1921-ի դեկտեմբերի 5-ին Հռոմում Արշավիրը նետվում է ընթացող կառքն ու ահաբեկում թուրք վեզիր Սայիդ Հալիմին` արևմտահայության բնաջնջման ծրագիրը ստորագրողին:
1922-ի ապրիլի 17-ին (Սբ. Զատիկի օրը), Բեռլինում` Թալեաթ փաշայի բնակարանի առջև, Արշավիր Շիրակյանը Արամ Երկանյանի հետ գնդակահարեցին ՙԹեշքիլաթ-ը մահսուսե՚ կազմակերպության հիմնադիր, ՙԹուրքիան` թուրքերին՚ գաղափարի ամենամոլեռանդ հեղինակ Բեհաէդդին Շաքիրին ու Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին: Առաջինը հղացել էր հայ մանուկներին Սև ծովում խեղդելու հրեշային ծրագիրը, իսկ երկրորդը` իրագործել: Նրանք եկել էին մխիթարելու մեկ տարի առաջ Բեռլինում սպանված թուրք դահիճ Թալեաթի կնոջը: Ահաբեկումը կատարվեց կեսգիշերին, Թալեաթի կնոջ սարսափահար աչքերի առաջ…:
Ժողովրդական վրիժառուն 1923-ին հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ ապրել ու գործել է մինչև մահը` 1973 թվականը:
ՙՀԱՅԿԱԿԱՆ ՆԻՒՐԵՄՊԵՐԿԸ՚
(հատուած)
Անմիջապէս քայլեցի միւս մայթը, որպէսզի լաւագոյն դիրքով մը ահաբեկումը կատարեմ, բայց քանի մը ակնթարթ ուշացած ըլլալուս, քիչ մնաց ձիերու տակ մնայի. ձեռքս վերցուցի, բռունցքս ցցած. ձիերը խրտչեցան եւ ծառացան: Այդ իրարանցումին մէջ, արագ ոստումով մը անցայ եւ ցատկեցի կառքին վրայ, կոխելով ոտնատեղին: Մէկ ձեռքով բռնեցի կառքին յենարանը, քիչ մը երերացի, բայց հաւասարակշռութիւնս կրցայ պահել: Մինչ թիկնապահը կառապանին կը նայէր ու բաներ մը կ’ըսեր, երեւի հասկանալու համար ձիերուն խրտչիլը, Սայիտ Հալիմ փաշային աչքերը հանդիպեցան աչքերուս:
ՙԵրէն՚,- ըսաւ թիկնապահին:
Այս եղաւ Սատրաղամին վերջին բառը: Աչքերը սարսափով լեցուն էին, երբ ատրճանակիս փողը ուղղեցի աջ քունքին եւ փաշան նստած տեղէն տապալեցաւ կառքին մէջ, գլուխը իմ կողմս` գրեթե ոտքերուս տակ:
Կառքը դեռ կ’արշաւէր:
Թէվֆիք Ազմին, առաջին շփոթէն սթափած, ատրճանակ մը հանեց ու կը պատրաստուէր կրակել, երբ ատրճանակիս փողը անոր ալ ճակտին ուղղելով, գոռացի թուրքերենով.
- Աթ աշաղը, կեպերթիրիրըմ (նետէ զէնքդ, կը սատկեցնեմ ) …
Հնազանդեցաւ եւ ատրճանակը կառքէն դուրս նետեց ահաբեկ դէմքով: Ատրճանակիս կոթով այս անգամ սկսայ հարուածել կառապանին կռնակին, պոռռալով իտալերէն. ՙԱսրեթա, ասրեթա՚ (Կեցի՜ր, կեցի՜ր): Խեղճ կառապանը վախէն կը դողար եւ յուսահատական ճիչերով զիս վկայութեան կը կանչէ` ըսել ուզելով.
- Տե՜ս, կեցնել կ’ուզեմ, բայց ձիերը չեն կենար:
Կը վերյիշեմ տակաւին. տարօրինակ ու անհաւատալի տեսարան մըն էր: Ձիերուն խելակորույս վազքը, փաշային կախ ինկած գլուխը, որ կը ճօճէր կառքէն դուրս, սարսափահար թիկնապահը, որ ձեռքերը վեր` նստած կը մնար, մոմի պէս խուճապահար կառապանը եւ ես` մէկ ոտքս կոխելիք տեղին վրայ եւ միւսը ներս ու ատրճանակը ձեռքս: Ուժգին հովէն վերարկուս կը ծածկէր կռնակիս վրայ, հսկայ թռչունի մը ձեւը տալով ինծի: Այս պատկերը, որ կ’ամբողջացնէր դէմքիս իջած սեւ գլխարկս, անցորդներէն ոմանց երեւակայութիւնը գրգռած էր եւ հետագային ոստիկանական հարցաքննութեան ընթացքին, առիթ տուած էր անոնց ըսելու, թէ սպաննողը ուրուական մըն էր` ֆանթօմա…










