:: Oukht Ararati :: Ուխտ Արարատի ::


 

Main page   Contact   

 

Գրքեր

Հայկական Հարց

Հայկական Հարցի հետ կապված նյութերը տե’ս,
1. ՙՀայկական Հարց՚, հանրագիտարան, Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1996թ.:
2. “Армянскии Вопрос”, энциклопедия, ГЛ. редакция Армянской Энциклопедии, Ереван, 1991г.

-------------------------------------------------------
ՎԵՐՋԻՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿՈՒՄ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՔԱՌՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկատվությունը Հայկական Սփյուռքի մասին հատվածաբար՝ ըստ ՙՀայկական Հարց՚, հանրագիտարանի:
ՍՓՅՈՒՌՔ հայկական. հայ ժողովրդի այն հատվածը, որը գտնվում է Հայրենիքից կամ բնօրրանից դուրս: ՙՍփյուռքահայություն՚ տերմինն սկսել է օգտագործվել 1920- ական թվականների սկզբից, 1915-23-ին թուրքական իշխանությունների իրագործած հայերի ցեղասպանության (տես՝ Մեծ եղեռն) և Արևմտյան Հայաստանից ու Թուրքիայի հայաբնակ վայրերից բռնագաղթի ու ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ ցրված հայերի (շուրջ 1,5 մլն) նկատմամբ:
1920-ական թթ. վերջին, 1930-ական թթ. սկզբին Սփյուռքի տարածական կառուցվածքը հիմնականում կայունացել է:
1950-ական թթ.-ից սկսվել և ցայսօր (որոշ ընդմիջումներով) շարունակվում է սփյուռքահայերի տեղաշարժի մի նոր շրջան: Արևելքի երկրներից արտագաղթը պայմանավորված է տվյալ երկրներում տնտեսական անկայուն և ներքին անբարենպաստ քաղաքական կացությամբ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությամբ և այլն (1920-ի հեղափոխությունը Եգիպտոսում, քաղաքացիական կռիվները Լիբանանում, Կիպրոսի մի մասի զավթումը թուրքերի կողմից, իսլամական հեղափոխությունը Իրանում, 1980-88-ի Իրաք-Իրանյան պատերազմը):
Սփյուռքահայ յուրաքանչյուր համայնքի վիճակը պայմանավորված է տվյալ երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական ու մշակութային կյանքի դրությամբ ու ընդհանուր մակարդակով:
Սփյուռքի կենսագործունեությունը պայմանավորված է որոշակի սոցիալական հիմնարկությունների առկայությամբ, որոնց հիմնական խնդիրն է միասնականության ապահովումը, նրա անդամների համախմբումը որոշակի ազգային-մշակութային արժեքների շուրջ: Սփյուռքահայության ազգային ինքնությունը պահպանելու գործում վճռական դեր ունեն Հայ առաքելական եկեղեցին, դպրոցը և մամուլը, նաև հայրենակցական, բարեգործական, քաղաքական, մշակութային, գիտական, երիտասարդական, ուսանողական, կանանց, մարզական միություններն ու կազմակերպությունները: Կարևոր է նաև սոցիալական-մշակութային շրջապատի ազդեցությունը, հայերի տարաբնակեցումը (համախումբ, թե ցրիվ), կապը Հայաստանի հետ:
…Սփյուռքի շուրջ 80-ամյա պատմությունը հանուն Հայկական հարցի արդար լուծման հարատև պայքարի պատմություն է, որը բաժանվում է չորս փուլի:

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ (1915-23)
…Բազմահազար հայեր, որոնք ապաստանել էին աշխարհի տարբեր երկրներում, հավատացած էին, որ շատ շուտով պետք է վերադառնան Հայրենիք, և հնարավոր է ազգային ինքնավարության վերականգնումը Արևմտյան Հայաստանի տարածքում: Այս սպասումները կապված էին Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությամբ, Արևելյան Հայաստանի մի մասում հայկական պետականության վերականգնմամբ, 1920-ի Սևրի Հաշտության պայմանագրի արդարացի պայմանների իրականացման հույսի հետ: Սակայն իրադրությունների ընթացքը, հատկապես 1922-23-ի Լոզանի կոնֆերանսի որոշումները, հանգեցրին բոլորովին այլ, անբարենպաստ քաղաքական իրադրության, որը բացառում էր մոտակա ապագայում հայ ժողովրդի իրավունքների իրականացումը…

