:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Հայտարարություններ

Հայտարարություն N-6

ՙՈւխտ Արարատի՚, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպության Հայտարարությունը
(Թիվ 6)

Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի սանձազերծած աննախադեպ ներխուժման (1) կապակցությամբ

Միխեիլ Սահակաշվիլի. ՙՄենք շատ ենք, մենք կհաղթենք՚, 08.08.08թ., ժամը 15:00 (Euronews):
Միխեիլ Սահակաշվիլի. ՙՎրաստանում նույն իրավիճակն է, ինչ Աֆղանստանում՚, 08.08.08թ., ժամը 17:30 (CNN):

Իր ժամանակին, ՙՈւխտ Արարատի՚ պարբերականի խմբագրականներում ու վերլուծականներում (2) արտահայտել ենք մեր մտահոգությունները տարածաշրջանում արևմտյան ռազմա-քաղաքական վտանգավոր սցենարների իրականացման առնչությամբ: Դրանցից առավելագույնը ռուս-ամերիկյան մեծ պատեազմի հրահրումն է (3), նվազագույնը` Կովկասում և Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինուժի տեղակայումը:
Կովկասյան տարածաշրջան ներխուժելու և մշտապես տեղակայվելու նպատակով ՆԱՏՕ-ն մշակել է հետևյալ սցենարները. իբրև թե`

1. Վրաստանում ներքին հակամարտությունները ՙդադարեցնելու՚ և ՙխաղաղություն՚ հաստատելու,
2. նույն կերպ` ԼՂ հակամարտությունը ՙդադարեցնելու՚ և ՙխաղաղություն՚ հաստատելու,
3. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան քաղաքական նավթամուղի ՙանվտանգությունը՚ ապահովելու (4),
4. Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի (5) տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և այլն:

Հեռուն գնացող այդ նպատակով էլ հենց վերոհիշյալ հակամարտությունները 1992-94թթ. ՙսառեցվել են՚ և ՙտաքացվում են՚ ըստ անհրաժեշտության, թեև իրականում ունեցել են և ունեն հստակ ձևակերպված լուծումներ` ըստ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության:
Ակնհայտ է, որ վրացական սցենարը գործի դրվեց հենց հարավ-օսական տարբերակով, քանզի Հարավային Օսիան, ի տարբերություն Աբխազիայի, չուներ պաշտպանական կառույցներ` զինուժ, և ապավինում էր միայն խաղաղապահ ուժերին: Տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանի ներկայի ղեկավարությունը որդեգրել է տարածաշրջանում իր երկու ռազմավարական դաշնակիցների` Թուրքիայի և Ադրբեջանի կիրառած ցեղասպանության ձեռագիրը: Իրականում, ռազմական գործողությունները ուղղվեցին Հարավային Օսիայի խաղաղ բնակչության դեմ, որով Մ. Սահակաշվիլին` որպես ցեղասպանություն իրականացրած նախագահ, ամբողջովին կախվածության մեջ ընկավ եվրո-ամերիկյան թելադրանքից: Վստահաբար, նրան ոգևորել էր Կոսովոյի հանցագործների անպատիժ մնալու հայտնի տարբերակի հեռանկարը: Մինչդեռ, ինչպես հեռուստատեսությամբ նկատեց Հարավային Օսիայից փախստական մի բնակիչ (ի դեպ` ԱՄՆ-ի քաղաքացի). ՙՀարավային Օսիա ներխուժման և այնտեղ իրականացված ցեղասպանության համար պատասխանատու են ԱՄՆ-ի և Վրաստանի նախագահները` Ջ. Բուշն ու Մ. Սահակաշվիլին՚ (10.08.2008, “Вести”):

