








|
 |
Խմբագրականներ
Ինչո՞ւ նորագույն զինյալ ազատագրական պայքար[1]
Հարց ու պատասխան
Ո՞րն է Հայոց նորագույն զինյալ ազատագրական պայքարը: Ո՞րն է նրա
գաղափարախոսությունը: Որո՞նք են ազատագրական պայքարի մարտավարական
խնդիրները: Ո՞վ է ազատագրական պայքարի զինվորը, ինչպիսի՞ն են նրա վարքն ու
բարոյական կերպարը: Ո՞րն է Հայոց հաղթանակի գրավականը:
Հայոց նորագույն զինյալ ազատագրական պայքարը սկիզբ առավ դեռևս 1970-
ականներին` աշխարհի մեծ խառնակության, երկրներ, ժողովուրդներ ու ազգեր
ոչնչացնող միջազգային մութ ուժերի ծրագրած մեծ դավադրության` 1985թ. ԽՍՀՄ-ի
ինքնափլուզման ծրագրով` պերեստրոյկայով, նախատեսված առաջիկայում սպասվող
մեծ աղետի մեկնարկից 10 տարի առաջ, պաշտպանելու համար հայությունը, Հայոց
երկիրն ու պետականությունը:
Հայոց ցեղասպանության վրա միջազգային դիվանագիտության ուշադրությունը
հրավիրելու խնդիրը չէր միայն Գուրգեն Յանիկյանի, Հայաստանի ազատագրության
հայ գաղտնի բանակի, այլ կազմակերպությունների գործունեության նպատակը: Այդ
կերպ այն կլիներ Հայոց նվիրյալ ուժի` հերոսացումի ու անձնուրաց զոհողության
ինքնանպատակ վատնում: Նորագույն զինյալ ազատագրական պայքարի հիմնական
խնդիրը խափանելն էր 1970-ականներին հայտնի դարձած հայությանը սպառնացող
վտանգը, ավելի ճիշտ` 1915-23թթ. ցեղասպանությունը ռազմաքաղաքական նոր
մեթոդներով ու տեխնոլոգիաներով` Նախիջևանում, Արցախում, Ջավախքում ու ՀՀ-ում
շարունակելու արևմտյան նկրտումները:
Նորագույն զինյալ ազատագրական պայքարը ձևավորվեց` իրագործելու երկու
հիմնական խնդիր.
Առաջին` հնարավորինս կանխարգելելու, խոչընդոտելու հայությանը և Հայոց
պետությանը առաջիկա երկու - երեք տասնամյակներում սպառնացող միջազգային
վտանգի ծրագրային քայլերն ու գործողությունները: Այդ խնդիրը, վստահաբար,
հաղթական փառքով ի կատար ածվեց:
Երկրորդը` շարունակական կատարման խնդիր է. հույս ու հավատ ներշնչելու
hայությանը` միայնակ իսկ մարտնչելու, սեփական ուժին վստահելու, պաշտպանվելու:
Նաև տիրապետելու` հաղթելու ռազմավարությանն ու գործնական
մարտավարությանը, անվարան հավատալով վերջնական հաղթանակին:
Այն ժամանակներում արևմտյան տեղեկատվության արտահոսքը շատ
գաղտնիքներ էր բացել Նորագույն զինյալ ազատագրական պայքարը ծնող մեր
Մեծերին, աշխարհի նոր` գլոբալ ցնցումների և դրանց մեջ հայությանը սպառնացող
վտանգների վերաբերյալ, որոնց ականատեսն ենք այսօր` շուրջ երկու տասնամյակ:
Գուրգեն Յանիկյանը, Գևորգ Աճեմյանը և այլք ավելին գիտեին, քան շատերը կարծում
են: Ազատագրական պայքարի զինվորը 1975-85թթ. ավելին է արել, քան գիտեն, կամ
կարծում են, թե գիտեն:
- Ինչո՞ւ Նորագույն ազգային ազատագրական պայքար, ինչո՞վ է նա
