:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Հայտարարություններ

Հայտարարություն N-1

  30 տարի առաջ` 1975 թ. հունվարի 20-ին ՀԱՀԳԲ-ն ծնվեց ուղղորդելու հայոց ազգային- ազատագրական պայքարը նոր ժամանակներում, և մենք զինվորագրվեցինք նրան: Նա փորձեց պատասխաններ գտնել հայությանը հուզող հին ու նոր հարցադրումներին: Մեծ եղեռնից անցել էր 60 տարի, իսկ մարդկային խիղճը, չնչին բացառություններով, լռում էր: Հայոց Հայրենիքի` թուրքերի գրաված տարածքներն սպասում էին իրենց իսկական տերերին, Հայոց Արևելից կողմանց և Ջավախքի հայությունը` միանալու Խորհրդային Հայաստանին: Սփյուռքի հայությունը, ավանդական կուսակցությունների հռչակած ինքնանպատակ հայապահպանության քաղաքականության հետևանքով, օրի օրի խրվում էր ձուլման ճահիճում: ՀԱՀԳԲ-ն հանգեց հիմնական եզրակացության` բռնագրավված հայկական հողերի ազատագրության ճանապարհը մեկն է` զինյալ ազգային-ազատագրական պայքարը, իսկ այդ ճանապարհը հարկավոր է կտրել համախմբված, հեռու ամեն տեսակի տարաձայնություններից, որովհետև հայության` հայորեն գոյատևման միակ երաշխիքը Հայոց Հայրենիքում համախմբվելն է:

  ՀԱՀԳԲ-ի սկզբնավորման ժամանակ հայկական հանրապետությունը Խորհրդային Միության կազմում էր և չուներ համահայկական խնդիրներով զբաղվելու հնարավորություն: Այսօր պատկերն այլ է: Մեկ տասնամյակից ավելի է` ունենք միջազգայնորեն ճանաչված սեփական պետականություն` անկախություն հռչակած Հայաստանի Հանրապետությունը, Հայրենիքի ազատագրված տարածքներ, հաղթանակած բանակ: Այդուհանդերձ, բացի Հայոց Արևելից կողմանց տարածքների մի մասից, Հայոց Հայրենիքի մեծագույն մասը դեռևս բռնագրավված է, հայրենադարձության փոխարեն շարունակվում են կործանարար արտագաղթն ու ՙսպիտակ՚ եղեռնը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը օտարների համար վերածվել է աշխարհաքաղաքական շահերի մանրադրամի, իսկ հայերի մի զգալի զանգվածի համար էլ այն հավասարեցվել է Հայկական հարցի ՙլուծման՚ ինքնախաբկանքի:

  Հայությունն իր բոլոր հատվածներով` հայրենաբնակ և սփյուռքված հայություն ու հայոց ազգային պետություն, պարտավոր են հետապնդել Արցախյան հարցի լուծումը և պահպանել ու է°լ ավելի ամրապնդել հայկական երկու հանրապետությունների տարածքային ամբողջականությունն ու գերիշխանությունը: Բոլորս պարտավո°ր ենք հետապնդել նաև Հայկական հարցի լուծումը, որը, ըստ մեզ, նշանակում է հետևյալ եռամիասնությունը`
  1. Հայրենիքի` Հայկական լեռնաշխարհի գրավյալ բոլոր տարածքների վերատիրումը,
  2. Այդ տարածքներում բացառապես հայկական գերիշխանության հաստատումը,
  3. Ազգահավաքը Հայրենիքում:
  Հայկական հարցի լուծման հետապնդումը հնարավոր է համազգային ջանքերովª հայոց ազգային պետության գլխավորությամբ:
  Կոչ ենք անում հայկական բոլոր կազմակերպություններին և, ընդհանրապես, աշխարհով մեկ սփռված հայությանը` համախմբվելու Հայոց միակ Հայրենիքի գաղափարի և Հայոց ազգային պետականության իրողության շուրջ:

  ՀԱՀԳԲ-ի 30-ամյակի, Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի, մաշտոցյան գրերի գյուտի 1600 և հայոց առաջին ռազմական հաղթանակի` Բելի դեմ Հայկի ու հայկյանների ազատամարտի 4500-ամյակների այս տարում, մենք` այս նորաստեղծ կազմակերպության անդամներս, խոստանում ենք շարունակել մեր պայքարը նոր պայմաններում, ուստի և պարտավորվում ենք`
  1. Ամենուրեք քարոզել և շարունակել սեփական օրինակով ամրապնդել հայոց միակ Հայրենիքի` Հայկական լեռնաշխարհի, նրա ամբողջական ազատագրության և սփյուռքահայության` Հայոց Հայրենիք վերադարձով ազգահավաքի գաղափարները:
  2. Հնարավորինս սատարել մեր պետությանը, նրա միջոցով տեր կանգնել մեր ազգային իրավունքներին և ապահովել հայ անհատին վայել կենսակերպն ու դրա հարատևումը հայոց բնօրրանում:
  3. Հայ ազատամարտիկին վայել վարքագծով ու կենսակերպով օրինակ ծառայել եկող սերունդներին:

  Մենք հանդես ենք գալիս միայն մեր անունից և թույլ չենք տա, որ շահարկեն Նորագույն զինյալ ազատագրական պայքարի նահատակների, նախկին քաղբանտարկյալների և ազատամարտիկների հիշատակը, վաստակն ու գործը:
  Տարիներ անց կողք-կողքի գալով ու միավորվելով, մենք` Արարատի ուխտյալներս, մեկ անգամ ևս վերահաստատում ենք Ազգին ու Հայրենիքին անմնացորդ նվիրվելու մեր երդումը` ՙսրբազան խենթերի՚ ուխտական ուխտով:

  ՙՈւխտ Արարատի՚, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի /ASALA/ ազատամարտիկների և նախկին քաղբանտարկյալների միություն

24-ը ապրիլի, 2005 թ.
Երևան

 

 



2008—2010 © oukhtararati.com