








|
 |
Խմբագրականներ
ՀԱՎԵԼՎԱԾ
«Ուխտ Արարատի» պարբերականի հերթական համարի խմբագրականի հավելվածը, թիվ 1 (17), մարտ-ապրիլ, 2009թ.
-«Թուրքական հետախուզությունը նշանառության տակ է վերցրել Ռուսաստանը» («Պրավդա.ռու», 20.03.2009):
Այսպես վերնագրված լրատվությունը ներկայացնում ենք առանց կրճատումների: Ուշադրություն դարձրեք վերջին նախադասությանը և դրան հաջորդող մեր մեկնաբանությանը. «Թուրքական հետախուզական կազմակերպությունը (ՄԻԹ) որոշել է իր գործունեության տասը առաջնահերթությունները, այդ թվում` Ռուսաստանի քաղաքականության հսկողությունը Կենտրոնական Ասիայում և Կովկասում, ինչպես նաև ՌԴ-ի էներգետիկ քաղաքականությունը: Ըստ թուրքական Զլմ-ների տվյալների` Ռուսաստանը ամենաշատն է հոլովվում թուրքական հետախուզության նոր ռազմավարությունում: Կենտրոնական Ասիայի և Կասպիական ավազանի տարածաշրջաններում թուրքական հատուկ ծառայություններին հետաքրքրում է ռուս-չինական համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, գազի և նավթի արդյունահամնան խնդիրները Կասպիի ավազանում, էքսպորտային մայրուղիների շինարարությունը և համաշխարհային շուկային տրամադրվելիք էներգակիրների ռազմավարությունը: ՄԻԹ-ը Բալկաններում հետևում է ընդհանուր կացությանը տարածաշրջանում և նախկին Հարավսլավիայի երկրների ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացին: Հարավ-արևելյան Ասիայում նա հետևում է այս ավազանի երկրների մրցակցությանը ԱՄՆ-ի ԵՄ-ի հետ, Չինաստանի և Ճապոնիայի «Էթնիկ դիմակայությանը և ահաբեկչական գործունեությանը Աֆղանստանում: Բացի դրանից, թուրքական հետախուզական ծառայությանը Մերձավոր Արևելքում հետաքրքրում է Իրանի միջուկային ծրագիրը, արաբ-իսրայելյան կարգավորումը, իրավիճակը Իրաքում և Լիբանանում, ինչպես և կարգավորման խնդիրները Կիպրոսում, էներգակիրների արդյունահանումը Միջերկրական ծովում, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Սամսուն-Ջեյհան նավթային ծրագրերի իրականացումը Միջերկրական ծովում և Միջերկրածովյան ավազանում: Բայց, ամենից շատ, ՄԻԹ-ը հետաքրքրվում է Սևծովյան ավազանում նավթի արդյունահանման հարցերով: ՄԻԹԻ հետաքրությունների ոլորտում նշվում են նաև աֆրիկյան մայրցամաքը, Կարմիր ծովի և Ադենի ծովածոցի շրջանները: Վերջինիս նկատմամբ հետաքրքրությունը ակնհայտ է հաշվի առնելով Սոմալիի ծովահենների ակտիվության աճը տարածաշրջանում»:
Այս մի վերջին նախադասությամբ հեղինակը փորձում է ծածկել բուն խնդիրը, քանի որ արհեստականորեն ստեղծված այս նորովի ծովահենությունը քողածածկույթ է, ընդամենը, հիմնավորելու տարածքում ՆԱՏՕ-յական ուժեր տեղակայելու անհրաժեշտությունը: Փաստորեն, հետևում է, որ Իսրայելի անվտանգության խնդիրը ամբողջությամբ անցնում է թուրքական բանակին: Թուրքական բանակին է անցնում նաև Աֆրիկա մայրցամաքի ժամանակին ԱՄՆ-ին տրված հսկողության դերակատարությունը: Մյուս թվարկված ուղղություններն էլ խոսում են այն մասին, որ ամեն ինչ պայմանավորված ԱՄՆ-ի բեռի թեթևացման խնդրով, որպեսզի վերջինս կարողանա Բուշի վարչակարգի ստեղծած ճգնաժամից դուրս գալ, ինչպես նաև ԱՄՆ զինուժի ողջ նեգատիվ գործը նոր ժամանակներում շարունակելու խնդիրը դնի թուրքական զինուժի վրա:
«Օբաման` քրդերի բարեկամ»: DTP կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը PKK-ROJ TV հեռուստաալիքին մեկնաբանություններ է արել Թուրքիայի Միլլի մեջլիսում ԱՄՆ նախագահի հետ իր հանդիպման մասին: Ինչպես գրում է «Զաման» թերթը, ըստ Թյուրքի, Օբաման ասել է, որ ինքը քրդերի բարեկամ է և կողմնակից դեմոկրատական քաղաքական հենքով քրդերի պայքարին: Թյուրքն ասել է, որ Միլլի մեջլիսի խոսնակի առանձնասենյակում իր հետ ծանոթանալիս Օբաման ուրախություն է արտահայտել ծանոթանալու ընդդիմության մեջ գտնվող և քաղաքական դաշտում գործող քրդական առաջնորդի հետ: «Ես տեսա, որ Օբաման տիրապետում է քրդական հարցին վերաբերող տեղեկատվությանը»,- ասաց Թյուրքը: Օբամայի այն դիտողությանը, թե խնդիրը չպետք է ուժով լուծվի, Թյուրքը պատասխանել է. «Մենք նույնպես դեմ ենք ուժային լուծման, սակայն արդեն տեսել ենք 17 հազար մահ»: Ամերիկայի ձայնի քրդերեն հաղորդման ժամանակ Թյուրքը հաղորդել է. «Մեր թղթածրարում, որը հանձնեցինք Օբամային, մենք ընդգծեցինք, որ ուզում ենք լուծել այդ խնդիրը Թուրքիայի շրջանակում, բայց կարիք ունենք մեր ինքնության ճանաչման»: Բանակցությունները ընթացան շատ ջերմ մթնոլորտում: Օբաման ասել է, որ ինքը քրդերի բարեկամն է և կողմնակից է քրդերի ազգային շահերի ազատ արտահայտմանը: Օբաման ընդգծել է, որ ինքը կողմնակից է քրդերի քաղաքական պայքարին: («Գոլոս Արմենիի», 09.04.2009թ., էջ 4)