տարբերվում դասականից:
- Դասական ազգային ազատագրական պայքարը հազարամյակներով հայտնի
իրողություն է: Օտար զավթիչից երկիրը ազատագրելը, դասական ձեռագրով
պետության անկախությունը վերականգնելը ժողովուրդն իրականացնում է հենց իր
երկրում` հայրենիքում, զինյալ պայքարի միջոցով: 20-րդ դարի երկրորդ կեսից`
Երկրորդ աշխարհամարտից հետո, յուրաքանչյուր երկրի ազգային ազատագրական
պայքար արդեն հովանավորում էր ոչ միայն որոշակի շահ հետապնդող որևէ երկիր,
այլև հենց համաշխարհային հանրությունը` միջազգային իրավական դաշտում, որպես
միակ և հիմնական կառույց, ունենալով ՄԱԿ-ը` իր կանոնադրությունով,
հռչակագրերով և միջազգային դատարանով, համաձայն միջազգային իրավական
սկզբունքների, նորմերի ու կոնվենցիաների: Այն, ի դեպ, լրացնում և ամբողջացնում է
Առաջին աշխարհամարտից հետո ձևավորված, Ազգերի Լիգայի հովանավորած,
ազգերի ինքնորոշման իրավունքով ազատագրվելու սկզբունքը` որպես անցումային
դրույթ ազգային ազատագրական պայքարով ազատության ու անկախության
ձեռքբերման և միջազգայնորեն ճանաչման ու երաշխավորման արդի իրողություն:
Մարդկության դեմ իրագործված ծանրագույն հանցագործությունը` Հայոց
ցեղասպանությունը, իրագործվեց 1915-23թթ.: Աննախադեպ այս հանցագործության
շարունակությունը միջազգային իրավական դաշտ ներմուծված 1921թ. մարտի 16-ի
Ռուս-թուրքական և 1923թ. հուլիսի 24-ին Լոզանի պայմանագրերն են: Արդյունքում`
հայության ամբողջական հայրենիքի 9/10-րդ մասը հայազրկվեց, ցեղասպանությունից
փրկվածներն ու նրանց սերունդներն էլ առ այսօր դեգերում են աշխարհով մեկ`
Հայրենիք վերադառնալու, Հայրենիքում և Հայրենիքով ազատ, անկախ և ինքնիշխան
ապրելու բնական, անօտարելի վճռականությամբ:
Ակնհայտ է, որ նման իրողության պայմաններում հայրենիքն ազատագրելու
դասական պայքարը հնարավոր չէ իրականացնել հենց միայն հայրենի տարածքում
հայության չլինելու պատճառով: Իրողություն, որը թելադրում է ազատագրական
պայքարի սկզբունքային նոր մոտեցում, որպես զինյալ ազատագրական և
միջազգային իրավական մեկ ամբողջական լուծում: Առավել ևս, երբ 1948-ին
համաշխարհային հանրությունը, որպես միջազգային իրավական նորմ, ընդունեց
Ցեղասպանության կանխարգելման և դատապարտման կոնվենցիան: Ասել է թե` Հայոց
հայրենիքի ազատագրումը ոչ միայն լուծումն է տեղական հայկական հիմնախնդրի,
այլև կանխարգելող է ցեղասպանությունը այլ ազգերի նկատմամբ տարածելու
հարցում: Ա°յ, սա է այն հիմնական պատճառը, որն ի տարբերություն Հայոց և այլոց
հազարամյակներով հայտնի ազգային ազատագրական պայքարների, առաջին
անգամ, հենց Հայոց կողմից սկիզբ դրվեց և իր ձևով, և բովանդակությամբ եղավ
Նորագույն զինյալ ազատագրական պայքար:
- Նորագույն զինյալ ազատագրական պայքարը կո՞ղմ է բռնության:
- Նորագույն զինյալ ազատագրական պայքարը մերժում է «բռնության դեմ`
բռնություն» սկզբունքը. ընդունում է բռնության դեմ սեփական իրավունքի ազգային և
միջազգային իրավական պաշտպանվածությունը ու այն երաշխավորող ուժային
պաշտպանությունը:
- Այդ դեպքում ինչո՞ւ զինյալ..., բավարար չեն արդյո՞ք միջազգային իրավական
նորմերը, դրույթները, կոնվենցիաները և Միավորված Ազգերի Կազմակերպությունը:
- Մարդու, հավաքականության, ժողովուրդների ու ազգերի բնական
իրավունքները, ինչպես և միջազգային նորմերը ընդամենը դատարկ խոսքեր են, երբ
ամրագրված չեն ուժային` զինյալ պաշտպանությամբ: Չունես իրավունք, երբ այն չես
պաշտպանում:
ՄԱԿ-ի Հռչակագրով ամրագրված Մարդու իրավունքները, այն է` մարդու և
մարդկային աշխարհի կենսաբանական, ազգային, մշակութային, բարոյահոգևոր և
քաղաքակրթական, բնական կենսաանհրաժեշտությունները գործուն իրողություններ
են, երբ ունեն ուժային պաշտպանվածություն: Չկա պաշտպանություն - չկա
իրավունք. առկա է բռնություն, հանցագործություն:
- Նույնակա՞ն են, թե՞ տարբեր «Նեմեսիսը» և Նորագույն զինյալ ազատագրական
պայքարը:
- Ո°չ, նույնական չեն: «Նեմեսիսը» ցեղասպանությունն իրագործող
հանցագործների մահապատիժն ի կատար ածող Հայոց նվիրյալ` վճռական
անհատների, հերոսական գործողությունն էր: Փառք ու պատիվ նրանց:
Դա կարևոր էր, որպես Հայոց նահատակների պատգամը կատարող
գործողություն: Արդարացի էր, ոչ միայն բարոյական, այլև իրավական առումով: Բոլոր
հանցագործներն էլ մահվան էին դատապարտված ինչպես համայն հայության ու
առաջադեմ մարդկության, այնպես էլ ցեղասպանությունն իրականացնող երկրի
ռազմական դատարանի կողմից, սակայն մահապատժի փոխարեն ազատ էին
արձակված: «Նեմեսիսը» կանխարգելող կլիներ, եթե իրականացվեր մինչև 1915թ.,
երբ տարիներ առաջ հայտնի էին Հայոց ցեղասպանության «տեսաբանները»,
ծրագրողները, քարոզիչները:
Նորագույն զինյալ ազատագրական պայքարը նախ և առաջ կանխարգելող էր:
- «Նեմեսիսի» գործողությունների իրավական հենքը, ներպետական և
միջազգային առումներով, այնքան օրինական էր, որ Սողոմոն Թեհլիրյանը արդար
ճանաչվեց գերմանական դատարանի կողմից: Իսկ ո՞րն է Նորագույն զինյալ
ազատագրական պայքարի իրականացրած գործողությունների իրավական հենքը:
- Ինչպես Նորագույն զինյալ ազատագրական պայքարի ընդհանուր, այնպես էլ
ԱՍԱԼԱ-ի յուրաքանչյուր առանձին գործողության օրինականության իրավական հենքը
ավելի քան բավարար է, թե՜միջազգային - իրավական առումով և թե՜առանձին երկրի
ներպետական ու նրա միջպետական հանրագումար - ընդհանրական իրավական
դաշտում:
Այսպես, օրինականությունը հաստատող իրավական հիմքերից են.
