








|
 |
Խմբագրականներ
ՆԵՐԿԱՅԻՍ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ՈՒՂԻՆԵՐԸ
“Ուխտ Արարատի” պարբերականի հերթական համարի խմբագրական -վերլուծականը, թիվ 2 (16), նոյեմբեր-դեկտեմբեր, 2008թ.
“Դարասկզբին անպատրաստ գտնվեցինք դեպքերի իմաստը հասկանալու, նրանք մեր ձգտումներին համընթաց դարձնելուն, անզոր եղանք ուղղություն տալու, և դեպքերը զարգացան բոլորովին հակառակ մեր տրամադրություններին՝ արտաքին իրողությունների թելադրմամբ”:
Գարեգին Նժդեհ
Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը, նախորոք ծրագրավորված դեպքերի ընթացքը ու դրանց փուլային զարգացումները, ըստ միջազգային լրահոսի, ասում են ամեն ինչ, ասում են “բաց” տեքստով: Այսուհետ ոչ ոք չի կարող արդարանալ, թե չէր տիրապետում տեղեկատվությանը, իբր թե այդ ամենը անակընկալ էր: Հիմա դյուրին է այդ ամենը հաշվարկել, երբ հայտնի է հիմնականը՝ արևմտյան բուն ծրագիրը, և այն քայլերը, որոնց միջոցով փորձում են իրականացնել դա:
Վերջին երկու տարիներին անդրադարձել ենք 1985-ից համաշխարհային ծավալում ստացած գործընթացների իրական նպատակներին, ծրագրերի փուլային զարգացումներին, ուստի, հարկ չհամարելով խորանալ անցյալում ասվածի վրա, ներկայացնում ենք աշխարհին ու տարածաշրջանին ուղղված մարտահրավերները և ՀՀ-ին առնչվող ենթածրագրերը, որպեսզի ընդհանուրի մեջ կարողանանք գտնել հայության ու հայկական երկու պետությունների անելիքներն առաջիկայում:
1. Համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերների հեռանկարը.
-ՆԱՏՕ-ն հավասարեցրել են ՄԱԿ-ին: Հենց այսպես է վերնագրված լրատվությունը, ըստ որի, 2008թ. սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում գաղտնի համաձայնագիր է կնքվել ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան ԳԻ Մունի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հոոպ Սհեֆֆերի միջև: Այդ համաձայնագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ՆԱՏՕ-ին իրավունք է վերապահում խաղարար գործողություններ իրականացնել աշխարհում: “ՄԱԿ -ՆԱՏՕ համագործակցություն” անվանումը ստացած համաձայնագրի տեքստում ասված է, որ ՆԱՏՕ-ն կարող է առաջնորդվել ՄԱԿ-ի ինչ-ինչ որոշումներով: Հայտնի է, սակայն, որ այդպիսի լիազորություններ չի նախատեսված ՄԱԿ-ի կանոնադրությամբ, կամ նորմերով ու սկզբունքներով, առավել ևս` որևէ ռազմա-քաղաքական կառույցի: Պարզվում է` այդ մասին տեղյակ չեն եղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամները: ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռագոզինը առաջարկել է հետաքննություն անցկացնել կատարված փաստի առնչությամբ՝ նշելով, որ փաստի հաստատման դեպքում կառաջանա Պան Գի Մունի հրաժարականի խնդիրը: Ռագոզինի կարծիքով բոլոր այս գործողությունները կամայական են և սահմանագծվում են հանցագործության փաստին1:
Սա հիշեցնում է 2008-ի հունվարին ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական սենատոր Մաք Քեյնի առաջարկը, ըստ որի, պետք է ՄԱԿ-ը փոխարինել “Դեմոկրատական լիգա” կոչվող կառույցով և նրան հանձնարարել ժողովրդավարություն տարածել աշխարհում: Թե ինչ հանցագործ ձևերով է տարածվելու ժողովրդավարությունն աշխարհում, բոլորս ենք տեսել նախկին Հարավսլավիայի, Իրաքի, Աֆղանստանի օրինակով: Միգուցե սա ՄԱԿ-ը հետագայում “Դեմոկրատական լիգայով” փոխարինելու առաջի՞ն քայլն է: Իրականում, սակայն, սրանով բացահայտվում է “Վերազգային -վերպետական կապիտալի ստվերային կաբինետի”2 արդեն մեկ հարյուրամյակից ավելի համառորեն հետապնդած, Չերչիլի խոսքերով ասած՝ անգլո-սաքսոնների կողմից աշխարհին տիրելու3 արևմտյան՝ մոլագար ծրագրի ավարտական փուլը:
-Արևմուտքը շտապում է: ԱՄՆ-ի արհեստածին տնտեսական ճգնաժամը մտել է մի փուլ, երբ շրջադարձ և ապաքինում չի լինելու, հակառակ դեպքում, կստացվի այնպես, ինչպես եղավ 1929-ի արհեստածին ճգնաժամից հետո, երբ Ռուզվելտը մի քանի տարում երկիրը վերածեց նորմալ կենսառիթմ ունեցող տերության: Մինչդեռ նոր պայմաններում չեն ուզում թույլ տալ, որ ԱՄՆ-ը իր կենսառիթմը վերագտնի իր տարածքի սահմաններում անգամ: Ուստի, ճգնաժամը շարունակելու են խորացնել և երկիրը ներփակել նախ իր սահմաններում, ապա անցում կատարել Հյուսիսային Ամերիկայի Միացյալ Նահանգներ նոր ընդհանուր պետություն կազմելու գործընթացին, որտեղ մյուս նահանգներն են լինելու Կանադան ու Մեքսիկան: Նախատեսված է նաև այդ նոր երկրի դրամական միավորը՝ Ամերիան:
Աշխարհում հայտնի ԱՄՆ զինուժի հին ու նոր բազաներում ծրագրում են տեղակայել ՆԱՏՕ-ի ուժեր: Սակայն, այստեղ խնդիր կա, և բավականին լուրջ, ԱՄՆ-ի ափամերձ ամերիկյան բազաների հարցում, եթե բոլոր հեռավոր բազաներից հենց միայն ֆինանսական պատճառներով ԱՄՆ-ը ստիպված լինի դուրս գալ, ապա ԱՄՆ-ին ափամերձ օվկիանոսային բազաներից ոչ միայն դուրս գալ չի ցանկանա, այլև ամեն ինչ կանի դրանք պահելու համար, այդ թվում՝ Իսլանդիայի, Կուբայի… Ինչ վերաբերում է Կարիբյան ծովի ավազանում գտնվող կղզիներին, ապա այստեղ շատ են նաև եվրոպական մի շարք երկրների ենթակայության կղզիները, որոնք հանգիստ կարող են տրամադրվել նորացված ՆԱՏՕ-ին:
Ինչ վերաբերում է Նոր Միջին Արևելքի ռազմական բազաներին և անհրաժեշտ հսկողության կետերին, ապա խնդիրը հեշտ է հասկանալ, եթե հաշվի առնենք, որ այնտեղ առաջնային նշանակություն ունի, ինչպես իրենք են ասում, ԱՄՆ-ի ամենամոտ բարեկամի՝ Իսրայելի անվտանգության շահերը: Ուստի, ամենևին տարօրինակ չէ, որ վերջին երկու տարիներին Կարմիր ծովի մուտքը հսկող Սոմալիի ափամերձ տարածքներում վերակենդանացած դինոզավրերի տարբերակով ի հայտ եկան, այսպես կոչված, ծովահենները: Հասկանալի է, որ սա արհեստականորեն խթանված գործընթաց է, որի բուն նպատակն է` չեզոք ջրեր մտցնել ՆԱՏՕ-ի ռազմա-ծովային ուժեր և հսկողության տակ առնել Իսրայելի երկու խոցելի ուղղություններից մեկը՝ Կարմիր ծովը: Սրանով է բացատրելի ծովահենների նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով ԵՄ-ի ռազմա-ծովային բազաների տեղադրումը այս տարածքներում: Սակայն ԵՄ-ն դեռևս վերջնակապես ձևավորված չէ, ուստի, ժամանակավոր այդ դերը հանձնվեց նաև Ռուսաստանին, որի համար պետք է, որ այս անգամ ծովահենները ռազմական տեխնիկայով բեռնված նավ զավթեին, այն էլ շատ հետաքրքիր անձնակազմով. հրամանատարը` ռուս, անձնակազմը` ուկրաինացիներ: Մեկ նշանառությամբ երկու նապաստակ խփելու տարբերակ: Առաջինը ապահովում է Ռուսաստանի ի հայտ գալը, երկրորդը լուծում է Ուկրաինայի նախագահին քաղաքական դաշտից հեռացնելու խնդիրը, որը ռազմական տեխնիկա է վաճառում ոչ միայն Վրաստանին, այլև Սուդանին, այսինքն՝ Յուշչենկոն այլևս հարմար թեկնածու չէ նաև ԵՄ-ի համար:
-Նորացվող ՆԱՏՕ-ի հիմնական բազաները ըստ Ռալֆ Պիտերսի բացահայտման. Կոնգո, Կոսովո, Կովկաս: Զինվորների կազմը:
Կոնգո: 2008-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Կոնգոյում՝ Աֆրիկայում, խաղաղապահ ուժեր տեղակայելու պատրվակ ստեղծելու համար, արդեն իսկ հրահրվել են ազգամիջյան բախումներ, հումանիտար ճգնաժամ: Բռնագաղթի ենթարկված բնակչության թիվը անցնում է 250 հազարը: ՄԱԿ-ի 17 հազարանոց խաղաղապահ կորպուսը հակամարտությանը միջամտելու և բռնագաղթն ու կոտորածը կանխելու մանդատ չունի: Վիճակի առավել վատթարացումը կհանգեցնի նրան, որ եվրոպական կամ ՆԱՏՕ-ի ուժեր հնարավորություն կունենան երկարաժամետ տեղակայվել այս տարածաշրջանում: Երկարաժամկետ, որովհետև, ինչպես մնացած դեպքերում, այստեղ ևս հակամարտությունը կսառեցվի:
Կոսովո: Նորացվող ՆԱՏՕ-ի ռազմակայաններից մեկն էլ Կոսովոն է՝ Եվրոպայում: Յուրաքանչյուր քաղաքագետի համար ակնհայտ է, որ եվրոպական ազգերի մեջ ագրեսիվ պատերազմ մղելու համար զինվորներ դժվար է ճարվելու: Ուստի, դյուրին է ենթադրել, թե նորացվող ՆԱՏՕ-ն չի կարող լայնամասշտաբ պատերազմական գործողություններ մղելու ծրագրեր մշակել: Սակայն, Մուհամեդի ծաղրանկարների ու ֆիլմերի հետ կապված վերջին տարիների եվրո-քաշքշուկը ուսումնասիրելիս, կարելի է բացահայտել նախապատրաստվող բուն ծրագիրը: Այն է, Կոսովոյում, ալբանական-թուրքականին զուգահեռ, կուտակել եվրոպական երկրներում մեծ ծավալների հասած աֆրիկյան և ասիական իսլամական տարրերին, որոնց ընտանիքները, ըստ էության, կապահովեն Կոսովո ռազմակայանի ենթակառուցվածքը, իսկ տղամարդիկ կհամալրեն Եվրոպայի Միացյալ Նահանգների զինուժի շարքերը:
Հասկանալի է, որ խոսքը միլիոնների մասին է: Ենթադրում են, թե ծրագիրը կհաջողվի, որովհետև այդ տարրը ուրիշ ապրուստի միջոց չի ունենա, քան բանակում ծառայելը: Ստացվում է, խնդիրը դրված է, մնում է իրականացնել: ՆԱՏՕ-ի բանակը առաջիկայում հրահրվող աշխարհամարտում վաղուց արդեն Եվրոպայում է և ի զորու է զսպել եվրոպական երկրների հնարավոր ընդվզումները:
Գրոհայիններին, ըստ իրենց կրոնական պատկանելիության, այնպես կտեղաբաշխեն, որ հակառակ դիրքերում կլինեն մյուս կողմում գտնվող ազգերի ու կրոնական համայնքների նկատմամբ: Նման հարուստ փորձ ունի ամերիկյան բանակը: Արցախյան պատերազմում նույնպես փորձեցին ներքաշել աֆղան, արաբ վահաբական, չեչեն, թուրք գրոհայիններ: Այստեղ այդ քաղաքականությունը հաջողություն չունեցավ, քանզի մեր պատերազմին ոչ մի կերպ հնարավոր չեղավ կրոնական բնույթ տալ, իսկ թուրք սպայակազմը չկարողացավ ադրբեջանցի զինվորին ոգևորել պատերազմելու:
Կովկաս: 2008-ի ապրիլի 8-ին հայտնի դարձավ, որ ԵՄ-ը 11 միլիոն եվրոյի օժանդակություն է տրամադրում Վրաստանում և Ադրբեջանում գտնվող չեչեն փախստականներին: Պետք է ենթադրել, որ այս կերպ անցկացվում է չեչեն գրոհայինների հավաքագրում: Չի բացառվում, որ հավաքագրվեն չեչեն գրոհայիններ նաև այլ երկրներից: Դրված խնդիրը ակնհայտ է, Հարավային Կովկասում ծրագրվում է Արևմուտքի կողմից հրահրվող ռազմական գործողություններ Աբխազիայի, Օսեթիայի և ԼՂՀ-ի նկատմամբ (սրա մասին մեր մտահոգությունները հայտնել ենք դեռ 2008-ի ապրիլին, հետագա դեպքերը ցույց տվեցին, որ մեր վերլուծությունն ու կանխատեսումները հիմնականում ճիշտ էին):