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ (1923-65)
…Սփյուռքի հայ քաղաքական կուսակցությունները (Հնչակյան, Դաշնակցություն, Ռամկավար Ազատական) ակտիվ գործունեություն ծավալեցին՝ բազում դիմումներ հղելով ՄԱԿ-ին, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԽՍՀՄ-ի կառավարություններին՝ կոչ անելով վերականգնել պատմական արդարությունը և նպաստել հայ ժողովրդի վերադարձին իր բուն հայրենիքը…
Սակայն հայ ժողովրդի շահերը նորից հակասության մեջ մտան մեծ տերությունների ռազմաքաղաքական շահերի հետ: Սկսված ՙսառը պատերազմի՚ և Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու պայմաններում, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հրաժարվեցին քննարկել Թուրքիայի և ԽՍՀՄ-ի միջև սահմանների վերանայման հարցը, իսկ խորհրդային կառավարությունը 1953-ին, կրկին անտեսելով հայ ժողովրդի օրինական իրավունքներն ու ձգտումները, հայտարարեց, որ տարածքային ոչ մի պահանջ չունի Թուրքիայից:

ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ (1965-88)
Այս ընթացքում հայ համայնքներում կատարվեց սերնդափոխություն. նոր սերունդը ձգտում էր մշակել Հայկական հարցի քաղաքական լուծման ամբողջական, երկարաժամկետ ծրագիր: Անցյալ տարիների փորձից ելնելով՝ Սփյուռքում հանգեցին այդ գործունեության մեջ իրենց հատուկ դերի կարևորության գաղափարին, քանի որ Խորհրդային Միության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունները բացառում էին որևէ նախաձեռնություն ԽՍՀՄ-ի և Խորհրդային Հայաստանի կողմից:
1965-ին Սփյուռքի բոլոր համայնքներում լայնորեն նշվեց Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը:
Չնայած որոշակի տեղաշարժերին1 1915-ի ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ, Սփյուռքում աճում էր անբավարարությունը նման քաղաքական գործունեության արդյունքներից: Սփյուռքահայ երիտասարդության մի մասը սկսեց հակվել այն կարծիքին, որ միայն դիվանագիտության միջոցներով անհնար է ճեղքել Հայկական հարցի շուրջ ստեղծված լռության պատնեշը, և որ անհրաժեշտ են ավելի գործուն միջոցներ՝ ազդելու համաշխարհային հասարակական կարծիքի վրա: Դրա համար ընտրվեց տարբեր երկրներում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցիչներին ահաբեկելու միջոցը (տես՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ): Հայկական խմբերի զինված ելույթները, որոնք ընթանում էին ազգային-ազատագրական պայքարի դրոշի ներքո, հետապնդում էին հետևյալ հիմնական նպատակները՝ դատապարտել առաջատար տերություններին, որոնց անտարբերությունը Հայկական հարցի նկատմամբ հարկադրում է հայերին դիմելու նման ծայրահեղ միջոցների՝ արդարության համար պայքարում. ցույց տալ Թուրքիային, որ նրա իրագործած հայերի ցեղասպանությունը չի հասել իր նպատակին, և որ հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվի իր հայրենիքը վերադարձնելու և հարազատ հողում ապրելու իրավունքից. ամրապնդել հայ ժողովրդի հավատը առ այն, որ նրա երիտասարդները, որոնք ծնվել ու մեծացել են իրենց պապերի երկրից շատ հեռու, ժառանգել են իրենց հայրերի ու պապերի պատգամը և հանուն դրանց իրականացման պատրաստ են զոհել իրենց կյանքը: Ձեռնարկած ահաբեկչությունները խթանեցին Հայկական հարցի քննարկումը ամենատարբեր մակարդակներով՝ սկսած զանգվածային տեղեկատվության միջոցներից, վերջացրած մի շարք երկրների խորհրդարաններով ու կառավարություններով: Այդ նույն ժամանակ աշխուժացրին իրենց գործունեությունը Սփյուռքի այն շրջանները, որոնք Հայկական հարցի լուծումը կապում էին նախ և առաջ քաղաքական պայքարի նոր ձևերի հետ: Սկսվեց հայ համայնքների լոբբիական գործունեությունը մի շարք երկրների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլոց խորհրդարաններում ու կառավարություններում, հատկապես այդ նպատակի համար ստեղծված կազմակերպությունների միջոցով (տես՝ Հայկական համագումար, Հայ դատ): Զինվելով Արևմուտքում ընդունված քաղաքական պայքարի մեթոդներով՝ սփյուռքահայ նոր սերունդը որակապես այլ բնույթ հաղորդեց իր պատմական իրավունքները ճանաչելու համար հայ ժողովրդի պայքարին, որի ընթացքում ձեռք բերվեցին որոշակի արդյունքներ: 1983-ի օգոստոսին Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը իր ասամբլեայում (Վանկուվր, Կանադա) ճանաչեց Թուրքիայի կողմից 1915-ի կատարած հայերի ցեղասպանության փաստը և դիմեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին՝ այդ փաստը ճանաչելու կոչով: 1984-ի ապրիլին Փարիզում Ժողովուրդների մշտական ատյան հեղինակավոր միջազգային կազմակերպությունը նույնպես ճանաչեց Թուրքիայի մեղավորությունը հայերի ցեղասպանության մեջ և ընդունեց ՄԱԿ-ին ուղղված համապատասխան կոչ: 1975-ից սկսած ԱՄՆ Կոնգրեսում քանիցս քննարկվել են բանաձևեր, որոնք կոչ են անում ճանաչել հայերի ցեղասպանության փաստը, սակայն ԱՄՆ-ի վարչակազմի ճնշման տակ այդ բանաձևերը մերժում է Սենատը: Այդուհանդերձ, 1990-ին Կալիֆոռնիա նահանգում ապրիլի 24-ը հայտարարվեց ՙՀայերի ցեղասպանության զոհերի հիշատակի օր՚: 1987-ի հունիսին Եվրոխորհրդարանը դատապարտեց 1915-ի հայերի ցեղասպանությունը, կոչ արեց Թուրքիային ճանաչել ցեղասպանության փաստը և երկխոսություն սկսել հայ ժողովրդի ներկայացուցիչների հետ (տես՝ Եվրոխորհրդարանի բանաձևը…):

