անցավ նոր մարտավարության` որպես առաջնային քայլեր ընտրելով Կովկասը, Հայկական լեռնաշխարհը, Աֆղանստանն ու Պակիստանը: Հնդկաստանում դեռևս ընթանալու է նախորդ տարիների ընդհանուր լարվածության ծրագիրը:
Քարտեզ 3-ից հետևում է, որ`
ՏԱՋԻԿՍՏԱՆԻՑ ծրագրում են անջատել արևելյան` Չինաստանի հետ սահմանակից տարածքի մի մասը` Լեռնաբդախմանյան ինքնավար մարզը:
ՀՆԴԿԱՍՏԱՆԻՑ անջատելու են Պակիստանին և Չինաստանին (փոքր հատվածով նաև Աֆղանստանին) սահմանակից Ջամմուն և Քաշմիրը` որպես առանձին «անկախացող» երկրներ: Հարցական է թողնված Ջամմու-Քաշմիր սահմանի արևելյան հատվածը. պատճառը պետք է փնտրել նոր ձևավորվող երեք (երկու փոքր և մեկ մեծ) տարածքների հետ առնչվող ինչ-որ տրամաբանության մեջ: Մեզ համար անըմբռնելի Պենտագոն-նատօական` մտածողությամբ է, որ կարելի է հասկանալ Քաշմիրից Նեպալ ձգվող Հնդկաստան-Չինաստան սահմանի «անորոշությունը», ըստ որի` Հնդկաստանից բռնանջատվելու է նաև Հիմչալու-Պրադեա նահանգն ամբողջությամբ: Նույն տրամաբանությունը հարվածի տակ է առել Բութան-Չինաստան-Մյանմա (Բիրմա) սահմանագծում ներառված Հնդկաստանի Արնաչալ-Պրադես նահանգն ամբողջությամբ: Չենք բացառում, որ բռնանջատեն և դրան միացնեն նաև Նագլենտ նահանգը:
ՉԻՆԱՍՏԱՆԻՑ պատրաստվում են անջատել Տիբեթի և Սինցզյան-Ույգուրական շրջաններին պատկանող և արևմտյան` Քաշմիրին սահմանակից մոտ 20 000 քառ. կմ տարածք` որպես Չինաստանից «անկախացող» առանձին երկիր: Նաև երկու փոքր` մեկը Ջամմուին, մյուսը Քաշմիրին սահմանակից (մի քանի քառ. կմ) տարածքներ:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ նախատեսել են առայժմ անջատել Ղրիմի թերակզու հարավարևմտյան տարածքի` Սևաստոպոլն ու նրա շրջակայքը ընդգրկող հատվածը, հնարավոր է` «Ղրիմի թաթարներին» ազատագրելու պատրվակով: Ճիշտ կլիներ ասել, որ Ղրիմը կորզում են Ռուսաստանից, քանի որ Ուկրաինան վաղուց պատրաստ է հօգուտ արևմուտքի իրենից օտարել ամբողջ Ղրիմը (ծրագիր, որը գործի է դրվել դեռ 1989-1990 թթ. Գորբաչովի կողմից, տես` քարտեզ 3):
«Մաքուր դաշտեր» տարածքներից են.
ԵՎՐՈՊԱՅՈՒՄ` Բուլղարիան, Ռումինիան: Կոսովոն ներկայացված է ընդհատվող սահմանագծով` որպես նախկին «մաքուր դաշտ»:
ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ` Արգենտինան: Հիշենք, որ համաշխարհային այս գործընթացի սկիզբը դրեց Մեծ Բրիտանիան Ֆոլկլենդյան կղզիների շուրջ պատերազմով, այնպես որ, այս հսկա երկիրը բաժանվելու է բավականին մեծ թվով մասերի ու ամենևին պատահական չէ, որ հակաճգնաժամային ֆինանսական G 20-ի խմբի մեջ Լատինական Ամերիկա մայրցամաքի համար ընտրված է Արգենտինան: Նույն խնդրին են ծառայեցնում Վենեսուելան իր, այսպես կոչված, նեո-տրոցկիստական կեցվածքով և Կոլումբիան: Ինչ վերաբերում է Հյուսիսային և Հարավային Ամերիկաները կապող Կարիբյան ավազանի կղզիների երկրներին, ապա նրանց մեծ մասը եվրոպական երկրների դոմինյոններ են, և հիմա հասկանալի է վերջին տարիներին եվրոպական երկրների ակտիվությունը այստեղ: Հիմնականում անհասկանալին մնում էր Իսլանդիան, որը երբ մերժվեց Բրիտանիայից, ճգնաժամից փրկվելու համար, օգնություն խնդրեց Ռուսաստանից:
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ի տարբերություն 2006-ի քարտեզի, սահմանները, ըստ «Գուգլի», մնացել են անփոփոխ, սակայն «մաքուր դաշտ»-ի տրամաբանությամբ քարտեզից բացակայում են Աբխազիան, Հարավային Օսիան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Նախիջևանը: Սահմանների փոփոխությունը տրված է 2006-ի քարտեզով, որտեղ Վրաստանի տարածքային ամբողջականությունը պահպանված է, բայց ըստ Ռալֆ Պիտերսի ձևակերպման և քարտեզի տրամաբանության` նվիրատվություն է արված Ադրբեջանին: Դա նշանակում է, որ ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ ռազմական գործողություններ կարող էին սկսվել դեռևս 2006-ին: 2005-ը բացառվում էր, քանի որ դեռ չէին ընդունվել Եվրոմիության և ՀՀ Սահմանադրությունները: ՀՀ-ինը մերժվել էր 2003-ին, ԵԱՀԿ-ի ջանքերով արևմուտքն այն ընդունված համարեց 2005-ի նոյեմբերի վերջին: Եվրոմիության Սահմանադրությունը չի ընդունվել առ այսօր:


