








|
 |
Խմբագրականներ
ՀԱՅՈՒԹՅԱՆԸ, ՀՀ-ԻՆ, ԼՂՀ-ԻՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՐ
ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
«Ուխտ Արարատի», Թիվ 5 (11), նոյեմբեր-դեկտեմբեր, 2006թ.
Հայը հայրենիքով և հայրենիքում ապրելու իր իրավունքը հազարամյակներ
շարունակ վաստակել է իր աշխարհաճանաչողության, հոգևոր - մշակութային,
ազգային - քաղաքակրթական արժեքների ստեղծման նաև ազգային
անվտանգության ապահովման ճանապարհով: Աշխարհին տիրելու մուլուցքով
Արևմտյան համաշխարհային ռազմաքաղաքական աղետների և միջազգային
քաղաքական անկատար համակարգերի մարտահրավերներին պատրաստ չլինելու
պատճառով վերջին հարյուրամյակում կրել ենք մեծ կորուստներ: Այժմ
երաշխավորելու և իրագործելու համար մեր ազգային պետական գոյությունը`
պարտավոր ենք մեր հարատևման իրավունքը հաստատել նաև միջազգային
իրավական դաշտում:
Աշխարհը կառավարելու, համայն մարդկությանը ստրկացնելու, անհայրենիք
քոչվորների վերածելու մոլուցքով տարված, մշտապես մարդատյաց ու արյան ծարավ
Արևմուտքը, անգամ իր իսկ երկրների ժողովուրդներին ողջակիզող եվրոամերիկյան
հանցագործ քաղաքականությունը համայն աշխարհի մարդկության կյանքը վերածել
է նատուրալիզացված թատրոնի: Մի քանի միլիոն հանդիսատեսի համար հիմա էլ
ներկայացվում է իր սցենարով գրված` 6 միլիարդին պարտադրվող, համաշխարհային
- համամարդկային նոր մեծ ողբերգություն` տրամաբանական շարունակությունը
ամբողջ XX դարի ընթացքում իրագործած սցենարի:
Սա է Լիբանանի նկատմամբ Իսրայելի ագրեսիայի առաջին օրերին, Միջին
Արևելքի, այդ թվում` հայության, ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ ներկայումս
(ժամանակագրական որոշակի հաջորդականությամբ) իրագործվող ԱՄՆ-ի և
Եվրոմիության ծրագրած հանցագործ քաղաքականության` Ռալֆ Պիտերսի կազմած
քարտեզով1, նաև հիմնական դրվագներով (բաց տեքստով և ուղիղ խոսքով) արված
բացահայտումը2:
Հեշտ է նկատել, որ Արևմուտքի հետապնդած նպատակն ու դրան հասնելու
ընդհանուր գործելաոճը նույնն է, ինչը իրագործման էր դրվել անցյալ դարասկզբին`
որպես աշխարհին տիրելու անգլիական և եվրոբոլշևիկյան իրար լրացնող ծրագրեր:
Որոնք, որպես իրագործվող քաղաքականություն, ժամանակին բաց տեքստով
(ինչպես հիմա) ներկայացվեցին` որպես Լոուրենս Արաբացու3 (1919թ.) և Տրոցկու4
(1921թ.) բացահայտումներ: Նույնն է, ինչն էր Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի
հրահրման բուն դրդապատճառներն ու 1985-ից, հանձինս ԽՍՀՄ «պերեստրոյկայի»,
ընթացք տրված աշխարհի ընդհանուր վերակառուցման` երկրների ստրկացման
ծրագիրը: Փոխվել է միայն նախկին իրագործման դասական ձեռագիրը. 1945-ի
գարնանը` դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտելուց առաջ,
որդեգրված, այսպես կոչված, Ալեն Դալեսի հայտնի ծրագիրը, ըստ որի, արտաքին
անմիջական ազդեցությունը իրականացվում է ներքին ներուժի (երկրներում
իշխանության բերված, նաև շահադիտորեն և ակնկալիքով նրանց աջակցող, այլոց
ինքնաստրկացնող հանցագործ տարրի), նաև նրանց միջոցով կեղծ արժեքների
քարոզչության լկտի բռնությունների տարատեսակ միջոցներով: Ի դեպ, որի
հրեշավոր «արդյունավետությունը» փորձարկվեց և 1957-97թթ. գործնականորեն
հաստատվեց, հանձինս փուլ առ փուլ, դրվագ առ դրվագ կառուցվող Եվրոմիության
իրողության` որպես Ա. Դալեսի խոսքերով ասած, եվրոպական երկրների
ժողովուրդների հիմարացման և ապուշացման ինքնաստրկացման գործընթաց:5
