








|
 |
Գրքեր
«ՆԵՄԵՍԻՍԸ» ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԱՌԵԼ...
Շահան Նաթալի (Հակոբ Տեր-Հակոբյան)՝ հասարակական-քաղաքական մեծ
գործիչ, գրող, ծնվել է 1884-ին Խարբերդի նահանգի Հյուսեյնիկ գյուղում: Մեկ տարի
Խարբերդի հռչակավոր Եփրատ քոլեջը հաճախելուց հետո 1897-1900-ին սովորել է
Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, որտեղ նրա ուսուցիչն էր ականավոր
մանկավարժ և իմաստասեր Շահան Պերպերյանը (որպես հարգանքի նշան՝ ընտրում
է իր ուսուցչի անունը՝ Շահան: Ըստ հավաստի աղբյուրների, Շահանը հեռակա
սիրահարված է եղել սերբերի, խորվաթների և սլովենների թագավորության թագուհի
Նաթալիին, որի անունն էլ ընտրել է որպես իր կեղծանվան ազգանուն: 1901-ին
վերադարձել է ծննդավայր, զբաղվել՝ մանկավարժությամբ, միաժամանակ
ուսումասիրել է Խարբերդի բարբառը: 1904-ին Խարբերդում մտել է ՀՅԴ շարքերը,
որտեղ քառորդ դար հայրենասիրական մեծ գործունեություն է ծավալել: Նույն
թվականին էլ մեկնել է ԱՄՆ: 1909-12թթ. սովորել է Բոստոնի համալսարանում՝
հետևելով գրականության և փիլիսոփայության դասընթացների: Այդ տարիներին
հրատարակել է բանաստեղծությունների ժողովածուներ և թատրերգություններ,
ՙՇանթ՚ և ՙՓյունիկ՚ գրական հանդեսները, որոշ ժամանակ՝ ՙՀայրենիք՚
օրաթերթը:
Մեծ եղեռնի լուրն առնելով՝ բոլոր պանդուխտների նման, Շահան Նաթալին
հուզմունքի ու զայրույթի մղձավանջային պահեր է ապրել և հաստատել է իր
վրեժխնդիր լինելու ուխտը. անպատիժ չթողնել ցեղասպաններին, եթե երբևէ
աշխարհը չցանկանա նրանց պատժել: Նա դարձավ Հայոց ցեղասպանության
գլխավոր հանցավոր-ոճրագործներին պատժող ՙՀատուկ հանձնաժողովի՚ անդամ,
ՙՆեմեսիսի՚ կազմակերպիչ:
Թուրք դահիճները ազատ ու համարձակ շրջում էին Բեռլինի, Հռոմի, Բաքվի,
Թիֆլիսի և այլ քաղաքների փողոցներում: Շահան Նաթալիի համար գլխավոր
թիրախը մեծագույն հայակեր Թալեաթն էր, որին Նաթալին իր անգլերենով
ակնարկում էր ՙնամբըր ուան՚՝ ՙթիվ առաջին՚: Այս գազանի զգետման
առաքելությունը վստահվեց Սողոմոն Թեհլերյանին:
Շահան Նաթալին 1927-ին հունվարին հրաժարվել է ՀՅԴ բյուրոյի
անդամությունից, երբ ընթացք չի տրվել հակաթուրքական ահաբեկումները
շարունակելու իր առաջարկին: Որոշ ժամանակ ապրել է Եվրոպայում, Փարիզում
հիմնել ՙԱրևմտահայ ազատագրական ուխտ՚ կազմակերպությունը, խմբագրել
ՙԱզատամարտ՚ անկախ շաբաթաթերթը: Ապա վերադարձել է Բոստոն, ուր ապրել է
մինչև մահ՝ 1983 թվականը:
1973-ին Գուրգեն Յանիկյանի արձակած փամփուշտներով վերածնված
Հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարը հուզեց 90-ամյա Շահան
Նաթալիի հոգին. նա Յանիկյանի և անձնազոհ հայ երիտասարդների մեջ տեսավ իր
գործը շարունակողներին: Նեմեսիսը հարություն էր առել: Նորագույն շարժման
առիթով նա իր գոհունակությունն ու հպարտությունը հայտնեց Նորագույն զինյալ
ազատագրական շարժման անվեհեր մարտիկներին…:
Շ. Նաթալին գրել է մի շարք պատմագիտական երկեր՝ ՙԹուրքիզմը Անգորայէն
Բագու Եւ Թրքական Օրիէնթասիոն՚ (Աթէնք, 1928), ՙԱլեքսանդրապոլի Դաշնագրէն
1930-ի Կովկասեան Ապստամբութիւնները՚ (հ. 1-2, 1934-35), ՙԹուրքերը Եւ Մենք՚
(Աթէնք, 1928), ՙՎերստին Յաւելուած՚- ՙԱլեքսանդրապոլի Դաշնագրի ՙԻնչպէ՞ս՚-ն
ու ՙԻնչո՞ւ՚-ն՚ (Պոսթոն, 1955), ՙԵրեք Դաշնագրեր (Ալեքսանդրապոլի, Մոսկուայի,
Կարսի), Բաղդատական Զուգակշիռ՚ (Բեյրութ, 1957) և այլն, որոնցում փորձել է հայ
ժողովրդի նորագույն պատմության տվյալների հիման վրա հիմնավորել իր
քաղաքական հայացքները, համաձայն որոնց՝ հնարավոր չէ թուրքերի հետ
համաձայնության հանգել և, առավել ևս, նրանց հետ դաշնակցել:
|