:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Հայտարարություններ

Ի՞նչ ունենք

Ըստ` «Չկա չարիք, առանց բարիքի» հայտնի սկզբունքի

Եվ այսպես, ի՞նչ ունենք այն պահից երբ գաղտնազերծվեցին Մադրիդյան սկզբունքները և Հայաստան - Թուրքիա Արձանագրությունները:

Նախ բացասական իրողությունների մասին.
1. Մադրիդյան սկզբունքները չեն արտացոլում ԼՂՀ հակամարտության կարգավորման իրական պատկերը: Մինսկի խումբը այսքան տարի պարզապես երկարաձգել է հակամարտության բնական, օրինական, միջազգային իրավական կարգավորման գործընթացը, ավելին՝ դա ուղղորդել է կեղծ հուն:
2. Հայաստան - Թուրքիա Արձանագրությունները պարունակում են թուրքական նախապայմանները, որոնք շատ դեպքերում կրկնում են Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի հոդվածները:
3. ՀՀ նախագահը, ՀՀ արտգործնախարարը, ՀՀ քաղաքական իշխող վերնախավը վճռական են Արձանագրությունները վավերացնելու հարցում և իրենց ամենևին չի հետաքրքրում Սփյուռքի, ՀՀ-ի, ԼՂՀ-ի ու Ջավախքի հայության իրական դիրքորոշումն այս հարցում, այսինքն՝ ունենք ժողովրդավարության բացակայության լուրջ խնդիր:
4. Արձանագրությունները պատրաստվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացնել, ըստ այդմ խախտելով ՀՀ Անկախության Հռչակագրի պահանջներն ու ՀՀ Սահմանադրության դրույթները:
5. Ունենք երրորդ կողմից` ըստ Արձանագրության Եվրոմիության կողմից իրադարձությունների զարգացման խնամքով մշակված ժամանակացույց: Անգամ նախապես մշակված են եղել այն հարցերը, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականները ընդգրկվեն նույն խմբում և հանդիպումներն անցկացվեն այնպես, որ ծրագրի իրականացման առաջին փուլում սկիզբ դրվի «Ֆուտբոլային դիվանագիտությանը», իսկ եզրափակիչ փուլում, Արձանագրությունների վավերացմանը (1921-ի հոկտեմբերի 13-ի պայմանագրի կնքման) հաջորդող օրը, հոկտեմբերի 14-ին՝ կայանա պատասխան հանդիպումը: Բուրսայում կայանալիք խաղին ներկա է լինելու ՖԻՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
6. Նախիջևանում հանդիպել են թյուրքալեզու վեց հանրապետությունների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Կիրգիզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները: Ալիևը հնչեցրել է Զանգեզուրը ՀՀ-ից բռնազավթելու նախապայմանը: Ըստ էության նորովի գործողության մեջ դնել Պանթյուրքիզմի ծրագրերը:
7. ԱՊՀ հերթական գագաթաժողովի աշխատանքներին չեն մասնակցել միջինասիական թյուրքալեզու չորս հանրապետությունների Ղազախստանի, Կիրգիզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարները առաջին դեմքերը, ըստ երևույթին ունենալով Արևմուտքի՝ ԱՄՆ - Իսրայել - ԵՄ ալյանսի բարեհաճությունը: Պանթուրքիզմի ժամանակակից ծրագրերը ուղղված են Իրանի, Սիրիայի, Իրաքի, Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի դեմ:
8. Արձանագրությունների ստորագրման արարողությանը մասնակցել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԵՄ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարները, ինչը նշանակում է, թե 20-րդ դարասկզբի օրինակով, երբ հայության իրավունքները ոտնահարվում էին Հանուն համաշխարհային հեղափոխության, կրկին առաջնային տեղում է հայության իրավունքների ոտնահրման խնդիրը, այս անգամ՝ Հանուն գլոբալացման:
9. Արձանագրությունների ստորագրմանը հաջորդող Թուրքիայի արտգործնախարարի ելույթում եղել են նախապայմանները:
10. Արձանագրությունների վավերացմամբ սկիզբ է դրվում տարածաշրջանային նոր պատերազմների, հակամարտությունների, ցեղասպանական գործողությունների իրականացման գործընթացին, որի նպատակը Միջին Արևելքի նոր քարտեզի վերագծումն է՝ ըստ ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի քարտեզի, որտեղ Սիրայի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի՝ Արևմտյան Հայաստանի, Արևելյան Հայաստանի՝ Թուրքիայի կողմից 89 տարիէ ի վեր օկուպացված տարածքների հաշվին ստեղծվելու է նոր պետություն՝ Ազատագրված Քրդստան անունով: Որպեսզի ՀՀ-ն միջազգային իրավական միջոցներով չկարողանա խոչընդոտել արդեն իսկ ընթացքի մեջ դրված վերոհիշյալ ծրագիրը, ԱՄՆ-Իսրայել-ԵՄ ալյանսը առաջադրում է Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների փաթեթը, հստակ ժամանակացույցով, և սրանով է պայմանավորված վերջիններիս կարևորությունը:

Հիմա արձանագրենք գործընթացի դրական միտումները.
1. Արձանագրություններն ու վեցշաբաթյա քննարկումները հայ հասարակական քաղաքական միտքն ու շարժումը համահայկական ուժերը միավորելու և համախմբելու հզոր գործոն դարձան, որը, իսկապես, դժվար է թերագնահատել:
2. Ամբողջովին հստակ է դառնում, որ առանց ազգային անկախ և ինքնիշխան պետության հաստատման ու ձևավորման հնարավոր չէ առաջադրել ու լուծել որևէ շատ, թե քիչ ազգային լուրջ ծրագիր:
3. Պարզ է դառնում, որ Հայաստանում պետք է հաստատել ամբողջովին ազգային, լիովին ժողովրդավարական, իրավամբ իրավական, սոցիալական պաշտպանվածության պետության իշխանության մոդել, որը ձերբազատված պետք է լինի արտաքին ճմշումներից, նույնիսկ եվրո-իտեգրման գրավիչ թվացող, սակայն իրականում նեո-ստրկատիրություն հաստատող, քաղաքական գործընթացի հորդորներից ու թելադրանքներից: Այս եզակի առիթը հնարավորություն է ստեղծում դա ևս անելու:
4. Այս առիթը փայլուն հնարավորություն է ստեղծում ազգային լուրջ երկարատև ծրագրերի շուրջ ազգային բոլոր ուժերը միավորելու, նունիսկ նրանց, որոնց միավորումը անհնար էր թվում և դրա համար էլ բացառվում էր:
5. Գլխավոր խնդիրներից մեկը մնում է Հայոց համապարփակ - քաղաքակրթական ինքնապաշտպանության ու պաշտպանության կազմակերպումը:
6. Գլխավոր խնդիրներից մեկ ուրիշը հայության իրական ոգու ու ներուժի վերագնահատումն է և այդ ոգու ու ներուժի ուղղորդումն է ազգային ծրագրերի իրագործման ուղղությամբ:
7. Ազգային հստակ ծրագիրը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը, պետք է իրագործվի այնպես, ասես դա մեր առօրյա-ամենօրյա աշխատանքն է, ինչպես դա մեր դեմ անում են այլոք: Այո՛, արևմտյան քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ օրնիբուն աշխատում են իրականացնելով ազգամիջյան ատելության սերմանելու, նոր պատերազմի և ցեղասպանական գործողությունների հրահրման քարոզչություն, որը, ի դեպ, ներպետական և միջազգային օրենքներով պատասխանատվության ենթակա գործողություն է:
8. Արձանագրությունները կազմվել են մի երրորդ կողմի (հնարավոր է ԵՄ-ի, կամ ԱՄՆ-Իսրայել-ԵՄ ալյանսի) անմիջական մասնակցությամբ: Սա է պատճառը, որ այնտեղ ներգրավված ձևակերպումները շարադրված են այնպես, որ և՛ դրական, և՛ բացասական ձևակերպումներ են պարունակում կողմերից յուրաքանչյուրի համար: Դա արվել է այն հեռահար նպատակով, որ երբ հարկ լինի՝ ճնշումներ գործադրվի կողմերից յուրաքանչյուրի վրա հավասարապես, կամ առանձին - առանձին, ըստ ծրագրային ժամանակացույցի:
9. Արձանագրություններում կա մի ձևակերպում, որը լիովին համահունչ է հայության շահերին, ակնկալիքներին ու նպատակներին: Եթե Արձանագրությունները խորհրդարանների կողմից վավերացվեն, կարիք կլինի միջոցներ գտնել հենց այդ կետը գործողության մեջ դնելու: Այդ կետը այստեղ չենք բացում թուրքական կողմի ուշադրությունը ժամանակից շուտ դրա վրա չհրավիրելու համար:
10. Այսպիսով, կարող ենք փաստել, սկսվել է Հայոց նորագույն ազատագրական պայքարի երրորդ փուլը, ինչը նույնպես պետք է հաղթանակով պսակել:

«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
12 հոկտեմբերի, 2009թ.

 

 



2008—2010 © oukhtararati.com