Արևմուտքը լավ գիտի, որ վրացի և ադրբեջանցի զինվորները այդքան էլ ոգևորված չեն պատերազմելու, ուստի, որպես փորձառու զինվորների, ձգտելու են ներգրավել չեչեն և այլ ազգությունների գրոհայիններ (առավել ևս, որ նրանց պատրաստելու նպատակով նոր ծախսեր անելու կարիք չի լինի): Հարց է ծագում` հանուն ինչի՞ են գնում այս տեսակ հանցագործության, երբ շատ լավ գիտեն, որ հակամարտություններում վարձկանների օգտագործումը միջազգային օրենսդրությամբ արգելված է և ենթակա է պատասխանատվության: Գուցե հույս ունեն, որ Հաագայի դատարանը աննկատ կթողնի այդ իրողությունը, ինչպես ժամանակին շատ ուրիշներ: Կարծում ենք, պատահական չէ, որ Եվրոմիության չեչենական նախաձեռնությունից առաջ ԱՄՆ-ն իր հերթին որոշեց զենք ու զինամթերք ուղարկել Կոսովո. ասել է թե՝ “թեժ” կետի կրակը փորձում են հանգցնել բենզինով”:
-Իրավունքի՞, թե՞ ուժի ճանապարհով կընթանա նոր Ռուսաստանը, ցույց կտա մոտակա ժամանակը… 2008-ի օգոստոսի 8-ից հետո աշխարհում իրոք նոր իրադրություն ստեղծվեց, և եթե դրա հրահրողը Արևմուտքն էր, ով փորձում էր Վրաստանի միջոցով Կոսովոյի անօրինական ռազմա-քաղաքական գիծը շարունակել ու խորացնել, ապա հեղինակը Ռուսաստանն էր, որ աշխարհում տիրող շուրջ 20-ամյա դադարից հետո առաջինը խոսեց ոչ թե ուժի, այլ իրավունքի լեզվով: Միջազգային իրավունքը արգելափակեց քաղաքական, ասել է թե կամային, լուծում ակնկալող գործընթացը: Շատերը չնկատեցին, մեծ մասն էլ չցանկացավ նկատել այս անչափ կարևոր շեշտադրումը, ավելի շուտ, դրա փոփոխությունը` ուժի դիրքերից դեպի իրավունքի դիրքեր (ընդ որում՝ ուժով պաշտպանված իրավունքի): Հենց այս փաստն է նյարդայնացնում Արևմուտքին, քանի որ այսպես վերջ է դրվում առաջիկայում ծրագրված մի շարք հանցագործությունների՝ ազգամիջյան բախումների հրահրման, միջազգային ահաբեկչության ծավալման, նորանոր ազգեր բնաջնջելու փորձերին: Կանխվում է ռազմական ագրեսիաների, պատերազմների ու ցեղասպանությունների միջոցով երկրներ ու տարածքներ զավթելու, դրանք մարդկության դեմ պատերազմական հանցագործություն կատարողներին պահ տալու գործընթացը: Ի չիք են դառնում նախկինում կատարված նմանօրինակ հանցագործությունները օրինականացնելու քաղաքական բոլոր տեսակի դեմագոգիաները, ինչպես օրինակ, Կոսովոն ալբանացի թուրքերին նվիրելու և կամ էլ մարդկության դեմ հանցագործություն կատարած Թուրքիայից Արևմտյան Հայաստանը խլելով՝ հիմա էլ քրդերին նվիրելու, այսպես կոչված, ազատագրված Քուրդիստան ստեղծելու դեմագոգիան, որն այլ բան չէ, քան Հայկական լեռնաշխարհում նոր ագրեսիվ ուժ ստեղծելու, ազգերին ու ժողովուրդներին ճնշելու, Արևելքն ու Արևմուտքը կովկասյան ռազմական հենակետով հսկելու ցանկություն:
Ռուսաստանը հայտարարեց, որ խնդիրը Օսեթիայի ժողովրդին ցեղասպանությունից փրկելն է և փրկեց: Իսկ նոր, այսօրինակ ոտնձգություններից խուսափելու միակ երաշխավորը դա Օսեթիայի ինքնորոշման իրավունքն է, ժողովրդի հավաքական կամքի իրագործումը: Դա էր և է Ռուսաստանի շահը, որն է նաև համաշխարհային հանրության շահը, խաղաղության և խաղաղ համակեցության իրողության հաստատումը: Հայտարարվեց նաև, որ մանրամասն պատրաստվում է իրավական թղթածրար, որի հիմքերի համաձայն, ՄԱԿ-ի միջազգային ատյանում պատասխանատվության են կանչվելու Վրաստանի նախագահն ու նրա վարչախմբի անդամները՝ Հարավային Օսեթիայում ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով: Սրանք բոլորովին նոր և վաղուց սպասվող շեշտադրումներ են, որոնք եթե դառնան Ռուսաստանի, ինչպես և ամեն մի երկրի արտաքին քաղաքականության առանցքը, ապա կարող են ՄԱԿ-ի միջոցով այդ երկրների շուրջ համախմբել աշխարհի ժողովուրդների ու երկրների գերակշիռ մեծամասնությունը, չասելու համար բացարձակ մեծամասնությունը՝ իրենց ամբողջ ներուժով: Կարելի է ենթադրել, թե բարիկադի մյուս կողմում ո՞ր երկրները կմնան: Ի միջիայլոց, դրանք հենց այն երկրները կլինեն, որոնք առ այսօր չեն ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, և հիմա ավելի քան հստակ է, թե ինչո՞ւ:
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, դրանց նախորդող և հաջորդող ժամանակների փորձը ցույց է տալիս, թե որքան հետևողական է ռուսական (և այլ տերությունների) քաղաքականությունը այս գծին, դրանով պայմանավորված է մարդկության խաղաղ համակեցության հեռանկարը: Այն պարզ պատճառով, որ ուժը պե՛տք է լինի իրավունքի պաշտպանը, նաև ինքն իրեն վերահսկի անկառավարելի ու բիրտ ուժի չվերածվելու համար: Մնացած բոլոր դեպքերում մենք ականատես ենք հազարամյակներ ձգվող այն ողբերգությանը, երբ ան-վերահսկելի ու ան-իրավ ուժը նոր աղետներ է բերում մարդկությանը: Կա ևս մեկ վտանգ. թե՛ ամերիկյան, թե՛ ռուսական, թե՛ այլ ուժային կենտրոնների, ըստ էության, ինքնանպատակ հակամարտությունը, վերջին հարյուրամյակում զենքերի ու զինատեսակների ձեռք բերված “նոր որակական թռիչքի” պայմաններում, կարող է բնաջնջել ողջ բնակչությունը Երկիր մոլորակի բոլոր հասցեներում, թեև շատերի համար եվրոպական մայրցամաքը այս ամենից շատ հեռու ու ապահով է թվում...
