asala
Main page   Contact   

 

Հայտարարություններ

Հայտարարություն N-10

Մեծ ութնյակի համաժողովում 2009-ի հուլիսի 14-ին Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի, Դմիտրի Մեդվեդևի ընդունած հայտարարության և Ծաղկաձորում Մեթյու Բրայզայի հայտարարությունների կապակցությամբ

Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը և արդեն իսկ մասնակի գաղտնազերծված Մադրիդյան սկզբունքները ամենևին չեն նպաստում խաղաղության պահպանմանը տարածաշրջանում: Իսկ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի, ինչպես նաև Արևմուտքի այլ պաշտոնատար անձանց հայտարարությունները՝ ոչ այլ ինչ են, քան պատերազմի քարոզչություն: Դրանք նոր չեն, ըստ էության՝ շարունակությունն են ԱՄՆ Զինված ուժերի պաշտոնաթող սպա Ռալֆ Պիտերսի(1), ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկի(2), ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի(3), ԱՄՆ նախկին պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդի(4), ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսմանի(5), ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզայի(6), ԵԽԽՎ քարտուղար Թերի Դևիսի(7) և արևմտյան այլ պաշտոնյաների, իսկ այլ կերպ ասած, ԱՄՆ պետքարտուղարության և Իսրայել-ԵՄ ալյանսի կողմից Կովկասում իրականացվող հակահայ` ագրեսիվ-հարձակողական քաղաքականության: Ստացվում է, որ Մեթյու Բրայզան մոռացել է Մինսկի համանախագահների խմբում իր կատարելիք առաքելությունը, իսկ դա, առաջին հերթին, նոր պատերազմը կանխարգելելն է, իրական խաղաղության հաստատմանը նպաստելը: Քանի որ դա չի կարելի դիտել որպես Մինսկի խմբի համանախագահների ընդհանուր կարծիք-հայտարարություն, ուստի դժվարանում ենք հստակ պատասխանել. դա Մեթյու Բրայզայի անձնական նախաձեռնությո՞ւնն է, թե՞ իր երկրի իշխանությունների հանձնարարությունը:

Ակնհայտ է մի բան, արված հայտարարությունները նպատակ ունեն հրահրել Ադրբեջանին սկսելու նոր ագրեսիա ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ: Այդ կերպ եռյակը` ութնյակի հովանավորությամբ, նաև
ա) ճնշում է գործադրում ՀՀ իշխանությունների վրա,
բ) փորձում է վախեցնել հայությանը,
գ) ինչպես և՝ շանտաժի է ենթարկում ԼՂՀ իշխանություններին, իբր թե` իրենք են մեղավոր լինելու առաջիկայում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման համար:

Սխալ կլիներ կարծել, թե նրանք տեղյակ չեն, որ պատերազմի քարոզչությունը, ինչպես և այն հրահրելն ու ագեսորին սատարելը պատասխանատվության ենթակա հանցագործություն է ոչ միայն միջազգային, այլև ներպետական իրավական դաշտում: Այսօրինակ ամբարտավանությունը, անպատժելիության ինքնավստահությունը պայմանավորված է, անշուշտ, աշխարհի մեծ և փոքր երկրների ու ժողովուրդների ճակատագիրը, նրանց ներկան ու ապագան, նրանց լինել-չլինելու որոշումները ըստ իրենց կարիքների՝ հանցագործ համաձայնությամբ, իրականացնելու Մեծ ութնյակի մտայնությամբ, իրենց իսկ կողմից իրենց վերապահված իրավունքով: Չէ որ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները հրահրող այդ նույն գերտերությունները այդպես էլ չկանգնեցին դատարանի առաջ. պատասխանատվություն կրեցին միայն պարտվողները, որ հետո կրկին նույն հաղթողների օգնությամբ դառնան գերտերություններ և մասնակից լինեն լոկալ ու գլոբալ նոր պատերազմների հրահրմանն ու սանձազերծմանը:

Թե՛ Մադրիդյան կետերը, թե՛ Մինսկի համանախագահ երկրների ղեկավարների ու Բրայզայի հայտարարությունները հիշեցնում են իրավա-քաղաքական հարցադրումները մերժող, Սումգայիթյան ոճրագործությունը հրահրելու գորբաչովյան իշխանությունների 1988-ին վարած քաղաքականությունը: Դա էր, որ կազմակերպեց, բորբոքեց ու սանձազերծեց ադրբեջանական ամբոխի ու հանցագործ տարրի, այսպես կոչված, ազգայնամոլական տրամադրություններն ու հանցագործ հարձակումները Սովետական Ադրբեջանի քաղաքացի հայ բնակչության վրա: Հենց այդ նույն օրերին Մեծ յոթնյակի երկրների քաղաքական պատվերով ու հովանավորությամբ հրահրվեցին պատերազմները Կովկասում. Վրաստանի ագրեսիան Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ, Ադրբեջանի ագրեսիան ԼՂՀ-ի և ՀՀ-ի դեմ, որի ելքը` Ադրբեջանի պարտությունը չէր բավարարում այդ նույն տերությունների ակնկալիքներին ու հաշվարկներին:

Ահա թե ինչու, 1994-ին պարտադրվեց հրադադար, որպեսզի կանխվի Ադրբեջանի կապիտուլյացիան` չլինի պատերազմի ռազմա-քաղաքական, իրավական հանգուցալուծում: Որպեսզի չլինի խաղաղություն, որպեսզի հակամարտությունը սառեցվի մինչ այն պահը, երբ ՆԱՏՕ-ն որպես համաշխարհային զինուժ` իր մայրցամաքային բանակով, պատրաստ լինի ներխուժելու Կովկաս, «մշտական բնակության» տեղակայվելու կովկասյան երեք հանրապետությունների տարածքներում: Կովկասը զավթելու ՆԱՏՕ-ի ծրագրերին է ծառայեցվում նաև Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը շրջանցելու, հանցագործին պատասխանատվությունից ազատելու, ցեղասպանության հետևանքները վերացնելու միջազգային - իրավական պարտավորությունները մոռացության պարտադրելու եվրո-ամերիկյան ռազմա-քաղաքական քայլերը: Այդ ամենը ներկայացվում է որպես հայ-թուրքական ինչ-ինչ հարբերությունների կարգավորման եվրո-ամերիկյան «մտահոգություն» ու դրանով պայմանավորված նախկին ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի բացման, ՀՀ - Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման (ասել է թե ՀՀ-ում և ԼՂՀ-ում թուրքերի, քրդերի և այլոց համար անարգել մուտք ու ելքի և անվերահսկելի գործողությունների հնարավորությունների տրամադրման) եվրո-ամերիկյան հարկադրանք: Չհարցնելով իսկ Հայությանն ու միջազգային իրավունքին, ուզո՞ւմ է արդյոք Հայությունը, և կարո՞ղ է արդյոք միջազգային իրավունքը առկա իրողությունում թույլ տալ ՀՀ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում, բաց սահմաններ, ճանապարհներ, երբ ՄԱԿ-ի (միջազգային հանրության) կողմից չի դատապարտվել Հայոց ցեղասպանությունը, չեն վերացվել ցեղասպանության հետևանքները… Չէ՞ որ դա իրավական տերմինաբանությամբ կոչվում է՝ մարդկության դեմ իրականացված հանցագործության արդարացում, նոր ցեղասպանության քարոզչություն: Համոզված ենք, լավ գիտեն, հստակ գիտակցում են իրենց նախաձեռնաց հանցագործ քայլերի հետևանքները: Բայց կրկին նույն, արդեն չարչրկված, մարդկության դեմ կիրարկվող՝ «Ուժն է տալիս իրավունք» հանցագործ մտայնության ու մոլագարության ակնկալիքներն են, որ մթագնում են նրանց գիտակցությունն ու բանականությունը:

Սակայն Ճշմարտությունը մեկն է:
Այսպես կոչված, գլոբալացման միջազգային ռազմա-քաղաքական առկա, աներևույթ թվացող խառնաշփոթ իրողությունում կա մեկ ճշմարտություն. Եվրոմիության կոմիսարներն ու ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաները պետք է ազնվորեն խոստովանեն, որ իրենք նեղմ ասած «թքած ունեն» միջազգային իրավունքի, համաշխարհային խաղաղության և համամարդկային խաղաղ համակեցության վրա, քանզի նպատակ ունեն նվաճել աշխարհը և ստրկացնել մարդկությունը… Այսինքն, փորձել իրագործել այն, ինչը չհաջողվեց գերմանական ֆաշիզմին: Ի դեպ, առնվազն ազնվության առումով հարգանքի է արժանի հենց ֆաշիզմն ու Հիտլերը, քանի որ անում էին այն, ինչը կանխավ` ազնվորեն ասում էին. կամավոր ստրկանալու կամ չստրկանալու համար պայքարելու ընտրության իրավունքը թողնելով թիրախ ընտրված երկրների ղեկավարներին ու ժողովուրդներին:

Ռազմա-քաղաքական նոր ագրեսիվ ծավալումների և ժամանակակից արկածախնդրությունների պահը, կարծես, կրկին հասունացել է: Հենց դա է, որ որպես ՆԱՏՕ-ի նոր կուրս հայտարարեց դաշինքի նորանշանակ ղեկավար Ռասմունսենը: ՆԱՏՕ-ի մայրցամաքային ռազմակայանների տեղաբաշխման սկզբունքների ու ծրագրերի մասին ահազանգել ենք բազմիցս, հիմա հիշեցնենք միայն նրա տեղակայման վայրերը. Աֆրիկա մայրցամաքում` Կոնգո, Եվրոպայում` Կոսովո, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ծովային հսկողությունում` Կարիբյան կղզիներ, ցամաքայիններում` Կոլումբիա, Հոնդուրաս: Իսկ Եվրոպան Ասիային ու Հյուսիսը Հարավին կապող միջմայրցամքային խաչմերուկում` Կովկասում, ՆԱՏՕ-ի բանակը դեռևս տեղակայվելու է Հարավային Կովկասի երեք երկրների տարածքներում. Հյուսիսայինը դեռ «պատրաստ» չէ դրան: Ըստ այդմ, նույն այդ վայրերի բնակչությունը` ադրբեջանցիները, վրացիները, հայերը այլ դեր չեն ունենալու, քան սպասարկելու ՆԱՏՕ-յական զինուժի կարիքները: Նախագահ Սահակաշվիլին վաղուց տվել է իր համաձայնությունը, որն էլ հենց Վրաստանի «անկախության» գինն է: Նախագահ Ալիևը գնում է դրան և միապետական երկրի վերածած Ադրբեջանը տանում է ինքնաստրկացման նույն այդ ճանապարհով: Արևմուտքի համար գլխավոր գլխացավանք ու արգելք մնում է հայությունը, որը երբևէ չի ցանկացել ստրկանալ: Այդ հարցն էլ ծրագրել են լուծել խաղաղ էքսպանսիայի հայտնի մեթոդով. մեր երկրում ժողովրդագրական պատկերը փոխել այնպես, որ ՀՀ-ում և ԼՂՀ-ում մնացած հայերը վերածվեն ամենափոքր համայնք ներկայացնող ազգային փոքրամասնության:

Նախատեսված էր, որ ՆԱՏՕ-ի ներխուժումն ու տեղակայումը Կովկասում պետք է իրականացվեր 2008-ի աշնանը, որպեսզի հաջորդ տարի ՆԱՏՕ-ի նորանշանակ ղեկավարը պատասխանատու չլիներ իր նախորդի կատարած հանցագործությունների համար և «մաքուր» խղճով հայտարարեր ՆԱՏՕ-ի համաշխարհային ծավալման գնացող «ժողովրդավարության տարածման» ծրագրերի մասին: Սահակաշվիլին սակայն չարդարացրեց իրեն վստահված գործը: Հարավային Օսիայի նկատմամբ ագրեսիան կասեցվեց առաջին իսկ օրվա ընթացքում, այն էլ այնպես, որ արևմտյան պատրաստություն անցած վրացական կոչվող բանակը չհասցրեց անգամ երկրորդ քայլն անել, սկսել հարձակումը Աբխազիայի վրա: Պարզ էր և իմաստազուրկ, անգամ վտանգավոր, որ Ադրբեջանը կատարեր ՆԱՏՕ-ի ծրագրած երրորդ քայլը, այն է` իր հերթին հարձակվեր ԼՂՀ-ի ու ՀՀ-ի վրա:

2009-ի սեպտեմբերին Կովկասի վրա շատ իրադարձություններ են կուտակվում. Կուտակվում են նաև ընդհանուր տրամաբանությանը ենթակա այլ տարածաշրջաններում. Իսրայել հարևաններ` Պաղեստին, Սիրիա, Լիբանան լարվածություն, բզկտված ու արյունաքամ Իրաք, Իրան՝ ներքին լարվածության և միջուկային արտաքին հարվածի սպառնալիքով, ԼՂՀ հակամարտություն` «թարմացված» Մադրիդյան սկզբունքների սադրանքով, հայ-թուրքական «եվրո-ֆուտբոլային դիվանագիտության» շարունակություն, Թուրքիայում` քրդական գործոնի ու պետության եվրո-ձևավորում, Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան լարվածություն, ռուս-ուկրաինական առճակատում, Չինաստանում և նրա շրջակայքում ազգայնական տրամադրությունների հրահրում, Հյուսիային Կորեայի միջուկային թղթածրար… Ակնհայտ է մի բան, որ թվարկված ու չթվարկված այս ամենը, անշուշտ, ՆԱՏՕ-ի առաջխաղացման, իրականում Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրման ընդհանուր խճանկարն է: Ակնհայտ է նաև լոկալ և գլոբալ պատերազմների հրահրման նոր գործողությունների ակտիվացումը, իսկ դրանք իրականացվում են գերտերությունների, ինչ-ինչ վերլուծաբանների և էմիսարների, հետո արդեն կոմիսարների ու երկրների ղեկավարների կողմից ագրեսիայի կամ պատերազմի քարոզչություն կատարելու, հրահրելու և դրանց սատարելու միջոցով:

Հաշվի առնելով 2008-ի վրաց-օսական պատերազմի դասերը և հիշելով, որ դրան նախորդեց ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի այն հայտարարությունը, թե՝ «ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը», այսօր նկատելի է, որ նույն միջոցին է դիմում ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսմանը, երբ հայտարարում է. «ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Իսկ որպեսզի հետագայում ԱՄՆ պետաքարտուղարությանը չմեղադրեն պատերազմ հրահրելու մեջ, Գրոսմանը դիմում է հայտնի աճպարարության՝ հայտարարելով. «Ադրբեջանը չպետք է հույս ունենա, թե Արևմուտքը կամ ԱՄՆ-ը կլուծեն հայ-ադրբեջանական, լեռնայինղարաբաղյան(8) հակամարտությունը»: Ասել է թե, Ադբեջանը կարող է սկսել ռազմական գործողությունները, իբր առանց հարցնելու արևմուտքին ու ԱՄՆ-ին, դե իսկ փաստի առաջ կանգնած արևմուտքն ու ԱՄՆ-ը ստիպված են լինելու պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ամբողջ Կովկասում իրավիճակը սպառնալից է, հղի է վտանգներով: Այն կանխարգելելու միջոցը մեկն է. պատրաստ լինել դիմագրավելու ագրեսիան ու, ըստ այդմ, ծրագրվող աղետները: Ուստի կարծում ենք, որ ՀՀ իշխանությունները այլևս հույսեր չպետք է կապեն բանակցային գործընթացի եվրո-խաղերի հետ: Պետք է լրջորեն զբաղվել ազգային-պետական համապարփակ ինքնապաշտպանության նորովի կազմակերպման խնդիրներով, թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ դիվանագիտական դաշտերում: Նաև չխոչընդոտել ՀՀ-ում, ԼՂՀ-ում և Սփյուռքում Հայոց աշխարհազորի ինքնաձևավորման ու մարտունակության բարձրացման գործին:

Ինչ վերաբերում է պատերազմի կանխարգելման սկզբնառու քայլին, ապա ոչ պակաս կարևորություն ունի այն հրահրողներին կանխավ` մինչև պատերազմի սկիզբը, պատասխանատվության կանչելու խնդիրը. ասել է թե՝ համաձայն ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի, ՀՀ դատական մարմիններում պատասխանատվության կանչելու պատերազմի քարոզիչ պաշտոնյաներին՝ Հայաստանի դեմ պատերազմ հրահրելու, ադրբեջանցիներին ոգևորելու և ագրեսիայի մղելու, պատերազմական հանցագործներին սատարելու իրենց հրապարակային գործունեության համար: Ինչ վերաբերում է ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ Մեծ ութնյակի երկրների նախագահների վարած արտաքին քաղաքականությանը, ապա ակնհայտ է, որ դա նախ և առաջ պետք է դատապարտի ՀՀ Ազգային ժողովը, իսկ երկրների պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու հարցը կմնա իրենց երկրների օրենսդիրների ու դատական ատյանների վրա, եթե պարզվի, որ դա անձնական ակնկալիքներով պայմանավորված նախաձեռնություն է և ոչ թե իրենց երկրների ու ժողովուրդների իրական շահերից բխող, նաև համընդհանուր խաղաղությանը նպաստող արտաքին քաղաքականություն:

____________________
Ծանոթագրություն
1. ԱՄՆ բանակի պահեստի սպա Ռալֆ Պիտերս, «Միջին արևելքի նոր քարտեզը ըստ արյունակցկան կապերի և հավատի նմանությունների», «Ազգ», օրաթերթ, 25.08.2006թ.: «Ուխտ Արարատի», թիվ 4/10, 2006, էջ 1-4:
2. ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկ, «Քրդական հարցը և Լեռնային Ղարաբաղը»,: Eurasianet http://www.warandpeace.ru/ru/analysis/view/23757/
3. ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայս. «ԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ կողմնակից է աբխազական եւ հարավօսական հակամարտությունների խաղաղ կարգավորմանը միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: («Ազգ» օրաթերթ, 11-ը հուլիսի, 2008թ.)
4. ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդ. «Հայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա սահմանը եւ կառուցողական արձագանք տալ Թուրքիայի հնարավոր ջանքերին: Հայաստանը պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի: Միաժամանակ անհրաժեշտ է Թուրքիայի առերեսումը սեփական պատմության մութ էջերի հետ, որքան էլ դա դժվար լինի»: («Ազգ», Հ. Չ., 20-ը հունիսի, 2008թ.)
5. ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսման. «ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: (24 օգոստոս, Արմենպրես)
6. ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզա. «Մեզ համար կարեւոր է հիշեցնել՝ որոնք են մեր նպատակներն ու քաղաքականությունը: Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանդիսանում է բանակցությունների առարկա»: 15.03.2008, /PanARMENIAN.Net/
7. ԵԽԽՎ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի այցը Հայաստան: Ստիպված էինք նկատել, որ Թերի Դեւիսն իր ելույթներում Ղարաբաղի, թեկուզ չճանաչված, ղեկավարությանը կոչում է «ռեժիմ» մինչդեռ այդ բառը երբեք չի օգտագործում Կոսովոյի վերաբերմամբ: Մի՞թե գործ ունենք երկակի ստանդարտների հետ. ինչո՞վ է տարբերվում Կոսովոյի ալբանացիների ինքնորոշման իրավունքը Ղարաբաղի հայերի իրավունքից: «ՀՀ»-ի այս հարցին ի պատասխան` եվրոպացի պաշտոնյան ներկայացրեց իր մոտեցման հիմքերը, որոնք ամրապնդեցին երկակի ստանդարտների մասին մեր պատկերացումները. «Կոսովոյի ու ԼՂ-ի միջեւ կա մեծ տարբերություն: Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելությունն է եւ KFOR-ը, որում Եվրամիության զինվորներն են: Կոսովոյում չկա անջատողական ռեժիմ: Իհարկե, ես իրատես եմ, հասկանում եմ, որ Կոսովոյում ոմանք ցանկանում են անջատվել Սերբիայից, բայց դա կառավարությունը չէ: Այնտեղ ռեժիմ չէ, այլ ավանդական կառավարություն, որը հիմնված է ՄԱԿ-ի բանաձեւի վրա», - ասաց ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը` նորից ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի, Մերձդնեստրի իշխանություններին կոչելով անջատողականներ: («Ազգ» օրաթերթ, 2008)
8. ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մարկ Գրոսմանը լավ գիտէ, որ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, դա Դաշտային Ղարաբաղի և Լեռնային Ղարաբաղի ամբողջությունն է և հենց դա էլ նա ցանկացել է տարանջատել ու ընդգծել:

«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
18 հուլիս - 28 օգոստոս, 2009թ.
Երևան

 

 



2008—2011 © oukhtararati.com