








|
 |
Հայտարարություններ
Հայտարարություն N-5
ՙՈւխտ Արարատի՚, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ASALA) ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների կազմակերպության
Հայտարարությունը
(N- 5)
Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակի կապակցությամբ
1918-ին` ընդամենը երկու շաբաթվա ընթացքում, տեղի ունեցան երեք կարևոր իրադարձություններ, որոնք հետագայում տեղի տվեցին դեպքերի գնահատման բազմազանության ու բազմակարծության հենց ժամանակային սեղմ հատվածում տեղակայված լինելու պատճառով: Դրանք են` Սարդարապատի հերոսամարտը (մայիսյան հերոսամարտերը)` Մայիս 22-28, Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակումը` Մայիս 28, Բաթումի պայմանագրի ստորագրումը` Հունիս 4: Սարդարապատի հերոսամարտը հաստատեց հայ ժողովրդի գոյության իրավունքը, անկախության հռչակումը ձևակերպեց դրա քաղաքական ձևը, իսկ Բաթումի դաշնագիրը պարտադրեց դրա բովանդակությունն ու սահմանները (1) (կիսաանկախ դրություն, երկրի մկրատված սահմաններ): Այսպիսով` ռազմի դաշտում հաղթանակած ժողովրդի քաղաքական գործիչները չկարողացան այդ հաղթանակներն ամրապնդել դիվանագիտության ոլորտում, որն էլ հետագայում աղետալի հետևանքներ ունեցավ նորանկախ երկրի համար:
Բայց, ամենևին էլ պարտադիր չէ պատմության կրկնություն, սակայն դրանից խուսափելու համար անհրաժեշտ է`
ա) անսալ Հայոց մեծերի` Զորավար Անդրանիկի, Գարեգին Նժդեհի ՙՎճռական մենակի՚ (2) փիլիսոփայությանն ու փորձին, այսինքն` հավատալ ու վստահել առաջին հերթին սեփական ուժերին,
բ) ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակներն ամրապնդել դիվանագիտական, քաղաքական, իրավական հաղթանակներով ու հաջողություններով,
գ) հաջողություններն ու հաղթանակները տևական և անշրջելի դարձնելու համար քաղաքակրթական բոլոր ասպարեզներում, առաջին հերթին` միջազգային իրավունքի ասպարեզում, իրականացնել Փոքր Սարդարապատների մարտավարություն` խուսափելու համար Մեծ Սարդարապատի պարտադրանքից ու կրկնությունից:
Ինչպես նաև`
դ) հավատարիմ մնալ անկախության մարտավարությանը` որպես հասարակական կեցության միակ բնական, անփոխարինելի, արժեքավոր ու արդյունավետ քաղաքական ուղղություն,
ե) երկրում հաստատել ժողովրդավարական, սոցիալական, իրավական առողջ մթնոլորտ, ինչպես ամրագրված է համաժողովրդական հանրաքվեով հաստատված ՀՀ Անկախության Հռչակագրում` 1990թ.:
___________________
1 Տե'ս, կից Հավելվածը` ՙԲաթումի պայմանագիր՚: Տե'ս, հատկապես 5-րդ հոդվածը…
2 1918-ին Զորավար Անդրանիկն ասում էր. ՙԱշխարհի մեջ մեն մենակ ենք: Բավական է այդ մենակությունը, որ մեր թուլությունը զրահ ու պողպատ հագնի՚: Գարեգին Նժդեհը թելադրում էր մշտապես ապավինել ՙՎճռական մենակի՚ փիլիսոփայությանն ու մարտավարությանը: Ի դեպ, այդ մարտավարությունը հենց իրենք էլ (սկզբում Զորավարը, ապա Նժդեհը) փայլուն իրականացրեցին Զանգեզուրի ինքնապաշտպանությունում, ապահովելով նրա ավտանգ գոյությունը ՀՀ-ի կազմում:
Երևան
28-ը Մայիսի, 2008 թ.
|