:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Իրավական էջ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր

ԲՈԼՈՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՊԱՏԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԵՎ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Ն Ս Տ Ա Շ Ր Ջ Ա Ն Ի
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման վերաբերյալ հռչակագիր ընդունելու մասին:
Բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, արտահայտելով ժողովրդի կամքը, որը ամրագրված է փաստորեն անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում,
ազատության, անկախության, իրավահավասարության և բարիդրացիության նրա ձգտումը, ղեկավարվելով քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտների զարգացման խնդրում ամբողջ բնակչության շահերով, բնական և օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով հայ ժողովրդի միասնության ձգտումը, որոշում է՝

1. Ընդունել ներկայիս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և սահմանակից Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) հռչակման մասին հռչակագիրը:

2. ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը և նրա գործադիր կոմիտեն համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության և կառավարման բարձրագույն ժամանակավոր մարմին՝ մինչև համաժողովրդական ընտրություններ, իշխանության և կառավարման հանրապետական նոր մարմինների ձևավորումը:

3. Հանձնարարել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի գործկոմին՝ ներգրավելով լայն հասարակությանը, նախապատրաստել և մարզային խորհրդի նստաշրջանի քննարկման ներկայացնել ԼՂՀ պետական իշխանության և կառավարման մարմինների կառուցվածքի և գործառությունների մասին ժամանակավոր կանոնակարգը:

4. Մինչև ԼՂՀ սահմանադրության և օրենքների ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործում են ԽՍՀՄ սահմանադրությունը և օրենսդրությունը, ինչպես նաև այժմ գործող այլ օրենքներ, որոնք չեն հակասում սույն հռչակագրի նպատակներին ու սկզբունքներին, հանրապետության առանձնահատկություններին:


2 սեպտեմբերի 1991թ.

 

 



2008—2010 © oukhtararati.com