:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Հայտարարություններ

«Կենտրոն» հ/ը եթերում

Ըստ` «Կենտրոն» հ/ը եթերում հոկտեմբերի 15-ին և 16-ին Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հեղինակային հաղորդման ժամանակ հնչած մտքերի կապակցությամբ

1. Հոկտեմբերի 15-ին Պետրոս Ղազարյանի հյուրերն էին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը և իրավագետ Արա Պապյանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ և՛ Պետրոս Ղազարյանին, և՛ Ստեփան Գրիգորյանին հեռուստադիտողը շատ էր տեսել ու լսել և հիմնականում ծանոթ էր նրանց մտքերին այս կամ այն հարցի առնչությամբ, պետք էր ենթադրել, թե հաղորդումը կարևորվում է նրանով, որ մեր ժողովուրդը հնարավորություն է ստանում ծանոթանալու միջազգային իրավունքին քաջատեղյակ, երկու տասնամյակի դիվանագիտական լուրջ փորձառություն ունեցող, դեռ երկու տարի առաջ Կանադայում ՀՀ դեսպան պարոն Արա Պապյանի վերջին տասնամյակում իրականացրած իրավական - քաղաքական հետազոտությունների արդյունքներին: Դրանք, որպես հիմնական ուղղություններ, պարոն Պապյանը առաջարկել և առաջարկում է ՀՀ իշխանություններին երկրի արտաքին քաղաքականությունը բանիմաց և անսխալ ուղիով առաջնորդելու համար:
Ցավոք սրտի այս հաղորդումն էլ իրականությունը ճիշտ հասկանալու առումով չստացվեց, ինչպես այլ հաղորդումներ ևս: Այս դեպքում էլ, պարզապես, Պետրոս Ղազարյանն ու Ստեփան Գրիգորյանը ժամանակ չտվեցին պարոն Պապյանին արտահայտվելու և ստանձնելով Հայաստան - Թուրքիա Արձանագրությունների վավերացման փաստաբանի դեր, մեկը մյուսին լրացնելով ու երբեմն իրար հերթ չտալով, ընդդիմացան ու ընդհատեցին պարոն Պապյանին, շատ դեպքերում նրա խոսքն ու բացատրությունները չլսելով նույնիսկ:
Լրատվությունն ուղղորդելու խայտառակ ու ցինիկ այս իրողությունը ևս մեկ անգամ հաստատում է այն մտավախությունը, թե Հայաստանի Հանրապետությունը կանգնած է ինքիշխանության, անկախության, ժողովրդավարության կորստի լրջագույն սպառնալիքների առջև, որովհետև այս դեպքում նույնպես շրջանցվեց ու սահմանափակվեց ժողովրդի տեղակատվություն ստանալու իրավունքն ու հնարավորությունը:
Փոխարենը հեռուստադիտողին խորհուրդ ենք տալիս թևաթափ չլինել և Արձանագրությունների առիթով մեկ անգամ ևս բարձրացված միջազգային իրավական լուծումներին ծանոթանալ Արա Պապյանի աշխատանքների միջոցով: Դրա համար առաջարկում ենք ձեռք բերել հեղինակի «Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները» հոդվածների ժողովածուն, Երևան, 2007: Աշխատությունը կարող եք գտնել www.oukhtararati.com կայքէջում, ինչպես նաև ara.papian@gmail.com հասցեով, անձամբ դիմելով պարոն Պապյանին, ստանալու նրա վերջին երկու ամիսների հրապարակումները Արձանագրությունների պարունակած վտանգների ու սպառնալիքների վերաբերյալ:

2. Հոկտեմբերի 16-ին նույն հաղորդման, նույն Պետրոս Ղազարյանի հյուրերն էին «ֆուտբոլ +» պարբերականի խմբագիր, մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, «Առավոտ» օրաթերթի թղթակից Մարգարիտ Եսայանը, թուրքագետ Արտակ Շաքարյանը: Հեռուստադիտողի այն հարցին, թե թուրքերը սպանեցին Գուրգեն Մարգարյանին ու Հրանտ Դինքին, բայց չեն պատրաստվում ներողություն խնդրել` Արտակ Շաքարյանը նկատեց, որ թուրքերն էլ պահանջում են ներողություն խնդրել ԱՍԱԼԱ-ի կողմից թուրք դիվանագետների սպանությունների համար: Երբ մասնակիցներից Մարգարիտ Եսայանը փորձեց ընդդիմանալ` թե դրանք համարժեք իրողություններ չեն, Արտակ Շաքարյանը պնդեց` համարժեք են:
Ցավալի փաստ է, մտահոգիչ: Չէ որ գործ ունենք երիտասարդ հայ մտավորականի կարծիքի հետ, որը պետք է տարբերվեր բանից անտեղյակ ՀՀ քաղաքացու կարծիքից… Հիմա ի՞նչ անել, ստիպված ենք կրնկնել այն ակնհայտ ճշմարտությունը, որ մտավորականը, որպես այդպիսին, պարզապես, չի կարող անտեղի ու անհարկի, սուտ ու վտանգավոր հիմարություններ դուրս տալ:(1)

Բայց, անցնենք մեր հիմնավորումներին.
ա) Եթե չլիներ տասնամյակների թուրքական պետական ու պաշտոնական ժխտողական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, չէր լինի ԱՍԱԼԱ-ն: Եթե չլինեին Հայոց ցեղասպանության հետևանքները, չէր լինի ԱՍԱԼԱ-ն: Եթե չլինեին հայության և Հայաստանի դեմ ուղղված հայտնի սպառնալիքները, չէր լինի ԱՍԱԼԱ-ն:
բ) ԱՍԱԼԱ-ի թիրախները եղել են Թուրքիայի Հանրապետության պետական քաղաքականությունը իրականացնող պաշտոնյաները: ԱՍԱԼԱ-ն երբեք չի ահաբեկել մարդկանց միայն նրա համար, որ նրանք թուրքեր են: Հրանտ Դինքն ու Գուրգեն Մարգարյանը ՀՀ պետական քաղաքականությունը իրականացնող անձինք չէին, առավել ևս հակաթուրք քաղաքականություն իրականացնող: Այլատյացությունը հատուկ չէ հայոց պետությանը, ինչպես հատուկ չէ հայ ժողովրդին:
Թուրքիայի Հանրապետության պետական քաղաքականությունը, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ` մի սուր ծայրով, առ այսօր, ուղղված է հայության և Հայաստանի դեմ: Թուրքիայի Հանրապետության պետական քաղաքականությունը երբեք չի եղել չեզոք հայության և Հայաստանի նկատմամբ, ինչպես մեզանում պատկերացնում են շատերը: Հիշենք 1979-ը, երբ ֆալանջիստները պատրաստվում էին հարձակվել Բեյրութի հայաբնակ թաղամասերի վրա, թուրքական պետության հրահանգով` թուրքական ռազմանավը մոտեցավ Լիբանանի ապօրինի` պետական հսկողությունից դուրս, նավահանգստին` զենք ու զինաթմերք հասցնելով նախահարձակներին:
գ) Սևրի դաշնագրի ստորագրումից և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կայացումից հետո, արդեն 89 տարի, Թուրքիայի Հանրապետությունը` խախտելով իր իսկ ստանձնած հանձնառությունը, օկուպացված է պահում Հայոց հայրենիքի մեծ մասը: Թուրքիայի Հանրապետությունը իրականացնում է Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականություն, որը նույնպես հայության և մարդկության դեմ ուղղված կոնկրետ հանցագործություն է, որպես ցեղասպանությունը ավարտին հասցնելու վերջին գործողություն: Դա թշնամական գործողություն է հայության ու մարդկության, Հայաստանի ու տարածաշրջանի այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ:
դ) ԱՍԱԼԱ-ն երբեք չի առաջնորդվել այլատյացության, ազգամիջյան ատելության, ռասիսզմի նկրտումներով, ինչը ակնհայտ էր և՛ Հրանտ Դինքի, և՛ Գուրգեն Մարգարյանի սպանությունների դեպքում: ԱՍԱԼԱ-ն երբեք չի քարոզել ու չի հրահրել թուրքերի համատարած ոչնչացում կամ կոտորած: ԱՍԱԼԱ-ի գործողությունների նպատակը Հայոց նորագույն զինյալ ազատագրական պայքարը կազմակերպելն էր այն պայմաններում, ինչին պարտադրել էին բռնագաղթի ենթարկված հայությանը:
Հրանտ Դինքի ու Գուրգեն Մարգարյանի սպանությունները ուղղակի հետևանքն են այն աղաղակող ճշմարտության, որ տարիներ շարունակ Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական մեքենան և պաշտոնյաները` այլատյացության, ազգամիջյան ատելության սերմանման, ռասիզմի, ցեղասպանության ժխտման հանցագործ քարոզչություն են իրականացրել:

Այսքանը: Մենք այդքան համբերություն ունենք, որ կրկին ձեռնպահ մնանք որակումներից` քաջ գիտակցելով, որ մեր ժողովրդի համար այս ծանր ու լարված ժամանակահատվածում նախ պետք է մեր առջև ծառացած խնդիրների լուծումները փնտրենք ու գտնենք: Բոլորին խորհուրդ կտանք էլ ավելի մեծ համբերությամբ զինվել և տարողունակ հիշողությամբ ամբարվել, որովհետև անպայման գալու է այն պահը, երբ պարզվելու է, որ մեր ժողովուրդը կանգնած էր ոչ թե անդունդի եզրին, երբ ո՞վ և ի՞նչ ուզում ասում ու խոսում էր, այլ նոր հաղթանակի շեմին…
Հաղթանակը մերն է լինելու:

__________________
Ծանոթագրություն
1.Երբ պատրաստվում էր սույն հոդվածը, լուր ստացվեց, որ Վանաձորի ոստիկանությունը ձերբակալել է տեղի «Ազգային նոր պահպանողական շարժման» երկու երիտասարդ անդամների` Մանվել Կոստանդյանին և Լևոն Յոլչինյանին, որոնց ոստիկանապետ Սերգեյ Ավետիսյանը մտադիր էր մեղադրանք առաջադրել` «հակաթուրք քարոզչություն իրականացնելու» և «ազգամիջյան ատելություն սերմանելու» մեղադրանքով: Հաստատվեց մեր այն կասկածը, թե եկել է «սուտ ու վտանգավոր հիմարություններ» դուրս տալու ժամանակը, երբ երկու տասնամյակ և ավելի Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հակահայ քարոզչությունը «չնկատող» մարդիկ ու պաշտոնյաներ հանկարծահաս «լուսավորվեն», թե աշխարհում գոյություն ունի «ազգամիջյան ատելություն սերմանելու» արգելք…: Հիշեցնենք, որ աշխարհում գոյություն ունի նաև «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» օրենք, որը շարունակ աշխատել են չնկատել ու շրջանցել Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնյաները: Արձանագրությունների վավերացումը օգնելու է, որ այդպիսիք ի հայտ գան նաև Հայաստանում: Վանաձորյան միջադեպը արդեն իսկ գուժում է, որ Արձանագրությունների վավերացումից հետո պետական վարչամեքենայի աքցանի մեջ են հայտնվելու Հայաստանի բոլոր հայրենասեր ուժերը: Սա ի հայտ է բերում նաև Արձանագրությունների իրական բովանդակությունը:

«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
19 հոկտեմբերի, 2009թ.

 

 



2008—2010 © oukhtararati.com