Համաշխարհային ճգնաժամի G 20-ի խմբի ձևավորման տրամաբանությունը

Համեմատելով աշխարհի քարտեզի գլոբալացման և վերաձևման տրամաբանությունը` իբրև համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը միացյալ ուժերով հաղթահարելու նպատակով 2008-ի նոյեմբերի 15-ին Վաշինգտոնում հրավիրված գագաթաժողովում ձևավորված G 20-ի խումբը` (Արգենտինա, Ավստարալիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իտալիա, Կանադա, Չինաստան, Մեքսիկա, Հարավային Կորեա, Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, ԱՄՆ, Թուրքիա, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Ճապոնիա, Եվրոմիություն` որպես մեկ ինքնուրույն պետություն), հասկանալի է դառնում, որ ամենևին էլ նպատակաուղղված չէ ճգնաժամը հաղթահարելուն, այլ առաջին լուրջ միջազգային կազմավորումն է, որի ֆինանսա-բանկային ծրագրերով իրագործվելու է գլոբալացման առաջին լուրջ քայլը: Ըստ այդ տրամաբանության էլ կազմել ենք ստորև ներկայացվող աղյուսակը` մեր բացատրություններով:
Եթե հետևենք 2009-ի ապրիլի 20-ին Լոնդոնում կայացած G 20-ի գագաթնաժողովում հնչած մտքերին, ապա առանձնակի ուշադրություն պետք է դարձնել այն մտքին, թե իբրև Ռուսաստանը կողմ է տարածաշրջանային տարադրամի ընդունմանը, այսինքն` բազմաբևեռ տնտեսական համակարգին: Թվում է` մերժվում է համաշխարհային տարադրամի գաղափարը: Իրականում մտահոգիչն այն է, որ միջազգային տարադրամի անցումը ոչ թե սկզբնառու, այլ ավարտական փուլի խնդիրն է, ուստի, Ռուսաստանի անունից է հնչեցվում այն, ինչ նախատեսված է ստեղծել` հինգ-յոթ տարածաշրջանային փոխարկելի տարադրամներ: Ինչպես երևում է աղյուսակի 1-ին սյունակից, Եվրոմիությունը, այն է` Եվրոպայի Միացյալ Նահանգներ ընդհանուր պետությունը, ներկայացնում են Եվրոպայի չորս գերտերություններ. Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան` ղեկավար դերով, Գերմանիան` ենթակա ուղղորդվող դերով, Իտալիան` խաղից դուրս վիճակում` հաշվի առնելով Իտալիայում վերջին տարիներին ընթացող ներպետական գործընթացները:
Մյուս երկրները խմբավորված են ըստ մայրցամաքներում ստեղծվող «Միացյալ նահանգներ» կոչվող պետությունների տրամաբանության, որպիսին, օրինակ, 2-րդ սյունակում ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա եռյակն է: 3-րդում` Արգենտինա, Բրազիալիա: Այստեղ է, որ հասկանալի է դառնում Արգենտինան` որպես «մաքուր դաշտ» ներկայացնելը ըստ «Գուգլի»: Դեռևս վերջնական ձևավորում չունի Ասիա-Հին Արևելք սյունակը, որտեղ ներառված են միայն Չինաստանն ու Հնդկաստանը, որոնք նույնպես «մաքուր դաշտեր»-ում են: 5-րդում` Հեռավոր Արևելքի միացյալ նահանգները, կարծում ենք հստակ է ի դեմս Ճապոնիայի, որը 1985-ի «պերեստրոյկայից» առ այսօր Ռուսաստանի հետ փորձում է լուծել Կուրիլյան կղզիների խնդիրը, նաև որպես արևմտյան քաղաքականության կցորդի` ճնշումներ գործադրելով Հյուսիսային Կորեայի և Չինաստանի վրա: Հարցեր չեն առաջանում Աֆրիկայում` Հարավաֆրիկյան Հանրապետության շուրջ ստեղծվելիք Աֆրիկայի Միացյալ Նահանգներ նոր պետության հարցում: Հասկանալի է, որ իրենց համար միակ վստահելի երկիրը ՀԱՀ-ն է, որտեղ էլ և 2007-ին Աֆրիկյան ընդհանուր կոնգրեսը հավանություն տվեց այս նոր կազմավորմանը: Նոր Արևելքի Միացյալ Նահանգները, 7-րդ սյունակը` ըստ էության, Ռալֆ Պիտերսի քարտեզով գծված ընդհանուր պետության տարածքն է, որի ձևավորման գործընթացը իրականացվելու է Սաուդյան Արաբիայի մասնատման միջոցով (տես` քարտեզ 4-ը և «Ուխտ Արարատի», 4/10, 2006թ., էջ 4):
