








|
 |
Հայտարարություններ
Դիմում - առաջարկ
Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, Հանրային Խորհրդին, լրատվամիջոցներին
Առաջարկի նպատակը
Զարկ տալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ռազմավարական այն ուղղությանը, որը կնպաստի
ա/ մարդկության դեմ իրականացված հանցագործության՝ յուրաքանչյուր ցեղասպանության դատապարտմանը, պատժին, հանցագործության հետևանքների վերացմանը, և՝
բ/ աշխարհում խաղաղություն ու խաղաղ համակեցություն հաստատելու նպատակով մարդկության դեմ ծրագրվող բոլոր նոր հանցագործությունների, պատերազմի ու ազգամիջյան ատելության քարոզի, հրահրման, ծրագրման կանխարգելմանը՝ ՄԱԿ-ի ընդունած հռչակագրերի ու սկզբունքների համաձայն:
Առաջարկի հիմնավորումը
Ելնելով «Չկա ժողովուրդ, չկա և պատասխանատվություն» մտայնությունից՝ 19-րդ դարից սկսած Եվրոպայի գերտերությունները զավթողական քաղաքականություն իրականացնելիս որդեգրեցին նախադեպը չունեցող մարդկության դեմ ուղղված հանցագործության՝ ցեղասպանության իրականացման մարտավարությունը, այսինքն՝
ա/ ագրեսիայի թիրախ ընտրված երկրի ժողովրդին այլոց ձեռքերով բնաջնջելու,
բ/ նրա Հայրենիքը՝ բնօրրանը, իբրև թե այլևս ոչ մեկին չպատկանող աշխարհագրական տարածք զավթելու,
գ/ այդ տարածքը անարգել տնօրինելու ու անպատիժ մնալու, այսպես կոչված, «կատարված փաստի ու դրա անշրջելիության» մարդատյաց մոտեցումները:
Այս մոտեցումը նոր չէ, դրա եվրո-դրսևորումները շատ ենք տեսել հայերի հանդեպ թուրքերի, քրդերի, կովկասյան թաթարների` ներկայի ադրբեջանցիների, ձեռքերով` 1878-80 թթ., 1894-96 թթ., 1909 թ., 1915-23 թթ., 1988-90 թթ. Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի Բոլշևիկյան Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի կողմից ցեղասպանություններ հրահրելու և ուղղորդելու իրողություններով:
Վերջին 20 տարիներին տեսնում ենք, թե ինչպես նույն այդ ուժերը նոր ջանքեր են թափում, իբրև թե՝ հանուն խաղաղության և խաղաղ համակեցության ուղղված երկխոսություն առաջարկելու, իսկ իրականում հոգուտ նոր ցեղասպանության պետական - պաշտոնական, միջազգային - քաղաքական բարձր մակարդակով քարոզչություն իրականացնելու:
Սա է գրեթե մեկ հարյուրամյակ միջազգային քաղաքականության մեջ շրջանառվող «Հայկական Հարցը» Լոզանի պայմանագիրը կնքող երկրների կողմից 1923-ից շրջանառությունից հանված համարելու արևմուտքի հիմնավորումը:
Մարդկության դեմ կատարված ոճրագործության համար Թուրքիային դատապարտելու, պատասխանատվության ենթարկելու փոխարեն` Առաջին համաշխարհային պատերազմում հաղթող երկրները 1918-23 թթ. հանգեցին նրան, որ ցեղասպանության ճանապարհով զավթված Արևմտյան Հայաստանը և Արևելյան Հայաստանի արևմտյան մասը նվիրաբերեն իրենց իսկ դեմ պատերազմած ու պարտված Թուրքիային. այդպես արևմուտքը ապահովեց այդ տարածքը ըստ հայեցողության տնօրինելու «իրավունքը»: Անտանտի երկրները այդպես «շնորհակալ» եղան Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եվրասիական ռազմի դաշտում գերմա-թուրքական ագրեսորների դեմ քաջաբար մարտնչած շուրջ 600 հազար հայ կամավորներին, զինվորներին ու սպաներին, նրանց մարտի դաշտ ուղարկած հայ ժողովրդին:
Հարկ է շիտակ լինել և իրերն իրենց անուններով կոչել. Արևմտյան Հայաստանը 1921-ից առ այսօր ո՛չ թե Թուրքիայի, այլ հե՛նց միայն եվրո-ամերիկյան տնօրինման տարածք է: Ասվածից չի բխում բնավ, թե այդպես թեթևանում է Թուրքիայի և թուրքերի ու քրդերի պատասխանատվությունը կամ նվազում պատիժը: Այն ընդամենը բարձրացնում է հանցագործությունը հրահրողին անպատիժ չթողնելու, պատասխանատվության ենթարկելու խնդիրը, որի կարևորությունը հնարավոր չէ թերագնահատել նոր ցեղասպանությունները կանխարգելելու՝ մարդկության դեմ ուղղած մարդատյաց բոլոր հանցագործությունները աշխարհի երեսից իսպառ վերացնելու հարցում:
Ուստի պատահական չէ, որ առ այսօր հենց Լոզանի պայմանագիրը ստորագրող երկրները անում են ամեն ինչ Հայոց ցեղասպանության արծարծումը միջազգային իրավական հարթությունից շեղելու և, ըստ այդմ, իրենց «իրավունքները» Արևմտյան Հայաստանի տարածքների վրա պահպանելու համար: Պատահական չէ անշուշտ, որ շրջանառությունից հանելու համար «Հայկական Հարց» միջազգային տերմինը, եվրո-գերտերությունները Լոզանի կոնֆերանսի փաստաթղթերում հայկական պետության պաշտոնական անունը՝ «Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն», ներկայացնում էին որպես «Երևանի Հանրապետություն» խիստ անորոշ ձևակերպումով: Հիմա էլ նույն այդ ուժերը, իբրև թե միտում չունեցող նորամուծություն, շրջանառության մեջ են դնում ՀՀ-ին իբր փոխարինող «պաշտոնական Երևան» արտահայտությունը: Միտումը սակայն ակնհայտ է. արևմուտքը չի ուզում ճանաչել հայկական ազատ, ինքնիշխան պետությունը` անցյալում, ներկայում և ապագայում: Քանզի 1919-23 թթ. պաշտոնական Թուրքիայի կողմից հանցագործ ճանաչված Մ. Քեմալի հետ բանակցություններ և պայմանագրեր ստորագրող արևմուտքը` դրանց թվում և բոլշևիկյան Ռուսաստանը, Թուրքիայի փոխարեն գործածում էին «պաշտոնական Անկորա» /Անկարա/ որպես հետագայում ստեղծվելիք ոչ օրինական Թուրքիա, և «պաշտոնական Ստամբուլ»՝ որպես մասնատվող ու նոր սահմաններով ճանաչվող «օրինական» թուրքական պետություն:
Ցեղասպանությունը որպես որևէ պետության կողմից նպատակային կազմակերպված և մարդկության դեմ իրագործված հանցագործություն՝ միջազգային իրավական դաշտում շուրջ վեց տասնամյակ է ինչ պատժի է ենթակա «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 260 A(III) Կոնվենցիայով: Ըստ Կոնվենցիայի 1-ին հոդվածի ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու, դատապարտելու, ինչպես և հանցագործին պատժելու, նաև հանցագործության հետևանքները վերացնելու խնդիրները այլևս դադարում են միմիայն ցեղասպանության ենթարկված երկրի, ժողովրդի իրավունքը և պարտավորությունը լինելուց: Ուստի առնվազն 1951-ի հունվարից՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահից, այլևս հնարավոր չէ Հայկական Հարցը մոռացության տալ, առավել ևս այն միջազգային շրջանառությունից հանել, եթե անգամ որոշ գերտերություններ «համոզեն» ՀՀ նախագահին նման պաշտոնական հայտարարություն անել և կամ ցեղասպանություն իրականացրած թուրքական պետությանը իրենց փեշի տակ առնել:
Հավելենք, որ տարատեսակ հնարքներով «ներում» շնորհելու բոլոր նմանօրինակ քայլերը միջազգային և ներպետական իրավական նորմերով համարվում է հանցագործություն, ոչ միայն որպես իր երկրի ժողովրդի կյանքի իրավունքի մերժում, այլև տվյալ հանցագործության, դրա անպատժելիության օգտին քարոզչություն անելու, նոր ցեղասպանությունները կանխարգելելուն խոչընդոտող՝ դատապարտելի ու պատասխանատվության ենթակա գործողություն: Ի դեպ, միջազգային իրավունքի տեսանկյունից հոգուտ ցեղասպանության քարոզչություն անելու համար պատասխանատվության են ենթակա ոչ միայն ցեղասպանություն տեսած ու ապրած ժողովուրդի պետական այրերը, այլև նրանց այդ քայլին դրդողները, հրահրողները, այդ քայլը գովաբանողները. լինի դա ինչ որ գերտերության, թե միջազգային որևէ կառույցի ղեկավար, կախյալ թե «անկախ» վերլուծաբան, կամ թե ոչ պաշտոնական լրատվամիջոց. «Օրենքները չիմանալը՝ չի ազատում պատասխանատվությունից»:
Հիմա չենք քննարկում՝ ի՞նչ և ինչպե՞ս էին ԱՄՆ պետքարտուղարը և այլ պաշտոնական և ոչ պաշտոնական անձիք, խանդավառ ոգևորությամբ ցեղասպանության օգտին հրապարակավ քարոզչություն անող եվրոկոմիսարները: Քանզի համաշխարհային ֆինանսատնտեսական այս արհեստածին ճգնաժամի (ճիշտ կլիներ ասել բարոյա-հոգևոր և իրավական այս ճգնաժամի) և աշխարհի շատ երկրներին սպառնացող ռազմա-քաղաքական այս խառնաշփոթ պատերազմական իրողությունում առաջնային կարևորության և հրատապության հարց է դարձել առաջիկայում նախապատրաստվող նոր հանցագործություններն ու ցեղասպանությունները կանխարգելելու խնդիրը: Արդեն իսկ կանխարգելման կարիք ունեն բոլոր այն սպառնալիքները, որոնք շուտով իսկ կարող են ի հայտ գալ` զենքի ու բռնության, խաբեության և կաշառքի միջոցներով գլոբալացվող աշխարհի բոլոր մայրցամաքներում: Հենց այդ սպառնալիքների նախընթաց քայլերն ենք տեսնում Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Աֆրիկայում, Եվրոպայում՝ Բալկաններում, Միջին Արևելքում, Կովկասում, Հեռավոր Արևելքում…
Ցավոք, «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի 1948-ի Կոնվենցիան ընդունելուց հետո, շուտով իսկ պարզվեց, որ արևմուտքը` «ժողովրդավարություն» տարածող ՆԱՏՕ-ով հանդերձ պատրաստ չէ, ու ամենևին էլ հակված չէ այդպես հեշտությամբ հրաժարվելու ոչ միայն համաշխարհային տիրապետության իր ագրեսիվ նկրտումներից, այլև ցանկություն իսկ չունի հրաժարվելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, որպես զանգվածային ոչնչացման զենք օգտագործելուց, նաև ռազմական - զավթողական տեխնոլոգիա, այլոց ձեռքերով իրագործելուց:
Այդ և հենց միայն այդ է պատճառը, որ Արևմուտքը բոլոր հնարքներով և միջոցներով փորձում է արգելափակել՝ գործածությունից հանել ցեղասպանությունը կանխարգելելու միջազգային և ներպետական բոլոր հնարավոր գործողությունները: Անգամ դեռ ձևավորման փուլում միջամտում - խաթարում է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված, հնարավոր ծավալում ստացող բոլոր գործընթացները` լինի դա Եվրոպայում, Ասիայում, թե Կովկասում: Ավելին, մերժելով ցեղասպանության կանխարգելումը, մերժում է նաև պատժելը՝ գերադասելով բավարարվել «բարոյախոսական» դատարկ խրատներով ու «բարի ցանկություններով»:
Եզրակացությունը
Ամփոփելով կարող ենք փաստել, որ արևմուտքը հրաժարվում է պատերազմական հանցագործություններն ու ցեղասպանությունները կանխարգելելուց երկու պատճառով.
