








|
 |
Հայտարարություններ
Բաց նամակ
Լոս Անջելըսի «Նոր օր» թերթի նախկին խմբագիր Վաչէ Սեմերճեանին
Բեյրութի «Զարթօնք» թերթում 2010-ի Հունվարի 21-ին հրատարակված «Անդրանիկ Անդրէասեան` կուսակցական եւ վաստակավոր խմբագիրը» հոդվածի «Անդրէասեան եւ ԱՍԱԼԱ-ն» բաժնում արտահայտած մտքերի կապակցությամբ
Վերջին տարիներին գրեթե սովորության ուժ է ստացել ամեն տարվա Հունվար ամսին, երբ նշվում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի` ԱՍԱԼԱ-ի, կազմավորման հերթական տարեդարձը, ամենատարբեր որակի ու ճաշակի հոդվածներ հրապարակել ԱՍԱԼԱ-ի գործունեության հետ կապված: Դրանցից մեկն էլ, ըստ երեւույթին, վերոհիշյալ հրապարակումն է: Մենք հավատարիմ մնալով տարածաշրջանային արտաքին եւ ներքաղաքական զարգացումների տրամաբանությանը հետեւելու եւ հայությանն ու Հայաստանի Հանրապետությանն ուղղված հերթական սպառնալիքները վեր հանելու ու բացահայտելու մեր մարտավարությանը` մեծ կարեւորություն չենք տալիս այդ հրապարակումներին: Այդպես կարող էր լինել եւ այս դեպքում, եթե հոդվածում արտահայտված որոշ մտքեր վտանգավոր չլինեին հայոց ազգային պետական անվտանգության տեսակետից:
Հոդվածագիրը անդրադառնալով Գերսամ Ահարոնյանի եւ Անդրանիկ Անդրեասյանի գրական-հրապարակախոսական վաստակին հետեւյալ դիտարկումներն է կատարում. «…Անոնք կը հավատային որ Հայ Դատին այդպիսի փրոփականտին շնորհիւ կարելի էր Սփիւռքը արթուն պահել իր Դատին նկատմամբ» եւ ապա քիչ ներքեւ` «Անդրէասեան եւ ԱՍԱԼԱ-ն» բաժնում` շարունակում. «Իր տեսակին մէջ նորութիւն մը` հայ խմբակի մը հետապնդած զինեալ պայքարը թրքական թիրախներուն դեմ, թուրք դիւանագէտներուն ահաբեկումները եւ թրքական շահերու դէմ վնասարարութիւնը բոլորովին նոր ոճի պայքար մըն էր, որուն դժուար թէ պատրաստ ըլլար Անդրէասեան դրական վերաբերում ցույց տալու»:
Մի կողմ թողնելով այն հարցը, որ ԱՍԱԼԱ-ի նահատակների թիվը միայն անցնում է չորս տասնյակը եւ ինքնին հաստատումն է «խմբակի մը» ձեւակերպման անպարկեշտության: Մի կողմ թողնելով բազմաթիվ անճշտությունները, որոնք հոդվածագիրը մի զարմանահրաշ աճպարարությամբ կարողացել է խցկել այդ փոքր հատվածում: Մի կողմ թողնելով այն, որ «Անդրէասեանին եւ… հայ դասական խմբագիրներուն» պարզապես պատրվակ է հայոց նորագույն զինյալ ազատագրական պայքարի ձեռքբերումներն ու արդյունավետությունը կասկածի ենթարկելու: Մի կողմ թողնելով այն հարցը, որ բոլոր թույլ տրված սխալներին պատասխանելու համար հոդվածների մի ամբողջ շարք կպահանջվեր, թեեւ դրանց լավագույն պատասխանը ԱՍԱԼԱ-ի մասին գրված հայալեզու, թե օտար` բազմաթիվ գրքերն ու հոդվածներն են, մենք կենտրոնանանք գլխավորի վրա:
Ինչո՞ւ, Հայկական հարցի վերածնունդից շուրջ 50 տարի անց, երբ 1965-75 թվականներին արդեն քննարկվել եւ գտնվել էին այն հարցերի պատասխանները, թե սփյուռքահայության ձեռնարկած քարոզչամիջոցները բավարար չեղան Հայկական հարցը հետապնդելու, կրկին հրապարակ է նետվում «փրոփականտի մը», այսինքն` «քարոզչության» եզրը` գաղափարը: Արդյո՞ք սա փորձ չէ Հայկական հարցի հետապնդումը կրկին քարոզչության հուն վերադարձնելու եւ կամ ընդամենը տարբեր պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ոլորտում պահելու` այն դեպքում, երբ 1975-ից սկսած, հիմնականում ԱՍԱԼԱ-ի շնորհիվ, հայ ազգային ազատագրական պայքարը բովանդակալից ու արդյունավետ մի ուսանելի ճանապարհ անցավ:
Վերջին տասը տարիներին եւ, մանավանդ, Հայաստան - Թուրքիա Արձանագրությունների ի հայտ գալուց ի վեր, ավելի ու ավելի է երեւակվում այն փաստը, որ ԱՄՆ - Շվեյցարիա - Եվրոմիություն ալյանսը ձգտում է Հայկական հարցի լուծումը կրկին մտցնել փակուղի: Այդ նպատակին հասնելու համար նրանք ձգտում են.