Ինչ վերաբերում է 8-րդ սյունակին` Եվրասիական խաչմերուկին, որն, ըստ էության, Կովկասն է և նրանում ներառված Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ, այն Արևմտյան և Արևելյան Հայաստաններն են` ներառյալ Հայկական Կիլիկիան, որը, չգիտես` ինչո՞ւ, արևմուտքը փորձում է անջատել Արևմտյան Հայաստանից: Այստեղ ոչ թե տարօրինակը, այլ մտահոգիչն այն է, որ ներգրավված միակ երկիրը Թուրքիան է, այդ իրողությունը անմիջապես հիշեցնում է 1921-ի ծրագիրը, ըստ որի ամբողջ Հայկական լեռնաշխարհը Կովկասի հետ միասին, համաձայն եվրո-բոլշևիկյան դավադիր նախագծի, պետք է դրվեր Թուրքիայի հսկողության տակ` որպես Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան ընդհանուր պետություն` ֆեդերացիա կամ կոնֆեդերացիա: Հարկ չհամարելով մանրամասնել եվրասիական այս խաչմերուկի հազարամյա անցյալով պայմանավորված ներկայի կարևորությունը` նկատենք միայն, որ G 20-ի ցուցակում Թուրքիան միակ երկիրն է, որն աշխարհին և առաջին հերթին արևմտյան երկրներին իր ունեցած հսկայական պարտքերից զատ, ոչ մի ֆինանսա-տնտեսական նմանություն չունի մյուսների հետ:
Հասկանալի է, որ Թուրքիայի անվան տակ նրա ձեռքով իրագործվելիք ծրագրերն ամբողջությամբ ֆինանսավորելու է Արևմուտքը` համաշխարհային բանկերի կամ այլ կառույցների միջոցով: Այսինքն` եթե հետևենք «պիտերս-գուգլյան» քարտեզների և այս աղյուսակի տրամաբանությանը, ապա ապացուցելու կարիք չի լինի, որ Արևմուտքը վերստին որպես հանցագործ գործիք է վերցնում Թուրքիան, այս անգամ շատ ավելի ընդարձակ ծրագրերով, որի իրագործումից հետո միայն կընթանա Թուրքիայի մասնատումը և ապա դատապարտումը միջազգային ատյաններում` որպես հանցագործության միակ մեղավորի, այն հույսով, որ համաշխարհային այդ ընդհանրության մեջ չեն բացահայտվի ու չեն դատապարտվի եվրո-ամերիկյան մասնակիցներն ու մեղսակիցները:
Ուշագրա՞վ է, թե՞ մտահոգիչ, որ սյունակներում ընդհանուր առմամբ տեղ չի գտնվում այսօրվա Ռուսաստանի համար: Կարծում ենք, որ ծրագրվող համաշխարհային այս մեծ աղետի հետևանքում Ռուսաստանը` իր իսկ վարած գլոբալացման քաղաքականության պատճառով մասնատվելու է` ինչպես տրված է աղյուսակի վերջին տողում, որի վերաբերյալ հայտնի հրապարակումներ եղել են վերջին ավելի քան հարյուր տարիների ընթացքում:
Լուրջ մտահոգության խնդիր է 4-րդ սյունակը` Չինաստան-Հնդկաստան, քանի որ եթե «պերեստրոյկայի» առաջին երկու տասնամյակում նրանց լրջորեն չանդրադարձան` հնարավորություն տալով այդ երկու հնագույն քաղաքակրթություններին շարունակելու պահպանել իրենց քաղաքակրթական բնական ինքնամեկուսացման մարտավարությունը, ապա կարծում ենք, այսուհետ, առավել ևս «Գուգլի» հրապարակումից հետո, մեծ դիմակայության են դրդելու նրանց, իսկ դա, եթե արևմուտքի համար անկանխատեսելի է իր հետևանքներով, ապա արևելքի համար ավելի քան կանխատեսելի է, քանի որ, ինչպես ցույց է տվել վերջին 300-400 տարվա միջազգային քաղաքական փորձը, անգլո-եվրոպական քաղաքական մտածողությունը` իր գործնական-վերլուծական «թվաբանությամբ», այդպես էլ հասու չեղավ Հին Արևելքի մտածողությանը, համապատասխան հակաքայլերին: Հին Արևելքը հենց այն բնական գործոնն է, որը թույլ չի տալու իր իսկ առանցքում շեղել` Երկրի առանցքը, մարդկային աշխարհի հիմնասյունը:

G 20-ում ներգրավված երկրների խմբավորման մեր կազմած աղյուսակը

1-ին

2-րդ 3-րդ 4-րդ 5-րդ 6-րդ 7-րդ 8-րդ
Եվրոպայի Միացյալ Նահանգներ Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հարավային Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ասիա Հին Արևելք Հեռավոր Արևելքի Միացյալ Նահանգներ Աֆրիկայի Միացյալ Նահանգներ Նոր Արևելքի Միացյալ Նահանգներ Հայկական Լեռնաշխարհ (Հարավային Կովկաս + Հայաստան) Եվրասիական Խաչմերուկ
Եվրոմիություն ԱՄՆ Արգենտինա Չինաստան Ճապոնիա Հարավ- աֆրիկյան հանր. Սաուդյան Արաբիա Թուրքիա
Մեծ Բրիտանիա Կանադա Բրազիլիա Հնդկաստան Հարավային Կորեա - - -
Ֆրանսիա Մեքսիկա - - Ինդոնեզիա - - -
Գերմանիա - - - Ավստրալիա - - -
Իտալիա - - - - - - -
եվրոպական Ռուսաստան ամերիկյան Ռուսաստան - ուրալյան Ռուսաստան հեռավոր Արևելյան Ռուսաստան - - կենտրոնական Ռուսաստան

 

 

 



2008—2010 © oukhtararati.com