asala
Main page   Contact   

 

Հայտարարություններ

Բաց նամակ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանյանին

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Շվեյցարիայի միջնորդությամբ նախաստորագրված արձանագրություններում ահաբեկչությանը վերաբերող կետի ձևակերպման կապակցությամբ

Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրությունում տեղ գտած ձևակերպումները ստիպում են մտածել, որ. ա) կամ՝ արձանագրությունները գրվել են մի երրորդ երկրում, օրինակ՝ ԵՄ-ի արտաքին հարաբերությունների գերատեսչությունում, և այդ տեսքով պարտադրվել Թուրքիայի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին,
բ) կամ՝ արձանագրությունները կազմելիս առավել սկզբունքային, անզիջող, պարտադրող ու ակտիվ են եղել Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը և ներկայիս արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն և, համապատասխանաբար, առավել անսկզբունք, զիջող, երկչոտ ու պասիվ է եղել ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը,
գ) և կամ՝ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը սխալ է հասկացել ՀՀ ժողովրդի կողմից իր վրա դրված պարտավորությունները և ՀՀ-ի ու ԼՂՀ-ի շահերը պաշտպանելու փոխարեն ամբողջությամբ կողմ է եղել Թուրքիայի արտգործնախարարների առաջադրած Թուրքիայի և Եվրոմիության շահերը պաշտպանող բոլոր հիմնական մոտեցումներին, որոնք էլ ամբողջությամբ տեղ են գտել արձանագրություններում և այժմ հարուցում են հայ հասարակական-քաղաքական մտքի զարմանքն ու դժգոհությունը միաժամանակ:
Սույնով կքննարկենք արձանագրությունում տեղ գտած ձևակերպումներից մեկը միայն, ահա սա.

«Դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից և խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում»:

Նախ քննարկենք՝
«Ովքե՞ր են ահաբեկիչները» թուրքական կողմի համար հարցը.

Նկատենք, որ տեքստում բաց է թողնված մեր ժամանակներում այնքան հաճախակի հանդիպող և գերտերությունների ղեկավարների ու պաշտոնյաների բառապաշարում 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո լայն շրջանառության մեջ դրված ու շարունակ կրկնվող ձևակերպումներից մեկը՝ «միջազգային» տերմինը, որը սովորաբար հանդիպում է այս տեսքով՝ «միջազգային ահաբեկչություն»: Հարց է ծագում, ինչո՞ւ «միջազգային ահաբեկչություն» սիամական երկվորյակներ դարձած բառակապակցության փոխարեն արձանագրություններում գրված է «ահաբեկչություն», և ովքե՞ր են թուրքական կողմի համար «ահաբեկիչները»:
Եթե հիշենք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2009-ի ապրիլին Թուրքիա կատարած իր այցելության ընթացքում արած հայտարարությունը, որ Թուրքիան այսուհետ պետք է պայքարի ոչ միայն Քրդական Բանվորական Կուսակցության, այլև Ալ Քաիդայի դեմ, ապա հնարավոր է, որ քրդերն ու իսլամ ծայրահեղականները: Սակայն հաշվի առնելով, որ իսլամ ծայրահեղականները, մասնավորապես, Հյուսիսային Կովկասի ժողովուրդներից ընտրված մարտիկները թաքնվում, բուժվում, դադար են առնում Թուրքիայում, ապա այդ վարկածը քիչ հավանական է թվում: Ուրեմն հաստատվում են այն հիմնավոր կասկածը, որ այս ձևակերպման տակ թուրքական կողմը հասկանում է, թե «ահաբեկիչներ» են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ֆիդայիները, Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ Ապարանի հերոսները, «Նեմեսիսի» վրիժառուները, Հայաստանի Ազատագրության Հայ գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ-ի), Հայոց Ցեղասպանության Արդարադատության Մարտիկների (ՀՑԱՄ-ի) նվիրյալները, Արցախյան ազատագրական պայքարի ազատամարտիկները…

