:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Խմբագրականներ

ՀԱՐՎԱԾԻ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ` ՀՀ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարօրինակ է այն, որ Հայաստանի Հանրապետության ոչ իշխանություններին, ոչ էլ ընդդիմադիր կուսակցություններին (գոնե այդպիսին է առաջին տպավորությունը) չի անհանգստացնում տարածաշրջանում ուրվագծվող այն սցենարը, որ ի հայտ է գալիս Իսրայել - Լիբանան պատերազմի, իրաքյան փորձառության, ԱՄՆ - Իրան առաջիկա պատերազմի, Ղրիմը Թուրքիային հանձնելու ուկրաինական այս նոր գունավոր հեղափոխական քաոսի բուն տրամաբանությամբ: Այն, որպես Իսրայել - ԱՄՆ - Անգլիա եռանկյան աշխարհաքաղաքական ագրեսիվ նկրտումներ, բաց տեքստով ներկայացրել է Ռալֆ Պիտերսը 2006-ի օգոստոսին, ամերիկյան «Զինված ուժերի հանդես»-ում տպագրված հոդվածում և կից քարտեզներում: Հրապարակմանը հաջորդող ամիսների ռազմաքաղաքական զարգացումները գալիս են կրկին հաստատելու, որ Եվրոմիություն - ԱՄՆ ալյանսը ավելի քան վճռական է (հիմա էլ Մերձավոր Արևելքը, ամբողջ Հայկական Լեռնաշխարհն ու Հարավային Կովկասը համաշխարհային նոր պատերազմի սկզբնառու թատերաբեմ սարքելու ճանապարհով) համաշխարհային միաբևեռ գերտերություն ստեղծելու այս վերջին հուսահատ քայլը նույնպես փորձարկելու խնդրում:

Մտահոգող է այն, որ մեր ազգային-պետական մտածողությունը առ այսօր, չգիտես ինչո՞ւ (ըստ մեկ ընդհանուր նպատակային տրամաբանության), համեմատական վերլուծություն չի արել, չի փորձել պարզել հայերի 1915-1923թթ. ցեղասպանության հրահրման, կազմակերպման և իրագործման ու 1921թ. մարտի 16- ի ՌՍՖՍՌ - քեմալական (ոչ օրինական) Թուրքիայի (Անկարայի) միջև կնքված Ռուս - թուրքական բարեկամության պայմանագրի ու այն Արևմուտքի կողմից հաստատագրող Լոզանում (1922թ. նոյեմբերի 20-ից 1923թ-ի հուլիսի 24-ը) կայացած կոնֆերանսի արդյունքում կնքված հաշտության երկկողմ (մի կողմից Օսմանյան (օրինական) Թուրքիայի (Ստամբուլի) և մյուս կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, և Հարավսլավիայի միջև) պայմանագրի դրդապատճառները, դրանց մոտիվներն ու աշխարհաքաղաքական ակնկալիքները:

