








|
 |
Հայտարարություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ (ՀԱՀԳԲ, անգլերեն անվանումը՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia, ASALA), ռազմաքաղաքական ընդհատակյա կազմակերպություն: Ստեղծվել է 1975-ին: Նպատակն Է ահաբեկչական(1) և ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23-ի ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը՝ հայ ժողովրդին(2): ՀԱՀԳԲ ռազմական և ահաբեկչական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրք դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական օդային գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը:
ՀԱՀԳԲ-ի դրամական միջոցները գոյանում էին մեծահարուստների նվիրատվություններից: ՀԱՀԳԲ-ն իրեն թշնամի է համարել ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին և բոլոր այն պետություններին, որոնք զորավիգ են Թուրքիային, և բարեկամ՝ բոլոր հեղափոխական շարժումներին, սերտորեն գործակցել է քրդական և արաբական դեմոկրատական ու հեղափոխական շարժումների հետ: ՀԱՀԳԲ-ը գտնում էր. որ Խորհրդային Հայաստանը չպետք է միջամուխ լինի սփյուռքի պահանջատիրական խնդրին(3), Թուրքիայից ազատագրված տարածքի անկախացումը կամ միացումը պետք է լուծվի համաձայն ժողովրդի ցանկության(4):
ՀԱՀԳԲ-ն իր հոգևոր հայր է համարել Գուրգեն Յանիկյանին, բարձր գնահատել հայ ազգային ազատագրական շարժման գործիչներին:
Կազմակերպությունը ահաբեկչական գործողությամբ առաջին անգամ հանդես է եկել 1975-ի հունվարի 20-ին՝ ռմբակոծելով «Եկեղեցիների համաշխարհային միության» կենտրոնատեղին Բեյրութում՝ նրան ամբաստանելով իբրև Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի (ԱՆՉԱ) գործակցի: ՀԱՀԳԲ-ի ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստություն հայ քաղաքական կառույցների անգործության հանդեպ: Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին: 1970-ական թթ. 2-րդ կեսին և 1980-ական թթ. սկզբին ՀԱՀԳԲ-ն վայելում էր Միջին Արևելքի երկրների և այլուր բնակվող սփյուռքահայ երիտասարդների մեծ մասի համակրանքը:
1973-84-ին աշխարհի տարբեր վայրերում ահաբեկչական գործողություններից սպանվել Են 41 թուրք դիվանագետ ու այլ պաշտոնյա, գործողությունների մեծ մասի պատասխանատվությունն ստանձնել է ՀԱՀԳԲ-ն: 1975-79-ին կազմակերպությունը ահաբեկչական գործողություններ է կատարել Թուրքիայի Անկարա, Ստամբուլ. Իզմիր քաղաքներում, Փարիզի թուրքական օդանավային ընկերության գրասենյակում, Փարիզի Օռլի օդանավակայանում, Բեյրութի թուրքական դեսպանատանը: Դրանք իրականացրել կամ փորձել են իրականացնել Հակոբ Տարագճյանը (մահացել է քաղցկեղից), Ալեք Ենիգոմաշյանն ու Սյուզի Մահսերեջյանը (վիրավորվել են ժնևի հյուրանոցներից մեկում՝ ռումբ փորձարկելիս), Մարտիրոս ժամկոչյանը (ժնևում թուրք, դեսպանին սպանելու մեղադրանքով 1981-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել 1991-ին), Վազգեն Աիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը (1981-ին իրագործել են «Վան» գործողությունը՝ Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրքական հյուպատոսարանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայմաններում, մյուսները ազատվել են 1986-ին), Փիեռ Գյուլումյանը (1982-ին Փարիզում մահացել է պայթուցիկ պատրաստելիս), Զոհրապ Աարգիսյանը (զոհվել է 1982-ին, Անկարայի օդանավակայանում, «Կարին» գործողության ժամանակ), Լևոն էքմեքչյանը (թուրքերը վիրավոր ձերբակալել են «Կարին» գործողության ժամանակ և 1983-ին մահապատժի ենթարկել), Աբրահամ Թովմասյանը (1983-ին դատապարտվել է 30-ամսյա բանտարկության), Մկրտիչ Մադարյանը (զոհվել 1983-ին, Ստամբուլում, «Հակոբ Հակոբյան» գործողության ժամանակ), Վարուժան Կարապետյանը, Սիմոն Նայիրյանը (Սոներ Նայիր), Հովհաննես Սեմերջյանը (դատապարտվել են