








|
 |
Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները կանխարգելելու,
Հայոց Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման 94-րդ և Ադանայի կոտորածի 100-ամյա
տարելիցի կապակցությամբ
Հայոց ցեղասպանությունը ծրագրվեց դեռ 1880թ.՝ Հայկական Հարցը միջազգային դիվանագիտական ասպարեզից հանելու մեկ հիմնական նպատակով: Այդ խնդրին են ծառայել՝ 1894-1896թթ. Աբդուլ Համիդի կազմակերպած հայության, 1909թ.՝ երիտթուրքերի կազմակերպած Ադանայի հայության, 1915-1918թթ.՝ երիտթուրքերի կազմակերպած Հայոց ցեղասպանության, 1918-1923թթ.՝ քեմալականների կազմակերպած հայերի կոտորածները, ինչպես նաև 1918թ.՝ Բաքվի, 1920թ.՝ Շուշիի, 1988-1990թթ.՝ Սումգայիթի և Ադրբեջանի հայության ջարդերն ու կոտորածները: Մարդկության ու հայության դեմ ուղղված այս շարունակական հանցագործությունները՝ մի օր, մի տեղ կարող էին կասեցվել, եթե դատապարտվեր դրանցից գեթ որևէ մեկը…
Ե՛վ Հայոց ցեղասպանության, և՛ մարդկության դեմ իրականացված այլ հանցագործություններ շարունակում են մնալ անթաքույց սպառնալիք, քանի դեռ չեն դատապարտվել: Հայաստանի Հանրապետությունը, որպես ցեղասպանություն ապրած ժողովուրդ ներկայացնող ՄԱԿ-ի անդամ երկիր, ավելի քան, վճռական պետք է լինի մարդկության դեմ ծրագրվող յուրաքանչյուր ոտնձգություն կանխարգելելու, մարդկությանը ու հայությանը, արդ և այսուհետ, ցեղասպանություն կոչվող հանցագործությունից ձերբազատելու խնդրում: Ուստի, Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է այլևս չհապաղել և համաձայն՝ «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին ՀԽՍՀ Օրենքի» (22 նոյեմբերի 1988թ.) և 1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի Անկախության Հռչակագրի պահանջի` դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան Հայոց ցեղասպանությունը դատապարտելու, հետևանքները վերացնելու, պատմական արդարությունը վերականգնելու, տարածաշրջանում խաղաղության իրական երաշխիքներ ստեղծելու համար:
Հայ-թուրքական հարաբերություններ չկան և չեն էլ կարող լինել: Եղածը մարդկության դեմ կատարված հանցագործություն է, որը հնարավոր չէ լուծել բանակցությունների միջոցով, առավել ևս եթե այդ բանակցություններին մասնակցում են եվրոպական և այլ գերտերություններ: Պատմությունից մենք լավ ծանոթ ենք Հայկական Հարցի բոլոր տեսակի շահարկումներին, դրանց աղետալի հետևանքներին՝ նույնպես: Ուստի, և իրավունք ունենք չհավատալու բանակցությունների միջոցով խնդիրները կարգավորելու հայ-թուրքական հարաբերություններով մտահոգ երկրների նոր կոչերին: Առավել ևս, երբ նրանք՝ որպես ՄԱԿ-ի անդամ և 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիա»-ն վավերացրած երկրներ, խուսափում են մարդկությանը սպառնացող խնդիրը միջազգային իրավական հենքով լուծելու, մարդկության դեմ կատարված հանցագործությունը ՄԱԿ-ի միջազգային դատարանի ձեռքով դատապարտելու, հանցագործին պատասխանատվության ենթարկելու միակ օրինական - իրավական ճանապարհից:
«Վերածնունդի համախմբում» Հայրենասիրական կազմակերպություն
«Ուխտ Արարատի», ՀԱՀԳԲ-ի ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն
24-ը Ապրիլի, 2009թ.
Երևան
|