:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Գրքեր

Գրքեր և ուսումնասիրություններ ԱՍԱԼԱ-ի մասին

ՙՍովետական գրականություն՚ հանդեսի 1985թ. օգոստոսի համարում մեջբերում կա ՙՎաթան ալ Արապի՚ շաբաթաթերթի թղթակցի հարցին, թե ՙինչպե՞ս կը սահմանեք ձեր պահանջները՚, ասալայականի հետևյալ պատասխանը. ՙԿը պահանջենք յստակ՝ ճանաչում մեր ազգի ցեղասպանութեան ու ետքը՝ մեր սեփական հողի վրայ հայրենիք հիմնելու իրավունքը... Ապա թե ոչ մենք պատրաստ ենք վճարելու յեղափոխութեան պարտքը, որքան էլ ան մեզմե արիւն և նահատակ խլէ՚:
Նույն ասալայականին են պատկանում նաև հետևյալ խոսքերը. ՙ...Այդքան տարի ջարդերի մասին խոսեցինք, սուգ արեցինք, ապրիլի 24−ին փողոց ելանք, ճառեր արտասանեցինք, այդ ամենը մեզ ոչինչ չտվեց, հիմա հարկավոր է կազմակերպվել՝ ուրիշ, զենքի լեզվով խոսելու համար... Պետք է վեր կանգնել ամեն ինչից՝ եկեղեցուց, կուսակցություններից, գործել միասնաբար՚:
Սիլվա Կապուտիկյանի հարցին, թե մի՞թե հնարավոր է, որ ահաբեկչությունը որևէ բանի հասցնի, հնչում է պատասխան, որ ԱՍԱԼԱ−ի տղաները ՙտեռորիստներ չեն, զինյալ հեղափոխականներ են... նրանք ուզում են ոտքի հանել ժողովրդական զանգվածներին, քաղաքականացնել հայ Սփյուռքը, որը սալոններում ու պարահանդեսներում օրեցօր հյուծվում, դալկանում է: Դիպուկ է ՙՉէ՞ որ զինված գործողությունները, պայթեցումները կարող են գցել հայ ազգի վարկը օտարների աչքում՚ հարցի պատասխանը: ՙԻսկ լռելը, թուրքերին պաշտպանող կայսերապաշտ պետություններից ՙՀայկական դատ՚ մուրալը, օտարների ոտքերն ընկնելը և նորից ձեռնունայն մնալը նշանակում է հայերի վարկը բարձր պահե՞լ՚:

∗∗∗
ՀԱՀԳԲ գործողությունները ոչ քիչ դեպքերում ունենում էին անսպասելի արձագանքներ: Իսպանացի գրող Ժոզե Կուրիարը պատահմամբ վիրավորվում է հայերի մի ահաբեկչական գործողության ժամանակ, ինչը նրան մղեց հետաքրքրվել Հայկական հարցով և հրատարակել Հայաստանին ու հայերին նվիրված ՙLa bomba՚ (Ռումբը) հայամետ գիրքը1: (Զարթոնք, 10.08.1982)
Ընդհանրապես արտասահմանում աշխուժացավ Հայաստանի և հայերի մասին գրքերի, ուսումնասիրությունների և հոդվածների հրատարակությունը: Ֆրանսիայում լույս տեսավ Պ. Մոզերի ՙՀայեր. Որտե՞ղ է արդարությունը՚, ԳԴ հանրապետությունում ՙPogrom՚ (ՙՋարդ՚) հանդեսը հոդված տպագրեց նվիրված հայկական կոտորածներին, վերահրատարակվեց ՙՍ. Թեհլիրյանի արդարահատույցը՚, ՙԳեներալ Անդրանիկը և մեծ ողբերգությունը՚, Սան Ֆրանցիսկոյում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերի ժողովածու, Իվ Թերնոնի ՙՀայերի ցեղասպանության պատմություն՚ գիրքը հրատարակվեց նաև գերմաներեն, Աբդուլ Համիդի հուշերը՝ վերահրատարակվեց արաբերեն, հունական հանրագիտարանում ծավալուն հոդված զետեղվեց նվիրված Հայաստանին, Թուրքիայում լույս տեսավ Ք. Դեմիրի գիրքը նվիրված Հայկական հարցին, իսկ Լոնդոնում՝ Լ. Քյուբերի ՙԳենոցիդ՚ ուսումնասիրությունը. Թուրքիայում հրատարակվեց Թուրքիայի արևելյան նահանգների քարտեզը, որի տարածքի մի մասը ներկայացված է Հայաստան, իսկ մյուս մասը՝ Քրդստան անունների տակ. դրա համար հեղինակը բանտ նետվեց: Սիդնեյում հրատարակվեց ՙՀայերի ցեղասպանություն՚ գիրքը կազմված ավստրալյական մամուլում 1915թ. տպագրված նյութերից: Թուրքերեն լույս տեսավ ՙՀայաստանի պատմությունը՚, Նյու Յորքում՝ Գրիկերի ՙԵոզղաթի հայասպանության վավերագրական պատմութիւնը՚, իսկ Բերկլիում՝ Ռ. Քլոյանի ՙThe Armenian Genocide՚՝ հայկական ջարդերի մասին ամերիկյան մամուլի հրապարակումների ժողովածուն, Անգլիայում՝ Դ. Թովմասի ՙArarat՚ վեպը, Փարիզում՝ Ա. Բեյլերյանի ՙLes Grandes Puiesances, L’ Empire ottoman et les Armeniens dans les Archives Francaises՚, Ժ. Ռիշարդոյի՝ ՙLes Armeniene Qoui Quil en Coufe՚, Բեյրութում՝ Գ. Յազչյանի ՙԱպտիւլ Համիտ երկրորդ. Արիւնոտ սուլթան՚: 1980−ին վերահրատարակվեց Ժ. Մորգանի ՙՀայաստանի պատմությունը՚, Մոսկվայում՝ “Очерки истории Турции՚, իսպաներեն լույս տեսավ Ժ. Ալեմի ՙՀայաստանը՚, Անգլիայում՝ Մ. Էոքի ՙՀայերը օսմանյան կայսրությունում և Թուրքիայում՚, Հունաստանում՝ ՙԱՍԱԼԱ−ն հպարտանում է իր հանցագործություններով՚, Միացյալ Նահանգներում՝ Հ. Անասյանի ՙՀայկական հարցը և հայերի ցեղասպանությունը Թուրքիայում՚, Ստամբուլում՝ Բ. Թուխլաջյանի ՙՕսմանյան ճարտարապետության եվրոպականացումն ու Պալյանների ընտանիքը՚, ԱՄՆ−ում հրատարակվեց Հ. Աբելյանի ՙՏեր Զորը՚, Ֆրանսիայում՝ Ժ. Շալյանի և Ի. Թերնոնի ՙՀայերը՝ ցեղասպանությունից դեպի դիմադրություն՚, Թուրքիայում թուրքերեն՝ Թ. Ստեփանյանի ՙԹուրք−հայկական հարաբերություններ՚, Շվեցարիայում՝ ՙՀայաստան՝ շարունակվող ողբերգություն՚, Ֆրանսիայում՝ Բ. Գասպարյան−Բրիզունի ՙՀայկական Կիլիկիա՝ մոռացված թագավորություն՚, Ջ. Ռեյդ ՙՀայերի ջարդերը օսմանական և թուրքական պատմագրության մեջ՚ (Armenian Revew 1984), Լոնդոնում՝ Ա. Նասիբյանի ՙԱնգլիան և Հայկական հարցը՚, Փարիզում՝ ՙԼռության ոճիրը՚, Թուրքիայում՝ ՙԻննը հարց ինը պատասխան՚, Արգենտինայում ՙAspectos suridicos y Economicos del genocidio Armenio՚, Նյու Յորքում ՙAccounting for genocide՚, մի քանի երկրներում լույս տեսան թուրք գիտնական Թ. Ակչամի աշխատությունը (Армянский вопрос и турецкий национальный “Я”), Բուենոս Այրեսում հրատարակվեց Ռ. Օհանյանի ՙLa question Armenia y Las relaciones infarnationales՚ և ՙTurqita, Evtado genocida. 1915-1923՚ բազմահատորները, Մ. Գյունտերի ՙThe kurds in Turkey՚, Բ. Քեշիշյանի ՙIn The Shadow of the fortress. The genocide remembered՚, Վ. Տագյանի ՙՀայկական ցեղասպանութիւնը խորհրդարանային և պատմագիտական քննարկումներով՚ և այլն, և այլն: Հայկական հարցի մասին գիտական բնույթի հրապարակումներով հանդես եկան այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են ՙTukhf՚ (1983 թիվ 58), ՙWild East՚ (30.03.1987), ՙHibernia՚ (25.10.1979), ՙTimes՚ (31.07.1978) և շատ ուրիշներ:

ՍՏԵՓԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ,
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ,
ԵՐԵՎԱՆ − 2005

 

 

 



2008—2010 © oukhtararati.com