Իսկ «Ովքե՞ր են ահաբեկիչները» հայկական կողմի համար.
Լավագույն դեպքում, եթե քաջությունը այդքան ների, Հրանտ Դինքին սպանած ոճրագործները: Բայց արդեն նշվում է և թուրքական դատարանն էլ հաստատում է, որ նրանք գործել են մենակ և թիկունքում կազմակերպված հանցավոր խումբ կամ կազմակերպություն չի գործել:
Քանի որ «միջազգային» բառը չկա արձանագրությունում և քանի դեռ «միջազգային ահաբեկչությունը» մուտք չի գործել ՀՀ ու ԼՂՀ, ուրեմն նրանք էլ չեն:
Մնում է ՀՀ արտգործնախարարին հարցնել, իսկ մի՞գուցե երիտթուրք պարագլուխներին նկատի ունի հայկական կողմը, որոնց 1919 թ. Կ. Պոլսի հատուկ ռազմական ատյանը մահվան դատապարտեց Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու և սեփական երկրի քաղաքացիների կոտորածներն ու բռնագաղթը կազմակերպելու մեղադրանքներով(1): Բայց ո՛չ: Այդ մասին ընդհանրապես չհիշելու և չմտածելու ձևակերպումն էլ կա արձանագրություններում. «Հաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց»:
Ուրե՞մն, ի՞նչ է հասկացել ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը այդ ձևակերպման տակ և ինչպես է պատրաստվում այս ու այլ դրույթներ պաշտպանել և ստորագրել դրանց տակ:

Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների նախապատմությունը.
Մենք վերոնշյալ ձևակերպումներին դեռ կանդրադառնանք, հիմա փորձենք հասկանալ ևս մեկ կարևոր խնդիր. ին՞չ եք կարծում, էլ որտե՞ղ կարող էիք տեսած լինել արձանագրություններում հանդիպող այս ձևակերպումները: Դուք կարող եք չիմանալ, բայց ՀՀ արտաքին նախարարության գլխավոր պաշտոնյան չէր կարող ծանոթ չլինել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների նախապատմությանը, որոնք սկիզբ են առել 1918-ին՝ Բաթումի պայմանագրով:
Մենք այստեղ կներկայացնենք 1918-1921 թթ. կնքված Բաթումի, Ալեքսանդրապոլի, Մոսկվայի, Կարսի պայմանագրերի այն հոդվածները, որոնք հար և նման են արձանագրության մեջ հանդիպող «Դատապարտելով ահաբեկչությունը…» կետի ձևակերպմանը:

1918-ի հունսի 4-ին Բաթումում(2) ստորագրված պայմանագրի 4-րդ, 5-րդ և 11-րդ հոդվածներում գրված է.

Հոդված IV. Օսմանյան կայսերական կառավարությունը պարտավորվում է զենքի ուժով օգնություն ցույց տալ Հայկական Հանրապետության կառավարությանը այն դեպքում, եթե վերջինս այդ օգնությունը կխնդրի նրանից՝ երկրում կարգն ու հանգստությունն ապահովելու համար:
Հոդված V. Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործուն կերպով հակազդել, որպեսզի ոչ մի բանդա չկազմավորվի և չզինվի իր տերիտորիայի սահմաններում, ինչպես և զինաթափել ու ցրել բոլոր բանդաները, որոնք կփորձեն թաքնվել այնտեղ:
Հոդված XI. Հայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ էվակուացվեն այնտեղ գտնվող բոլոր հայկական զինվորական ուժերը, ինչպես և ապահովել, որ այդ էվակուացումը առիթ չտա որևէ ընդհարման:

Ուշադրություն դարձրեք 5-րդ հոդվածին, որտեղ խոսվում է «զինված բանդաների» մասին: Պարզից էլ պարզ է, որ խոսքը հայ ֆիդայիների խմբերի և Զորավար Անդրանիկի 1-ին հարվածող զորամասի մասին է, որին 5-րդ հոդվածի պահանջի համաձայն պետք է զինաթափել: Ինչո՞վ նման չէ «ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու» արձանագրության մեջ նշված կետին: Մնում էր միայն, որ մեր նախարարը հավատարիմ մնար 11-րդ հոդվածի պահանջներին, այսինքն՝ բանակցեր նաև «ԼՂՀ-ից հայկական ինքնապաշտպանական ուժերի դուրս բերման և այդ ընթացքում որևէ բախման առիթ չտալու» պայմանների վերաբերյալ և այդպիսի կետ ներառեր արձանագրության մեջ:
Չէ որ, եթե այսքանը արվել է, մնացածն էլ կարելի է անել ու ձևակերպել… Դա կլինի հայկական նոր դիվանագիտության հաղթանակը նոր ժամանակներում, որն անվերապահորեն կ”ողջունեին միջազգային ընտանիքի քաղաքական վերնախավի ծանոթ պաշտոնյաները:

Ուշագրավ են 1920-ի դեկտեմբերի 2-ին ստորագրված Ալեքսանդրապոլի(3) պայմանագրի 4-րդ, 5-րդ, 12-րդ հոդվածները և նրանց համահունչ լինելը մեր ժամանակներին.

4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է, բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով: Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել և այնտեղ դնել ծանր հրանոթներ... այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի և հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում:
5. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երևանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն և հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով: Իր կողմից Թուրքիայի... կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը և երբ Հայաստանի հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով:
12. Թուրքիայի... կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի... տերիտորիայում:

Այն մասին, որ արձանագրությունները «իրավական հիմքեր» են ստեղծում երրորդ երկրների համար միջամտելու ՀՀ-ի և ԼՂՀ- ներքին գործերին՝ նշել ենք մեր Առաջարկում(4): Այստեղ միայն նշենք, որ մամուլում ամիսներ առաջ եղավ հրապարակում այն մասին, որ թուրքական ընկերությունը զեղջ գներով ոստիկանական զրահատեխնիկա է տրամադրում ՀՀ-ին(5):
Իսկ ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկը(6) մի հոդվածում գրում է. «Ինչպես հաղորդում են թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները, քուրդ զինյալները, մասնավորապես՝ Քրդստանի Բանվորական Կուսակցության (ՔԲԿ) գրոհայինները, ստանալով Երևանում հայկական կառավարության գաղտնի աջակցությունը, սկսել են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից գրավյալ առանձին շրջաններում»:
Այսինքն, Ստեֆան Բլանկը իր կողմից օգնում ու աջակցում է, որ Թուրքիան «քուրդ ահաբեկիչներ» «փնտրի» ու «գտնի» ՀՀ-ում և ԼՂՀ-ում: Հասկանալի է, թե ինչու: Բայց հասկանալի դարձավ արդյո՞ք, թե՞ մեր երկրի արտաքին գործերի նախարարն ինչո՞ւ է օժանդակում սուտ և կեղծ տեղեկատվության վրա հիմնված սադրիչ գործընթացների ծավալմանն ապագայում:

Մեզ հետաքրքրող նյութի շրջանակներում ուշագրավ են նաև 16 մարտի, 1921 թ. Մոսկվայում ստորագրված Ռուս-թուրքական պայմանագրի(7) 8-րդ և 15-րդ հոդվածները.

Հոդված 8. Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի(8) առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ: Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաև Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ:
Համարվում է որոշված, որ սույն հոդվածում հիշատակված թուրքական տերիտորիայի տակ հասկացվում է այն տերիտորիան, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և Քաղաքացիական անմիջական կառավարման ներքո:
Հոդված 15. Ռուսաստանը պարտավորվում է Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ դիմել քայլերի(9) , որպեսզի այդ հանրապետությունների կողմից Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագրում անպատճառ ճանաչվեն սույն Պայմանագրի այն հոդվածները, որոնք անմիջաբար վերաբերում են իրենց:
Ինչպես տեսնում եք, սադրանքի, ստի ու կեղծարարության նույն մեխանիզմն է գործում նույն նպատակով. թույլ չտալ հայությանը բնական և օրինական ինքնապաշտպանություն կազմակերպել և իր ոտնահարված իրավունքները պահանջել:

13 հոկտեմբերի, 1921 թ. Կարսում(10) ստորագրված հնգակողմ(11) պայմանագրում ամբողջությամբ կրկնվել է Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածը.