ա/ Ամեն գնով մոռացության մատնել ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. Նոյեմբերի 22-ին կայացրած Իրավարար վճիռը Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբերյալ (1):
բ/ Ամեն կերպ շրջանցել ՄԱԿ-ի 1948 թ. Դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա պատժի մասին» Կոնվենցիան:
Ցեղասպանության Կոնվենցիան շրջանցելու միջոցով փորձ է արվում շրջանցել ցեղասպանության հետեւանքների վերացման հարցը, իսկ Հայաստանի Հանրապետություն - Թուրքիայի Հանրապետություն Արձանագրությունների վավերացման միջոցով` չեզոքացնելու Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որից հետո, երբ իբրեւ թե Արեւմտյան Հայաստանը վերածվում է ոչ մեկին չպատկանող տարածքի, հնարավոր է դառնում այն նվիրաբերել, օրինակ, քրդերին…(2) Զուգահեռ, երբ կասեցվում է նաեւ հայ ազգային ազատագրական պայքարը, թվում է, թե այլեւս ոչինչ չի կարող խանգարել նրանց` քայլ առ քայլ իրականացնելու իրենց հանցագործ ծրագրերը:
Այնպես որ, եթե հարկ լինի, ԱՄՆ-ն ու Ճապոնիան, Իսրայելն ու Մեծ Բրիտանիան ոչ միայն իրենք կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, այլեւ Թուրքիային կպարտադրեն անել դա, բայց հայության համար սեփական իրավունքներից հրաժարվելու, հողային եւ հատուցման պահանջներ չներկայացնելու, առաջ նայելու եւ թուրքերի հետ հաշտվելու նախապայմանով (3):
Հայ մտավորականներից, հրապարակախոսներից, քաղաքական գործիչներից ո՞վ է համաձայն այս հանցագործ ծրագրերին, ո՞վ է պատրաստ աջակցել դրանց իրականացմանը. ահա գլխավոր հարցադրումը: Մնացյալն այսօր անցողիկի ու երկրորդականի շարքին է, թեեւ մնացյալի պատասխանն էլ կարող էինք տալ, բայց մեր փոխարեն թող խոսեն փաստերն ու պատմաբանները:
1981 թվականին, Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունից 60 տարի անց առաջին անգամ Հայկական հարցի լուծման խնդիրը բարձրացվեց միջազգային իրավական - քաղաքական հարթություն: ԱՍԱԼԱ-ի առաջին քաղբանտարկյալ Արա-Ալեքսանդր Ենիգոմշյանը շվեյցարական դատարանում հայտարարեց.
«Աւելին կրնամ ըսել: Եթէ երբեք բիրտ ուժի դիմելը ընդհանրապէս նկատուած է իբր յանցանք կարգ մը երկիրներու օրէնքներուն կողմէ, նոյնն է պարագան, երբ բիրտ ուժի կը դիմուի՝ մեզ արգիլելով մեր հարցը լուծելու: Մեզ մղեցին գործածելու համար մեր ուժը: Եթէ մեզ կ’ուզեն դատապարտել, քանի որ մենք ուժ գործածեցինք, ուրեմն պէտք է նաեւ դատապարել անոնց, որոնք մեզ մղեցին գործածելու այս բիրտ ուժը, Թուրքիան եւ միւսները:
Հայկական հարցը գոյութիւն ունի եւ պէտք է անոր լուծում մը գտնել:
Բոլոր կարելի միջոցները, որոնք այս հարցը լուծումի մը կրնային հասցնել, գիծ քաշուեցաւ: Միայն մնաց զինեալ պայքարի ուղին: Եթէ կ’ուզեն նոյնպէս արգիլել այս միջոցը, այն ժամանակ թող հայ ժողովուրդը քարտէսին վրայէն աւրեն:
Ահա թէ ինչու` հայ ժողովուրդը զինեալ պայքարը ընտրեց:
Ահա թէ ինչու` մարտնչող կազմակերպութիւնները ստեղծուեցան»:
Իսկ ահա թե ինչ է ասում խնդրո առարկայի վերաբերյալ հայրենի պատմաբան Լենդրուշ Խուրշուդյանը.
«Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի տարաձայնություններ են գոյություն ունեցել այդ կազմակերպությունների միջեւ, որ կուսակցությանն են հարել, ինչ գաղափարախոսություն են դավանել, բոլոր այն երիտասարդները, որոնք զենքը ձեռքին պայքարել են կորցրած հայրենիքի ազատագրման համար, որպես ազգային հերոսներ, իրենց արժանվույն տեղն են գրավել Հայոց նորագույն պատմության մեջ:
Սփյուռքահայ երիտասարդության անձնազոհ ահաբեկչական պայքարի շնորհիվ Հայկական հարցը դուրս եկավ մոռացության շրջանից եւ նորից միջազգային ճանաչում գտավ:
Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ձեռք բերվեցին զգալի հաջողություններ, որոնք շատ ավելի մեծ կարող էին լինել, եթե Սփյուռքը միասնական լիներ եւ Խորհրդային Հայաստանն էլ հանդես գար որպես պահանջատեր»:
Լուրջ մեղադրանքի նման է հնչում, այնպես չէ՞. «եթե Սփյուռքը միասնական լիներ»: Իսկ այսօր Սփյուռքը միասնակա՞ն է այս հարցում, իսկ Հայաստանի Հանրապետությունը պահանջատե՞ր է: Դատելով վերոհիշյալ հոդվածից` խորհելու շատ բան ունենք: Թեեւ մեկ հարցում կարող ենք վստահ լինել. Հայոց ցեղասպանության փաստը շրջանցելու փորձերը ենթակա են քրեական պատասխանատվության` որպես նոր ցեղասպանության քարոզչություն, իսկ հայոց ազգային ազատագրական պայքարի եւ ինքնապաշտպանության իրավունքի դեմ ուղղված բոլոր ոտնձգությունները ենթակա են համազգային պարսավանքի ու դատապարտված` լիակատար ձախողման:
Ներկա եւ գալիք բոլոր հաղթանակները մերն են լինելու:
«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն
24 Փետրվար 2010 թ.
Ծանոթագրություն
1. Տես, Արա Պապյան, Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները (հոդվածների ժողովածու), Երեւան, 2007:
2. Տես, ԱՄՆ բանակի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի «Միջին Արեւելքի նոր քարտեզը ըստ արյունակցական կապերի եւ հավատի նմանությունների» հոդվածն ու կից քարտեզը: («Ազգ» օրաթերթ, 25 Օգոստոս 2006 թ., «Ուխտ Արարատի» պարբերական, թիվ 4/10, 2006, էջ 1-4):
3. Տես, ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Դենիել Ֆրիդի խոսքը: «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված լսումներին, ելույթ է ունենում ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, ապա եւ պատասխանում հարցերին: Ելույթում Ֆրիդը Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցումը պայմանավորում է «նուրբ եւ ցավալի» հիմնախնդիրների հաղթահարմամբ եւ ասում. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի: Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա դժվար լինի»: («Ազգ» օրաթերթ, 20 Հունիս 2008 թ.):
Տես, «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» 1987-ին Եվրոխորհրդարանի ընդունած բանաձեւը, Լենդրուշ Խուրշուդյան, «Հայկական հարցը», Երեւան, 1995, էջ 65-69:
Հ.Գ. - Բաց նամակին կից ներկայացնում ենք Արա-Ալեքսանդր Ենիգոմշյանի 1981-ին շվեյցարական դատարանում արտասանած խոսքը, Լենդրուշ Խուրշուդյանի «Հայկական հարցը» գրքից «Սփյուռքահայությունը եւ Հայկական հարցը, Հայկական հարցի վերածնունդը» հատվածը, որտեղ հատուկ ուշադրության են արժանի «Ժողովուրդների մշտական դատական ատյանի» 1984-ի վճիռը եւ «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Եվրոպառլամենտի 1987-ի բանաձեւը: Ըստ էության, հենց Եվրոպառլամենտի բանաձեւի դրույթներն են վերցվել որպես հիմք` Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների կետերը շարադրելիս:
«Զարթօնքի» եւ «Նոր օրի» խմբագիրներին խնդրում ենք հրապարակել նաեւ այս Բաց նամակը, ինչպես հրապարակել են «Անդրանիկ Անդրէասեան` կուսակցական եւ վաստակավոր խմբագիրը» հոդվածը:
Մեր կազմակերպության հնգամյա աշխատանքներին կարող եք ծանոթանալ` www.oukhtararati.com կայքում:
|