1. ՄԱԿ-ի Կանոնադրությունն ու, ըստ այդմ, միջազգային հանրության (ՄԱԿ-ի
անդամ) բոլոր երկրների որդեգրած համամարդկային նշանակության նպատակներն
ու դրանց իրագործման տանող խնդիրները:
2. 1948-ին միջազգային հանրության որդեգրած` Ցեղասպանության
կանխարգելման և դատապարտման ՄԱԿ-ի Կոնվենցիան:
3. Ցեղասպանության քարոզչությունը զսպելու, այդ թվում` ցեղասպանությունը
արդարացնելու, կատարված ցեղասպանության իրողությունը կասկածի տակ առնելու
կամ մերժելու փորձերը արգելակող ՄԱԿ-ի ընդունած փաստաթղթերը և առանձին
երկրների օրենքները:
4. Մարդու բնական` կենսաբանական, ազգային, հոգևոր, մշակութային,
քաղաքացիական և քաղաքակրթական իրավունքների միջազգային - իրավական
հենք հանդիսացող ՄԱԿ-ի 1948-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր
Հռչակագիրը:
Ինչպես և`
5. Բռնությամբ տարագրված աշխարհասփյուռ հայության, տանտիրոջ
իրավունքով, Հայրենիք` Արևմտյան Հայաստան, վերադառնալու և իր տունն ու տեղը,
անձնական ու հանրային ունեցվածքը` սեփականությունը, հողն ու ջուրը, ազգային
հարստությունը վերադարձնելու իրավունքը, ինչպես և իր Մեծ տանը ազատ, անկախ
և ինքնիշխան ապրելու բնական և միջազգայնորեն հարգված ու պաշտպանված
իրավունքը վերականգնելու օրինականությունը:
6. Մարդկության դեմ կատարված հանցագործություն - ոճրագործության`
ցեղասպանության, ճանապարհով թալանվածը վերադարձնելու, քանդվածն ու
ավերվածը վերականգնելու, նաև բարոյական անհաշվելի վնասների հատուցումը
ստանալու միջազգային - իրավական նորմերը:
7. Բռնազավթված երկիրն ազատագրելու, անկախությունն ու
ինքնիշխանությունը վերականգնելու նպաստող և արդարադատությունը
իրականացնող բնական ու միջազգային - իրավական դաշտի բոլոր ամրագրված ու
նախադեպային իրավական հայտնի նորմերը:
Թուրքական կայսրությունից անկախանալու արևմտահայության 19-20-րդ
դարերի բնական ձգտման նախադեպի օրինական, իրավունքի կիրառության
սկզբունք կարող է հանդիսանալ ԱՄՆ-ի Անկախության Հռչակագիրը:
- Իրավական հենքից զուրկ են.
1. Եվ երիցս անօրինական են ներկայիս չհայտարարվող, սակայն բացահայտ
իրականացվող պատերազմները, պատերազմի ժամանակակից` դիվային
տեխնոլոգիաներն ու դրանցում կիրառվող զանգվածային ոչնչացման` քիմիական,
կենսաբանական, միջուկային, նեյտրոնային ու ճառագայթային, օդերևութաբանական
ու երկրաբանական, հոգեկան և գենետիկական խանգարումներ առաջացնող զենքերն
ու զինատեսակները:
2. Ինչպես նաև սահմանադրական - օրենսդրական ներխուժումները,
մշակութային` գիտության, կրթության և արվեստի, բարու և բարոյականության,
հոգևորի ու հավատի, մարդկային ազատության և զարգացումի կեղծ արժեքային
շարունակական խափանարարություններ, իբրև թե աննկատ, սակայն, մարդկության
որոշակի տեսակներ բնաջնջելու, ցեղասպանություններ իրականացնելու լոկալ և
գլոբալ պատերազմները:
3. Հենց միայն խաղաղ բնակչության` անպաշտպան կանանց, երեխաների ու
ծերերի, ստեղծող և ստեղծագործող մարդու դեմ ժամանակակից ու
գերժամանակակից զենքերով հագեցած, բարոյահոգևոր առումով լրիվ վայրենացած
կանոնավոր բանակներով, կամ էլ նրանց փոխարինող, այսպես կոչված` միջազգային
ահաբեկչության ռազմական գործողությունները:
- Ի՞նչ է քարոզում Նորագույն զինյալ ազատագրական պայքարը:
- Նորագույն զինյալ ազատագրական պայքարը չի քարոզում, սովորեցնում է.