Սա լուրջ վտանգ է ոչ միայն Կովկասի` Հարավային Օսիայի, Աբխազիայի, Ջավախքի, ԼՂՀ-ի և ՀՀ-ի, այլև Ուկրաինայի համար, քանզի նշանակում է, որ պարտադրվող կամավորության սկզբունքով արևմուտքում ծրագրել են զինաթափել ու զորացրել նշված բոլոր ճանաչված ու ՙչճանաչված՚ պետությունների բանակները և ՙխաղաղություն՚ հաստատելու պատրվակով երկրամասի ՙպաշտպանությունը՚ հանձնել ՆԱՏՕ-ի ուժային կառույցներին, իբր ժամանակավոր: Թե ռազմա-քաղաքական, միջազգային իրավական և քաղաքակրթական առումով ի՛նչ աներևակայելի ծանր գին կարող է ունենալ այդպիսի ՙխաղաղությունը՚` կարիք չկա մեկնաբանելու. դա ամեն օր տեսնում ենք նախկին Հարավսլավիայի, մասնավորապես, Սերբիայի և սերբերի օրինակով:

Այնուհանդերձ, հիմա, երբ հանցագործությունը կատարված փաստ է, ի՞նչ հաջորդող քայլեր պետք է ձեռնարկի ՀՀ-ն իրադարձությունների վտանգավոր զարգացումները մեր նկատմամբ բացառելու նպատակով:
Առաջնային ենք համարում տարածաշրջանում առկա և հետագա հնարավոր բոլոր պատերազմներին ՀՀ չեզոքության քաղաքականության որդեգրումն ու դրա պաշտոնական հայտարարումը: Ժամանակին մանրամասնել ենք չեզոքության ձևը, բովանդակությունը, ներկայացրել և մեկնաբանել ենք դրանից բխող քաղաքակրթական և ռազմա-քաղաքական բոլոր անհրաժեշտությունները (6):

Վրաստանի սանձազերծած պատերազմը, ըստ Մ. Սահակաշվիլու պաշտոնական հայտարարության, պետք է ներառի նաև Աբխազիան: Հայտնի է, սակայն, որ դա չի սահմանափակվելու Վրաստանի, այսպես կոչված, ներքին խնդիրներով, քանզի դրա համար չէ, որ հրահրված է համաշխարհային հնչեղության սույն ագրեսիան: Դա առաջիկայում միտում ունի ծավալվելու և ներառելու ոչ միայն Ուկրաինան, այլև Իրանն ու Թուրքիան: Վերջիններիս հակամարտության ու պատերազմի մեջ ներքաշելու համար ծրագրված է գործածել Ադրբեջանը (ԼՂՀ-ն և ՀՀ-ն պատերազմի մեջ ներքաշելու պատրվակով): Դա է պատճառը, որ վերջին մեկ-երկու ամիսներին ակտիվացել են նաև ՙքրդական գործոնի՚ անվան տակ Թուրքիային Իրաքի հյուսիսում, Իրանի սահմանամերձ շրջաններում և ՀՀ-ում հակամարտության ու պատերազմի մեջ ներքաշելու սցենարները: Այս ամենը, նախ և առաջ, հարկավոր է եվրո-քաղաքական շրջանակներին` Եվրոմիությունը ընդհանուր գերտերության վերածելու խնդիրը լուծելու` եվրոպական ժողովուրդներին վախեցնելով համոզելու համար: Անվիճելի է այն, որ գերտերության կարգավիճակից (այսօր դեռևս աչքի համար անտեսանելի) աննկատելի գահավիժող ԱՄՆ-ին էլ հատկացված է արևմտյան հանցագործ քաղաքականությունը իրականացնող գործիքի դերը, որի մյուս դերակատարը Եվրոմիությունն է` սակայն ՙխաղաղապահի՚ ու ՙմարդասերի՚ դերում: Ահա և ՙՈ՞ւմ է անհրաժեշտ Անդրկովկասում պատերազմի հրահրումը և ինչո՞ւ՚,-գլխավոր հարցի պատասխանը:

Ինչ վերաբերում է Միջին Արևելքի երկրների նոր սահմանների վերաձևմանը (7), ապա Իրան, Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան իրադարձությունների շղթան լոկ Արևմուտքի շտապողականության պատճառով արվող բացահայտում է: Հեռահար նշանառության առաջին քայլերն են կատարվում հեռավոր նշանակետի` Չինաստանի, ուղղությամբ, այդ ծրագրում շահարկելով այսպես կոչված Արևելյան Թուրքեստանի պանթուրքական գործոնը` Թուրքիայի ու Ադրբեջանի թաքուն թե բացահայտ մեղսակցությամբ: Այստեղ է, որ վերստին բացահայտվում են եվրոպական 100-ամյա ծրագրերի և պանթուրանիզմ-պանթուրքիզմի համապատասխանությունը, նույնականությունը…