Բարեկամություն երկու ճակատով: «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի Մոսկվա կատարած չորսoրյա այցելության առիթով հետաքրքիր բացահայտում է անում Բիլկենտյան համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Էրսել Այդընլին. «Կովկասում և Սևծովյան ավազանում կայունությունը Թուրքիային պետք է նաև այն պատճառով, որ ամերիկացիների` Իրաքից հեռանալուն կհետևի իրաքյան Քուրդիստանի անջատումը: Թուրքական բանակը արդեն մեկ տարի է` ինչ լրիվ մարտական պատրաստությամբ կանգնած է Թուրքական Քուրդիստանում (պետք է հասկանալ Արևմտյան Հայաստանում -խմբ.): Կովկասի ապակայունացումը կստիպի Թուրքիային պատերազմ մղել երկու ճակատով, ինչը Անկարան իրեն թույլ տալ չի կարող» («Գոլոս Արմենիի», 19.02.2009, էջ 4, «Բարեկամություն երկու ճակատով»):
Երկրորդ ճակատ ասելով` Այդընլին նկատի ունի ՀՀ - ԼՂՀ ճակատը, որի մասին է խոսում նաև ԱՄՆ ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկը` «Քրդական հարցը և Լեռնային Ղարաբաղը» հոդվածում (Տես` «Ուխտ Արարատի» թիվ 1(17), մարտ-ապրիլ, 2009թ., էջ 30-31):
Թուրքիան պետք է առավել ակտիվ դեր կատարի Մերձավոր Արևելքում ու Բալկաններում
«Թուրքիան պետք է առավել ակտիվ դեր կատարի Մերձավոր Արևելքում ու Բալկաններում, սակայն նրա հարաբերություններն Արևմուտքի հետ նախկինի պես առաջնային են լինելու»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է ստանձնի այնպիսի երկրի դեր, որն ազդում է Մերձավոր Արևելքի, Բալկանների եւ Կովկասի քաղաքականության վրա: «Թուրքիան այն երկիրը չէ, որը լոկ արձագանքում է ճգնաժամերին, այն պետք է արդյունավետ կերպով կանխի դրանք: Դա վերաբերում է նաև Թուրքիային դերին ՆԱՏՕ-ում, միջնորդական ջանքերին Իսրայելի ու արաբական երկրների միջև, Կովկասի հակամարտությունների հանգուցալուծմանը»,-ասել է Դավուդօղլուն` հավելելով, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն անվտանգության և կայունության միջև հավասարակշռության հաստատման քաղաքականության առավել կարևոր օղակներն են, գրում է «Հյուրիեթ դեյլի նյուսը»: /PanARMENIAN.Net/ 02.05.2009թ.
«Ղարաբաղյան հարցը մեր ազգային հարցն է»
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը իր կուսակիցների հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կառավարող կուսակցության դիրքորոշումը հստակ է. «Մենք երբեք չենք համաձայնի Հայաստանի հետ սահմանի բացմանը, քանի դեռ չեն ազատվել Ադրբեջանի գրավյալ տարածքները: Ցավոք, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի որոշակի ուժեր որոշեցին Հայաստանի հետ մեր բանակցությունները օգտագործել մեր կուսակցության դեմ արշավ ծավալելու համար»,-գրում է «Հյուրիեթ» թերթը:
«Ղարաբաղյան հարցը մեր ազգային հարցն է: Եվ թող ոչ ոք չմտածի, թե ինքն ադրբեջանական ժողովրդին մեզանից ավելի շատ է սիրում: Ադրբեջանը մեզ համար եղբայրական երկիր է, եւ աշխարհում չի գտնվի գեթ մեկ թուրք, որը չպաշտպանի մեր ադրբեջանցի եղբայրների շահերը: Քաղաքականության մեջ չարժե հապճեպ որոշումներ ընդունել: Դա երբեմն ոչ լավ հետեւանքների է հանգեցնում: Այնպես որ, ես խնդրում եմ ընդդիմությանը՝ այդ զգայուն հարցը չօգտագործել սեփական շահերի համար: Ես՝ որպես Թուրքիայի վարչապետ, մշտական կապ եմ պահպանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների հետ, եւ նրանք ինձ խոստացել են մոտ ժամանակներս այդ հարցի լուծում գտնել»,–ասել է Էրդողանը: «Մենք մեր կողմից նրանց հանգիստ չենք թողնի, քանի դեռ նրանք չեն կատարել իրենց խոստումները, եւ ես դա խոստանում եմ որպես Թուրքիայի վարչապետ: Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցությունները եւ Հայաստանի հետ Թուրքիայի բանակցությունները զուգահեռ են ընթանում»,–հավելել է նա: (hhpress.am , 23.04.2009)
|