Հիմա հերթը Միջին Արևելքինն է: Վաղը` Ռուսաստանինը… ու բուն Արևելքինը:
Այդ են վկայում Ռալֆ Պիտերսի կողմից վերագծված քարտեզն ու կից տրվող
«Միջին Արևելքի նոր քարտեզը` ըստ արյունակցական կապերի և հավատի
նմանությունների» հոդվածը, որտեղ, ըստ Ռալֆ Պիտերսի մտածումի, «Միջազգային
սահմանները երբեք էլ ամբողջովին արդար չեն եղել»:
Պարզվում է, որ ներկայիս երկրները այլևս պետական սահմաններ չունեն, կան
միայն «միջազգային» սահմաններ: Կա նաև ինչ-որ Համաշխարհային (պարզ է`
ընդամենը մեկ) Կառավարություն, որն էլ ամբողջ աշխարհը (ցամաքն ու ջրերը), ըստ
իր հայեցողության, ցանկության, բաժանում և վերաբաժանում է երկրների միջև. «այս
կամ այն երկրին պարտադրված անարդարության աստիճանը (որով նրան ստիպել են
միանալ մեկին և անջատվել ուրիշից) չափազանց տարբեր է եղել»:
Պարզվեց, որ 1945-ին` համաշխարհային երկրորդ մեծ աղետից հետո, մարդկային
ճակատագրերի բազմամիլիոն կորուստների և ողբերգությունների գնով, ֆաշիզմի`
մարդկության ստրկացման համաշխարհային ոտնձգություններից սեփական տունը,
արժանապատվությունը, կյանքն ու հայրենիքը պաշտպանելը նույնն է` երկրի
պետական սահմանները ամուր պահելու իրողությունը, ինչպես և հետագա
տասնամյակներում, նույնական ողբերգությունների գնով, սեփական կամ
գերտերությունների կողմից` նրանց ցանկությամբ վերախմբագրված սահմանները
պահելը, ինչպես և այն վերակագնելու ցանկությունը այլևս ազգերին ու
ժողովուրդներին չի պատկանում. միջազգային են: Նույնն է, որ ազգերի ու
ժողովուրդների ճակատագրերը, ներկան ու ապագան, նույնպես իրենցը չէ.
միջազգային են: Ուստի և նրանց բոլորի լինել կամ չլինելը, ազատություն և
անկախություն ունենալ կամ չունենալը, գոյատևման մղձավանջում տառապելը կամ
էլ երջանիկ ապուշի սոցիալական ապահովվածության և սակայն բարոյահոգևոր ու
բարոյամտավոր սնանկության մեջ «ապրելը» այսուհետ կախված է միջազգայն
սահմաններից, նույնն է` քո սեփական կենսաձևն ու կենսաբովանդակությունը
որոշողներից:
Պարզվեց նաև, որ Ռալֆի քարտեզում նշված երկրներին «պարտադրված
սահմանների անարդարության աստիճանը» այսօր չի համապատասխանում ԱՄՆ-ի
ներկայիս քաղաքական աշխարհաճանաչողության պահանջներին: Եվ այնքան
տարբեր է. «…, որքան, ասենք, անկախությունը` բռնատիրությունից, օրենքի
իշխանությունը` ահաբեկչությունից, հանդուրժողականությունը` դաժանությունից և
նույնիսկ խաղաղությունը` պատերազմից», որ կարիք ունի վերաճշտման, ասել է թե
քարտեզում ներառված երկրներից որի՞ն է, որ պետք է տալ «անկախություն» և որի՞
«բռնատիրությունով» է, որ այն պետք հակակշռվի, ո՞ր մեկին է պետք «օրենքի
իշխանություն» հարկադրել և որո՞վ է, որ հնարավոր կլինի նրա նկատմամբ
«ահաբեկչություն» իրականացնել, ո՞ր երկրին է պարտադրվելու
«հանդուրժողականություն» և որո՞վ է նրա նկատմամբ «դաժանություն»
իրագործվելու, ի վերջո, ո՞ր մեկից է պահանջվելու «խաղաղություն», և որո՞վ է նրան
«պատերազմ» պարտադրվելու:
Իսկ քանի որ «Միջին Արևելքում… «անարդար սահմանները» առաջացնում են
առավել բարդ խնդիրներ, որոնց լուծումը վեր է տեղական իշխանությունների
հնարավորություններից», ապա այդ ամենը փորձել է լուծել քարտեզի հեղինակը,
մեղմ ասած «զգուշացնելով», որ «Այդուհանդերձ, ինչքան էլ մեր պատկերացմամբ
կազմված նոր քարտեզը թերություններ ունենա, առանց սահմանները վերագծելու,
մենք երբեք խաղաղություն չենք տեսնի Միջին Արևելքում»:
Քարտեզը հավաստում է, որ 1921-ին Արցախը Հայաստանից անջատելու և