Այսօր ոչ պակաս մտահոգիչ է նաև այն, որ անհրաժեշտ էր Մոսկվայի ու Լոզանի պայմանագրերի համատեքստում, ըստ Հայությանը, ՀՀ-ին և ԼՂՀ-ին 1991-ից առ այսօր և առաջիկայում սպառնացող վտանգների ու մարտահրավերների, քննության առնել նաև 1) 2-ը փետրվարի 1920թ. ՌՍՖՍՌ - էստոնիայի միջև խաղաղության պայմանագիրը, 2) 6-ը ապրիլի 1920թ. Հեռավոր Արևելյան Հանրապետության հռչակման ճանապարհով Ռուսաստանը կիսելու իրողությունը, 3) 12-ը հուլիսի 1920թ. ՌՍՖՍՌ - Լիտվայի և 4) 11-ը օգոստոսի 1920թ. ՌՍՖՍՌ - Լատվիայի միջև կնքված Խաղաղության պայմանագրերը, 5) 30-ը սեպտեմբերի 1920թ. ՌՍՖՍՌ - Ադրբեջանական ՍՍՀ-ի միջև Միութենական պայմանագիրը, 6) 26-ը փետրվարի 1921թ. ՌՍՖՍՌ - Պարսկաստան և 7) 28-ը փետրվարի 1921թ. ՌՍՖՍՌ - Աֆղանստան պայմանագրերի, 8) 18-ը մարտի 1921թ. ՌՍՖՍՌ - Լեհաստանի միջև Ռիգայում կնքված հաշտության պայմանագիրը, ինչպես և 9) 12-ը մարտի 1922թ. Անդրկովկասյան Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծման և 10) 3-ը ապրիլի 1922թ. Տրոցկու փոխարեն Ստալինին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Գլխավոր քարտուղար ընտրելու իրողությունները, ըստ այդմ՝ 11) 13-ը դեկտեմբերի 1922թ. Անդրկովկասյան Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության ստեղծման ու 12) 30-ը դեկտեմբերի 1922թ. ՍՍՀՄ-ի ստեղծման իրողությունը, նաև 13) 1936թ. համաձայն ՍՍՀՄ նոր Սահմանադրության Անդրֆեդերացիայի լուծարման ու Վրացական ՍՍՀ-ի, Ադրբեջանական ՍՍՀ-ի ու Հայկական ՍՍՀ-ի ձևավորման ժամանակ հայկական Նախիջևանն ու Արցախը Ադրբեջանի, իսկ Ջավախքը Վրաստանի կազմում թողնելուն իր վճռական անհամաձայնությունը հայտնած Աղասի Խանջյանին Թբիլիսիում (Անդրֆեդերացիայի կենտրոնում) սպանելու փաստը, 14) Ղրիմը Հրեական ինքնավար մարզ դարձնելու Իսրայելի նորաստեղծ պետության 1948թ. պաշտոնական խնդրանքը ՍՍՀՄ արտաքին անվտանգության տեսանկյունից Ստալինի կողմից մերժելու փաստը (այն հիմնավորմամբ, որ այն կվերածվի ՍՍՀՄ-ի փորի տակ գտնվող ամերիկյան անխորտակելի ականակիր հածանավի) և 15) 1953թ. հուլիսի 26-ից նախապատրաստվող «Կարիբյան»՝ 1959-61թթ., ճգնաժամից (ասել է թե Համաշխարհային Երրորդ՝ ատոմային պատերազմից) տարիներ առաջ՝ 1954թ. փետրվարի 19-ին ռուսական Ղրիմը Ուկրաինային տալու աշխարհաքաղաքական հեռահար տրամաբանությունը:

Պատմաքաղաքական քննության արդյունքում պարզվում է, որ եթե 1880- ականներից մինչև 1917թ. Հայաստանն ու հայությունը աշխարհի մի շարք երկրների (այդ թվում, օրինակ, Իսպանիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Աֆղանստանի և այլնի) հետ «խանգարում էին» Մեծ Բրիտանիայի թագավորությանը համաշխարհային կայսրություն դառնալու հարցում, իսկ 1918- 23թթ. ցեղասպանությունից փրկված հայությունն ու Արևելյան Հայաստանը «խանգարել սկսեցին» համաշխարհային պրոլետարիատին՝ համաշխարհային հեղափոխության, դիկտատուրայի ստեղծման ու կոմունիզմին հասնելու հարցերում, ապա 1985-ից արդեն ՀՀ-ն, ԼՂՀ-ն և հայությունը «խանգարում են» համաշխարհային կապիտալիզմին՝ գլոբալիզմի ու համաշխարհային ինտեգրացիոն միաբևեռ ժողովրդավարության ստեղծման «պատմական» գործընթացին: Խնդիր, որը ինչպես երևում է ՀՀ-ի կողմից 1990թ. առ այսօր վարած արտաքին քաղաքականությունից, զանց է առնվել թե ՀՀ գործադիրի և թե օրենսդիրի կողմից:

Այդ են վկայում, օրինակ, ՀՀ-ի կողմից առանց նախապայմանների Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու, դիվանագիտական, առևտրական և այլ հարաբերություններ հաստատելու մշտառկա պատրաստակամության մասին արվող հավաստումները. այն էլ, իբրև թե հանուն ՀՀ շրջափակման վերացման, նաև տարածաշրջանում խաղաղության ու տրանսպորտային հաղորդակցության վերակագնման ու առևտրային համագործակցության հաստատման: Կարելի է կարծել, թե 1) ՀՀ տնտեսության սույն ցավալի իրողության բուն պատճառը հենց միայն Ադրբեջանի հետ առևտուր չանելն է, կամ էլ՝ 2) սահմանների փակ լինելն էր պատճառը, որ Ադրբեջանը Սումգայիթով պատասխանեց ԼՂԻՄ մարզխորհրդի 1988-ի որոշմանը, 1991-ից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ, իսկ պարտությունից տարիներ անց՝ առ այսօր, պետական մակարդակով շարունակում է սպառնալ նոր պատերազմով, կամ էլ՝ 3) 1918-21թթ. առ այսօր հայթուրք ական սահմանի փակ լինելն է 1991-ից առկա ՀՀ շրջափակման բուն պատճառը (Վրաստանի կողմից ՀՀ-ի երկաթուղային շրջափակման), որից իբրև թե ուզում են փրկել մեզ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու միջոցով, անտեսելով, անշուշտ, հենց միայն Հայաստանի համար Աբխազիայով անցնող երկաթուղին փակ պահող Վրաստանի կողմից իրականացվող շրջափակման իրողությունը. խնդիր, որը ԱՄՆ և ԵՄ քաղաքականության հետ միասին առ այսօր լռության է մատնում նաև ՀՀ արտաքին քաղաքականությունը: Հարց է ծագում, ինչո՞ւ …

Այն դեպքում, երբ ինքնախաբեությունից զուրկ եզրահանգումները գալիս են հաստատելու, որ 1985թ. (վերակառուցման անվան տակ) Արևմուտքի կողմից իրագործման է դրվել 1918-23թթ. Ռուսաստանի, Կովկասի, Հայկական Լեռնաշխարհի, Միջին Ասիայի ու Մերձավոր Արևելքի տարածքներում բոլոր կիսատ թողած «գործերը» նորովի ու նոր ռազմաքաղաքական և այլ տեխնոլոգիաներով ծրագրային ավարտին բերելու հրեշավոր խնդիրը:
Արևմուտքի կողմից ծրագրված այս նոր Մեծ Խառնակությունը, որն իրագործվելու է Արևելքի երկրների մասնատումների, հակամարտ լարվածությունների նոր օջախների ստեղծման ճանապարհով, թելադրված է «վաղվա աշխարհը» մեկ կենտրոնից կառավարելու ցանկությամբ: Ռուսաստանի Դաշնությունը վերստին փորձելու են պարզապես մասնատել: ՀՀ-ին ու ԼՂՀ-ին, ըստ արևմտյան՝ դեռևս 1902թ. եկող ծրագրի, սպառնում է չգոյությունը: Ասել է թե՝ առկա է, նորովի (միջազգային տեռորիզմի տակ անցկացվող նոր մեթոդներով ու տեխնոլոգիաներով) Հայության նկատմամբ անցյալում կիսատ թողած ցեղասպանությունը առաջիկայում ավարտին հասցնելու հեռանկարը: Միաբևեռության ձգտող Արևմուտքը փորձում է իրագործել այն, ինչը նրան չհաջողվեց 1918-23թթ., ինչպես նաև հայտնի պատճառներով արգելափակվեց 1923-ից մինչև 1985-ը:

Յուրաքանչյուր հանցագործություն կրկնվում է, քանի դեռ չի դատապարտվել ոչ միայն հանցագործություն կատարողը, այլև հանցագործությունը ծրագրողը, այն քարոզողն ու հրահրողը: Անցյալ դարասկզբի առաջին ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ պետականորեն կազմակերպված ու 1915-23թթ. իրագործված հանցագործություն, չէր լինի, եթե հենց 1902թ. Գերմանիայի դատարաններից որևէ մեկում պատասխանատվության կանչվեր գերմանահպատակ Պաուլ Ռորբախը. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող այլ տարածքներում պետության կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրագործելու գաղափարը (նաև այն իրագործելու կազմակերպչական ամբողջ ընթացքը վերլուծական հաշվարկներով մանրամասնող տվյալներով) հրապարակավ ներկայացնելու, ինչպես և քարոզչություն անելու համար: Չէին լինի նաև ցեղասպանության ենթակված ժողովրդի Երկիրն ու Ազգային Հարստությունը հանացագործի կողմից զավթելն ու սեփականացնելը միջազգայնորեն «դե ֆակտո» արդարացնել և «դե յուրե» օրինականացնել փորձող 1921թ. մարտի 16-ի Ռուսթուրք ական և 1923թ. Լոզանի պայմանագրերը, եթե ժամանակին, հենց 1919թ. Անգլիայում և 1921թ. ՌՍՀՍՌ-ում, հայերին բնաջնջելու՝ ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում ավարտին հասցնելու հրապարակային, բացահայտ քարոզչության ու հրահրման մեղադրանքով, մեղադրյալի աթոռին նստեին ու պատասխանատվության ենթարկվեին Լոուրենց Արաբացին և Լեվ Տրոցկին: Հայտնի է` պատասխանատվություն չկրած յուրաքանչյուր հանցագործ ծնում է իր հետնորդին: Ուստի, ամենևին էլ անսպասելի չէր, որ Ռորբախին, Արաբացուն, Տրոցկուն, ինչպես և Հիտլերի ու Պոլպոտի գաղափարախոսներին հիմա էլ ԱՄՆ-ում փոխարինելու է եկել ոմն Ռալֆ Պիտերս:

Մեզ համար, արևմտյան անթաքույց լկտիության դրսևորումներով ընթացան 2003- 2006թթ., որպես հենց այդ ծրագրի իրագործումը նախապատրաստող (առաջիկա դեպքերի և գործընթացների նկատմամբ ՀՀ-ն և ԼՂՀ-ն միջազգային և ներպետական իրավական առումներով անպաշտպանվածության բերելու) շրջան: Դրա վերջին «վառ» դրսևորումներից են, օրինակ, 2005թ., ընդդեմ համաժողովրդական կամքի (2003թ. ու 2005թ. համաժողովրդական հանրաքվեով մերժված) Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ՀՀ-ում արգելող, ՀՀ ամբողջ իշխանությունը ժողովրդից խլող և պետապարատի յուրացմանը տվող, ՀՀ-ն կոռուպցիայի ու հանցագործ աշխարհի երկիր դառնալուն ծառայող, ՀՀ նոր Սահմանադրության նախագիծն ու Երկքաղաքացիության մասին ՀՀ Օրենքը:
Իսկ նախապատրաստական փուլը ընթացել է ոչ միայն օրենսդրականս ահմանադրական ներխուժումների, այլև, այսպես կոչված, միջազգային ահաբեկչության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ազգային-պետական անվտանգության հարցում պետական կառույցների ոչ գործուն վիճակի բերելու միջոցով:

Տարօրինակ է, որ ՀՀ իշխանություններին այսօր չի անհանգստացնում անգամ այն, որ 1. ԱՄՆ-ը, չգիտես ինչո՞ւ և հանուն ինչի՞, պատրաստ է կետային միջուկային հարվածներ հասցնել Իրանին, որի ողբերգական հետևանքները իրենց վրա անպայմանորեն զգալու են տարածաշրջանի բոլոր երկրները անխտիր: 2. Վրաստանում արագորեն կառուցվում են շուրջ 150 հիվանդանոցներ, ո՞ւմ համար, ո՞ր դեպքի համար: 3. Արցախն ու Նախիջևանը, գոնե քարտեզում, տեղադրվում են ուռճածված, նորաստեղծ նոր ադրբեջանական պետության կազմում: 4. Ծրագրված Քուրդիստան պետության ստեղծման առաջին քայլը, փորձում են կատարել Արևմտյան Հայաստանի տարածքում:

ՀՀ իշխանությունները հիմա էլ հույսները դրել են թուրքերի վրա ու երևի կարծում են, թե Թուրքիան թույլ չի տա քրդական պետության ստեղծում, ըստ այդմ, ի դեպ, անուշադրության մատնելով Ուկրաինայում ընթացող դեպքերը: Քանզի, ըստ աշխահաքաղաքական իրենց նախագծումների նոր տրամաբանության՝ Արևմուտքը, Թուրքիային ընձեռում է Հյուսիսով` պանթուրքիզմի ճանապարհով, ընթանալու հնարավորություն, Հարավը թողնելով քրդերին, ադրբեջանցիներին: Վաղը մենք չենք զարմանա, եթե նախագահ Յուշչենկոն Ղրիմը փորձի հանձնել թուրքերին՝ ի կատարումն Ղրիմի թաթարների պահանջի և համաձայն Ուկրաինայի սահմանադրության տեղական կառավարման օրենքի կետի:
Իրականում շաբաթների, գուցե ամիսների հարց է համաշխարհային ռազմաքաղաքական այս նոր` մեծ աղետի սկզբնավորումը, որի ընթացքում, ի շարս այլ երկրների ու ժողովուրդների, կրկին Մեծ վտանգի տակ է հայտվելու հայությունն իր երկու պետությունների և Ջավախքի հատվածով: Չգիտակցել այս ամենը ու ընթանալ դեպքերի հետևից ուղղակի աններելի ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլև յուրաքանչյուր հայի ու ՀՀ յուրաքանչյուր հասարակական ու քաղաքական կառույցի համար:

Իսկ Արևմուտքին, ինչպես Եվրո-ամերիկյան միսիոներներն են պահանջում, անհրաժեշտ է մի բան` ընտրությունները լինեն լեգիտիմ: Ուշադրություն դարձրեք, ոչ թե ժողովրդավարական այլ «լեգիտիմ». այն դեպքում, երբ լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ կարող են լինել միայն իշխանությունները, տվյալ դեպքում Ազգային Ժողովը և ոչ երբեք այն ձևավորող ընտրությունները: Եվրո «հեղինակավոր» բարձրաստիճան պաշտոնյաների սույն «անգրագիտությունը» խորքային հարցադրում և լուրջ սպառնալիք է պարունակում: Իրողություն, որն ինքնին պետք է զգոնացներ ինքնամոռաց ընտրաշոուի մեջ նետված կուսակցությունների գոնե վերնախավին: Քանզի Արևմուտքը, առաջնահերթորեն ԵՄ-ն, ժողովրդի կողմից կրկնակի (2003թ. և 2005թ.) մերժված ՀՀ սահմանադրության իրողությունում անհանգստանալու լուրջ հիմքեր ունի, ուստի, իր այս դիտորդական եվրոդեսանտի աննախադեպ ներխուժումով վերջին ճիգերն է գործադրում ՀՀ սահմանադրության ոչ լեգիտիմությունը ինչ-որ կերպ ծածկելու, ասել է թե՝ «լեգիտիմ ընտրությունների» միջոցով առաջիկայում ՀՀ ԱԺ-ին պարտադրվող հակապետական օրենքները օրինականացնելու ակնկալիքով: Մոռանալով, անուշտ, ՀՀ Մայր Օրենքի՝ Հայաստանի Անկախության Հռչակագրի մասին, նաև այն մասին, որ 2005թ. սահմանադրության ոչ լեգիտիմությունից (միջազգային իրավական կարգով անգամ) հետևում է, որ գործող է մնում 1995թ. ՀՀ սահմանադրությունը: Փաստ է` Արևմուտքը մեծ ջանք է դնում, որպեսզի իր սցենարով ու կազմով ձևավորելիք ՀՀ նորընտիր Աժ-ը, հենց միայն Արևմուտքի համար ու նրա պահանջով, շարունակի գնալ իր նախորդի կողմից հարթված ազգային-պետական խոտոր ճանապարհով: Հարց է. կկարողանա՞, կհաջողի՞ արդյոք Արևմուտքը: Կհաջողի, եթե թույլ տանք...