տարբեր տարիների բանտարկության՝ Փարիզի Օռլի օդանավակայանում 1983-ին ռումբ պայթեցնելու համար, Հ. Սեմերջյանը ազատ է արձակվել 1990-ին, Ս. Նայիրյանը՝ 1994-ին), Վարուժան Կարապետյանը` 2001-ի ապրիլի 24-ին, Զավեն Պետրոսյանը (1983-ին Լոնդոնում դատապարտվել 18 տարվա ազատազրկման, ազատվել հինգուկես տարի հետո), Նշան Դանիելյանը (1983-ին ձերբակալվել է Բեյրութում, ազատվել 1986-ին). Սուրիկ Գրիգորյանը (զոհվել է 1984-ին Թեհրանում՝ հակաթուրքական գործողության ժամանակ), Եղիա Քեշիշյանը և Զավեն Աբեթյանը (1981-ին գնդակահարվել են Իրանում, բանտում), Վարդան Շիրվանյանը (1985-ին գնդակահարվել է Իրանում, բանտում):
1980-ական թթ. սկզբին Իսրայելի բանակի՝ Լիբանան ներխուժելու, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարներից Աբու Այադի (Աալահ Խալաֆ) կողմից ՀԱՀԳԲ-ի բազմաթիվ գաղտնիքները ֆրանսիական և արևմտաեվրոպական այլ գաղտնի ծառայություններին մատնելու, ԱՄՆ-ի Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի ջանքերի, մատնությունների, թուրքական պետական մամինների պատասխան քայլերի հետևանքով ՀԱՀԳԲ-ը կրել է ծանր կորուստներ, զոհվել են ՀԱՀԳԲ-ի անդամներ և համակիրներ Նուբար Յալըմյանը (Հոլանդիայում), Գառնիկ Վահրադյանը (Աթենքում). Մինաս Սիմոնյանը (Բեյրութում), Վիգեն Այվազյանը և Խաչիկ Հավարյանը (Լիբանանում), Հայկական ժողովրդային շարժման (ՀԺՇ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը և ուրիշներ:
1984-ից մինչև 1991-ի դեկտկեմբերի 19-ը, երբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մահափորձի ենթարկվեց թուրքական դեսպանատան զինվորական կցորդը, ՀԱՀԳԲ-ն հակաթուրքական որևէ զինված գործողություն չի ստանձնել: ժամանակ առ ժամանակ ՀԱՀԳԲ-ն հաղորդագրություններ է հրապարակում՝ արտահայտելով իր կարծիքը հայ հասարակայնությանը հուզող հարցերի շուրջ: 1988-ից, ԼՂԻՄ-ի հարցում, ՀԱՀԳԲ-ն հաստատակամորեն կանգնած է խորհրդային կառավարության նկատմամբ պահանջատերի դիրքերում:
1991-ին ՀԱՀԳԲ-ն հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը՝ առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները:
ՀԱՀԳԲ-ի պաշտոնաթերթ «Հայաստանը» (1980-87, 1991-ից) հրատարակվել է հինգ լեզուներով՝ հայ., արաբ., անգլ., ֆրանս., թուրք., 1991-ից միայն հայ.՝ «Կեցցե իրավազրկված ժողովուրդների հեղափոխական միասնությունը» և «Զինյալ պայքարը ու քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի» նշանաբաններով:
Հայկական Հարց Հանրագիտարան, Երևան, 1996, էջ 209-211:
Գրկ. Արման Գասպար, Հայ ազատագրական պայքարն ու ահաբեկչությունը, Լոս Սնջելես, 1989: Ternon Y., La Cause Armenienne, P. 1983; Caspard Armand, Le Combat Armenien. Entre terrorisme et utopie, Lausanne 1923-1983, Lausanne, 1984; Gunter Michael, Pursing the Just Cause of their People. A Stady of Contemporary Armenian Terrorism. Westport, Connecticut, 1986.
__________________
Ծանոթագրություն
1. Հոդվածի հեղինակը սխալվում է. ԱՍԱԼԱ-ն երբեք չի համարվել ահաբեկչական կազմակերպություն և, որպես արդպիսին, երբեք չի ընդգրկվել նման ցանկերում: Ըստ էության, արևմտյան քաղաքական միտքն էլ էր հասկանում, որ դա Հայոց ազատագրական պայքարն է, ինչը հետևանք է իրենց իսկ վարած արատավոր քաղաքականության` հանդեպ հայ ժողովրդի ու Հայկական հարցի:
2. Այստեղ ևս հոդվածի հեղինակը սխալվում է. ԱՍԱԼԱ-ի գլխավոր նպատակը հայոց ազգային ազատագրական պայքարը հունավորելն է:
3. Կրկին հոդվածի հեղինակը սխալվում է. ԱՍԱԼԱ-ն համարում էր, որ ի տարբերություն Արևմտյան Հայաստանի` Խորհրդային Հայաստանը հայության համար ազատագրված տարածք է, որը հետագայում, սակայն, պետք է դառնա ազգային ազատագրական պայքարի խարիսխը: Տե՛ս, ԱՍԱԼԱ-ծրագիրը:
4. Ոչ թե «համաձայն ժողովրդի ցանկության», այլ` «համաձայն ժողովրդական հանրաքվեի»:
|