:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Հայտարարություններ

Ա ռ ա ջ ա ր կ

Հայաստանի Հանրապետության իշխանություններին և քաղաքական վերնախավին

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Շվեյցարիայի միջնորդությամբ նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ

Արձանագրություններում առկա հիմնական վտանգը.
Սույն արձանագրությունների անաչառ քննարկումներում, ընդհանուր առմամբ, հատուկ նշվում է այն մասին, որ դրանք պարունակում են նախապայմաններ, բայց ուշադրություն չի դարձվում այն փաստի վրա, որ արձանագրությունների ստորագրմամբ Թուրքիան, Ադրբեջանը և այլ շահագրգիռ երկրներ և միջազգային կառույցներ իրական լծակներ են ստանում միջամտելու ԼՂՀ-ի, ՀՀ-ի ներքին գործերին, խառնվելու ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջպետական հարաբերություններին: Ավելին, ստանում են ճնշման, ներգործության, միջամտության, անգամ ԼՂՀ-ի և ՀՀ-ի դեմ ագրեսիա և պատերազմ սկսելու «իրավական հիմքեր»:
Քաղաքագետներից ու վերլուծաբաններից շատերը փորձում են համոզել, թե այս համաձայնությունը անհրաժեշտ է ապագայի լուրջ վտանգներից պաշտպանելու համար հայությունն ու Հայաստանը: Սակայն իրողությունը ճիշտ հակառակն է: Արձանագրությունների վավերացումն է վտանգելու Հայաստանն ու հայությունը, որովհետև հարվածելու է Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը և զրկելու է նրան ինքնապաշտպանության բնական և օրինական բոլոր միջոցներից:

Արձանագրություններին որպես այլընտրանք առաջարկվող քայլերի հիմնավորումը.
Անտարակույս, պետությունների և ազգերի միջև հակամարտությունների կարգավորման ճանապարհներից մեկը բանակցելն է, ճիշտ է՝ հաճախ կասկածելի ու վիճահարույց սկզբունքների ու որոշումների ընդունմամբ : Մյուսը` միջազգային իրավական նորմերին ու սկզբունքներին հետևելը՝ միջազգային իրավական ատյանների օրինական լուծումներով: Բայց հանցագործն ու զոհը, ագրեսորն ու ագրեսիայի ենթարկվածը չէ, որ պետք է բանակցեն. հանցագործության վերաբերյալ վերջնական որոշում կայացնում են միջազգային իրավասու ատյանները՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:
Մինչ այդ, բոլոր ձևաչափերով ընթացող՝ գաղտնի, թե հայտնի բանակցությունները, լավագույն դեպքում, կարող են ձգձգել առկա խնդիրների լուծումները, իսկ դեպքերի ոչ բարենպաստ զարգացման պարագայում՝ հրահրել նոր ագրեսիա ու ցեղասպանական գործողություն: Ակնհայտ է, որ հրադադարից սկսած բոլոր բանակցությունների «առաջընթացի» ու «ձեռքբերումների» վերաբերյալ հրապարակումներն ու հայտարարությունները հանգել են պատերազմի ու ցեղասպանության միջնորդված, թե բացահայտ քարոզչության:
Սա է իրողությունը, որն այսօր արդեն անհնար է չտեսնել:
Ազգերն ու ժողովուրդները չէ որ՝ քարոզում, հրահրում, կազմակերպում ու սանձազերծում են հակամարտություն, պատերազմ և ցեղասպանություն: Այդ ամենը անում են տերությունների քաղաքական վերնախավերը` որոշակի անուն, ազգանուն և պաշտոն ունեցող անձինք՝ ստի, կեղծիքի, խաբեության և ապատեղեկատվության տարածման միջոցով: Ահա այսօր էլ, նախաստորագրված արձանագրությունները ողջունած երկրների ու միջազգային կառույցների, այդ թվում` ԱՄՆ պետքարտուղարության, ԵՄ արտաքին հարաբերությունների, ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի ու ՆԱՏՕ-ի ղեկավարության, Ռուսաստանի, Ֆրանսիայի արտաքին գործոց գերատեսչությունների քաղաքական վերնախավերը՝ տարածաշրջանում կուտակված խնդիրներին միջազգային իրավունքում ընդունված նորմերի և սկզբունքների համաձայն լուծումներ տալու փոխարեն, գիտակցաբար, թե ոչ, ձգձգում են հակամարտությունների իրավական արդարացի հանգուցալուծումները՝ ընթացքում իրականացնելով ցեղասպանություն իրականացրած հանցագործին հովանավորելու, Կովկասյան տարածաշրջանում նոր ագրեսիա, պատերազմ ու ցեղասպանական գործողություն քաջալերելու քարոզչություն և քաղաքականություն : Հիշենք, որ 1948թ. ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն` «Ցեղաuպանություն կամ 3-րդ հոդվածում թվարկված որեւէ արարք կատարած անձինք ենթակա են պատժի՝ անկախ այն բանից, նրանք uահմանադրությամբ պատաuխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մաuնավոր անձինք»:

Արձանագրություններին փոխարինող հիմնական առաջարկը.
Հայաստանի Հանրապետության իշխանություններին և քաղաքական վերնախավին առաջարկում ենք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու և Արցախյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար ընտրել հակամարտությունների և հարաբերությունների կարգավորման միջպետական հարաբերությունների պրակտիկայում առկա, ներկայումս միակ, առնվազն հարյուրամյա փորձով արդարացված՝ միջազգային իրավունքի և օրինականության ուղին.
1915-23 թթ. Հայոց ցեղասպանությունը դատապարտելու և ցեղասպանության հետևանքները վերացնելու հայցերով դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան, համաձայն՝
-ՀՀ Մայր Օրենքի՝ Հայաստանի Անկախության Հռչակագրի պահանջի (23.08.1990 թ.), և
-ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի Օրենքի Որոշման (22.11.1988 թ.)

«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
21 սեպտեմբերի, 2009 թ.

 

 



2008—2010 © oukhtararati.com