Արևմուտքի կողմից հորինված նորաստեղծ Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու
նախկին իրողությունը շարունակում է համապատասխանել միջազգային
սահմանների արևմտյան արդարության ներկայիս քմահաճ պահանջներին: Այնպես որ
Ռալֆ Պիտերսը` կենտրոնական իշխանության պաշտոնյան, մեզ և մեր տեղական
իշխանությունների համար պարզել է, որ առանց կենտրոնի միջազգային
թույլտվության, սեփական կամոք և ուժերով, հանուն արցախահայության հետագա
լինելությանն անգամ, անցյալ դարասկզբին Հայոց հայրենիքի 9/10-րդը
բռնազավթած մեծ անարդարությունը մի փոքր մասով անգամ վերականգնելը, այն էլ
առանց Արևմուտքի նվիրատվական օգնության, չէր կարելի: Քանզի, գուցե թե
միջազգայնորեն որոշված է (և այդ մենք է, որ դեռ չգիտենք), որ առաջիկայում,
ինչպես նույն 1921-ին, «Ռուս - թուրքական բարեկամության» պայմանագրով
Հայաստանից բռնանջատված ու Ադրբեջանին բռնակցված (խնամատարության
տրված) Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, նույնպես և ազատագրված
Արցախի Հանրապետության պետական սահմաններից ներս հայություն չպետք է
լինի: Նրանց պետական սահմաններն էլ, ինչպես նշված է քարտեզում,
կտարալուծվեն, պարզապես չեն լինի ու չեն խեղաթյուրի ընդարձակվող նոր
Ադրբեջանի «միջազգային» սահմանները:
Իսկ տասնամյակից ավել ձգվող Արցախի, այսպես կոչված, «լոկալ կոնֆլիկտի
խաղաղ կարգավորումը» ընդամենը ժամանակ ձգելու միջոց է, մինչև որ Իրանը
Արևմուտքին կզիջի քարտեզում նշված հյուսիսային տարածքը` ի լրացումն
ընդարձակվող Ադրբեջանի «միջազգային» սահմանների:
Այս ամենը տեսել էինք, նոր չէր, հին իրողություն է: Ծանոթ էինք դեռ 1921-ից ու
բախվում ենք դրան 1988-ից առ այսօր: Նորը, կարելի է ասել «զարմանահրաշ»
նորությունը մեզ համար Ռալֆ Պիտերսի այն բացահայտումն է, ըստ որի, պարզվում
է, որ «էթնիկ զտումները» ոչ թե ֆաշիստական, այլ հենց ամերիկյան
ժողովրդավարությանը հատուկ, ճիշտ է կեղտոտ, բայց լիովին ժողովրդավարական`
էթնոսների զտման գործընթացը կարգավորող, բնականաբար գաղտնի
իրականացվող իրողություն է. «Հիշենք նաև հինգհազարամյա վաղեմություն ունեցող
մի փոքրիկ կեղտոտ գաղտնիք: Էթնիկական զտումն իր գործն անում է»:
Իսկ այդ «գործ» ասվածը վերաբերում է մարդկության դեմ կատարվող
հանցագործությանը` ցեղասպանությանը: Չնշելով, նաև չհամաձայնվելով անշուշտ,
որ հենց իր առաջարկած քարտեզը Միջին Արևելքում նոր ցեղասպանություններ,
ասել է թե «էթնիկ զտումներ» իրականացնելու, ինչպես և ազգամիջյան նոր
բախումներ և քաղաքացիական կոչվող ներքին` անջատողական ու արտաքին` «լոկալ
կոնֆլիկներ» կոչվող պատերազմներ հրահրող, քարոզող, նաև դրանք ձևավորելուն
նպաստող հանցագործ գործունեություն է:
Փորձելով իր բնորոշմամբ «վերանայել ամենաշատ տուժած կամ «խաբված»
խմբավորումների վիճակը», որոնց «թվում են քրդերը», չհիշելով անշուշտ, որ նույն
այդ քրդերն էին, որոնք մինչև ցեղասպանությունը և 1915-ից հետո մեծմասամբ
«ամենաշատ տուժած կամ «խաբված», իսկ իրականում մեծ մասամբ թուրքական
պետության կողմից քաջալերված ու հրահրված, թուրքերի հետ միասին Արևմտյան
Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի տարածքում կոտորում էին հայերին,
հույներին, ասորիներին, եզդիներին և այլոց, հենց միայն նրանց ունեցվածքին և
ինչքին տիրանալու համար` ինչպես խոստացել էր պետությունը: Նա բարձրացնում է
ամբողջ Արևմտյան Հայաստանի, նաև հարակից, ներկայիս Սիրիայի, Իրաքի և Իրանի
որոշ տարածքների վրա «Ազատագրվող Քուրդիստան» ստեղծելու հարցը.