Երրորդը չի տրված
Ինչ ունենք այսօր:
1988-1991թթ. ազգային զարթոնքի օրերից որպես անօտարելի ձեռքբերում ունենք՝
Ա. 1988թ. նոյեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից ընդունված Օրենքը Օսմանյան Թուրքիայում 1915թ. հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
Բ. 1989թ. դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնայի Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ ընդունված պատմական ՈՐՈՇՈՒՄԸ, որը հիմնվելով ազգերի ինքորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով բռնի ուժով բաժանված հայ ժողովրդի երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը ՀՌՉԱԿԵՑ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնայի Ղարաբաղի վերամիավորումը:
Գ. 1990թ. մայիսի 21-ը. վերամիավորված (ԼՂ-ն ներառած) Հայկ. ԽՍՀ Գեր. Խորհրդի ընտրությունները: Ուր, համաձայն միացյալ Հայկ. ԽՍՀ Գեր. Խորհրդի ընտրական օրենքի, ԼՂ ընտրական օկրուգներում ընտրված 14 դեպուտատները՝ Քոչարյան Ռոբերտը, Աղաջանյան Ռոլեսը, Պետրոսյան Ռազմիկը, Մանուչարով Արկադին, Սարգսյան Սերժիկը, Պետրոսյան Գեորգին, Գրիգորյան Համլետը, Ղուկասյան Էդիկը, Շիրինյան Վիգենը, Իշխանյան Զավենը, Աթանեսյան Վահրամը, Առուշանյան Սլավիկը, Բախշյան Մանֆրեդը և Բաղյան Գրիշան ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համահավաք կամքը:
Դ. 1990թ. օգոստոսի 23-ը. երբ Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդը ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՎ Հայաստանի (վերամիավորված Հայկ. ԽՍՀ և ԼՂ) ժողովրդի միասնական կամքը, ԳԻՏԱԿՑԵԼՈՎ իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ՀԻՄՆՎԵԼՈՎ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գեր. Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ որոշման վրա, Հռչակելով Անկախ Պետականության հաստատման գործընթացի սկիզբը, ընդունեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ:
Ե. 1991թ. հունվար - 1994թ. մայիսի 11. Արդբեջանի կողմից սանձազերված զավթողական պատերազմ: Սկսեցինք Արցախի ու արցախահայության լինել չլինելու վճռական գոյապայքարով, Հայրենիքի ու Հող Հայրենյացի հերոսական պաշտպանությունով, ավարտեցինք Հայկական Արցախի մասնակի՝ ոչ ամբողջական ազատագրումով:
Զ. 1991թ. սեպտեմբերի 2-ը. Լեռնայի Ղարաբաղի Անկախության գործընթացի ավարտի ճշգրտումը, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղը բնական և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով Հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը, հաշվի առնելով իրավիճակի բարդությունն ու հակասականությունը, վստահելով փոխզիջումների մասին միջազգային հորդորներին, որպես առաջին զիջում Հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. որպես Ազատ, Անկախ և Ինքնիշխան պետություն:
Է. 1991թ. սեպտեմբերի 21-ը. Հայաստանի Հանրապետության Անկախության գործընթացի ավարտը, երբ համաժողովրդական հանրաքվեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ հաստագրեց` որպես Հայաստանի Հանրապետության ՄԱՅՐ ՕՐԵՆՔ:
Ը. 1991թ. դեկտեմբերի 10-ը. ԼՂՀ Անկախության Հանրաքվեն, ուր ԼՂՀ ժողովրուդը իր համահավաք կամքի դրսևորումով, վավերացրեց 23 օգոստոսի 1990թ. ՀՀ Գեր. Խորհրդի կողմից ընդունված Հայաստանի Անկախության Հռչակագիրը, նաև համաձայն 2 սեպտեմբերի 1991թ. որոշման, ԼՂՀ Անկախության գործընթացը ավարտեց, որպես ԼՂՀ Մայր Օրենք հաստատագրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պետական Անկախության մասին Հռչակագիրը. այն, համաձայն հանրաքվեի արդյունքների, ԼՂՀ Գեր. Խորհրդի կողմից հաստատվեց 1992թ. հունվարի 6-ին:
Թ. 1994թ. մայիսի 11-ը. ՀԱՂԹԱՆԱԿ, և անժամկետ հրադադարով պահպանվող ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, որպես ի կատարում հանուն խաղաղության արվող «փոխզիջումների» հորդորների հաղթողի՝ ԼՂՀ-ի և ՀՀ-ի կողմից երկրորդ (կրկին միակողմանի) զիջման արդյունք: Ասել է թե` վստահելով միջազգային կառույցներին, անխոհեմաբար խախտեցինք պատերազմը ավարտին հասցնելու և հաղթանակը ամրագրելու դասական (միջազգային հանրության կողմից ճանաչվող) միակ օրենքը, ըստ որի, մեր առաջարկով կամ սեփական նախաձեռնությամբ Ադրբեջանի կողմից իր պարտությունը ճանաչելուց և հանձնվելուց հետո է, միայն որ պետք է համաձայնեինք հրադադարին, որից հետո, միջազգային կարգով ամրագրելով մեր հաղթանակը, պետք է նախաձեռնեինք պատերազմի ավարտն ու ետպատերազմյա խաղաղությունը միջազգային նորմերով կարգավորելու գործընթացը: Հայոց մեծահոգության ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԽԱԼ, որից այսօր օգտվում են Հայոց Հայրենիքի պատկանելիությունը վիճարկել փորձող Ադրբեջանն ու Թուրքիան, երբեմն էլ կասկածելի հեղինակության միջազգային որոշ կառույցներ:
Ժամանակին եվրոամերիկյան քաղաքականությունը չուզեց հաշտվել ԼՂՀ-ն ՀՀ-ի հետ փաստացի և իրավականորեն միացյալ լինելու 1989–91թթ. 2-ամյա իրողության հետ: Հիմա էլ (իր համար պատերազմի անսպասելի ելքից հետո) չի ուզում հաշտվել ԼՂՀ-ի 16-ամյա փաստացի և իրավական անկախության հետ: Սա արդեն սեփական ցանկությունը բացահայտ չասելու պարզունակ կամակորություն չէ, այլ հենց միայն ՀՀ և ԼՂՀ ժողովրդի դեմ ուղղված ծարագույն հանցագործության միջազգային- դիվանագիտական հրահրում:
Համբերությունն էլ սահման ունի. առավել ևս երբ այն ընթանում է մի աբողջ ժողովրդի կյանքի ու կենսագործունեության բնականոն ռիթմի 20-ամյա խաթարման հաշվին: Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման փոխզիջումային տարբերակը, որպես ՀՀ և ԼՂՀ միակողմանի արված փաստացի զիջումների գործընթաց, հայոց համար ավարտված է:
Երրորդը չի տրված: Արևմուտքը, եթե նա իրոք ժողովրդավար է ու իրապես ձգտում է աշխարհի խաղաղ համակեցության, կամ պետք է ճանաչի (նաև միջազգային հանրության հետ միասին երաշխավորի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1991-2007թթ. «դե ֆակտո» և «դե յուրե» անկախությունը, կամ էլ ճանաչելով ԼՂ և ՀՀ 1989-91թթ. «դե ֆակտո» և «դե յուրե» միացյալ լինելը, առաջարկի ԼՂՀ-ին ու ՀՀ-ին համատեղ քննարկել կրկին վերամիավորվելու առկա հնարավորությունը (կանխավ երաշխավորելով այն միջազգային հանրության կողմից ճանաչելու և տարածաշրջանում առկա խաղաղությունը պահպանելու իր վճռականությունը):
Միակ զիջումը կարող է լինել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ԼՂՀ-ին և ՀՀ-ին պատճառած նյութական և ոչ նյութական վնասների հատուցումից հրաժարվելը. այն էլ այս անգամ միջազգայնորեն միակողմանի, քանզի պատերազմ սանձազերծողը չի կարող ակնկալել վնասի հատուցում:

 

 

 



2008—2010 © oukhtararati.com