








|
 |
Գրքեր
«ՆԵՄԵՍԻՍԸ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո
երիտթուրք պարագլուխները գերմանական սուզանավով փախան Գերմանիա: 1918թ.
դեկտեմբերի 16-ին Օսմանյան կայսրությունը հատուկ հրամանագրով
դատավարություն սկսեց ՙՄիություն և առաջադիմություն՚ կուսակցության
ղեկավարության դեմ: Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Սայիդ Հալիմը, Նազըմը, Շաքիրը,
Ջեմալ Ազմին և մյուսները մեղադրվում էին Օսմանյան կայսրությանը պատերազմի
մեջ ներքաշելու, քրիստոնյա (հայ) հպատակների ջարդի և տեղահանության
կազմակերպման մեջ: Դատավարությունը տևեց մոտ երկու ամիս՝ 1919-ի ապրիլի 28-
ից հունիսի 26-ը: Անգլիական հրամանատարությունը 77 մեղադրյալների
տեղափոխեց Մալթա կղզի, որոնց հետագայում փոխանակեց անգլիացի
ռազմագերիների հետ: Դատավճիռը հրապարակվեց հուլիսի 5-ին. 31
մեղադրյալներից 4-ը՝ Թալեաթը, Էնվերը, Նազըմը և Ջեմալը, հեռակա կարգով
դատապարտվեցին մահվան, մյուսները՝ տարբեր տարիների բանտարկության:
Մալթայում ներկալվածները չհիշատակվեցին անգամ դատավճռի մեջ: Իթթիհատի
շրջանային 36 քարտուղարների նկատմամբ կայացվեց առանձին դատավարություն,
որի դատավճիռը հրապարակվեց 1920-ի հունվարի 8-ին: 3 հոգի դատապարտվեց
մահվան, 10-ը՝ տարբեր տարիների բանտարկության: Փաստորեն, այս ամենը կեղծիք
էր: Ուստի, հայ քաղաքական շրջանակները ստիպված էին իրենք պատժել թուրք
ոճրագործներին: Միաժամանակ անհրաժեշտ էր մեծ պետությունների
հասարակական-քաղաքական շրջաններին բացահայտել այդ երկրների՝ հայկական
ջարդերում ունեցած մեղսակցությունը: Հայերը դժգոհ էին նաև Փարիզի հաշտության
կոնֆերանսի որոշումներից:
1919թ. սեպտեմբերին Երևանում ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովը որոշեց պատժել
1915թ. ցեղասպանության թուրք ոճրագործներին: Առանձնացվեց 650 անուն, որից
41-ը գլխավոր ոճրագործներն էին: ՙՆեմեսիսի՚ իրագործման համար ստեղծվեց
պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության
դեսպան Արմեն Գարո) և հատուկ ֆոնդ (ղեկավար՝ Շահան Մարչակլյան):
Գործողության անմիջական ղեկավար նշանակվեց նշանավոր գրող Շահան
Նաթալին, օգնական՝ Գրիգոր Մերճանովը: Տեղեկությունների հավաքումը
իրականացնում էր թուրք վտարանդիության շարքերը թափանցած իրավաբան Հրաչ
Փափազյանը (գերազանց տիրապետելով թուրքերենին՝ նա դարձել էր Ջեմալ Ազմիի
տղա Նեջմիի ՙընկերը՚՝ Մեհմեդ Ալի անունով):
ՙՆեմեսիսը՚ կազմակերպվեց գերազանց կերպով և անցկացվեց չափազանց
տպավորիչ: 1919-22թթ. սպանվեցին թուրք և ազերի ոճրագործներ՝ Թալեաթը,
Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը, Ջեմալ Ազմին, Սայիդ Հալիմը, Խան Խոյսկին,
Սարաֆովը, Ջիվանշիրը: Ընդ որում՝ հայ վրիժառուներ Սողոմոն Թեհլերյանի, Արամ
Երկանյանի, Արշավիր Շիրակյանի, Արամ Գևորգյանի, Միսակ Թոռլաքյանի կողմից ոչ
մի կողմնակի անձ չի տուժել: Ահա թե ինչպիսի վեհությամբ էին գործում հայազգի
մարտիկները:
1919թ., Թիֆլիսի Երևանյան հրապարակում Ա. Երկանյանը գնդակահարեց
մուսավաթական Ղասիմբեկովին:
1920թ., Թիֆլիսում, 20-ամյա Արամը սպանեց Ադրբեջանի մուսավաթական
կառավարության ղեկավար Խան Խոյսկուն՝ 1918թ. սեպտեմբերին Բաքվի 30 և 1920թ.
մարտի 23-ին Շուշիի 35 հազար հայերի ջարդի գլխավոր կազմակերպչին,
մուսավաթական Սաֆարովին, իսկ մյուս դահիճը՝ Խաս Մահմեդովը վիրավորվեց:
1921թ. հուլիսի 19-ին, Կ. Պոլսում՝ ՙՃակատամարտ՚ թերթի խմբագրատան առաջ,
33-ամյա Մ. Թոռլաքյանը գնդակահարեց Պեհուտ խան Ջիվանշիրին՝ մուսավաթական
Ադրբեջանի ներքին գործոց նախարարին, Բաքվի և Շուշիի հայության գլխավոր
ջարդարարներից մեկին…
1921-ի դեկտեմբերի 5-ին Ա. Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրքական
կառավարության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին՝ կոտորածի ծրագիրը
հաստատողին:
1922-ի ապրիլի 17-ին Ա. Շիրակյանն ու Ա. Երկանյանը Բեռլինում
գնդակահարեցին Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և ՙԹեշքիլաթը
մահսուսե՚ կազմակերպության հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին՝ տիկին Թալեաթի
աչքերի առաջ (սպանվել է նաև Շաքիրի թիկնապահներից մեկը):
1922թ. հուլիսի 25-ին խոտորջուրցի երիտասրդներ՝ Պետրոս Տեր -Պողոսյանը և
Արտաշես Գևորգյանը Թիֆլիսում գնդակահարեցին Ջեմալին:
1922թ. օգոստոսի 4-ին Միջին Ասիայից Աֆղանստան ճողոպրելիս՝ արցախցի
Հակոբ Մելքումովի գլխավորած ջոկատի հետ ընդհարման ժամանակ սպանվեց
Էնվեր փաշան:
ՙՆեմեսիսը՚ ընդհատվեց, երբ ընդունվեց ՙՊրոմեթևս՚ ծրագիրը (1922թ. հայ,
վրացի և ազերի վտարանդի կառավարությունները, մտան համագործակցության մեջ
ընդդեմ բոլշևիզմի, և ՀՅԴ ղեկավարությունը որոշեց ընդհատել թուրք ոճրագործների
ահաբեկումը): Իթթիհատի գլխավոր քարտուղար Նազըմը գաղտնի անցավ Թուրքիա,
1926թ. Քեմալի դեմ կազմակերպված անհաջող մահափորձից հետո ձերբակալվեց և
կախաղան հանվեց նույն թվին, Զմյուռնիայում (Իզմիր):
ՀԱԿՈԲ ՄԱՆՋՅԱՆ
|