Միջպետական հարաբերություններում դա թույլ չտալու համար պետք է ուժ տալ հենց երկրների միջև բնականոն հարաբերությունների զարգացմանը՝ ՄԱԿ-ի կանոնադրությանն և նրա ընդունած հռչակագրերի ու սկզբունքների համաձայն: Մնում է հուսալ նաև, որ Ռուսաստանը ևս չի շեղվի, իրավական ոլորտը ուժով պաշտպանելու, իր և այլոց ազգային ինքնիշխանությունն ու ազգային անվտանգությունը երաշխավորելու, միջազգային նոր առաքելությունից: Հուսանք:
-Ֆրանսիան վերադառնում է ՆԱՏՕ: Ծրագրում են ձևավորել երկու զինուժ: 2008-ի մարտի 27-ին Սարկոզին հայտարարեց. “Վերջ Շիրակի արտաքին քաղաքականությունը, Ֆրանսիան կվերադառնա ՆԱՏՕ”, ըստ աշխարհի միակենտրոն ղեկավարման սցենարի: Եվրոպայում, նաև մյուս մայրցամաքներում պետք է տեղակայվեն երկու զինուժ: Ըստ այդմ, Եվրոմիությունը պետք ունենա եվրո-պաշտպանական իր համակարգը՝ Եվրոպայի, Բալկանների, Միջերկրածովյան և Սևծովյան համագործակցության երկրների համար: Ասել է թե՝ ԵՄ-ի մեջ ներառված երկրները առաջիկայում պահելու են երկու զինուժ, մեկը համաեվրոպական՝ ներքին ճնշման, մյուսը՝ համաշխարհային ժանդարմի դերով, հանձին նորացվող և ՄԱԿ-ի անվտանգության խնդիրները ինքնուրույն լուծող ՆԱՏՕ-ի. հիմնականում, որպես ամբողջ աշխարհում Արևմուտքի զավթողական քաղաքականությունն իրականացնելու, պատերազմներ վարելու միջոց: Սարկոզիի հայտարարությունը բացահայտում է “Ուխտ Արարատի” թիվ 2 (13)-ում, 2007թ. զետեղված “Հայաստանը աշխարհի միակենտրոն, անմիջական և աներևույթ ղեկավարման նոր ուժային մեխանիզմի կիզակետում” վերլուծականում տրված ծովային և ցամաքային մեխանիզմների բնույթն ու տեղակայման վայրերը, ըստ ենթակայության: Միջերկրականը դրվում է Եվրոմիության զինուժի ենթակայության տակ, իսկ Սևծովյանը, Կասպիականը, Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը, ինչպես նաև քարտեզում նշված ծովային հսկողության մյուս տարածքները՝ ՆԱՏՕ-ի:
Այստեղ հարկ է ավելացնել, որ Արևմուտքի ուշադրությունից չեն վրիպել Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների փոքր, անգամ փոքրագույն կղզիները, որոնք, ինչպես հայտնի է, վաղուց ի վեր պատկանում են եվրոպական տարբեր երկրների: Ակնհայտ է, որ անգամ դրանցից փոքրագույնները, որպես ռազմակայաններ, հարմար են միջմայրցամաքային բալեստիկ հրթիռների տեղակայման համար: Այդ ծրագիրը աշխատանքային ռիթմի մեջ գցելուն էր ուղղված 2007թ. հուլիսի 22-ին Եվրոմիության հրավիրած “Կղզիների և ծովերի առափնյա տարածքների բնապահպանական խնդիրները” թեմայով գիտաժողովը, որտեղ հիմնականում սևեռվել էին Պորտուգալիային պատկանող Ազորյան կղզիներից մեկին: ՆԱՏՕ-ի վաղվա ռազմակայան կղզիներից նշենք մի քանիսը. Ատլանտյան օվկիանոսում՝ Ազորյան կղզիները Ջիբլարթարի դեմ դիմաց (Պորտուգալիա), Մադերիայի կղզիները (Պորտուգալիա), Կանարյան կղզիները (Իսպանիա), Համբարձման կղզին (Անգլիա), Սուրբ Հեղինե կղզին (Անգլիա), Տրիստան-դե Կունյան կղզիները (Անգլիա), Գոֆ կղզին (Անգլիա), Կրոզեի կղզիները (Ֆրանսիա), Եվրոպա կղզին (Ֆրանսիա): Հարավային Ամերիկա մայրցամաքին հարող կղզիներից. հարավից՝ հայտնի Ֆոլկլենդյան կղզիները (Անգլիա), հյուսիսից՝ Կարիբյան ծովի շրջանում, Պանամայի դեմ դիմաց՝ Գվադելուպա կղզին (Ֆրանսիա), Մարտինիկա կղզին (Ֆրանսիա), Մարի-Գալանտ կղզին (Ֆրանսիա) և Ֆրանսիային, Նիդերլանդներին, Անգլիային և ԱՄՆ-ին պատկանող Փոքր Անտիլյան կղզիները, որոնք փակում են Կարիբյան ծովն ու Պանաման:
Ահա այսպես, ՆԱՏՕ-ի մայրցամաքային տեղակայման վայրերն են լինելու, Եվրոպայում՝ Կոսովոն, Աֆրիկայում՝ Կոնգոն, քաղաքակրթությունների հայկական խաչմերուկում՝ Կովկասը4: Մեր կողմից կարող ենք լրացնել. Լատինական Ամերիկայում՝ Կոլումբիան:
-Չինաստան: Առանց Չինաստանին հակամարտության մեջ ներքաշելու անհասկանալի կլիներ երրորդ համաշխարհայինը: Տիբեթցիների միջոցով կազմակերպված գարնանային հակաչինական այս խառնաշփոթը ուղղակի մատնանշում է, որ Արևմուտքն այդ խնդրում տարիներ շարունակ մեծ ծավալի աշխատանք է կատարել: Իսկ թե ի՞նչ է սպասվում Չինաստանին, երևում է արևմտյան լրահոսից, ըստ որի տիբեթյան շրջանը տարածվում է մինչև Չինաստանի հյուսիսային շրջաններ. այսինքն՝ հասկանալի է դառնում, որ նախատեսել են Չինաստանը բաժանել առնվազն երեք մասի. արևելյան, կենտրոնական, արևմտյան՝ գրեթե հավասազոր տարածքների: Ինչ վերաբերում է արևելյան հատվածին, ապա այստեղ, կարծում ենք, որ նախատեսում են անգամ միջուկային հարված, կամ սպառնալիք: Դրա մասին է հուշում այն փաստը, որ օրեր առաջ ԱՄՆ-ը միջուկային մարտագլխիկներ նվիրեց Թայլանդին: Չմոռանանք, որ Չինաստանի դեմ ուղղված միջուկային մարտագլխիկներ կան նաև Պակիստանում, մի երկիր, որն ամերիկյան սցենարով նույնպես մասնատվում է, իսկ անիշխանության պայմաններում ամեն ինչ հնարավոր է: Ակնկալվում է, թե տարօրինակ չի դիտվի, երբ ասիական այնպիսի երկիր, ինչպիսին միջուկային Պակիստանն է (անշուշտ, առանց արևմտյան հրահանգիչների խորհրդատվության), ընդհանուր քաոսի ժամանակ, “պատահաբար”, մարտագլխիկներ արձակի Չինաստանի ուղղությամբ:
Խորհրդանշական է, որ ԽՍՀՄ-ը քանդելուց առաջ օլիմպիադան 1980-ին խաղարկվեց Մոսկվայում, որին արևմտյան մի շարք տերություններ հրաժարվեցին մասնակցել: Ակնհայտ է, որ նույն սցենարը փորձում են կիրառել հիմա էլ Չինաստանի նկատմամբ: Վստահ ենք, որ զուր հույսեր են: Զուր են լինելու նաև մարդկային մեծագույն կորուստները, քանզի նա, ով չի կարողանում ճանաչել Ռուսատանը, առավել ևս չի կարող ճանաչել Հին Արևելքը, նրա ազգային-քաղաքակրթական բնականոն կարգավորվածությունը: Ճիշտը սթափվելն է, հանցագործ ուղուց հրաժարվելը:
Սրանք են արևմտյան ծրագրային միտումները, թե ի՞նչ վերափոխումներ, շտկումներ կմտցնեն դրանց մեջ ստրկանալ չցանկացող միջազգային հանրությունը, մեծ ու փոքր ազգերն ու երկրները՝ ցույց կտան ժամանակը և նրանց իսկ ձեռնարկած քայլերը, մասնավորապես, միջազգային իրավունքի ոլորտում:
2. ՀՀ-ին ու ԼՂՀ-ին ուղղված մարտահրավերները և մեր անելիքները
-Թուրքիան (նույնն է թե՝ Արևմուտքը) առաջարկեց Կովկասյան համագործակցություն (Անվտանգության պլատֆորմ վերանվանված) գաղափարը ու դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: Բայց, որ թուրքական ծրագրերը նույն են, վկայում է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի վերջերս արած հայտարարությունը, թե իր երկրի քաղաքականությունը Կիպրոսի և Կովկասի նկատմամբ փոփոխություն չի կրել: Այս ամենը կրկնում է Թուրքիային որպես հանցագործ գործիք պահելու և գործածելու Պաուլ Ռորբախի, Լոուրենս Արաբացու, Լև Տրոցկու բացահայտումներով իրագործվող ծրագիրը5, որն այսօր էլ Արևմուտքում և Ռուսաստանում հետևորդներ ունի, ինչպես, օրինակ, Ռալֆ Պիտերսը ԱՄՆ-ում: Օգոստոսի 8-ից հետո Կովկասում և աշխարհում ստեղծված նոր իրողությունների արդյունքում Թուրքիան առանձնակի անհանգստացած է և փորձում է նվազագույն կորուստներով, իսկ հնարավորության դեպքում՝ անգամ շահած դուրս գալ այս իրադրությունից: Սակայն դա ինքնախաբեություն է, չի ստացվի. հայտնի է, որ հանցագործ գործիքը հետագայում վերացնում են: Չի օգնի վրաց-օսական հակամարտությունից անմիջապես հետո Կովկասյան խաղաղարարի դերով հանդես գալը, ինչպես նաև Կովկասյան ինտեգրման նոր՝ երրորդ, փորձի ձեռնարկումը: Հենց այս վերջինն էլ կլինի նրա՝ Թուրքիայի ինքնաոչնչացման հիմնական պատճառը6: Երրորդ ուղղությունը՝ ոչ ռազմական պատվերը, խաղաղությանն ու խաղաղ համակեցությանը ուղղված Հայոց և այլոց միջազգային իրավական բոլոր հարցադրումների արգելափակողի դերի ստանձնումն է ՄԱԿ-ում: Բայց սա խոսում է այն բանի օգտին, որ իրադրությունը անհուսալի է հենց արևմտյան ծրագրերի ու դրանց պաշտպանների համար: Միջազգային իրավունքի և ծավալվող հանցագործության այս առկա հակամարտությունում մենք պետք է լինենք նախաձեռնողի ու իրավատերի, երիցս ամուր, դիրքերում: Միայն այդպես ի հայտ կգան իրական համախոհներն ու դաշնակիցները:
-Միխեիլ Սահակաշվիլի -Սերժ Սարգսյան հանդիպումը, ինչո՞ւ էր այդքան գոհ Մ. Սահակաշվիլին: Հայաստանի շրջափակումը հյուսիսից և հարավից: Քննարկվող գլխավոր հարցերից մեկը, որի վրա հատուկ ուշադրություն է դարձրել Վրաստանի նախագահը, հայ-վրացական սահմանի հարցն է: Սահակաշվիլին ասել է, որ այդ սահմանը համարում է բարեկամության սահման և հաղորդել, որ երկու երկրների նախագահները որոշել են մոտ ապագայում պարզեցնել և թեթևացնել սահմանը հատելու կարգը. “Ես հավատում եմ, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանը կնմանվի Շվեյցարիայի և Ֆրանսիայի միջև սահմանին”: Չհիշելով անշուտ, որ արդեն երկու տասնամյակ է ինչ հենց Վրաստանն է փակել ՀՀ-ը հյուսիսին, արևելքին ու արևմուտքին կապող երկաթուղային հիմնական ճանապարհը, որն ամենևին չի հիշեցնում Շվեյցարիա -Ֆրանսիա սահմանի երկաթուղային կապը: Պետք չէ մոռանալ նաև, որ Սահակաշվիլիի անհատական ջանքերի միջոցով վերջին տարիներին վրաց-թուրք-ադրբեջանական հարաբերությունները վերածվել են ռազմավարական դաշնակիցների հարաբերության, որը միտված է մեկուսացնելու Հայաստանը. իրականում Հայաստանի սահմանը Վրաստանով բացվում է հենց միայն ուրիշների համար: Խնդիրն այն է, որ երբ վրացական սահմանը հյուսիսից վերահսկելի է դառնում, ապա անհրաժեշտ է դառնում գտնել սահմանի այլ, անվերահսկելի ուղղություն, ինչը, սակայն, չի կարող չմտահոգել մեզ, միջազգային ահաբեկչության նորանոր ծավալումների համատեքստում: Հարց է ծագում, առաջարկվածը կյանքի՞, թե՞ մահվան ճանապարհ է:
Մեկ այլ կարևոր նկատառում. Հայաստանը անկախություն ձեռք բերեց 1991-ին, ամերիկյան զինուժը Իրաքի վրա հարձակվեց 1992-ին, ներխուժեց 2003-ին: Նայենք քարտեզին. Հայաստանի շրջափակումը հարավից իրականացվեց նաև իրաքյան ճգնաժամի միջոցով: Այլապես, հարավում խաղաղ Իրաք ունենալու դեպքում՝ Հայաստանը կարող էր Իրանի ճանապարհով ու Իրաքի միջոցով դուրս գալ արաբական աշխարհ, բաց ծով: Այնպես որ պատկերը նույն է ինչ 1918-1920թթ., երբ հյուսիսն ու հարավը փակելով՝ ստիպում էին ՀՀ-ին “բարեկամանալ” իր երկու մեծ ու փոքր դահիճների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, այն օրերին՝ հանուն համաշխարհային հեղափոխության, հիմա էլ՝ հանուն գլոբալացման:
-Դենիել Ֆրիդ, Մեթյու Բրայզա, Կոնդոլիզա Ռայս. Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերը: Հայաստանի տարածքային ամբողջականության բացառման, նաև վերականգնման փաստը մերժելու արևմտյան համառության ենթատեքստը: 2008-ի հունիս -օգոստոս ամիսներին, մեկը մյուսին լրացնելով, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքային ամբողջականությանը պաշտպան կանգնելու մասին: Այսպես՝ Դենիել Ֆրիդ. “Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը…”, “պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որևէ պահանջ չունի”7: Մեթյու Բրայզա. “Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը…”8: Կոնդոլիզա Ռայս. “ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը…”9: Ուշադրություն դարձրեք, որ խոսք անգամ չկա Հայաստանի տարածքային ամբողջականության մասին: Հայտնի է, որ մեր “հարևանների” օգտին 1918-21թթ. արված ապօրինի “մասնահանումներից” մեծապես տուժել է Հայաստանի առաջին Հանրապետության տարածքային ամբողջականությունը. Արցախը, Նախիջևանը տրվել են Ադրբեջանին, Ջավախքը՝ Վրաստանին, Կարսն ու Արդահանը՝ Թուրքիային: 1918-1921թթ. Անդկովկասում հանցագործ ճանապարհով գծված սահմանների անձեռնմխելիության հայտարարությունների հետևանքները իրենց երկար սպասեցնել չտվին. Վրաստանը հարձակվեց Հարավային Օսեթիայի վրա, Ադրբեջանը սպասում էր պատերազմի հաջող ելքին՝ իր հերթին Արցախի վրա հարձակվելու համար:
Այնուհանդերձ, մի կարևոր պարտավորություն ունենք. հիշելու և հիշեցնելու, որ իրավունք ունենք վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և ըստ այդմ կառուցելու մեր արտաքին քաղաքականությունը:
-Խաղաղության նոբելյան մրցանակ Մարտի Ահտիսաարին՝ Կոսովոյի անկախության “ճարտարապետին”, աշխարհում իրավական քաոս հրահրելու ծրագրի հեղինակին: Կոսովոյի անկախության ճանաչումը ԱՄՆ-ի և նրա եվրոպական մի շարք դաշնակիցների կողմից աշխարհում իսկական իրավական քաոս առաջացնելու փորձ է: Առանց չափազանցության կարելի է ասել, թե հնարավոր չէ գտնել մի երկիր, որին չհուզի այս խնդրի այսօրինակ արծարծումն ու իրացումը: Հաշվարկը պարզունակ է. պնդել, թե միջազգային իրավական նորմերը այլևս չեն գործում, ուժն է թելադրում իրավիճակը: Հիշենք Ռալֆ Պիտերսի 2006-ին հնչեցրած ժողովրդավարության ֆաշիստական ձևակերպումը՝ “Էթնիկ զտումներն իրենց գործն անում են”: Բանն այն է, որ երբ հաշվի չեն առնվում ազգագրական, պատմական, հոգևոր-մշակութային, քաղաքակրթական առաջնայնությունները, ապա էթնիկ ներխուժումների միջոցով հնարավոր է դառնում ուզած երկիր մասնատել, ցանկացած ժողովրդի անպատիժ էթնիկ զտումների (իմա՝ ցեղասպանության) ենթարկել, ուզած սահմաններ ապօրինի կերպով վերագծել և զուգահեռ “օրինականացնել” անցյալում թույլ տրված այսօրինակ բոլոր հանցագործություններն ու հանցագործներին, այս ամենին զուգակցելով զոհին դատապարտելու (ինչպես Միլոշևիչին դատելու, ճիշտ է ձախողված) փորձը:
-Ինքնորոշման իրավունքի մեխանիզմները ըստ ՄԱԿ-ի հռչակագրերի: Տարածքային ամբողջականություն: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության հակամետ թվացող խնդիրները 1993-ին լավագույնս քննել է Յուրի Բարսեղովը10: Նա նշում է միջազգային իրավունքի չորս նորմեր, որոնք գերակա են, երբ դրվում է ազգի ինքնորոշման իրավունքը իրականացնելու անհետաձգելի պահանջ: Ըստ Բարսեղովի մեկնաբանության, երբ ժողովրդին այլ ելք չի մնում քան ինքնորոշման ճանապարհով ապահովել ապրելու իր իրավունքը՝ նա իրավունք ունի ա) ինքնորոշման իրավունքի ճանապարհով անկախության ուղին բռնել, բ) երբ չի ստացվում խաղաղ ճանապարհով, ապա ազատագրական պայքարի միջոցով այդ իրավունքը նվաճել, այս դեպքում՝ գ) միջազգային ընտանիքը պարտավոր է օժանդակել ազատագրական պայքար մղող և անկախության ձգտող ժողովրդին, դ) միջազգային ընտանիքը պարտավոր է ամեն գնով զսպել ագրեսորին, ջարդեր, ցեղասպանություն իրականացնողին:
Արցախահայության դեպքում առաջին երկու կետերի պահանջները իրագործվել են համահայկական ջանքերի շնորհիվ: Երրորդ և չորրորդ կետերի պահանջները չեն իրականացվել միջազգային ընտանիքի հանցավոր անտարբերության և մեր դիվանագիտության աններելի պասիվության պատճառով: Այսինքն, միջազգային ընտանիքը չի օժանդակել արցախահայությանը, չի զսպել ագրեսորին, բռնացողին, ցեղասպանություն իրականացնողին: Ավելին՝ խնդրին իրավական լուծում տալու փոխարեն, հատուկ նպատակով, այն տեղափոխվել է քաղաքական բանակցությունների ոլորտ: Սա նշանակում է, որ հակառակ միջազգային իրավունքի տրամաբանության՝ հակամարտությունը արհեստականորեն “սառեցվել է”: Հատուկ նպատակն էլ բացահայտվել է Հարավային Օսեթիայի “սառեցված” հակամարտության բորբոքման առիթով: Պարզից էլ պարզ է, որ եթե միջազգային ընտանիքը կատարի իր պարտավորությունը ցանկացած հակամարտության նկատմամբ, ինչպես օրինակ արցախահայության, տարածքային ամբողջականության խնդիրը կդադարի “արգելք” լինելուց: Որովհետև տարածքային ամբողջականության (պետք է լինի՝ սահմանների անձեռնմխելիության) խնդիրը միջազգային օրենսդրությամբ կարևորվում է արտաքին ագրեսիայից երկիրը պաշտպանելու և ոչ թե անպաշտպան ժողովրդին հենց ագրեսորի ու ցեղասպանի ձեռքը հանձնելու համար:
-Զիջումների խնդիրը. ո՞վ հորինեց, ի՞նչ նպատակով: Արցախի ազգային -ազատագրական համաժողովրդական ազատամարտում, նաև ՀՀ պաշտպանության պարտադրված պատերազմում հաղթական ելքով հայությունը միջազգային գործադիր դաշտում լուծել է ԼՂՀ հիմնախնդիրը: Մնացել է դրա միջազգային իրավական ամրագրումը: Միջազգային հանրությունը դեռևս չի դատապարտել Արցախի նկատմամբ բռնություններ, ջարդեր կազմակերպելու, պատերազմ հրահրելու և խաղաղ բնակչությանը բնաջնջելու միտված Ադրբեջանի հանցագործ գործողությունները: Փոխարենը շուրջ 15 տարի է բանակցությունների օրակարգում դրվել ու պահվում է, այսպես կոչված, փոխադարձ զիջումների ինչ-որ քողածածկ առևտուր: Մինսկի խմբի բանակցային ձևաչափի շրջանակներում էլ պարզվում է, որ Ադրբեջանը դեռ մի բան էլ պահանջներ ունի, այսինքն՝ հակված չէ իրական զիջումների:
Միջազգային դատարանում պետք դրվի 1988-1994թթ. Չարդախլուի, Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի հայերի ջարդերի և պատերազմական հանցագործությունների, 1995-2008թթ. իր ժողովրդի մեջ ազգամիջյան ատելություն սերմանելու, խաղաղության ու խաղաղ համակեցության դեմ ուղղված Ադրբեջանի իշխանությունների վարած հանցագործ քաղաքականության դատապարտման խնդիրը,
իսկ բանակցությունների օրակարգում՝
ա) ԼՂՀ-ի և ՀՀ-ի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով հասցված վնասի հատուցման,
բ) 1988-1990թթ. Ադրբեջանից բռնագաղթված 500 հազար հայ փախստականների վնասի հատուցման,
գ) 1921-1988թթ. Արցախի ու արցախահայության նկատմամբ մշակութային -քաղաքակրթական 70-ամյա շրջափակման, բռնությունների, ագրեսիվ նկրտումների Ադրբեջանի իշխանությունների վարած հանցագործ քաղաքականության հետևանքների վերացման և Արցախին, ՀՀ-ին հասցված վնասի հատուցման խնդիրները:
-ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման և Հայկական Հարցը: Կարծում ենք հիմնովին սխալ է ձևակերպված հայկական շրջանակներում հաճախակի հնչող “Ի՞նչ եք կարծում, իսկ Բարաք Օբաման որպես ԱՄՆ նախագահ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը” հարցադրումը: Ի՞նչ է սա: Որտեղի՞ց ծնվեց այս “ճանաչել, չճանաչելու” հարցադրումն ու ի՞նչ նպատակ է այն հետապնդում... Պարզելու համար կարևոր է նախ և առաջ հստակեցնել, որ դրանով հարցը դուրս է բերվում իրավական դաշտից, քանզի դա ոչ այնքան ճանաչման, որքան (հենց միայն) դատապարտման խնդիր է: Եվ երկրորդ, շատ ավելի կարևոր է ճշտել այն հարցի պատասխանը, թե ամերիկյան նոր վարչակազմը՝ հանձին նոր նախագահի և դեմոկրատների, Կոնգոյի, Կոսովոյի, Կովկասի նկատմամբ արտաքին քաղաքականության, ո՞ր ճանապարհը կընտրի. ազգամիջյան ատելության սերմանման, ազգամիջյան բախումների հրահրման, ջարդերի ու ցեղասպանությունների քաջալերման քաղաքականությա՞ն, ինչպես Բուշ կրտսերի վարչակազմն ու նոր պահպանողական-հանրապետականները, թե՞ նշված հարցերի, առանձնակիորեն, ցեղասպանության դատապարտման և կանխարգելման: Սա է որոշելու, թե ԱՄՆ-ն իսկապե՞ս ուզում է վերականգնել ազատատենչ ու ժողովրդավար երկրի լրջորեն խաթարված վարկանիշը: Հայկական խնդիրներում Բարաք Օբաման նշել է չորս գերակայություններ. 1. Հայոց ցեղասպանությունը պատմական ճշմարտություն է և այն պետք է ճանաչել ու դատապարտել: 2. Կարևոր է Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրը: 3. Պետք է վերացնել Հայաստանի Հանրապետության շրջափակումը: 4. Պետք է գտնել ԼՂՀ-ի հարցի կարգավորման ուղիները11: Ավելացնենք, որ Բարաք Օբաման կարևորում է աշխարհում տեղի ունեցած բոլոր ցեղասպանությունների դատապարտման խնդիրը, ապագայում նոր ցեղասպանությունները կանխարգելելու հեռանկարով: Ահա այս վերջինը դեռևս հույս ծնող հարցադրում է, որն իրավամբ կարող է փոխել ոչ միայն ԱՄՆ-ի զարգացման հասարակական -քաղաքական ուղին, այլև լուրջ խթան ծառայել խաղաղության և խաղաղ համակեցության հաստատմանը ողջ աշխարհում:
Բայց, այստեղ կա մի խնդիր: Մինչև ԱՄՆ նորըտիր նախագահի պաշտոնավարությունը՝ 2009-ի հունվարը, դեռ երկու ամիս կա, իսկ դա երկար ժամանակ է, նկատի առնելով այն հանգամանքը, որ ամերիկյան նոր պահպանողականները ընդամենը մեկ օրում՝ 2001-ի սեպտեմբեր 11-ից հետո, կարողացան ութ տարով փոխել աշխարհի պատկերացումները իրավունքի և ժողովրդավարության մասին: Մի առիթով այդ մասին էր խոսում փոխնախագահի թեկնածու Ջո Բայդոնը, երբ ընտրարշավի ժամանակ զգուշացնում էր, թե հաղթանակից հետո կարող են ծագել անսպասելի նոր իրավիճակներ, երբ հարկ կլինի կրկին համախմբվել Օբամայի շուրջ՝ պաշտպանելու նրա առաջադրած նոր գաղափարները:
-Հայոց ցեղասպանությունը պատմաբաններին թողնելու արհեստածին խնդիրը: Քչերը գիտեն երևի, որ այս գաղափարը առաջիններից մեկը հրապարակ է նետել Իսրայելի նախագահ Շիմոն Փերեսը: Թուրքիայի վարիչները արագորեն կառչեցին դրանից: Եղան նաև այլ երկրների պաշտոնյաներ, ովքեր կարծեցին, թե կրկնելով միտքը թարմություն են հաղորդում հայ-թուրքական հարաբերություններին: Եթե միայն թուրքերը խոսեին դրա մասին... Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ պատմաբաններն ու իրավագետները տարիներ շարունակ կատարել և կատարում են իրենց շնորհակալ աշխատանքը՝ կազմելով հանցագործությունը փաստերով մերկացնող ու հաստատող այն իրավական փաթեթը, որն առաջիկայում պետք է տարվի միջազգային դատարան: Պատմաբաններն իրենց գործն արել են վաղուց և ավարտուն, իրավաբանները սպասում են, քանզի գործելու են դատարանում: Ի դեպ, ՄԱԿ-ի միջազգային դատարանում այս հարցը կարող էր քննվել դեռ 1988 թվականին, համաձայն՝ 22-ը նոյեմբերի 1988թ. “Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին” ՀՍՍՀ Օրենքի պահանջի: Այդ փորձը կասեցրեց ԽՍՀՄ-ը: 1992-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության օրենսդրական նախաձեռնությամբ այն կրկին գտնվում է ՀՀ ԱԺ օրակարգում՝ դատարան ուղարկելու համապատասխան լրացումով, բայց դեռևս ընթացք չի ստացել: Հայտնի չէ, թե հիմա ո՞ւմ խորհրդով է կասեցվել:
-Մոսկովյան հռչակագրի ընձեռած հնարավորությունը: Հռչակագրի վերաբերյալ բազում դիտողություններ ենք լսել և դեռ լսելու ենք: Մեր կարծիքով հռչակագիրը հուշում է, որ բանակցությունները սկզբնապես ընթացել են սխալ ճանապարհով, որ անտեսվել են հակամարտությանը վերաբերող միջազգային իրավունքի գերակայությունները: Այսպես, հռչակագրի առաջին կետում ասված է. “…Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա…”: Միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների մասին խոսել ենք “Ինքնորոշման իրավունքի մեխանիզմները ըստ ՄԱԿ-ի հռչակագրերի” բաժնում: Դրանից բացի կա մի իրողություն, որ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակից դուրս Ադրբեջանը գործել է, Հայաստանը՝ ոչ: Եվ Ադրբեջանն է, որ ձեռք է գցել ՄԱԿ-ի “որոշում և փաստաթուղթ”, որը չի արտացոլում խնդրի իրական պատկերը: Ուստի, հռչակագիրը, ակամայից իսկ, թելադրում է բանակցությունները սկսել նոր էջից, իսկապես հիշելով “միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները”: Մշտապես հիշելով նաև, որ օրակարգում դրված է ոչ միայն ՀՀ-ի և ԼՂՀ-ի տարածքային ամբողջականության պաշտպանության, այլև վերականգնման խնդիրը:
Ծանոթագրություն
1. “Գոլոս Արմենիի”, 11.10.2008թ., էջ 5:
2. “Վերազգային -վերպետական կապիտալի ստվերային կաբինետ” ասելով հասկանում ենք՝ համաշխարհային գլոբալ ֆինանսական համակարգի ուղեղային կենտրոնը, Լեհմանի ձևակերպմամբ “300-ի կոմիտեն”, որը խնդիր է դրել նվաճել աշխարհը՝ հին ազգերն ու քաղաքակրթությունները կործանելու, ժողովուրդներին այլասերելու, ստրկացնելու, ազգային -պետական միավորները մասնատելու, քայքայելու ճանապարհով… Տե՛ս, “Ուխտ Արարատի”, թիվ 3 (14), 2007թ., էջ 28, Ալան Դալեսի ծրագիրը:
3. Տե՛ս, Ուինստոն Չերչիլի հայտնի ճառը Ֆուլտոնում:
4. Տե՛ս, “Ուխտ Արարատի” թիվ 4 (10), 2006թ., Ռալֆ Պիտերսի կազմած քարտեզները: Ռալֆ Պիտերսի հոդվածի թարգմանությունը տե՛ս, “Ազգ” օրաթերթ, 25.08.2006թ.:
5. Տե՛ս, “Ուխտ Արարատի”, թիվ 3 (14), 2007թ., էջ 8 -33:
6. Նախորդ երկու փորձերի և դրանց ոչ ավարտուն լինելու մասին՝ Տե՛ս, “Ուխտ Արարատի”, թիվ 3 (14), 2007թ., էջ 18, Լև Տրոցկու “Հայաստանը և Թուրքիան առաջիկա կոնֆերանսում” հոդվածը:
7. Հարցադրումը միտումնավոր սխալ է ձևակերպված, որի նպատակն է ԱՄՆ-ի ներկայիս վարչակարգի ճնշման տակ Հայաստանին ստիպել օրինական ճանաչելու 1915-1923թթ. մարդկության դեմ իրագործած Թուրքիայի բոլոր հանցագործությունները, ինչպես նաև 1921թ. մարտի 16-ի ապօրինի պայմանագրով ձևավորված ԽՍՀՄ -Թուրքիա սահմանը: Հայաստանը, չհիմնավորված, “Թուրքայի նկատմամբ հողային պահանջ” երբևէ չի ունեցել, և չունի: Թուրքիայի ցեղասպանության ճանապարհով զավթած ամբողջ Արևմտյան Հայաստանի, բոլշևիկների կողմից Թուրքիային նվիրաբերված Արևելյան Հայաստանի տարածքների խնդիրն է, որ դրել է հայությունը, և անկախ նրանից ցանկանո՞ւմ, թե՞ չի ցանկանում Դենիել Ֆրիդը, այդ խնդիրը դրվելու է: Առջևում դրանք նորովի ձևակերպելու ձեռագրի և ճանապարհի ընտրության հարցերն են: Մյուս կողմից, Դենիել Ֆրիդը, ի պաշտոնե, պետք է իմանար, որ Հայաստան -Թուրքիա սահմանագծումը 1920թ. իրականացվել է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հանձնարարությամբ, և որ այդ սահմանագծումը այսօր էլ պարտադիր է իրականացման համար, ուստի և կարիք չկար, որ ինքը որպես ԱՄՆ պաշտոնյա դուրս գար իր նախագահի օրինական որոշման դեմ: Ասվածը առնչվում է նաև ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաներ Կոնդոլիզա Ռայսին ու Մեթյու Բրայզային, քանի որ Սևրի դաշնագիրը, որի տակ դրված է ԱՄՆ-ի ստորագրությունը, վերաբերվում է նաև Հայաստան -Վրաստան, Հայաստան -Ադրբեջան սահմանագծումներին:
8. Ասել է թե՝ Մեթյու Բրայզան արդարացնո՞ւմ է Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, Ադրբեջանի հայության բռնագաղթը, ՀՀ-ի ու ԼՂՀ-ի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան ու պատերազմական հանցագործությունները:
9. ...պարզապես լռելով ու չշարունակելով՝ “...ընդդեմ օսերի ու աբխազների կյանքի իրավունքի”:
10 Տե՛ս, Ю. Барсегов, “Обязателъная сила права народов на самоопределение и средства его обеспечения”, Москва, 1993г.
11. “Երկիր մեդիա” հ/ը, 23.10.2008թ.:
|