I. Ցեղասպանությունը որպես զանգվածային ոչնչացման (մարդկային որոշակի տեսակի խիստ ընտրողական բնաջնջման) զենք, նաև աննկատ (այլոց ձեռքերով) պատերազմելու հանցագործ տեխնոլոգիա սեփական զինանոցում կիրառության մեջ պահելու համար:
II. Ցեղասպանության պատվիրատուին, մարդկության դեմ ուղղված զանգվածային ոչնչացման զենքն իր զավթողական քաղաքականության մեջ գործածողին չբացահայտելու և նրա անպատժելիությունը երաշխավորելու համար:
Եթե 1988-90 թթ. իրադարձությունները մեզ համար դաս էին սթափվելու և հիշելու, որ պատվերով ցեղասպանություն կատարելու հարցում չի փոխվել ներկայիս ադրբեջանցին, նույնն է՝ ինչ անցյալ դարասկզբին, ապա 2008-ի օգոստոսի 8-ի ագրեսիան մեզ պետք է ավելի զգոնացներ, քանզի պարզվեց, որ անգամ վրացին՝ վրացական պետությունը, դեմ չէ եվրո-ամերիկյան պատվերով անպաշտպան մի ողջ ժողովուրդ բնաջնջել, եթե իհարկե «չխանգարեն»: Այլ հարց է, թե ինչ դասեր քաղեց դրանից վրաց ժողովուրդը, սակայն մեզ համար վաղուց իսկ անվիճելի է, որ Թուրքիան և Ադրբեջանը դասեր չեն քաղել, քանի որ պատիժ չեն կրել: Պատիժ չեն կրել ոչ միայն իրենք, այլև աշխարհի տարբեր վայրերում իրականացված այլ ցեղասպանությունների պատասխանատուները նույնպես՝ բացառությամբ մեկի…
Ակնհայտ է, որ այս ամենը վերջ կունենա, երբ դատապարտվեն ու պատժվեն բոլոր անցյալի և ներկայի հանցագործներն ու հանցագործությունները: Երբ ՄԱԿ-ը ու բոլոր առաջադեմ երկրները վճռական լինեն և ամեն մի նոր պատերազմի ու ցեղասպանության փորձ ժամանակին, դեռ ծրագրման փուլում, կանխարգելելուն: Սա է աշխարհում, նաև մեր տարածաշրջանում, խաղաղություն ու խաղաղ համակեցություն հաստատելու գրավականը, առաջին անհրաժեշտ պայմանը, գլխավոր ու միակ երաշխիքը:
ՀՀ-ն և հայությունը միջազգային - իրավական առումով հենց այն սուբյեկտներն են, որոնք ավելի քան պարտավորված են առաջըթաց քայլեր կատարել ամեն մի նոր ցեղասպանության փորձ կանխարգելելու, դա որպես լիովին մերժելի իրողություն Երկիր մոլորակի վրա արդ և այսուհետ վերացնելու խնդրում:
Առաջարկը
Ելնելով աշխարհում, գրեթե բոլոր տարածաշրջաններում մարդկության դեմ ուղղված ներկայի ռազմա-քաղաքական լարված իրողությունից, ինչպես և խաղաղ համակեցությանն ուղղված քաղաքակրթական երկխոսության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից`
ՀՀ Ազգային ժողովին առաջարկում ենք՝
հրավիրել արտահերթ նիստ և
1. քննարկել 1993-ի հունվարից ԱԺ օրակարգում գտնվող «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թվականի ցեղասպանության դատապարտման մասին» 22 նոյեմբերի 1988 թվականի ՀՀ Օրենքում` ՀՀ միջազգային կարգավիճակի փոփոխումով պայմանավորված անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից՝ պատգամավոր Աշոտ Նավասարդյանի առաջարկած օրինագիծը:
2. Ընդունել «Արևմտյան Հայաստանում և օսմանյան Թուրքիայի տարածքում 1915 – 23 թթ. հայերի ցեղասպանությունը դատապարտելու, հանցագործներին պատժելու, ցեղասպանության հետևանքները վերացնելու մասին» ՀՀ Օրենքը:
3. Առաջարկել ՀՀ գործադիրին մեկամսյա ժամկետում նախապատրաստել բոլոր անհրաժեշտ փաստատթղթերը և ՀՀ Օրենքի պահանջով` հայցը, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Միջազգային դատարանի մասին ստատուտի, ներկայացնել ՄԱԿ-ի միջազգային դատարան:
ՀՀ Նախագահին առաջարկում ենք՝