Ելնելով մեր տարածաշրջանում, նաև ՀՀ-ի և ԼՂՀ-ի շուրջ առաջացած ռազմա-քաղաքական իրողությունից, կանխարգելելու համար դրա վտանգավոր զարգացումները մեր և տարածաշրջանի մյուս ժողովուրդների նկատմամբ` առաջարկում ենք իրականացնել հետևյալ միջոցառումները.

1. ՀՀ-ի և ԼՂՀ-ի հասարակական-քաղաքական շրջանակները պետք է բողոքի ձայն բարձրացնեն ու դատապարտեն Հարավային Օսիայի բնիկ ժողովրդի նկատմամբ Վրաստանի սանձազերծած ներխուժումն ու ցեղասպանությունը, ինչպես նաև ցեղասպանության ենթարկված ժողովրդին օգնելու միջոցառումներ ձեռնարկեն:
2. ՀՀ-ն և ԼՂՀ-ն պաշտոնապես պետք է հրաժարվեն մեր տարածաշրջանում հրահրված պատերազմին, ինչպես և դրա հնարավոր բոլոր նոր ծավալումներին կամա, թե ակամա մասնակից կամ աջակից լինելուց. ուստի և ՀՀ-ն և ԼՂՀ-ն համաձայն միջազգային ընդունված նորմերի պետք է պաշտոնապես հայտարարեն չեզոքություն ինչպես ներկայի, այնպես էլ հետագայի հնարավոր յուրաքանչյուր պատերազմի և ռազմական գործողության նկատմամբ:
3. Համոզված լինելով, որ պատերազմի մեջ չներքաշվելու, ինչպես և հետագա հնարավոր կորուստներից խուսափելու հիմնական գրավականը ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ ամեն տեսակ ոտնձգության փորձերին համարժեք պատասխան տալու, պաշտպանության ու մարտի պատրաստ լինելու մեջ է, գտնում ենք, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն պետք է անցնեն համապետական և աշխարհազորային համապարփակ ինքնապաշտպանության ռեժիմի` միացյալ պաշտպանության տակ առնելու համար Հայոց քաղաքակրթական արժեքային ամբողջ համակարգն ու ձեռքբերումները:
4. Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել այսպես կոչված ՙմիջազգային ահաբեկչության՚ ՀՀ և ԼՂՀ հնարավոր ներթափանցումն արգելելու խնդրին (որն, ի դեպ, ինչպես հայտնի է` առանց ներքին աջակցության` չի լինում):
5. Երկիրն ու ժողովուրդն անօգնականության ու սովի չմատնելու համար ՀՀ և ԼՂՀ տնտեսությունը պետք է լրջորեն պաշտպանել համաշխարհային արհեստածին տնտեսական` ճգնաժամի առաջիկա ոտնձգություններից ու դրա հետևանքներից, ինչպես և զերծ մնալ հարևան երկրներում պատերազմական վիճակով ժողովրդի առաջ արդարանալու հեռանկարից:
6. Պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին կասեցնելու ոչ միայն Վրաստանով ընթացք տրված այս պատերազմը, այլև, ըստ այդմ, առաջիկայում ծրագրված բոլոր ռազմական ծավալումները Կովկասում և նրա հարակից տարածքներում: Այդ նպատակով միջազգային ընկերակցությունից պետք է պահանջել հարգել ու կիրառել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
7. Արդյունավետ միջոցառումներ պետք է ձեռնարկել տարածաշրջանի հայության, մասնավորաբար Աբխազիայի, Հարավային Օսիայի և Ջավախքի բնակիչ, ինչպես և ՀՀ և ԼՂՀ քաղաքացի հայերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:


Աշխարհում խաղաղ համակեցության, ստեղծագործ ու համերաշխ կենսագործունեության այլ տարբերակ մարդկությունը դեռ չի մշակել, ուստի առաջնությունը պետք է տալ խնդիրների իրավական կարգավորմանը և ոչ թե շարունակել ռազմա-քաղաքական ՙշահերով՚ առաջնորդվելու անհեռանկար ու կործանարար ուղին:


Երևան
8-11-ը օգոստոսի, 2008 թ.


