:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Գրքեր

ՀԱՅՈՑ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԸ ՄԱՍԱՄԲ ԻՐԱԳՈՐԾԵՑԻՆ ՀԱՅԵՐԸ

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո երիտթուրք պարագլուխները գերմանական սուզանավով փախան Գերմանիա: 1918թ. դեկտեմբերի 16-ին Օսմանյան կայսրությունը հատուկ դեկրետով դատավորություն սկսեց ՙՄիություն և առաջադիմություն՚ կուսակցության ղեկավարության դեմ: Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Սայիդ Հալիմը, Նազըմը, Շաքիրը, Ջեմալ Ազմին և մյուսները մեղադրվում էին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու, քրիստոնյա (հայ) հպատակների ջարդի և տեղահանության կազմակերպման մեջ: Դատավարությունը տևեց մոտ երկու ամիս` 1919-ի ապրիլի 28-ից հունիսի 26-ը: Անգլիական հրամանատարությունը 77 մեղադրյալների տեղափոխեց Մալթա կղզի, որոնց հետագայում փոխանակեց անգլիացի ռազմագերիների հետ: Դատավճիռը հրապարակվեց հուլիսի 5-ին. 31 մեղադրյալներից 4-ը ( Թալեաթը, Էնվերը, Նազըմը և Ջեմալը) հեռակա կարգով դատապարտվեցին մահվան, մյուսները` տարբեր տարիների բանտարկության: Մալթայում ներկալվածները չհիշատակվեցին անգամ դատավճռի մեջ: Իթթիհատի շրջանային 36 քարտուղարների նկատմամբ կայացվեց առանձին դատավարություն, որի դատավճիռը հրապարակվեց 1920-ի հունվարի 8-ին: 3 հոգի դատապարտվեց 10, մնացյալը` տարբեր տարիների բանտարկության: Փաստորեն, այս ամենը կեղծիք էր: Ուստի, հայ քաղաքական շրջանակները ստիպված էին իրենք պատժել թուրք ոճրագործներին: Միաժամանակ անհրաժեշտ էր մեծ պետությունների հասարակականք աղաքական շրջաններին բացահայտել հայկական ջարդերում ունեցած այդ երկրների մեղսակցությունը: Հայերը դժգոհ էին նաև Փարիզի հաշտության կոնֆերանսի որոշումներից: Ահա այսպես, հայերը որոշեցին իրենք իրագործել արդարադատությունը: Հին հունական դիցաբանության վրեժի աստվածուհի Նեմեսիսի անունով էր կոչվում թուրք դահիճներին պատժելու գործողությունը: Նախատեսվում էր պատժել երիտթուրքական ՙՄիություն և առաջադիմություն՚ (ՙԻթթիհատ վե թերաքե՚) կուսակցության ղեկավարությունը` 1915թ. հայերի ցեղասպանության կազմակերպիչներին:

 

 

 



2008—2010 © oukhtararati.com