Հոդված 10. Պայմանավորվող կողմերր պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունր, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում են իրենց տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն Է պայքարը մյուս երկրի դեմ:
Համարվում Է որոշված, որ սույն հողվածում հիշատակված թուրքական տերիտորիայի տակ հասկացվում Է այն տերիտորիան, որը գտնվում Է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և քաղաքացիական անմիջական կառավարման ներքո:

Նկատեցիք արդեն, որ Կարսի պայմանագրի 10-րդ հոդվածը Բաթումի պայմանագրի 5-րդ հոդվածի, Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ, 5-րդ, 12-րդ հոդվածների, Մոսկվայի պայմանագրի 8-րդ հոդվածի կրկնությունն է: Դրանց բոլորի նպատակը նույնն է. զրկել հայությունն ու Հայաստանը ինքնապաշտպանության իրավունքից, որպեսզի դյուրին լինի Հայաստանի նկատմամբ ագրեսիա, բռնազավթում, կոտորած իրականացնելը, որպեսզի «օրինականացվի» Հայաստանից ու հայությունից գողացածն ու թալանածը անպատիժ լափելն ու յուրացնելը:
Դա մեկ այլ՝ քողարկված, ձևակերպմամբ տեղ է գտել վերոնշյալ արձանագրություններում որպես՝ «Դատապարտելով ահաբեկչությունը..», իբրև թե անմեղ, իբրև թե «միջազգային ահաբեկչության» դեմ «համագործակցելու» հանձնառություն: Ամիսներ առաջ նույն բանին էր հետամուտ Սիդնեյի համալսարանի դասախոս Արմեն Կաքավյանը(12), երբ առաջարկում էր թուրքերից ներողություն խնդրել ԱՍԱԼԱ-ի կատարած սպանությունների համար, որոնք իր կարծիքով՝ «բարոյապես արդարացված չէին միջազգային իրավունքի տեսակետից»: Իսկ քանի որ դա անհնար է անել «միջազգային ահաբեկչության» քողարկմամբ, պետք է բառակապակցությունից դուրս նետել «միջազգային» բառը և խնդրին տալ ավելի մեծ ընդգրկում… այնպես չէ՞:
Արձանագրություններում ներառված միայն այս կետի հենց այսպիսի ձևակերպումը բավարար հիմք է դրանց ո'չ ասելու, արձանագրությունները չստորագրելու, չվավերացնելու համար:
Հետագա մեկնաբանությունները ավելորդ են: Կարելի էր բավարարվել միայն հոդվածները ներկայացնելով, ընթերցողը ինքը կհասկանար խնդիրը: Այնուհանդերձ, պայմանագրերն ամբողջությամբ ներկայացնում ենք մեր նյութին կից, ցանկացողները կարող են ծանոթանալ դրանց ամբողջական բովանդակությանը, մի բան, որ պետք է արած լիներ ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը նախքան Շվեյցարիայում հայ-թուրքական գաղտնի բանակցություններին մասնակցելը:

Հայ դիվանագետի պարտքն ու պարտականությունը.
ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ազատության, անկախության և ինքիշխանության համար հայ զինվորն ու ազատամարտիկը նվիրաբերեցին մարդու համար ամենաթանկ բանը՝ սեփական կյանքը: Հայ զինվորի ու ազատամարտիկի թիկունքը՝ ընտանիքը, ծնողը, քույրն ու եղբայրը, երեխան ու կինը՝ անձնական զրկանքների ու տառապանքների գնով ապահովեցին վերջնական հաղթանակը: Հայ դիվանագետը ի՞նչ է, հայ ժողովրդի և հայոց ազգային-պետական համակարգի մասը չէ՞, որ որպես մի մորթապաշտ, ազգային-պետական շահերը պաշտպանելու փոխարեն՝ գրչի մի հարվածով փորձի փոշիացնել այսօրինակ թանկ գնով ձեռք բերված ազատությունը, ինքնիշխանությունը, իր հերոսներին ու նրանց նվիրումով ձեռք բերված հաղթանակը: Սովորական ձևակերպումով դա կոչվում է՝ ազգային-պետական դավաճանություն, որի համար ռազմական դրության ժամանակ այլ բան է նախատեսված, բայց քանի դեռ ՀՀ-ում ռազմական դրություն չկա, չնայած հրադադարի իրողության, որն ինքնին ռազմական դրություն է, նաև շնորհիվ այն բանի, որ արձանագրությունները դեռևս վավերացված չեն, կարելի է առայժմ ՀՀ արտգործնախարարի հրաժարականը պահանջել, թեև ճիշտ կլիներ ՀՀ արդարադատության ուշադրությունը հրավիրել այս գործընթացի աղաղակող մանրամասների վրա:

__________________
Ծանոթագրություն
1. Տե՛ս, «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի», Առաջաբանը, թարգմանությունը և ծանոթագրությունները Ա. Հ. Փափազյանի, պատասխանատու խմբագիր` Ռ. Գ. Սահակյան, Հայկ. ՍՍՀ ԳԱ հրտ., Երևան, 1989:
2. Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության և արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝ 1828-1923», «Հայաստան» հրտ., Երևան, 1972, էջ 531:
3. Նույն տեղում՝ էջ 683:
4. Տե՛ս, Առաջարկ՝ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և քաղաքական վերնախավին, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Շվեյցարիայի միջնորդությամբ նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ, 22.09.2009: http://www.oukhtararati.com/haytararutyunner/arajark
5. «Նոյան Տապանը» տեղեկացնում է, որ «Թուրքական ընկերությունը ծրագրում է զրահատեխնիկա վաճառել Հայաստանին: Թուրքական “Nurol Makina ve Sanayi” ընկերությունը Հայաստանի հետ վարում է հասարակական իրադարձություններին միջամտելու ժամանակ օգտագործվող զրահատեխնիկայի առք ու վաճառքի վերաբերյալ բանակցություններ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Հյուրրիյեթ» օրաթերթը, հայտարարել է ընկերության փոխտնօրեն Թանժու Թորունը»: (05.02.2009, Azg.am)
6. ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկ, «Քրդական հարցը և Լեռնային Ղարաբաղը»: Eurasianet, http://www.warandpeace.ru/ru/analysis/view/23757/
7. Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության և արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝ 1828-1923», «Հայաստան» հրտ., Երևան, 1972, էջ 499:
8. Սրանով էր պայմանավորված, որ 1922-ից մինչև 1991-ը Մոսկվան արգելում էր հայությանը և Հայաստանին հիշել 1915 թ. Մեծ եղեռնը: Ինչպես և այն, որ 1988 թ. նոյեմբերի 22-ին Խորհրդային Հայաստանի կողմից ցեղասպանության դատապարտումը ԽՍՀՄ-ը ինքը ոչ միայն չճանաչեց, այլև չկատարեց սահմանադրական իր պարտավորությունը, այն է՝ հայցը Խորհրդային Հայաստանի անունից ներկայացնել ՄԱԿ և ՄԱԿ-ի Միջազգային դատարան:
9. Պարտադրելու քայլերը միայն Հայաստանին էին վերաբերում, քանի որ Վրաստանը և Ադրբեջանը երկու ձեռքով ու ոտքով կողմ էին Հայաստանից բռնանջատվող տարածքները իրենց կցելու:
10. Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության և արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝ 1828-1923», «Հայաստան» հրտ., Երևան, 1972, էջ 517:
11. Ստորագրել են Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան և Ռուսաստանը:
12. Տե՛ս, «Ուխտ Արարատի» Հայտարարությունը` թիվ 7, տե՛ս նաև, «Ուխտ Արարատի» պարբ., Հայ ժողովրդի ինքնապաշտպանության բնական, նաև միջազգային իրավունքի մասին, թիվ 1/17, 2009, էջ 22: http://www.oukhtararati.com

«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
24 սեպտեմբերի, 2009 թ.

 

 



2008—2011 © oukhtararati.com