«Դիարբեքիրից մինչև Թավրիզ երկարող անկախ Քուրդիստանը կլինի նաև
Բուլղարիայի և Ճապոնիայի միջև գտնվող ամենաարևմտամետ պետությունը»,
համոզում է Ռալֆ Պիտերսը արևմտյան իր գործընկերներին:
Այդուհանդերձ, նաև շտապում է որպես վերջին ճշմարտություն հայտարարել.
«Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ
գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող
փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ»:
Ասել է թե միջազգայնորեն կարելի է տվյալ ազգին պատկանող երկիրը
ամբողջությամբ զավթելու նպատակով` ցեղասպանություն իրագործել: Եվ քանի որ
միջազգային սահմաններում ներառվող տարածքները, տվյալ դեպքում, ԱՄՆ-ը ինքն է
ծառայությունների դիմաց որպես «նվեր տալիս», ապա թող հայերը հույս չունենան
Արևմտյան Հայաստանը որպես «նվիրատվություն» ստանալու: Առավել ևս, որ
ժամանակին եվրոպական գերտերությունները նույնպես դեմ չեն եղել Հայերի
ցեղասպանության ճանապարհով Հայկական հարցի լուծմանը, ասել է թե Արևմուտքի
համար (ըստ Ռալֆի) ոչ միայն անցյալում, նաև ներկայում, կարևոր է հայկական
տարածքները վտարանդի` աշխարհասփյուռ ժողովրդից «սեփականակազրկելու»,
ասել է թե հայությանն իր հայրենիքից բռնի օտարելու խնդիրը:
Ռալֆի քարտեզը գալիս է խորացնելու մեր համոզմունքը առ այն, որ աշխարհը
վերակառուցող, նոր կարգեր հաստատող Արևմուտքը ևս մեկ անգամ ինչպես, 1918-
22-ին, 1941-43-ին նաև 1953-61-ին փորձում է Արևելյան Հայաստանում ավարտի
բերել, իրեն առ այսօր շահեկան թվացող 1915-23-ի Հայերի ցեղասպանությունը:
Խնդիր, որը նախ և առաջ, սթափություն և զգոնություն է պահանջում հայից, Հայոց
երկու պետությունների ղեկավարներից, նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդից,
ՄԱԿ-ից և բոլոր առաջադեմ երկրներից:
Բավ է: Համբերությունն էլ սահման ունի, այն էլ ոչ քմահաճ ու մշտապես
արդարացի:
Փառք Աստծո, որ անգամ, ըստ արևմտյան քաղաքական մտածողության, գոնե
համբերության սահմանը ըստ երկրների է, ազգային է, պետական և ոչ` միջազգային:
Արդ, այսուհետ և առմիշտ պարտավոր ենք կռել ու կոփել արտաքին բոլոր
մարտահրավերները դիմակայող Հայոց պետության և պետականության գերհզոր
զենքը` իրավական հենքը:
Եվ, ըստ այդմ դիմակայենք, նաև իրենց սեփական (1 քառակուսի մետր) տեղը
ցույց տանք բոլոր էթնիկ զտումներով ու ազգերի և ժողովուրդների բուծումներով
զբաղվողներին, նաև ցեղասպանություններ, ազգամիջյան ու կրոնական բախումներ,
քաղաքացիական, լոկալ և գլոբալ պատերազմներ ծրագրող ու քարոզող և, ըստ
այդմ, «միջազգային» սահմաններ գծող, ու իրենք իրենց աշխարհի տիրակալ
երևակայող մոլեռանդներին:
Այս մտահոգություններից մեկնած դիմում ենք ՀՀ Նախագահին, ՀՀ
Արտգործնախարարին և ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդին, որ հիմք ունենալով
ԱՄՆ քաղաքացի Ռալֆ Պիտերսի «ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՆՈՐ ՔԱՐՏԵԶԸ ԸՍՏ
ԱՐՅՈՒՆԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» հոդվածը, համաձայն
ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մի շարք այլ համապատասխան
պայմանագրերի` առաջարկել ԱՄՆ-ի իշխանությանը պատասխանատվության
ենթարկել Ռալֆ Պիտերսին, նաև «Զինյալ ուժերի հանդեսի» խմբագրությանը, իրենց
հրապարակումով նշված երկրների, այդ թվում` ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգությանը
սպառնալու, այն է` Միջին Արևելքում ազգամիջյան բախումներ և քաղաքացիական
պատերազմներ, երկրների միջև «լոկալ կոնֆլիկտներ» ու պատերազմներ հրահրելու
և քարոզչություն անելու, ինչպես և մարդկության դեմ կատարվող
հանցագործությունը` ցեղասպանությունը, նաև դրա հետևանքները, որպես
պատասխանատվության ոչ ենթակա, ասել է թե անպատժելի չարագործություն
որակելու, ուստի և, ըստ այդմ, նոր ցեղասպանություններ քաջալերելու և
քարոզչություն տանելու համար:
ԿԱՐԵՎՈՐ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱԵՎ, որ ԼՂՀ Նախագահը, ԼՂՀ Արտգործնախարարը և
ԼՂՀ Ազգային Անվտանգության Խորհուրդը ԼՂՀ ՊԵՏՈՒԹՅԱՆ և ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ
ԴԻՄԵՆ ՀՀ Նախագահին (որպես ՄԱԿ-ի անդամ, ինչպես և Հայաստանի Անկախության
Հռչակագրով և միջպետական պայմանագրերով ԼՂՀ ազգային անվտանգությանը
սատարող երկրի ղեկավարի), նաև Միավորված Ազգերի Կազմակերպության
Անվտանգության (ընդլայնված) Խորհրդի անդամ երկրների ղեկավարներին. ԼՂՀ
պետությանը և ժողովրդին, ըստ Ռալֆ Պիտերսի ներկայացրած սցենարի,
սպառնացող հնարավոր վտանգների կանխարգելման խնդրով:
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ նաև, որ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ բարձրացնեն մեր երկրի ազգային
անվտանգության հարցում պատասխանատվության զգացում ունեցող ՀՀ բոլոր
քաղաքացիները, իշխող և ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական
(գրանտներով և առանց գրանտների` ինքնուրույն գործող) կազմակերպությունները,
ազգային ու հանրային կազմակերպչական մյուս բոլոր կառույցները…
Անտարբեր մնալ, չպահանջել ԱՄՆ-ից Ռալֆ Պիտերսին պատասխանատվության
կանչել, նշանակում է նպաստել, նաև հանցակից դառնալ Միջին Արևելքին, այդ թվում`
ԼՂՀ-ին և ՀՀ-ին սպառնացող միջազգային հանցագործության առաջիկա
իրագործման խնդրում:
-------------------------
Ծանոթագրություն
1. Տես, «Ուխտ Արարատի» 4 (10) հունիս-հուլիս, 2006թ.:
2. Քարտեզին կից Ռալֆ Պիտերսի հոդվածի թարգմանությունը ամբողջությամբ,
տես «Ազգ» 25.08.2006թ.:
3. Տես, ԱՅԴ ԱՆՏԱՆԵԼԻ ՀԱՅԵՐԸ (Լինկոլն Սթեֆընսի հարցազրույցը Լոուրենս
Արաբացու (Թոմաս Էդուարդ Լոուրենսի) հետ, «Շեմ» հրտ., Երեւան, 2004թ.:
4. Տես, Լ. Բ. Տրոցկի, Հայաստանը և Թուրքիան առաջիկա կոնֆերանսում,
հոդվածը (ծանոթագրություններով), «Ուխտ Արարատի» 2 (8) փետրվար-մարտ,
2006թ., էջ 10-13:
5. Տես, «Պրավդա» 11-ը մարտի 1994թ., Մոսկվա, (1945-ի սկզբին, Յալթայի
կոնֆերանսի օրերին` գաղտնի խորհրդակցության ժամանակ, Ա. Դալեսի ելույթը,
որտեղ ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Հ. Տրումենը, ֆինանսների նախարար Հ.
Մորգենթաուն և Բ. Բարուխը):
|