








|
 |
Հայտարարություններ
Հայտարարություն N-9
Մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործ ծրագրերը կանխարգելելու,
նաև հայ-թուրք-շվեյցարական գաղտնի պայմանավորվածությունների կապացությամբ
Աներևակայելի էր ցինիզմը:
2009թ. ապրիլի 23-ին խոտորվեց ավանդույթը, ալեկոծվեց հայի հոգին, խռովվեց ծեսը… Իննը տասնամյակ է ինչ` ապրիլի 23-ի երեկոյան` աշխարհասփյուռ հայությունը, իսկ 1965-ից նաև ՀԽՍՀ-ի ու ԽՍՀՄ-ի հայությունը համախմբվում է տներում, եկեղեցիներում, դահլիճներում` հարգանքի տուրք մատուցելու 1915 - 23 թթ. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության տարածքում թուրքական պետության իրագործած հայերի ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակին: Հաջորդ օրը` առավոտից մինչ ուշ երեկո` ծաղիկներ է դնում անթաղ նահատակների հիշատակին կառուցված հուշակոթողներին:
Ո՞վ է, որ շուրջ երկու տասնամյակ փորձում է արժեզրկել ավանդույթը, նսեմացնել ծեսը, խաթարել ու կազմաքանդել արարողությունը, ո՞վ է հայոց ազգային արժանապատվությունը վիրավորողը և ինչո՞ւ… Պատասխանը մեկն է. նա՝ ով, ի տարբերություն մեր պետական այրերի, ավելի լավ է ճանաչում մեզ՝ հայերիս, ով գիտէ հայի ազգային արժանապատվության խորքային ունակությունը, տեսել է դրա պաշտպանական խենթ նվիրվածության պոռթկումը, կառուցողական հզորությունը, անպարտելիության ոգին: Նա ով չի թերագնահատում հայոց ազգային ավանդույթի ճանաչողական հզորությունը, ծեսի ինքնաճանաչ կազմակերպչական ունակությունը, արարողության գործելու պատրաստ նպատակային հաղթական ելքը:
Այս ամենը գուցե թե կարելի էր արհամարել, եթե չլիներ դրանով սկիզբ տրվող ՀՀ-ին, ԼՂՀ-ին և շատ այլ երկրներին ուղղված իրագործման դրվող սպառնալիքը` «Ճանապարհային քարտեզ» ծածկագրումով հայ-թուրք-շվեցարական պայմանավորվածությունը, որը միտված է նպաստելու հայոց և այլոց նկատմամբ նոր պատերազմական հանցագործությունների ու ցեղասպանությունների իրականացմանը՝ Միջին Արևելքում, Բալկաններում, Կովկասում…
Սա է իրողությունը. ՎԵՐՋԸ 1985-2009 թթ. արևմտյան գերտերությունների միջազգային կազմակերպված հանցագործությունների, ու… ՍԿԻԶԲԸ մարդկության դեմ ուղղված լոկալ և գլոբալ սպառնալիքների ու աղետների:
Ըստ միջազգային պաշտոնական լրահոսի և տարածքային լրատվական կենտրոնների տեղեկատվության, որոնք ոչ միայն չեն հակասում միմյանց, այլև ճշգրտորեն լրացնում ու ներկայացնում են աշխարհում տեղի ունեցող դեպքերի ընդհանուր տրամաբանությունը՝ տարբեր երկրներում հրահրվող տարատեսակ հակամարտությունների ծավալումը՝ ակնհայտ է, որ ինչպես Եվրոմիությունը, այնպես էլ ԱՄՆ-ն ու այլ գերտերություններ գործարկել են համաշխարհային ծավալումի Մեծ աղետի առաջին գործողությունները: Դրանց ստարտը տրված է, վկա՝ Մայիսի 7-ից Պակիստանի հյուսիս-արևմուտքում ծավալված ռազմական գործողությունները՝ Թալիբանի դեմ կռվելու պատրվակով… Հետևանքը` 1 միլիոն 800 հազար փախստականներ իրենց բնակության վայրերից՝ միանգամայն համահունչ Ռալֆ Պիտերսի (2006 թ., օգոստոս) և «Գուգլի» (2008 թ., օգոստոս) ներկայացրած քարտեզների տրամաբանության:
2009-ի մայիսի 2-ին Թուրքիայի նորանշանակ արտգործնախարարն ի լուր աշխարհի հայտարարեց, որ՝ «Թուրքիան պետք է ստանձնի այնպիսի երկրի դեր, որն ազդում է Մերձավոր Արևելքի, Բալկանների և Կովկասի քաղաքականության վրա»: Դրանով նա հաստատեց, որ Եվրոմիությունն ու ԱՄՆ-ը (Ռուսաստանի համաձայնությամբ) կրկին վարձել են Թուրքիային առաջիկայում` Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Կովկասում ծրագրվող պատերազմական հանցագործություններն ու ցեղասպանությունները նրա ձեռքով իրականացնելու համար: Սրանով թուրքական իշխանությունները համաշխարհային հանրությանը հայտնում են, որ իրենք արդեն ստանձնել են վաղուց իսկ իրենց ծանոթ դերը, սակայն հետևանքների համար հետագա պատասխանատվությունը դնում են ՀՀ-ի իշխանությունների վրա:
Թուրք իշխանավորների կեցվաքը զարմանալի չէ. ճիշտ է նրանք ստացել են կանխիկ վճարը, նաև հետագայում իրենց անվտանգության երաշխիքները, սակայն այնքան էլ վստահ չեն, քանզի գիտեն, որ նման դեպքերում հանցագործը մաքրում է հետքերը: Դարասկզբի փորձից է հայտնի` հանցագործության գործիքներն ու հետքերը վերացնում են:
Ո՞րն է ելքը:
Բանն այն է, որ ՀՀ-ն կարող է արգելափակել Թուրքիային կրկնակի հանցագործ գործիք դարձնելու ծրագիրը, ըստ այդմ, նաև կանխարգելել ծրագրվող տարածաշրջանային (թե՞ համաշխարհային) մեծ աղետը, եթե ցանկանա: Այնպես որ` ընտրությունն այսօր ՀՀ-ինն է: Կամ ՀՀ-ն համաձայնվում է եվրո-ամերիկյան թելադրանքին ու հանցակից դառնում Թուրքիային, ԵՄ-ին և ԱՄՆ-ին, կամ չի համաձայնվում և դիմում է ՄԱԿ-ի միջազգային դատարան Հայոց ցեղասպանության համար Թուրքիային դատապարտելու և պատասխանատվության ենթարկելու հայցով: Այսպես է, որ ՀՀ-ն փրկելով Թուրքիային կարող է փրկել նաև եվրո-նշանառության տակ առնված բոլոր մյուս երկրների, այդ թվում՝ Եվրոմիության ու ԱՄՆ-ի, առաջիկա համաշխարհային մեծ աղետի պարագլուխ երկրների ժողովուրդներին:
Փոխվել է դարը, փոխվել է Հայոց արդարադատությունը: Կարևորելով «ամեն մի հանցագործ պետք է պատժվի» սկզբունքը` չպետք է բացառել նաև դեռ ծրագրման փուլում հանցագործությունը կանխարգելելու, այն է՝ ծրագրողներին, քարոզողներին և հրահրողներին պատժելու սկզբունքը:
Համայն հայությունը վճռական էր և է՝ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները թե՛ պատժելու և թե՛ կանխարգելելու հարցերում:
ՀՀ Օրենքի ուժով Թուրքիային Հայոց ցեղասպանությունը իրականացնելու մեղադրանքով դատապարտելու իր վճռականությունը մեր ժողովուրդը հայտնել է դեռևս 1988-ին, երբ հարկադրեց երկրի իշխանություններին այլևս չընկրկել, դեմ գնալ Կրեմլին: Նա իր վճռական, համահավաք կամքը արտահայտեց նաև 1990թ. օգոստոսի 23-ին, ՀՀ Անկախության հռչակագրով` երկրի Մայր օրենքով, որպես ՀՀ գերագույն իշխանություն` կարգադրեց ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանություններին միջազգային իրավունքի ուժով պատասխանատվության կանչել Թուրքիային 1915-23 թթ. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով: Այլ խնդիր է, որ ԽՍՀՄ իշխանությունը` Գորբաչովը, չկատարեց իր սահմանադրական պարտականությունը, Հայաստանի հայցը չներկայացրեց ՄԱԿ-ի միջազգային դատարան: Փոխարենը, 1991թ. մարտի 12-ին տաս տարով երկարաձգեց արդեն իսկ` 1988-ից «դե ֆակտո», իսկ 1990թ. օգոստոսի 23-ից` «դե յուրե» չգործող 1921 թ. մարտի 16-ի «Ռուս-թուրքական եղբայրության և բարեկամության», նույնն է թե՝ ցեղասպանությունը արդարացնող, երկրներ զավթելու ռազմաքաղաքական նոր տեխնոլոգիաներ գովազդող պայմանագիրը, դրանով իսկ փորձելով Թուրքիային երկրորդ ճակատով ներքաշել ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ՝ իր իսկ հրահրած Ադրբեջանի զավթողական-ագրեսիվ պատերազմին:
Հայ-թուրքական հարաբերություններ չկան և չեն էլ կարող լինել: Եղածը 1915-23 թթ. մարդկության դեմ կատարված հանցագործություն է, որը հնարավոր չէ կարգավորել բանակցությունների միջոցով: Միակ ճանապարհը իրավականն է: Խնդրին իրավական լուծում տալու միակ կառույցն էլ ՄԱԿ-ի Հաագայի միջազգային դատարանն է:
Ուստի՝
Առաջարկում ենք ընթացք տալ 1993-ից ՀՀ Աժ-ի օրակարգում գտնվող օրինագծին չսպասեցնելու համար Հաագայի դատարանին: Ինչպես նաև վերջ տալ դիվանագիտություն կոչվող այս վտանգավոր թատերախաղին` «Ճանապարհային և ոչ ճանապարհային քարտեզներին», իրերն իրենց անունով կոչել և զերծ մնալ ՀՀ-ի, ԼՂՀ-ի ու տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ լուրջ սպառնալիքներ ստեղծելու անձնական մեղսակցությունից, որպեսզի հայությունը ստիպված չլինի ՀՀ-ն ճանաչել Եվրոմիության կողմից գաղութացված երկիր ու… դիմի դրանից բխող իրավական համապատասխան քայլերի ու միջոցների:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին ու ԱՄՆ-ին, նաև Շվեյցարիային, եթե նրանք իրոք այդչափ մտահոգ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում, ապա խանդավառվելու փոխարեն, մինչ «ճանապարհային քարտեզը» ողջունելը, իրենք իրենց ժողովուրդներին և աշխարհին համոզելու համար, որ իրոք դեմ են ցեղասպանության բոլոր տեսակի դրսևորումներին՝ պատվերով, թե առանց դրա, որպես առաջին քայլ առաջարկում ենք դատապարտել հայերի նկատմամբ ցեղասպանություն հրահրելու, թուրքերին պատվեր իջեցնելու և մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու եվրո-գերտերությունների 130-ամյա քաղաքականությունը:
Որպես երկրորդ քայլ՝ միասին, թե առանձին-առանձին, համապատասխան հայցեր ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ և միջազգային դատարան` Արևմտյան Հայաստանում և օսմանյան Թուրքիայի տարածքում 1915-23 թթ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու, հանցագործին պատժելու, ինչպես նաև ցեղասպանության հետևանքները վերացնելու գործուն և ակտիվ քայլեր ձեռնարկելու մասին:
«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
29 մայիս, 2009 թ.
Երևան
|