








|
 |
Իրավական էջ
Ցամաքային պատերազմի դեպքում չեզոք պետությունների և անձանց իրավունքների և պարտավորությունների մասին կոնվենցիա,
Հաագա, 18 հոկտեմբերի 1907թ.
(Рус, Eng)
(Սկիզբը տես՝ Միջազգային ընդհարումների խաղաղ կարգավորման մասին կոնվենցիայում)
Որպեսզի առավել ճշգրիտ կանոնակարգվեն չեզոք պետությունների իրավունքներն ու պարտավորությունները ցամաքային պատերազմի դեպքում և որոշվեն պատերազմողների դիրքերը, որոնք ապաստան են գտել չեզոք տարածքում.
Ձգտելով նույն չափով բնորոշել, թե ինչ է Չեզոքությունը, սպասման մեջ, երբ հնարավոր կլինի լիարժեք ծավալով ճշգրտել պատերազմողների հետ հարաբերություններում մասնավոր անձանց չեզոք դրությունը.
Որոշեցին առ այդ հաստատել կոնվենցիա և ըստ այդմ նշանակեցին իրենց լիազորվածներին (լիազորվածների ցանկը), որոնք և, որպես ճանաչված անհրաժեշտ և օրինական ձևով կազմված իրենց իրավասություններով.
Համաձայնության եկան ներքոշարադրվածում:
ԳԼՈՒԽ I. Չեզոք պետությունների իրավունքների և պարտավորությունների մասին
Հոդված 1. Չեզոք պետության տարածքն անձեռնմխելի է:
Հոդված 2. Պատերազմող կողմերին արգելվում է չեզոք պետության տարածքով զորք կամ գումակ (փոխադրամիջոցներ՝ տրանսպորտ) տեղափոխել ռազմական կամ սննդամթերքի բեռով:
Հոդված 3. Պատերազմող կողմերին հավասարապես արգելվում է.
(ա) Չեզոք տարածքում տեղադրել անլար հեռակապի կայանքներ կամ այլ ամեն տեսակի սարքեր, նախատեսված կռվող ուժերի հաղորդակցությանը ծառայող միջոցների համար, թե ծովում և թե ցամա¬քում:
(բ) Օգտվել նմանատիպ սարքավորումներից, կառույցներից, որոնք տեղադրված են եղել չեզոք պետության տարածքում պատերազմից առաջ, բացառապես ռազմական նպատակներով և չեն բացվել ընդհանուր օգտագործման համար:
Հոդված 4. Չեզոք պետության տարածքում պատերազմող կողմերի համար չեն կարող ձևավորվել զինջոկատներ և չեն կարող բացվել զինվորական հավաքագրման կետեր:
Հոդված 5. Չեզոք պետությունն իր տարածքում չպետք է թույլատրի որևէ գործողություն, նախատեսված 2 - 4 հոդվածներով: Նա պարտավոր է պատժել չեզոքությանը հակառակող ամեն գործողություն, սոսկ այն դեպքերում, երբ այդ գործողությունը իրականացվում է իր սեփական տարածքում:
Հոդված 6. Չեզոք պետության պատասխանատվություն չի առաջանում այն բանի հետևանքում, որ պատերազմողներից որևէ մեկին ծառայության մտնելու համար մասնավոր անձիք անցնում են սահմանը:
Հոդված 7. Չեզոք պետությունը պարտավոր չէ խոչընդոտել պատերազմող պետություններից որևիցե մեկի հաշվին զենքի, զինամթերքի և ընդհանրապես բոլոր այն ամենի արտահանմանը կամ տրանզիտին, որոնք կարող են պիտանի լինել բանակին կամ նավատորմին:
Հոդված 8. Չեզոք պետությունը պարտավոր չէ արգելել, կամ սահմանափակել՝ հօգուտ պատերազմող կողմերի, իր կամ էլ մասնավոր ընկերության կամ անձանց սեփականություն հանդիսացող հեռագրական և հեռախոսային լարերից, նույնաբար՝ անլար հեռակապի ապարատներից օգտվելը:
Հոդված 9. Հոդվածներ 7 և 8-ում հիշատակված բոլոր միջոցներին վերաբերող բոլոր սահմանափակումները և արգելքները Չեզոք պետության կողմից պատերազմող կողմերի նկատմամբ պետք է իրականացվեն միատեսակ կերպով:
Չեզոք պետությունը պարտավոր է հետևել, որպեսզի նույն պարտավորությունը կատարվի մասնավոր հեռագրական, հեռախոսային, կամ անլար հեռագիր ունեցող սեփականատերերի, մասնավոր ընկերությունների կամ անձանց կողմից:
Հոդված 10. Չեզոք պետության կողմից իր չեզոքության դեմ ուղղված ոտնձգությունը նույնիսկ ուժային միջոցներով հակադարձելու գործողությունը չի կարող դիտվել որպես թշնամական գործողություն:
ԳԼՈՒԽ II. Չեզոք պետությունում պատսպարված պատերազմողների, և նրա մոտ բուժման գտնվող վիրավորների մասին
Հոդված 11. Չեզոք պետությունը, որն իր տարածք է ընդունել պատերազմող կողմի բանակին պատկանող զորք, պարտավոր է պատսպարել նրան, պատերազմի թատերաբեմից հնարավորինս հեռու տարածքում:
Չեզոք պետությունը կարող է նրանց տեղավորել ճամբարներում, և նույնիսկ կալանավորել ամրոցներում, կամ նման նպատակներին հարմարեցված վայրերում:
Չեզոք պետությունից է կախված վճռել՝ արդյո՞ք կարող են սպաները գտնվել ազատության մեջ, տալով ազնիվ խոսք՝ առանց թույտվության չլքելու չեզոք տարածքը:
Հոդված 12. Եթե գոյություն չունի հատուկ պայմանավորվածություն, ապա չեզոք պետությունը իր վրա է վերցնում ապաստան գտածների ապահովումը սննդով և հագուստով, ինչպես նաև ցուցաբերում է օգնություն մարդասիրական պահանջներին համապատասխան:
Ապաստան գտածների ծախսերը հատուցվում են հաշտության պայմանագիր կնքելուց հետո:
Հոդված 13. Չեզոք պետությունը, ընդունելով փախած ռազմագերիներին, նրանց թողնում է ազատության մեջ:
Եթե չեզոք պետությունը թույլատրում է նրանց բնակությունն իր տարածքում, ապա կարող է որոշել նաև բնակության վայրը:
Նույն կարգադրությունը կարող է կիրառվել այն ռազմագերիների նկատմամբ, որոնք բերվել են չեզոք պետության տարածքում ապաստան գտած զորքերի կողմից:
Հոդված 14. Չեզոք պետությունը կարող է թույլատրել պատերազմող կողմերի վիրավորների և հիվանդների տեղափոխումն իր տարածքով, պայմանով, որ տեղափոխող գնացքները չտեղափոխեն ոչ զորք և ոչ էլ զինամթերք: Նման դեպքում չեզոք պետությունը պարտավոր է անհրաժեշտ նախազգուշական և վերահսկողական միջոցներ ձեռնարկել:
Նման պայմաններում պատերազմող որևէ մեկի կողմից չեզոք տարածք տեղափոխված հակառակորդի վիրավորներն ու հիվանդները, պետք է չեզոք պետության կողմից պահվեն այնպես, որպեսզի սրանք չկարողանան դարձյալ մասնակցել ռազմական գործողություններին:
Նույնպիսի պարտականություն է ընկնում չեզոք պետության վրա, մյուս բանակի վիրավորների և հիվանդների վերաբերմամբ, որոնք վստահված են իր խնամքին:
Հոդված 15. Չեզոք տարածքում ապաստանած վիրավորների և հիվանդների նկատմամբ կիրառվում է Ժնևյան կոնվենցիան:
ԳԼՈՒԽ III. Չեզոք անձանց մասին
Հոդված 16. Չեզոք են համարվում պետությունների այն հպատակները, որոնք չեն մասնակցում պատերազմին:
Հոդված 17. Չեզոքը չի կարող վկայակոչել իր չեզոքությունը՝
ա) եթե նա թշնամական գործողություն է կատարել պատերազմողի դեմ:
բ) Եթե նա կատարում է գործողություն հօգուտ պատերազմողի, այսինքն` եթե նա կամավորապես ծառայության է մտնում կողմերից մեկի զինված ուժերի շարքերում:
Նման դեպքում պատերազմողի կողմից չեզոքը չպետք է արժանանա ավելի դաժան վերաբերմունքի, ի վնաս որի հրաժարվել է չեզոքությունից, քան այն վերաբերմունքը, որին կենթարկվեր պատերազմող մյուս պետության հպատակը:
Հոդված 18. Չեն կարող որպես պատերազմողներից որևէ մեկի օգտին կատարվող՝ հոդված 17-ի բ. կետով ամրագրված գործողությունները դիտարկվել՝
ա) պատերազմողներից մեկին տրամադրված վարկերը կամ փոխառությունները, եթե դրանք տրամադրողը, կամ փոխառուն չի բնակվում իր կողմից գրավյալ տարածքի վրա, և տրամադրված առարկաները չեն ծագում տվյալ տարածքից:
բ) Ոստիկանության կամ քաղաքացիական վարչության տրամադրած ծառայությունները:
ԳԼՈՒԽ IV. Երկաթուղու շարժակազմի մասին
Հոդված 19. Չեզոք պետության տարածքում սկիզբ առնող երկաթուղու շարժակազմը, անկախ որևէ պետության, մասնավոր ընկերության կամ անձի պատկանելիությունից, և ճանաչված, որպես այդպիսին, չի կարող ենթարկվել բռնագրավման և օգտագործվել պատերազմողի կողմից, ի բացառյալ այն դեպքերը և այն չափով, թե երբ և ինչպես է պահանջում ծայրահեղ անհրաժեշտությունը: Նա պետք է հնարավոր արագությամբ ետ ուղարկվի իր ծագման երկիրը:
Անհրաժեշտության դեպքում Չեզոք պետությունը կարող է նույն չափով կանգնեցնել և օգտագործել շարժակազմի անհրաժեշտ քանակություն, որը ծագում է պատերազմող պետության տարածքից: Վճարումը կատարվում է երկու կողմից էլ, օգտագործված շարժակազմի, դրա ժամկետի համապատասխան:
ԳԼՈՒԽ V. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 20. Ներկա կոնվենցիայի դրույթները իրագործվում են պայմանավորվող պետությունների միջև և սոսկ այն դեպքում, երբ բոլոր պատերազմող կողմերը մասնակից են Կոնվենցիային:
Հոդված 21. Սույն Կոնվենցիան պետք է ռատիֆիկացվի հնարավորինս կարճ ժամկետում:
Ռատիֆիկացիաները պետք է պահպանության հանձնվեն Հաագայում:
Ռատիֆիկացիայի ի պահպանության առաջին հանձնման մասին կազմվում է արձանագրություն, ստորագրված դրան մասնակցող պետությունների ներկայացուցիչների և Նիդեռլանդների Արտաքին գործոց մինիստրի կողմից:
Ռատիֆիկացիաների ի պահպանության հաջորդ հանձնումները իրագործվում են գրավոր տեղեկացումների միջոցով, ուղղված Նիդեռլանդների կառավարությանը և ուղեկցվում են ռատիֆիկացիոն ակտերով:
Ռատիֆիկացիայի ի պահպանության առաջին հանձնման մասին վկայագրված պատճենը, հոդվածի նախորդ մասում հիշատակված ծանուցման հետ միասին, ռատիֆիկացիայի ակտերի հետ համահավասար, Նիդեռլանդների կառավարության միջնորդությամբ և դիվանագիտական ճանապարհով անմիջապես փոխանցվում է Խաղաղության Երկրորդ Համաժողովին հրավիրված պետություններին, և նույն շարքում Կոնվենցիային միացած այլ պետություններին:
Հոդվածի նախորդ հատվածում նշված դեպքերում, հիշյալ կառավարությունը տեղյակ է պահում նրանց նույն ժամանակ և նույն օրը, երբ ստացել է ծանուցումը:
Հոդված 22. Սույն Կոնվենցիան չստորագրած պետություններին հնարավորություն է տրվում միանալ նրան:
Այն պետությունը, որը ցանկանում է միանալ Կոնվենցիային, գրավոր տեղեկացնում է իր մտադրության մասին Նիդեռլանդների Կառավարությանը, փոխանցելով նրան իր միանալու ակտը, որը պիտի պահպահվի նշյալ կառավարության արխիվում:
Այդ կառավարությունն անմիջապես փոխանցում է Խաղաղության Երկրորդ Համաժողովին հրավիրված և բոլոր մյուս պետություններին վկայագրված ծանուցման պատճեն, դրա հետ միասին կոնվենցիային միանալու ակտը, նշելով օրը, երբ ինքը ստացել է ծանուցումը:
Հոդված 23. Սույն Կոնվենցիան ռատիֆիկացիաների առաջին հանձնման մասնակից պետությունների համար ուժի մեջ կմտնի այդ արձանագրության հանձնումից 60 օր անց:
Այն պետությունների համար, որոնք ավելի ուշ կմիանան Կոնվենցիային, այն ուժի մեջ կմտնի 60 օր անց, երբ Նիդեռլանդների կառավարությունը կստանա ռատիֆիկացիոն ակտը, կամ միանալու մասին ծանուցումը:
Հոդված 24. Այն դեպքում, երբ պայմանավորված կողմերից որևէ մեկը հրաժարվում է սույն Կոնվենցիայից, այդ մասին գրավոր տեղեկացնում է Նիդեռլանդներին կառավարությանը, որն էլ իր հերթին անմիջապես տեղյակ է պահում վկայագրված պատճենի ստացման մասին, նշելով ստացման օրը:
Այդ հրաժարումը կարող է իսկական համարվել սոսկ այն պետության համար, որն այդ մասին ծանուցել է, և միայն մեկ տարի այն բանից հետո, երբ ծանուցումը ստացել է Նիդեռլանդների Կառավարությունը:
Հոդված 25. Նիդեռլանդների Արտաքին Գործոց նախարարության կողմից կազմված ցանկն իր մեջ կամփոփի ռատիֆիկացիաները, ի պահ հանձնելու օրը, համաձայն Հոդված 21-ի 3-րդ և 4-րդ մասերի, նմանապես կոնվենցիային միանալու ծանուցման ստացման օրը (Հոդված 22. մաս 2.) և հրաժարման մասին տեղեկացումը (Հոդված 24. մաս 1.):
Պայմանավորված ամեն պետություն կարող է ծանոթանալ այդ ցանկին և խնդրել տրամադրել իրեն վկայագրերի պատճեները:
Ի հաստատումը սրա, լիազորները ստորագրեցին սույն Կոնվենիցիան:
Իրագործված է Հաագայում, հոկտեմբերի տասնութին, հազար իննհարյուր յոթ թվականին, մեկ օրինակից, որը կպահվի Նիդեռլանդների կառավարության արխիվում և որի վկայագրված պատճենները դիվանագիտական ճանապարհով կհանձնվեն այն պետություններին, որոնք հրավիրված են Խաղաղության Երկրորդ Համաժողովին:
(ստորագրություններ)
Թարգմանությունը մերն է, ռուսերենից: (Ուխտ Արարատի)
|