:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Հայտարարություններ

Հ1 հ/ը եթերում

Հոկտեմբերի 16-ին Հ1 հ/ը եթերում «Զրույց Ստեփան Զաքարյանի հետ» հաղորդման հյուրն էր Վազգեն Մանուկյանը` թեման հայ - թուրքական հարաբերությունները

Քննարկենք այն հարցերը, որոնք շոշափվեցին հաղորդման ընթացքում: Վազգեն Մանուկյանն ասում էր, որ կողմերի վրա ճնշումներ չկան և նրանք պարտադրված չեն մտել այս գործընթացի մեջ, որ ենթահանձնաժողովները քննարկելու են ցեղասպանության հետևանքների վերացման հարցը, որ կարևորը հարաբերությունների կարգավորման այս գործընթացը սկսելն է(1), որ այն անպայման հաջողությամբ կպսակվի: Բոլոր որակումների հետ էլ համաձայն չենք, որովհետև թե՛ պատմական փորձը, թե՛ այսօրվա իրողություններն այլ բան են ասում:

2. Հոկտեմբերի 16-ին նույն հաղորդման, նույն Պետրոս Ղազարյանի հյուրերն էին «ֆուտբոլ +» պարբերականի խմբագիր, մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը, «Առավոտ» օրաթերթի թղթակից Մարգարիտ Եսայանը, թուրքագետ Արտակ Շաքարյանը: Հեռուստադիտողի այն հարցին, թե թուրքերը սպանեցին Գուրգեն Մարգարյանին ու Հրանտ Դինքին, բայց չեն պատրաստվում ներողություն խնդրել` Արտակ Շաքարյանը նկատեց, որ թուրքերն էլ պահանջում են ներողություն խնդրել ԱՍԱԼԱ-ի կողմից թուրք դիվանագետների սպանությունների համար: Երբ մասնակիցներից Մարգարիտ Եսայանը փորձեց ընդդիմանալ` թե դրանք համարժեք իրողություններ չեն, Արտակ Շաքարյանը պնդեց` համարժեք են:
Ցավալի փաստ է, մտահոգիչ: Չէ որ գործ ունենք երիտասարդ հայ մտավորականի կարծիքի հետ, որը պետք է տարբերվեր բանից անտեղյակ ՀՀ քաղաքացու կարծիքից… Հիմա ի՞նչ անել, ստիպված ենք կրնկնել այն ակնհայտ ճշմարտությունը, որ մտավորականը, որպես այդպիսին, պարզապես, չի կարող անտեղի ու անհարկի, սուտ ու վտանգավոր հիմարություններ դուրս տալ:

1. Ստեփան Զաքարյանի հարցին, թե «Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացը պարտադրված խաղ էր, թե՞ ոչ…», Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Ճնշումներ միշտ էլ լինում են, բայց Թուրքիան այն երկիրը չէ, որ ճնշումներին ենթարկվի(2): Հայաստանն իր հերթին ընդդիմացել Ղարաբաղի հետ կապված բազմաթիվ ճնշումների»:
Առավել ևս հարց է ծագում, այդ դեպքում Արձանագրություններում Թուրքիայի հետապնդած շահը ո՞րն է…
Եթե ազնիվ լինեն` կասեն, անշուշտ, որ կան և՛ ճնշումներ, և՛ թելադրանքներ, և՛ ուղղորդումներ, և՛ հորդորներ… գուցե ուրիշ համանման այլ բաներ էլ… Հիշեցնենք, որ 2008-ի հունիսին(3) ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի օգնական Դենիել Ֆրիդը հայտարարեց. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի: Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա դժվար լինի» («Ազգ», 20-ը հունիսի, 2008թ.):
Սրանք այն նախապայմաններն էին, որոնք հետագայում ներառվեցին Արձանագրությունների մեջ, որպես ստանձնվող պարտավորություններ: Չգիտենք, թե կուլիսներում ինչ աստիճանի պարտադրող ուժ ունեին ԱՄՆ պետքարտուղարի օգնականի խոսքերը, բայց փաստ է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Հայաստանը այլ բան չարեցին, քան հենց այդ պահանջների ճշգրիտ իրականացումը: Նկատենք, որ Դենիել Ֆրիդը չի ասում, օրինակ` «Հայաստանը կարող է…» կամ «Հայաստանը ցանկալի է…»: Նա մեկ պարբերության մեջ երկու անգամ շեշտում է` «Հայաստանը պե՛տք է…»: Հայաստանին պարտադրված այդ առաջին նախապայմանը Արձանագրություններում ձևակերպված է այսպես. «Վերահաստատելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը` սահմանված միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով»: Ինչու ենք ասում Հայաստանին պարտադրված, քանի որ դա Թուրքիայի համար դա պարտադրանք չէ, այլ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի պահանջը նորից չկատարելու, մի որոշ ժամանակ էլ ձգձգելու նոր առիթ: Դենիել Ֆրիդի երկրորդ պայմանը` «Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի», կիրականացվի, երբ Հայաստանում մոլեգնի մարտնչող տգիտությունը և վերջնականապես հաստատվի էլիտար ժողովրդավարությունը: Դրանց սաղմերը առկա են:(4)
Ինչ վերաբերում Թուրքիային վերաբերող նախապայմանին, ապա այդ մասին կխոսենք երկրորդ բաժնում, քանի որ դրա ձևակերպումը Արձանագրություններում նույնպես առկա է, որպես ենթահանձնաժողովի ստեղծման պայման:

2. Վերջերս հաճախակի ասվում է և Վազգեն Մանուկյանն էլ կրկնեց, որ ենթահանձնաժողովը քննարկելու է ցեղասպանության հետևանքների վերացման հարցը: Ասենք, որ դրան մենք հավատում են, որովհետև նախապես գիտենք, թե ինչ է առաջարկվելու հայությանը: Պարզապես, միանգամից ասենք, որ Արձանագրությունների տարբերակին հայությունը չի համաձայնվելու: Նորից հիշենք Դենիել Ֆրիդին. «Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա դժվար լինի»: Արձանագրություններում դա ձևակերպված է այսպես. «-իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար»: Այնուհետև նշված է, որ «Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին»: Ի՞նչ եք կարծում, որո՞նք են լինելու «անկողմնակալ ուսումնասիրությանը» հաջորդող «առաջարկները»(5), որոնց ձևակերպմանը, «ըստ անհրաժեշտության», մասնակցելու են նաև «միջազգային փորձագետները»: «Խնդիրները հստակեցնելուց» հետո պարզվելու է, որ Օսմանյան կայսրությունում տեղի են ունեցել հայերի կոտորածներ, որոշ դեպքերում էլ հայերի բռնագաղթ և որպես ցեղասպանության հետևանքների վերացման գործողություններ` հայությանը առաջարկվելու են դրամական փոխհատուցումներ, որոշ դեպքերում անշարժ գույքի վերադարձ նախկին սեփականատերերին, Թուրքիայի քաղաքացիություն` ցանկացողներին և այլ նմանատիպ միջոցառումներ: Իրականում համայն հայությունը արդեն իսկ ասում է` ո՛չ: 3. Վազգեն Մանուկյանը համամիտ է, որ Հանրային խորհուրդը մինչև այժմ երկու հարց լուծեց. մարտի 1-ի դեպքերի հետ կապված համաներման և Արձանագրությունների վավերացմանը կողմ լինելու հարցերը: Պարզապես նշենք, որ երկու հարցերն էլ լրջորեն ձախողվել են:

4. Վազգեն Մանուկյանը համոզված է, որ կարևորը սկիզբն, որ պետք էր վաղուց սկսել հայ-թուրք հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ դրանք անպայման դրական արդյունքի են հանգեցնելու: Նախ խոսենք, այն մասին, որ եթե ամեն ինչ այդքան մեծ հույսեր է ներշնչում, այդ ինչո՞ւ է ընդդիմանում հայությունը: Պատճառները մի քանիսն են.
ա) Նախ` Արձանագրությունները հայ-թուրք բանակցությունների հետևանք չեն: Դրանք ինչպես արդեն տեսանք ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի հայտարարության ոգուն համապատասխան` մի երրորդ կողմի, հավանական է, որ Եվրոմիության պատրաստած և՛ հայ, և՛ թուրք կողմերին պարտադրած փաստաթղթեր են: Այդ է պատճառը, որ երբեմն Արձանագրություներում պատահում են նաև երկիմաստ ձևակերպումներ:
բ) Եթե նույնիսկ ընդունենք, որ Արձանագրությունները բանակցությունների հետևանք են, ապա պետք է ընդունենք, որ ՀՀ քաղաքական վերնախավի ռազմավարական-քաղաքական կողմնորոշումն ու բանակցային-դիվանագիտական ջանքերը պարտվողական դիրքերից են սկսել գործը, որը ենթադրում է ավելի ծանր պարտություն առաջիկայում, մասնավորապես, նաև Ղարաբաղյան ճակատում: Որովհետև, եթե մի տեղում փլուզումը սկսվի, մնացյալը իր հետ դեպի անկում կտանի:
գ) Հայության անվստահությունը գաղտնազերված Արձանագրությունների և այս վաղօրոք մանրակրկիտ մշակված գործընթացի նկատմամբ խոր արմատներ ունի: Դա անվստահությունն է թուրքերի նկատմամբ, ապա 1887-ից, Բեռլինի վեհաժողովից սկսած, անվստահությունը Եվրոպայի նկատմամբ, և 1918-ից ոչ պակաս հիմնավոր անվստահությունը Ռուսաստանի նկատմամբ: Այստեղ է, որ մենք գործ ունենք ոչ թե սփյուռքահայության զգացմունքային դրսևորումների հետ, ինչպես շատ դեպքերում փորձում են ներկայացնել, այլ հայության մեջ պատմական փորձի արդյունքում ձևավորված պատմական հիշողության հետ: Ուստի, պատահական չէ, որ հայությունը թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, բոլորովին չի կիսում Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավի լավատեսությունը Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս եվրո-թուրքական գործընթացի նկատմամբ և իրավունք ունի պահանջելու ավելի շատ «թափանցիկություն» և «անկեղծություն» այս ճակատագրական հարցերում:

Ըստ էության, հայությունը ավելի լավ է զգում սպառնալիքները և շատ ավելի լավ է հաշվարկել իր իրական ներուժը, երբ պատրաստակամություն է հայտնում պաշտպանել իր բոլոր անժամանցելի, անխորտակելի, անժխտելի իրավունքներն ու Հայրենիքը:

__________________
Ծանոթագրություն
1.Իրականում, սակայն, սա յուրաքանչյուր առողջ գործընթացի վերջն է, քանի որ այսուհետ տարածաշրջանում, այդ թվում` ՀՀ-ում և ԹՀ-ում, գործընթացներն ընթանալու են ըստ Արձանագրությունների գծած սխեմայի` ԵՄ-ի անմիջական վերահսկողությամբ ու թելադրանքներով: Այնպես, որ Վազգեն Մանուկյանը չի տեսնի ոչ մի հաջողություն, եթե դրանք վավերացվեն երկու կողմերից էլ:
2.Թուրքիան այն երկիրն է, որ 1880 թվականից սկսած առ այսօր գտնվում է Արևմուտքի թելադրանքների ու ուղղորդման, իսկ վերջին տարիներին` ԱՄՆ-Իսրայել-ԵՄ թելադրանքների ու ուղղորդման տակ: Դա է պատճառը, որ Իսրայելի թելադրանքներն ու ուղղորդումները կոծկելու նպատակով երբեմն բեմականացվում է Թուրքիա-Իսրայել հարաբերությունների, իբրև թե, վատթարացման ներկայացումներ, որոնք, ի վերջո, ոչ մի էական ազդեցություն չեն թողնում երկու երկրների ռազմավարական ծրագրերի և բարիդրացիական հարաբերությունների վրա: Տարածաշրջանային նոր հանցագործություններ իրականացնելու Թուրքիայի նոր պատվերը տրված է, իսկ Թուրքիան ստանձնել է այդ պատվերը, սա է էականը:
3.Հիշեցնենք, թե ինչո՞ւ Դենիել Ֆրիդի հայտարարությունը հնչեց 2008-ի հունիսին, որովհետև 2008-ի օգոստոսին ծրագրված էր սկսել վրացական ագրեսիան Հարավային Օսիայի դեմ և հրահրել տարածաշրջանային եռակողմ - քառակողմ պատերազմ` եզրափակիչ փուլում ՆԱՏՕ-ի «խաղաղարար» միջամտությունը ապահովելու համար: Դեռ այն ժամանակ ասվում էր, թե ինչ է պարտադրված անելու Հայաստանը:
4.Հայաստանում «էլիտար ժողովրդավարություն» հաստատելու պարտականությունը Եվրոմիությանն էր, որի կոմիսարների 15-ամյա ջանքերի արդյունքում Արդբեջանում հաստատվեց միապետական ժողովրդավարություն, Վրաստանում` միանձնյա ժողովրդավարություն, Հայաստանում` էլիտար ժողովրդավարություն, նշված բոլոր դեպքերում էլ` առանց ժողովրդի մասնակցության: Գուցե դրա համար են ասում, թե Վրաստանը ժողովրդավարության կղզյակ է, նկատի ունեն Միխեիլ Սահակաշվիլու կղզիանալը ժողովրդից:
5.«Առաջարկները» ձևակերպելու գործին իբրև «միջազգային փորձագետներ» մասնակցելու են հայոց պատմության և քաղաքակրթական այլ արժեքների կեղծարարության աշխատանքներին լծված եվրո-ամերիկա-թուրք կեղծարարների հայտնի բանակը, որը վերջին 100-150 տարիների անպատիժ մնալու փորձից մեկնած` լկտիությամբ շարադրելու ու զարգացնելու է «բարիդրացիական հարաբերություններ հաստատելու», «անցյալով չապրելու», «առաջ նայելու» հակամարդկային, անբնական, անօրինական կոնցեպցիաներ: Անօրինական, որովհետև դա հօգուտ ցեղասպանության քարոզչություն անել է նշանակում: Իսկ մեր ժողովրդի հիշողության մեջ դեռևս թարմ է «Հայ-թուրք հաշտեցման հանձնաժողովի» տխրահռչակ փորձը: Ի դեպ, հայոց պատմության կեղծարարության հարցերի քննությանը նվիրված լավագույն գրքերից մեկը պատկանում է պատմաբան Արմեն Այվազյանի գրչին: Տե՛ս, Արմեն Այվազյան, «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» (քննական տեսություն), «Արտագերս» հրտ, Երևան, 1998թ.: Ինչպես նաև` Տե՛ս, Հակոբ Մանանդյան, «Տիգրան Բ. և Հռոմը», Արմֆան-ի հրտ., Երևան, 1940թ.:

«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
19 հոկտեմբերի, 2009թ.

 

 



2008—2010 © oukhtararati.com