անհատապես իսկ տեր լինել Հայոց ազգային հարստությանը` հայրենիքին, նրա
տարածքային ամբողջությանը, ազգային լեզվին, հավատքին, մշակույթին, նախնյաց
պատգամներին ու նոր սերունդներին:
Նա սովորեցնում է խումբ առ խումբ, անգամ Վճռական մենակի զգացումով և
ինքնակազմակերպումով պատասխանատու լինել ազգի, հայրենիքի և յուրաքանչյուր
հայ անհատի համար անձնապես:
- Ինչո՞ւ գաղտնի:
- Գաղտնի, քանի միջազգային իրավական, ռազմաքաղաքական, անգամ
քաղաքակրթական` հասարակական, մշակութային, լրատվական համակարգը, մեղմ
ասած, անկատար է տակավին:
- Ի՞նչ ասել է գաղտնի:
- Գաղտնի ասել է թե` ոչ ոք երբեք չպետք է իմանա.
ա) ովքե՞ր են,
բ) որտե՞ղ են,
գ) որքա՞ն են,
դ) ի՞նչ ուժի տեր են,
ե) ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս պետք է հարվածեն:
Գաղտնի չեն հարվածն իրականացնելու պահից և պատասխանատու են
կատարած արդարադատության իրականացման համար: Հարվածը հայտնի է, դեմ առ
դեմ է, երբեք թիկունքից չի լինում, ազնվորեն և ոչ երբեք նվաստացնող, ստոր ու նենգ:
- Ի՞նչ կապ ունեին Ֆրանսիան և բոլոր այն երկրները, որտեղ թուրքական
պետական հաստատությունների դեմ իրականացվում էին զինյալ գործողություններ:
- Յուրաքաչյուր երկիր պետք է իմանա, թե հանձին Թուրքիայի ինչպիսի երկրի
հետ է բարիդրացիական կամ դիվանագիտական հարաբերություններ կառուցում:
Առավել ևս, որ այդ բոլոր երկրները մասնակից են 1948 թվականի Ցեղասպանության
կանխարգելման և դատապարտման ՄԱԿ-ի Կոնվենցիային: Հայտնի է`
չդատապարտված, պատասխանատվության չենթարկված հանցագործությունը
ճանապարհ է հարթում նորի համար:
- Ըստ էության, ի՞նչ էր պահանջում Նորագույն զինյալ ազատագրական
պայքարն այդ երկրներից:
- Պահանջում էր մի բան. դատապարտել 1915-23թթ. Թուրքիայի` մարդկության
դեմ կատարած հանցագործությունը, ոչ միայն հայության, այլև աշխարհի բոլոր
երկրների և ժողովուրդների համար, դեռ ծրագրման փուլում կանխարգելելու
ցեղասպանության տարածման սպառնալիքը:
- Ի՞նչ տարբերություն` միջազգային ահաբեկչության ու Նորագույն զինյալ
ազատագրական պայքարի ձևերի միջև:
- Միջազգային ահաբեկչությունը տերությունների հատուկ ծառայությունների
միջոցով ստեղծված, ֆինանսավորված ու նրանց աշխարհաքաղաքական ագրեսիվ
նկրտումները այլ երկրներում իրականացնող հանցագործ կառույցների
գործողություններ են: Ահաբեկիչները նենգորեն, դաժանորեն սպանում են խաղաղ,
անպաշտպան բնակչությանը, որպես կանոն առանց դրդապատճառների ու
պահանջների: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնում են ինտերնետ
կայքերի միջոցով (իրականում հարց է, թե ովքե՞ր են ստանձնում), պահանջները
սովորաբար լինում են անհեթեթ:
Անցել են ժամանակները, փոխվել են պատերազմներ վարելու
տեխնոլոգիաները: Ժողովուրդները չեն ցանկանում ագրեսիվ զավթողական
պատերազմ, սակայն պատրաստ են պաշտպանել սեփական երկիրը օտար
նվաճողներից: Ուստի և վերջին տասը տարիներին ահագնացող միջազգային
ահաբեկչություն կոչված այս երևույթի բուն դրդապատճառը աշխարհաքաղաքական
ագրեսիվ ծրագրեր հետապնդող գերտերություններից ոմանց ու իրենց, ինչպես և զոհ
հանդիսացող ժողովուրդների հակադրությունն է: Գործողության ձեռագիրը
մարդատյաց է և ավելի քան վտանգավոր` մարդկության ապագայի հեռանկարում:
- Ո՞րն է պայքարի վերջակետը` ավարտը:
- Ոչ միայն Հայաստանի ամբողջական ազատագրումը, այլև աշխարհի
բնականոն համակեցության հաղթանակն ու դրա նվաճումը: Քանզի հայը, ինչպես և
յուրաքանչյուր պետություն, չի կարող, թեկուզ ազատ, անկախ, սակայն մեկուսացած
ապրել աշխարհում: Դա հակառակ է մարդկային հասարակության բնական
օրենքներին, և միմիայն աշխարհի բոլոր երկրների ու ազգերի բնականոն
փոխհարաբերությունների կարգավորվածության ու խաղաղ համակեցությամբ է, որ
յուրաքանչյուր` ամենափոքրաքանակ ժողովուրդ ունեցող պետությունն անգամ ի
զորու կլինի իր երկրում բոլորի հետ համաքայլ ապրել ազատ, անկախ ու ինքնիշխան:
Ի դեպ, սա է մեր էպոսի հիմնական գաղափարախոսությունը` որպես
միջազգային քաղաքական հայեցակարգ:
- Իսկ մինչ ավա՞րտը...
