








|
 |
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև նախաստորագրված Արձանագրությունների վավերացումից բխող սպառնալիքը
1. Արձանագրությունների վավերացումից բխող սպառնալիքը:
Արձանագրությունների վավերացումը նշանակում է ստորագրել մի փաստաթղթի տակ, որը միտում ունի ստեղծելու տարածաշրջանային նոր պատերազմներ ու հակամարտություններ հրահրելու «իրավական» հիմքերը: Դրա վավերացումը նշանակում է նոր սպառնալիքներ ստեղծել ոչ միայն Հայաստանի և հայության, այլև տարածաշրջանի մյուս բոլոր պետությունների և ժողովուրդների համար:
Ահա թե ինչու, ամեն գնով պետք է կանխել դրանց վավերացումը:
2006-ի օգոստոսին ԱՄՆ զինված ուժերի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի միջոցով հրապարակ նետվեց «Մերձավոր Արևելքի նոր սահմանները՝ ըստ հավատի նմանությունների և արյունակցական կապերի» հոդվածն ու քարտեզը: Ծրագրի առաջին փուլում նախատեսվում էր մասնատել Իրաքը: Դա արդեն կատարված իրողություն է: Երկրորդ փուլում՝ մասնատել Սիրիան, Իրանը, Թուրքիան և նրանցից անջատված տարածքների վրա, ներառյալ Արևմտյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի Թուրքիայի կողմից բռնազավթված տարածքները, ամբողջացնել Ազատագրված Քուրդիստան անունով պետության կազմավորումը: «Բալկանյան լեռների եւ Հիմալայների արանքում գտնվող ամենամեծ սահմանային անարդարությունը անկախ քրդական պետության բացակայությունն է», - նշում էր Ռալֆ Պիտերսը: Ի դեպ, Թուրքիան կմասնատվի, երբ ավարտին հասցնի իր վրա դրված հանցագործ ծրագրերի իրականացումը:
Հոդվածում Ռալֆ Պիտերսը իր հատուկ կարծիքն է արտահայտել նաև Հայաստանի համար. «Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հանդեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատվությամբ»:
2008-ին դա նկատի ուներ ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, երբ ասում էր. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի»:
«Այդուհանդերձ, ինչքան էլ մեր պատկերացմամբ կազմված նոր քարտեզը թերություններ ունենա, առանց սահմանները վերագծելու մենք երբեք խաղաղություն չենք տեսնի Միջին Արեւելքում», - շարունակում է Ռալֆ Պիտերսը:
«Հանուն սահմանները վերագծելու և ապագա խաղաղության»՝ ահա ձեռնարկվում է տարածաշրջանում նոր պատերազմների ու հակամարտությունների, նոր ցեղասպանական գործողությունների հրահրումը:
Սա է ճշմարտությունը:
Արձանագրությունների բովանդակությունը հնարավորություն կտա իրականացնել այդ հանցագործ, անմարդկային ծրագրերը: Եվ բոլոր նրանք, ովքեր կողմ են արտահայտվում Արձանագրությունների վավերացմանը, ովքեր անտեղի ու անիմաստ փաստարկներով մոլորության մեջ են գցում հայությանը՝ հենց այդ գործողությունն են իրականացնում:
Սակայն, վաղօրոք ծրագրված տարածաշրջանային աղետը հնարավոր է կանխել, եթե Հայաստանի և Թուրքիայի ներկայիս դեռևս գործող քաղաքական վերնախավերը գիտակցեն գալիք սպառնալիքների ու աղետների իրական ծավալները և ըմբռնեն դրանցում իրենց անձնական պատասխանատվության ողջ ծանրությունը: Այլապես, ինչպես նրանք, այնպես էլ միջազգային քաղաքական վերնախավի ակտիվ «խաղացողները», ինչպես իրենք են սիրում բնութագրել, պետք է հստակ իմանան, որ պատասխանատվություն են կրում Միջին Արևելքում, Անդրկովկասում, Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ապագային տեղի ունենալիք աղետների, պատերազմների հրահրման համար:
Անհրաժեշտ է հիշեցնել, որ 1948 թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի
3-րդ հոդվածի համաձայն՝ «Պատժելի են հետևյալ արարքները՝ (ա) ցեղաuպանությունը, (բ) ցեղաuպանություն կատարելու նպատակով դավադրությունը, (գ) ցեղաuպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը, (դ) ցեղաuպանություն կատարելու փորձը, (ե) հանցակցությունը ցեղաuպանության կատարման մեջ»,
4-րդ հոդվածի համաձայն` «Ցեղաuպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որևէ արարք կատարած անձինք ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք uահմանադրությամբ պատաuխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մաuնավոր անձինք»,
8-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել Միավորված ազգերի կազմակերպության իրավաuու մարմիններին՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատաuխան ձեռնարկելու այնպիuի գործողություններ, որոնք նրանք անհրաժեշտ են համարում ցեղաuպանությունը եւ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ այլ արարք կանխարգելելու եւ ճնշելու համար»:
2. Հայության անելիքները:
Պետք է ամեն գնով արգելել Արձանագրությունների ստորագրումը, թույլ չտալ դրանց վավերացումը: Պետք է լարել բոլոր ուժերը և հաղթել այս պայքարում, այլապես ստիպված կլինենք դիմակայել ավելի մեծ հակամարտություն և պատերազմ, որը մեզ կպարտադրվի Ադրբեջանի ու Վրաստանի սադրանքների, Իրանի ու Թուրքիայի միջև հակամարտություններ հրահրելու միջոցով, որտեղ, հնարավոր է, գործուն մասնակցություն ունենան նաև Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի քրդերը:
Հայության անվտանգությունը, ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ինքիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու համար, առանց հապաղելու, պետք է կազմակերպել Հայության աշխարհազորային համապարփակ ինքնապաշտպանությունը:
Մեր ժողովրդին պարտադրվող առկա սպառնալիքներում դա միակ ու ճիշտ ուղին է:
Ապավինենք մեր սեփական ներուժին:
«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
7 հոկտեմբերի, 2009թ.
|