








|
 |
Իրավական էջ
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍՈՎԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ
«Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ կազմի մեջ անցնելու վերաբերյալ Ադրբեջանական և Հայկական ՍՍՀ Գերագույն սովետների առջև միջնորդելու մասին» Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների մարզային սովետի 1988 թվականի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշման մասին
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարցը, ինչպես և ազգամիջյան հարաբերությունների շատ այլ չլուծված պրոբլեմներ գտնվում են ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի ուշադրության կենտրոնում, որի վկայությունն է ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ. Ս. Գորբաչովի՝ սոցիալիստական ինտերնացիոնալիզմի ոգով համակված դիմումը Ադրբեջանի և Հայաստանի աշխատավորներին, ժողովուրդներին: Այդ դիմումը երախտագիտությամբ և հանուն սովետական ժողովուրդների բարեկամության ամրապնդման մեծ պատասխանատվության զգացումով ընդունվեց Սովետական Հայաստանի հասարակության, բոլոր աշխատավորների կողմից:
ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի որոշմամբ Կենտկոմի քարտուղարությանը հանձնարարված է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում կուտակված պրոբլեմների, նրա շուրջը ազգամիջյան հարաբերությունների սրման պատճառների խոր ու համակողմանի ուսումնասիրությունը, համապատասխան առաջարկությունների մշակումը և ըստ դրանց պատրաստության աստիճանի ներկայացնել ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Կառավարության քննարկմանը: Լեռնային Ղարաբաղի պրոբլեմների, մարզի աշխատավորների կարիքների նկատմամբ մեծ ուշադրության վկայություն է, հանդիսանում նաև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման միջոցառումների մասին ՍՄԿԿ Կենտկոմի և ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը:
Հանրապետության Գերագույն սովետը միահամուռ պաշտպանում է համամիութենական XIX կուսակցական կոնֆերանսին ուղղված ՍՄԿԿ Կենտկոմի թեզիսները, որոնցում նշվում է, որ քաղաքական սիստեմի վերակառուցման շրջանակներում անհրաժեշտ է քննարկել և հասունացած միջոցներ ձեռնարկել սովետական ֆեդերացիայի հետագա զարգացման ուղղությամբ, պահանջվում է մշտական ուշադրություն ազգամիջյան հարաբերությունների հարցերին, յուրաքանչյուր ազգի և ազգության զարգացմանը:
Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետը որոշում է.
Համակողմանիորեն ուսումնասիրելով Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական դեպուտատների սովետի 1988 թվականի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը ստեղծված լարված իրավիճակը, ինչպես նաև ԼՂԻՄ-ի և Հայկական ՍՍՀ հայ բնակչության կամքի արտահայտությունը, ղեկավարվելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի մասին ՍՍՀՄ Սահմանադրության 70-րդ հոդվածով, համաձայնություն տալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Հայկական ՍՍՀ կազմի մեջ մտնելուն:
Խնդրել ՍՍՀՄ Գերագույն սովետին քննարկել և դրականորեն լուծել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Ադրբեջանական ՍՍՀ-ի կազմից Հայկական ՍՍՀ կազմի մեջ անցնելու հարցը:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետը, դիմելով ՍՍՀ Գերագույն սովետին, հույս է հայտնում, որ այդպիսի որոշումը չի խախտի երկու հանրապետությունների միջև եղած ավանդական բարիդրացիական հարաբերությունները և այն ըմբռնումով կընկալվի Ադրբեջանական ժողովրդի կողմից:
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ՝ Հ. ՈՍԿԱՆՅԱՆ
Հայկական ՍՍՀ Գերագույն սովետի նախագահության քարտուղար՝ Ն. ՍՏԵՓԱՆՅԱՆ
15 հունիսի 1988 թ., Երևան
|