- Իսկ մինչ այդ Հայոց պետությունը և պետականությունը պետք է պաշտպանվեն
թե՜ ներսից, թե՜ դրսից:
- Ո՞ւմ կողմից և ի՞նչ իրավական հենքով է կազմակերպվում պաշտպանությունը:
ա) ներսից` Հայաստանի զինված ուժերի կողմից` ազգային ավանդույթի,
Հայաստանի Մայր Օրենքի` Հայաստանի Անկախության Հռչակագրի և
սահմանադրական - օրենսդրական - իրավական հիմքով,
բ) ներսից` արտաքին ներխուժման վտանգի և ներքին ահաբեկչության
սպառնալիքի դեպքում, նաև աշխարհազորի և համայն բնակչության կողմից` ազգային
ավանդույթի և Հայաստանի Անկախության Հռչակագրի իրավական հենքով,
գ) դրսից` Նորագույն զինյալ ազատագրական պայքարի
կազմակերպությունների, համանման խմբերի, անգամ անհատների կողմից` հայ
անհատի ազգային ծագման իրավունքից ու պարտավորությունից, ազգային
ավանդույթի, Հայաստանի Անկախության Հռչակագրի և ՄԱԿ-ի 1948-ի Մարդու
իրավունքների համընդհանուր հռչակագրի և միջազգային իրավական դաշտի հենքով:
- Արդյո՞ք միայն պատերազմով է հնարավոր Հայոց հայրենիքի ամբողջական
ազատագրումը:
- Փորձված ուղին դասականն է, սակայն չեն բացառվում ազգային
ազատագրական պայքարի նորագույն լուծումները միջազգային իրավական
դաշտում:
- Ասել է թե` միջազգային հանրությո՞ւնը պետք է պարտադրի Թուրքիային, որ նա
վերադարձնի բռնազավթած մեր հայրենիքը:
- Նախ` բռնազավթվածը ազատագրվում է ազգային ազատագարական պայքարի
միջոցով: Երկրորդ` բռնազավթածը դեռ ոչ մեկին չի հաջողվել անվերջ պահել:
Աշխարհի և մարդկության բնական զարգացման օրենքների դեմ անզոր են բոլորը:
Բացառված չէ, որ պայքարի ընթացքն ու տրամաբանությունը բերեն Թուրքիային այն
համոզման, որ հենց իր համար վերադարձնելը շատ ավելի շահեկան է, քան ամեն
գնով պահելը:
- Պատասխանատու է արդյո՞ք այժմյան թուրքը իր նախորդ սերունդների
կատարած հանցագործությունների համար:
- Այո՜, պատասխանատու է.