1. Հայաստանի Հանրապետության անունից դիմել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային՝ ՄԱԿ-ի անդամ բոլոր առաջադեմ երկրներին ՄԱԿ-ի հովանու ներքո համակարգված և վճռական քայլեր ձեռնարկելու բոլոր ցեղասպանությունները դատապարտելու, դրանց հետևանքները վերացնելու, ինչպես և դեռ ծրագրման փուլում գտնվող բոլոր նոր` հնարավոր` ցեղասպանության փորձերը կանխարգելելու նպատակով:
Աշխարհի, առավելապես մեր և հարակից տարածաշրջանների արդի ռազմաքաղաքական խառնաշփոթ իրողությունում, երբ օր - օրի փոխվում ու շարունակաբար ծավալվում են սպառնալիքների և մարտահրավերների ոչ միայն ձևը, բովանդակությունն ու հնարավոր նոր զարգացումները, այլև հարվածի ուղղությունն ու ագրեսիայի շարժառիթները, խիստ վտանգավոր՝ անհեռանկար ենք տեսնում ՀՀ արտաքին քաղաքականության ձևավորման և իրագործման խնդիրները ամբողջությամբ վստահել մեկ - երկու պաշտոնյայի: Հնարավորինս անսխալ, հետևողական և շարունակական քաղաքականություն ունենալու համար կարևոր ենք տեսնում, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնարար խնդիրները, սկզբունքներն ու գործելաձևը՝ քաղաքական ձեռագիրը, ամրագրել օրենքով՝ մշակված ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների իշխանությունների կողմից.
Սույնով առաջարկում ենք ՀՀ Նախագահին, Արտգործնախարարությանը, Ազգային ժողովին ու Հանրային Խորհրդին մշակել և հանրային քննարկման ներկայացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը ճշտող, օրենքի ուժով կարգավորող, առաջնային կարևորության հետևյալ երկու`
1. «Ցեղասպանությունները, պատերազմներն ու պատերազմական հանցագործությունները ներպետական և միջազգային իրավական միջոցներով կանխարգելելու ՀՀ քաղաքականության մասին» ՀՀ Օրենքի նախագիծ,
2. «Խաղաղության, խաղաղ համակեցության, ինչպես և քաղաքակրթական անվտանգության և զարգացման ՀՀ քաղաքականության մասին» ՀՀ Օրենքի նախագիծ:
ՀՀ Ազգային ժողովին և Հանրային Խորհրդին առաջարկում ենք
հանրության քննարկմանը ներկայացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը ճշտող, օրենքի ուժով կարգավորող առաջնային կարևորության հետևյալ նախագծերը
1. ՀՀ Օրենքը «Առանց որևէ երկրի կողմից նույնը ակնկալելու նախապայմանի, աշխարհի բոլոր երկրների (այդ թվում Թուրքիայի և Ադրբեջանի) համար ՀՀ և ԼՂՀ տարածքներով անցնող միջազգային նշանակության ցամաքային ճանապարհները ՀՀ-ի և ԼՂՀ-ի կողմից մշտապես բաց կամ միայն տրանզիտ անցումներով (առանց կանգառի և կայանելու իրավունքի) պահելու մասին»:
2. «Պատերազմներն ու պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունները միջազգային և ներպետական իրավական միջոցներով կանխարգելելու ՀՀ արտաքին քաղաքականության մարտավարության և ռազմավարության մասին» ՀՀ Օրենքը:
3. «Խաղաղության, խաղաղ համակեցության, ինչպես և քաղաքակրթական՝ կյանքի ու կենսագործունեության, անվտանգության ու զարգացման ՀՀ արտաքին քաղաքականության մարտավարության և ռազմավարության մասին» ՀՀ Օրենքը:
Հանրային խորհրդի 12 հանձնաժողովներին առաջարկում ենք
առանց հապաղելու նախաձեռնել նշված երեք օրենքների նախագծերի և նրանցում ներառվելիք առանձին հատուկ դրույթների քննարկումներ:
«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
29 մայիս, 2009 թ.
Երևան
|