ՉՈՐՐՈՐԴ ՓՈՒԼ (1988-ից սկսած)
1988-ից Հայկական հարցի արդարացի լուծման պայքարը թևակոխեց նոր փուլ. այն կապված է Լեռնային Ղարաբաղի հայության՝ Մայր հայրենիքին վերամիավորվելու պահանջի հետ: 2 ...

Է. ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՙՀայկական Հարց՚, հանրագիտարան, Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1996թ., էջ 425:

Ծանոթագրություն
1. 1965-ի հոկտեմբերին ՄԱԿ-ում հնչեց Կիպրոսի արտգործնախարար Կիպրիանուի ելույթը, որը կոչ արեց քննարկել Հայկական հարցը: 1967-ի ապրիլին Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) կայացած Լատինական Ամերիկայի երկրների միջխորհրդարանային համագումարը ընդունեց որոշում՝ աջակցել Հայկական հարցի քննարկմանը ՄԱԿ-ում: 1970-ին Ուրուգվայի խորհրդարանը հանձնարարեց երկրի կառավարությանը և արտգործնախարարին՝ Հայկական հարցը ներկայացնել ՄԱԿ-ի քննարկմանը:
2. Չորրորդ փուլ-ում զետեղված վերջին պարբերությունը, հրատարակված 1996- ին, չի համապատասխանում 1991-ին հրատարակված ռուսալեզու մայր օրինակին: Ստորև ներկայացնում ենք բաց թողնված ռուսերեն պարբերությունն ամբողջությամբ (տեքստում՝ մուգ), ապա՝ դրա հայերեն թարգմանությունը (տեքստում՝ մուգ).
С 1988г. борьба за справедливое решение Армянского Вопроса вступила в новый этап, связанный с требованием армянского населения Нагорного Карабаха о воссоединении территории области с Сов. Арменией...
...от которой она была насильственно отторгнута и включена в состав Азерб. ССР в 1921г.. Это движение нашло широкую поддержку со стороны диаспоры, т. к. воссоединение НКАО с Арменией является составной частью Армянского Воспроса.
Начавшиеся в Армении процессы демократизации, выработка новой политики в отношении диаспоры и, наконец вовлечение основной части армянского народа в борьбу за справедливое решение Армянского Вопроса придало новый импульс диаспоры, возродило надежды, что совместными усилиями станет возможным осуществление исконных и неотълемых прав всего армянского народа.
...որից նա բռնի անջատվել և կցվել է Ադրբեջանական ՍՍՀ-ին՝ 1921թ.:
Արցախյան ազատագրական պայքարը մեծ աջակցություն ստացավ Սփյուռքի կողմից, քանզի Արցախի վերամիավորումը Հայաստանին Հայկական հարցի բաղկացուցիչ մասն է: Հայաստանում սկիզբ առած ժողովրդավարական գործընթացները, Սփյուռքի նկատմամբ նոր քաղաքականության մշակումը, և վերջապես, հայության հիմնական մասի ներգրավումը Հայկական հարցի արդարացի լուծման պայքարին` նոր ազդակ եղան Սփյուռքի համար, վերածնեցին հույսեր առ այն, որ միացյալ ուժերով հնարավոր է իրականացնել համայն հայության վաղընջական և անօտարելի իրավունքները:

Э. Мелконян
“Армянскии Вопрос”, энциклопедия, ГЛ. редакция Армянской Энциклопедии, Ереван, 1991г., стр. 166-167.

 

 

 



2008—2010 © oukhtararati.com