1. այնքան ժամանակ, քանի դեռ անհատապես և համահավաք, ամբողջությամբ,
նաև պետականորեն չի գիտակցել ու չի զղջացել կատարած հանցագործությունը,
2. քանի դեռ գտնվում է մեր հայրենիքում, շարունակում է օգտվել մեր ազգային
հարստությունից` հողից, բնական պաշարներից, ազգային պատմամշակութային
արժեքներից,
3. քանի դեռ ոչնչացնում է մեր մշակույթը,
4. քանի դեռ կեղծում է թե՜իր և թե՜մեր պատմությունը:
- Ի՞նչ ասել է զինյալ պայքար: Ժամանակ առ ժամանակ իրականացվող զինյալ
գործողությո՞ւն, թե՞ պատերազմ:
- Նորագույն զինյալ ազգային ազատագրական պայքարը, ըստ էության, մի շարք
զինյալ և ոչ զինյալ` ռազմաքաղաքական, քաղաքական, իրավական,
քաղաքակրթական միջոցառումների ու գործողությունների ամբողջությունն է: Հենց
դրանով է տարբերվում դասականից:
- Ասում են` պատերազմով է միայն հող հայրենին ազատագրվում, ոչ մի զավթիչ
կամավոր չի վերադարձնում այն:
- Հիշենք հայտնի մի ճշմարտություն. ինչպես յուրաքանչյուր զավթիչ, այնպես էլ
թուրքը ապրում է մշտական վախի իրողությունում: Սերունդ առ սերունդ ապրում է
զավթածը լքելու, հեռանալու ներքին մշտական լարվածության մեջ: Այսօր էլ
պատրաստ է հանձնել, երբ տեսնի, որ հայը տեր է իր մեծ տանը` հայրենիքին ու լի
վճռակամությամբ վերադառնում է տուն: Այդպես էր, օրինակ, 1945-ի ամռանը, երբ
խորհրդային բանակի հայկական դիվիզիաները, իրենց ողջ գրոհային հզորությամբ և
մարտի պատրաստ, կանգնած էին Արաքսի ամբողջ երկայնքով, հարյուրավոր
կիլոմետրեր դատարկվել էին... Ասել է թե` այն ժամանակ արդեն վերադարձնում էին
զավթածը:
Յուրաքանչյուր հանցագործ, լինի դա անհատ, հանցախումբ, ցեղ թե ժողովուրդ,
հստակ գիտե, որ վաղ թե ուշ պատասխան է տալու. թեև կարողանում է
մեղսագործության զգացումը ինքնախաբեությամբ կասեցնելով ապրել այնքան
ժամանակ, քանի դեռ չի տեսնում կամ լսում պատասխանատվության կանչողին,
հատուցում պահանջողին:
- Այն ժամանակ, սակայն` 1945-ին, ԽՍՀՄ-ի հայկական դիվիզիաներն էին
կանգնած Արաքսի ափին:
- Այն ժամանակ էլ, հիմա էլ` պահանջատերը հայն է: 1970-ականներից Նորագույն
զինյալ ազատագրական պայքարի ամեն մի գործողության արդյունքում թուրքը
վերստին ու լրջորեն անհանգստանում էր, երբ կրկին տեսնում էր իրեն
պատասխանատվության կանչող, հատուցում պահանջող հային:
- Ո՞րն է հաղթանակի գրավականը:
- Ազգային ազատագրական պայքարը պատերազմ չէ: Շարունակական,
հավատով ու վստահությամբ ընթացող վճռական գործողությունների և տեղային
ճակատամարտերի ընդհանուր գործընթաց է: Այն հանրագումար արդյունքն է
հաղթական ճակատամարտերի:
________________
Ծանոթագրություն
1. Տե՜ս, «Հայկական Հարց», հանրագիտարան, Երևան, 1996թ.:
-Սփյուռք, էջ 422-425:
-Յանիկյան Գուրգեն, էջ 347:
-Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ (ՀԱՀԳԲ, Armenian Secret
Army for the Liberation of Armenia), էջ 209:
-«Հայաստան», պաշտոնաթերթ ՀԱՀԳԲ-ի, էջ 209:
-Հայկական ժողովրդային շարժում (ՀԺՇ), էջ 226:
-Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ (ՀՑԱՄ, Justice
Commandoes of the Armenian Genocide), էջ 277-278:
-Հայ նոր դիմադրություն (ՀՆԴ, New Armenian Resistance), էջ 208:
|