:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Հայտարարություններ

Հայտարարություն N-3

   Մեր վճռական ՈՉ-ով, ամբողջ արաբական աշխարհի, իրանական աշխարհի, իսլամ դավանող մեր մյուս բարեկամների հետ միասին, մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում Արևմուտքում` Եվրոպայում իսլամի սրբությունները պղծելու, կրոնական զգացմունքների նկատմամբ սանձարձակ ոտնձգություններ ծավալելու և ազգային - կրոնական հակամարտություններ հրահրելու` պետությունների կողմից չկասեցվող գործընթացի նկատմամբ:
   Քաղաքակրթությունները չեն բախվում: Ազգերը, ժողովուրդները, կրոնները չեն պատերազմում. եթե համաշխարհային բախումը, պատերազմներն ու հակամարտությունները դավադրորեն չեն կազմակերպվում ու չեն հրահրվում համաշխարհային տիրապետության ձգտող որոշ երկրների ու միջազգային քաղաքական` ստվերային, հանցագործ կառույցների կողմից: 1995-96թթ. հանրության ընկալման համար հրապարակ նետված հանթինգթոնյան, այսպես կոչված քաղաքագիտական կանխատեսումները չեն, որ իբրև թե իրականանում են:

   Աշխարհին տիրելու, մարդկությանը ստրկացնելու` աշխարհը համակենտրոնացման ճամբարի վերածելու հիվանդ մտածողության` մոլագարության հասնող այս խնդիրը գալիս է դեռ 1891թ-ից: Համաշխարհային մեծ խառնակության այս վերջին գործընթացը իրականում դեռևս հարյուր տարի առաջ լորդ Միլների առաջարկած ՙՀամաշխարհային ընդհանուր պետության՚ և ՙՀամաշխարհային կառավարության՚ ստեղծման չորրորդ փորձն է: Հայտնի է` առաջին երկու գործնական փորձերը տապալվեցին, և ըստ այդմ հրահրված I և II Աշխարհամարտերը` իրենց առջև դրված խնդրի իրագործման առումով ՙարդյունավետ՚ չեղան: Տապալվեց նաև հաջորդ երկու փորձը. Երկրորդ Աշխարհամարտից` առանց դադարի Երրորդին անցնելու Չերչիլի (1945-1949թթ.) համառությունը, նաև 1961-ին հրահրված Կարիբյան ճգնաժամով Երրորդ` ԱՄՆ - ԽՍՀՄ ջերմամիջուկային պատերազմը սկսելու փորձը: Սա` 1965-ից նախագծվող ու 1985-ից լրիվ թափով ընթացք տրված հինգերորդ (հուսանք վերջին) փորձն է:

   Ակնհայտ է, որ Եվրոպայում` դանիական հողի վրա կատարված հանցագործությունը` իսլամի, մահմեդական կրոնի հետևորդ մեկ և կես միլիարդ մարդկանց սրբության դեմ կատարված լկտի ոտնձգությունը միջազգային կազմակերպվածության հանցագործություն է: Հենց այսպես, գլոբալ ծավալումների աղետածին այս ձեռագրով, փորձ է արվում սաստել եվրոպական այն երկրներին, որոնց ժողովուրդները ամիսներ առաջ ՙհանդգնեցին՚ ՄԵՐԺԵԼ Եվրոմիության Սահմանադրությունը: Ի դեպ, հենց նույն այս համընդհանուր ագրեսիվության ծրագրերի տարածաշրջանային խնդիրներին է ծառայում Կովկասում եվրոքաղաքականություն իրականացնողների, կովկասյան ընդհանուր պետություն ստեղծելուն հարմարեցված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների` եվրոհեղինակության նախագիծը, որը նրանք` ՀՀ իշխանությունների միջնորդությամբ, հակառակ ժողովրդի համահավաք կամքի, ամեն գնով ջանում են անցկացնել: Ուստի մեզ, համաշխարհային բոլոր մեծ խառնակություններից մեծապես տուժած հայերիս, ավելի քան հասկանալի և անընդունելի են կրկին համաշխարհային քաոս խթանող միջազգային - քաղաքական այս հանցագործ ձեռնարկումները:

   Մուհամեդ Մարգարեն չպետք է դառնա Երրորդ համաշխարհային պատերազմի սկզբնապատճառ` նորօրյա ՙգահաժառանգ Ֆրանց Ֆերդինանտ՚, ինչպես նախատեսել են Եվրամիության աներևույթ շինարարները` աշխարհին տիրել ձգտող մոլագարները:
   Զգոնության ԿՈՉ ենք անում իսլամական աշխարհին` չսահել դեպի կրոնական ատելություն, ինչպես այդ արվում է Ադրբեջանում` վերջին օրերին Հիսուս Քրիստոսի ու Աստվածամոր նկատմամբ ծաղրական թեմաներով հրապարակումներում, ինչպես նաև Ջուղայի խաչքարերը կործանելու փաստում:
   Առաջարկում ենք միասին պայքարել հեռահար նպատակներ հետապնդող և համայն մարդկության դեմ ուղղված` համաշխարհային ծավալման գնացող այս ՉԱՐԻՔԸ դիմակայելու, կասեցնելու խնդրում:

   Արդարացի պատիժ պետք է կրեն միայն բուն հանցագործները` սրբապղծությունն իրագործողները, այն պատվիրողներն ու նրանց հովանավորողները և ոչ այլք` անմեղ ՙմեղավորները՚: ԿՈՉՈՎ դիմում ենք ՀՀ, ԼՂՀ և Սփյուռքի հայությանը, որ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն և գործնականորեն աջակցեն իսլամադավան մարդու սրբությունները պղծող բոլոր այլանդակությունները կանգնեցնելու և այսօրինակ երևույթների կրկնություն արգելելու խնդրում: ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ մեր երկրի Հոգևոր և Աշխարհիկ իշխանություններին ՀՀ Ժողովրդի անունից սույն հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի առաջ, և առաջարկել միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնակել ՎԵՐՋ դնելու համար Արևմուտքի կողմից միջկրոնական և ազգամիջյան հակամարտություններ հրահրելու, համաշխարհային խառնակություններ ստեղծելու, ընդհուպ համաշխարհային պատերազմներ հրահրելու այս արատավոր պրակտիկային. ՄԱԿ-ի` համաշխարհային հանրության կողմից պատասխանատվության կանչելու միջազգային նշանակության քաղաքական այս սանձարձակություններն իրականացնողներին, պատվիրատուներին ու հովանավորողներին:

ՙՈւխտ Արարատի՚ Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի /ASALA/ ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների միություն

16 փետրվարի 2006թ.
—————————————-
   Հայտարարությունը ուղարկվել է ՀՀ և ԼՂՀ իշխանություններին` ՀՀ և ԼՂՀ Նախագահներին, Ազգային Ժողովներին, Ազգային Անվտանգության որհուրդների քարտուղարներին և Արտգործնախարարներին, ՄԱԿ-ի Անվտանգության որհրդի մշտական անդամ երկրներին` Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Անգլիա, ՀՀ - ԼՂՀ և Սփյուռքի զանգվածային լրատվամիջոցներին:

 

 

 



2008—2010 © oukhtararati.com