__________________
Ծանոթագրություն
1. Ներխուժման նախապատրաստության ամբողջ ժամանակահատվածում վրացական բանակը զինել են ԱՄՆ-ն, Թուրքիան, Ուկրաինան, Իսրայելը, Չեխիան և այլ երկրներ: Վրաստանի ռազմական բյուջեն 30 անգամ աճել է հիմնականում ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ և հիմա կազմում է 1 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ երկիրը արտադրություն չունի պարզապես: Վրացական բանակում գործում են մեծ թվով օտարերկրյա հրահանգիչներ ու վարձկաններ:
2. Տե'ս, ՙՈւխտ Արարատի՚, թիվ 10-ի, 11-ի, 12-ի, 13-ի, 14-ի, 15-ի խմբագրականները:
3. Այս ծրագիրը բացահայտվեց ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնիի հետևյալ ռազմատենչ հայտարարությամբ. ՙՌուսաստանի գործողությունները Վրաստանում չեն կարող անպատասխան մնալ: Ռուսաստանը գործ կունենա ոչ միայն ԱՄՆ-ի, այլև միջազգային ընկերակցության հետ՚ (10.08.2008թ., CNN):
4. Այդ նպատակով դեռ 1996 թվականին ՙԿովկասյան հակամարտությունները խաղաղեցնելու և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պաշտպանելու նպատակով՚ թուրքական զինուժի կազմում ստեղծվեց այսպես կոչված արագ արձագանքման ՆԱՏօ-ի ստորաբաժանում:
5. 2008-ի հունիս-հուլիս ամիսներին, ասես պատրաստվելով ներկայի սցենարներին, ԱՄՆ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյանները հայտարարեցին` Դենիել Ֆրիդ. ՙՀայաստանը պետք է պատրաստ լինի ճանաչել առկա (Թուրքիայի հետ) սահմանը… պետք է հայտարարի, որ ժամանակակից Թուրքիայի նկատմամբ հողային որեւէ պահանջ չունի՚, Մեթյու Բրայզա. ՙՄենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը…՚, Կոնդոլիզա Ռայս. ՙԱՄՆ-ը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը…՚: Այժմ նրանք լռում են, լռում են այլ ՙժողովրդավարներ՚ ևս Պիտեր Սեմնեբին, Թերի Դևիսը և այլոք: Նրանց փոխարեն Վրաստանի տարածքային ամբողջականությունից սկսել են խոսել Ֆրանսիայի և Եվրոմիության արտգործնախարարները, իսկ առավել հստակ արտահայտվեց ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին (տե'ս, 3-րդ ծանոթագրությունը):
Մեկ կարևոր նկատառում ևս. Դենիել Ֆրիդի խոսքը սահմանների վերաբերյալ ունի երկու ենթատեքստ. ա) դա չի վերաբերում Թուրքիայի ներսում գտնվող սահմանագծումներին, որոնք կարող են փոփոխվել, բայց վերաբերում է ինչպես 1921թ. Ռուս-թուրքական պայմանագրով սովետա-թուրքական սահմանին, այնպես էլ նույն օրերին բոլշևիկների` ուժային-հանցագործ մեթոդներով ձևավորած Վրաստանի ու Ադրբեջանի արտաքին և ներքին ինքնավարությունների սահմաններին, որոնց փոփոխությունը, ըստ ամերիկացի դիվանագետի, չգիտես ինչո՞ւ, ցանկալի չէ:
6. Տե'ս, ՙՈւխտ Արարատի՚, թիվ 15, 2008թ.:
7. Տե'ս, ՙՈւխտ Արարատի՚, թիվ 10-ում Ռալֆ Պիտերսի ՙՄերձավոր Արևելքի նոր սահմանները` ըստ հավատի նմանությունների և արյունակցական կապերի՚ հոդվածը և կից քարտեզները:

 

 



2008—2010 © oukhtararati.com