asala
Main page   Contact   

 

Գրքեր

ՄԻՍԱՔ ԹՈՌԼԱՔՅԱՆ (1888-1968)

Տրապիզոնի Կյուչանա գյուղում է ծնվել Միսաք Թոռլաքյանը: Ըմբոստ ու խիզախ բնավորությամբ նա դեռ պատանի հասակից մասնակցել է հայ ազատագրական, հակաթուրքական պայքարին:
1914թ. զորակոչվել է թուրքական բանակ: Սարիղամիշի ճակատամարտում (12. 1914 - 01. 1915) կրած կործանիչ պարտությունից հետո թուրքական բանակի հայ զինվորները զինաթափվեցին, ուղարկվեցին շինարարական գումարտակներ, որտեղ էլ նրանց զգալի մասը գնդակահարվեց իր իսկ փորած խրամատներում: Միսաքին հաջողվեց փրկվել, առանձին խումբ կազմել (Պոնտոսում) և պատուհասել թուրք դահիճներին:
Միաժամանակ Միսաքը ձեռնամուխ է եղել Եղեռնից փրկված հայ բեկորները թիկունք փոխադրելուն:
Այնուհետև Միսաքը կամավորական 6-րդ ջոկատի, իսկ հետո՝ նորաստեղծ Հայկական կորպուսի (հրամանատար՝ գեներալ Թ. Նազարբեկյան) կազմում մասնակցել է մի շարք մարտերի, այդ թվում՝ Բաշ-Ապարանի ճակատամարտին (1918թ. մայիսին):
1920թ. Միսաքին նկատում է ՙՆեմեսիս՚ ծրագրի ղեկավար ու կազմակերպիչ, արևմտահայ հայտնի գրող Շահան Նաթալին: Միսաքը, ընդգրկվելով վրիժառու խմբի մեջ, մեկնում է Կ. Պոլիս:
1921թ. հուլիսի 18-ին Կ. Պոլսում հրատարակվող ՙՃակատամարտ՚ թերթի խմբագրատան առջև Միսաքը գնդակահարեց մուսավաթական Ադրբեջանի ներքին գործերի մինիստր Պեհուտ խան Ջիվանշիրին՝ 1918թ. սեպտեմբերին Բաքվի 30.000 և 1921թ. մարտի 23-ի Շուշիի 35.000 հայերի ջարդերի կազմակերպիչներից մեկին: Մ. Թոռլաքյանը ձերբակալվում է և դատվում Կ. Պոլիսը գրաված դաշնակիցների կողմից:
1921թ. նոյեմբերի 22-ին անգլիական դատարանը ազատ է արձակում Մ. Թոռլաքյանին, հաշվի առնելով Ջիվանշիրի հանցանքը, Միսաքի արարքը բնորոշում է որպես արտակարգ հուզմունքի վիճակում կատարված սպանություն:
Մ. Թոռլաքյանն անցնում է Ռումինիա: Այնուհետև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցում է Դրաստամատ Կանայանի հայափրկիչ գործին:
1945-48թթ. նորից մեկնում է Ռումինիա, իսկ հետո՝ անցնում ԱՄՆ: Կյանքի վերջին քսան տարին անցկացրել է Լոս Անջելեսում: Գրել է հուշեր (ՙՕրերուս հետ՚, 1953թ., Լոս Անջելես.):
Միսաք Թոռլաքյանը մահացել 80 տարեկան հասակում: Մինչ մահը նրան է այցելում և օրհնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն:

 

 

 



2008—2011 © oukhtararati.com